
Ի՞ՆՉ ՀԱՆԳՈՒՅՑ ԿՔԱԿԵՐ ԱՅՍՕՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ
Հայաստան-Վրաստան համագործակցության ներուժն էր քննարկվում մարտի 24-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցի, Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության, «Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային կազմակերպության համատեղ գիտաժողովում: Հինգ կազմակերպություններին միավորողը հարցի կարևորությունն էր:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ հարցրի, թե հայ-վրացական հարաբերությունների այս փուլին ի՞նչ գնահատական է տալիս:
-Կան հիմնախնդիրներ Հայաստանի և Վրաստանի միջև, բայց ամեն ինչ պետք է դիտարկվի համատեքստում: Ողջ աշխարհը գլոբալ մակարդակով գտնվում է տուրբուլենտության մեջ՝ պատերազմներ, պայթյուններ, ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ բոլորը պայքարում են բոլորի դեմ: Հայ-վրացական հարաբերություններն ունեն մեծ ներուժ: Հայերն ու վրացիները առավելագույնս մոտ են արժեքային համակարգերի տեսանկյունից: Մենք տեղաբնակ ժողովուրդներ ենք, քրիստոնյա, ունենք համատեղ պատմություն և մեր միասնության ժամանակներում բավականին մեծ հաջողություններ ենք ունեցել:
-Ի՞նչն է խանգարում, որ միասնական լինենք:
-Երբ Հարավային Կովկասում կան երկրներ, որ միմյանց հետ ոչ լավ հարաբերություններ ունեն, դա ավելի ձեռնտու է մեծ խաղացողներին, քան այդ երկրներին ու տարածաշրջանի ժողովուրդներին: Պետք է փորձենք ոչ միայն քաղաքական միջոցներով, այլև փափուկ ուժի միջոցով՝ մշակութային կապերի, վերլուծաբանական հանրության աջակցությամբ, դիտարկել բոլոր հիմնախնդիրները:
-Դուք բաժանարար գիծ չե՞ք համարում, որ Հայաստանն ընտրել է ԵԱՏՄ-ն, Վրաստանը՝ ԵՄ-ն, նրանք գնում են դեպի ՆԱՏՕ, մենք ՀԱՊԿ-ում ենք:
-Մենք ասում ենք` Վրաստանը գնաց դեպի ԵՄ ու ՆԱՏՕ, իրականում՝ Ադրբեջան և Թուրքիա, և դա լուրջ մտորումների տեղիք է տալիս վրացական վերլուծական հանրությանը: Վերջերս Վրաստանում կատարվել է սոցհարցում, պարզվում է` բնակչության 31 %-ը կողմ է ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Իմանալով վրացական հոգեկերտվածքը և Ռուսաստանի դեմ որոշակի տրամադրվածությունը, դա շատ բարձր տոկոս է: Ավելի իրատեսական է, որ մենք լինենք նույն տնտեսական գոտում:
-Վրաստանը հաճույքով Հայաստանի հետ կգործակցեր, եթե Երևանը ներդրումներ աներ, ինչպես Անկարան, կամ նավթ ու գազ տար, ինչպես Բաքուն, Հայաստանի հետ մնում են պատմամշակութայի՞ն կապերը:
-Վրաց եկեղեցիների վրա հայերեն գրեր են, թե հայ եկեղեցիների վրա՝ վրացերեն, կգա մի օր, երբ եկեղեցու տեղում մզկիթ կլինի՝ թուրքատառ գրություններով: Բազմաթիվ խոչընդոտներ կան, բայց պետք է փորձենք լուծումներ գտնել։ Ոչ ոք չի խանգարի մեզ, որ կազմակերպենք վերլուծաբանական հանրության հավաքներ Հայաստանում ու Վրաստանում՝ քննարկելով օրակարգի բոլոր հարցերը:
-Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ռուսաստանը թույլ կտա՞:
-Ինչո՞ւ Հայաստանը չստանձնի հենց այդ հարաբերությունների վերականգնման գործը: Դա բխում է մեր անձնական շահերից, Վրաստանի ազգային շահերից, փորձենք գտնել եզրեր: Եթե դիտարկենք Ռուսաստանի ավանդական ազդեցությունը Հարավային Կովկասում, անշուշտ Մոսկվան ևս կցանկանա, որ Վրաստանն առնվազն լոյալ հարաբերություններ ունենա թե իր, թե Հայաստանի հետ: Լավատեսությունը միշտ պետք է լինի քաղաքականության հիմքում:
Արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ևս խնդրեցի հայ-վրացական հարաբերությունների իր գնահատականը տալ:
-Եթե համեմատենք չորս հարևանների հետ, հայ-վրացական հարաբերությունները ոչ շատ լավ են, ոչ շատ վատ: Երկուսն էլ ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը:
-Մեզ բաժանո՞ղն է շատ, թե՞ միացնողը: Մենք գնացինք ՀԱՊԿ ու ԵԱՏՄ, Վրաստանը՝ ԵՄ ու ՆԱՏՕ: Չե՞ք կարծում, որ հայ-վրացական հարաբերությունները լիարժեք կստացվեն, երբ փոխվեն Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերությունները:
-Ես ոչ ԵԱՏՄ-ի կողմնակից եմ, ոչ էլ ԵՄ-ի, մենք պետք է կարողանանք երկուսի միջև հավասարակշռել: Հայաստանի համար դժվար, բայց հնարավոր է դա: Աշխարհաքաղաքական ամբողջ քաոսն է հիմքը: Ոչ թե մենք ենք մեզնից շատ մեծ հետաքրքրություն ներկայացնում, այլ մեծ պետություններն են մեզնով հետաքրքրված ավելի շատ:
Բազմաբևեռ աշխարհի ստեղծման համար ուժեղ պայքար է գնում, պետք է լինեն մեր պետությունների պես պետություններ իբրև կապող օղակ: Այդպես է եղել Հռոմեական կայսրության օրոք, չինական կայսրերի, միջնադարյան քաղաք-պետությունների շրջանում: Որքան էլ սրվեն հարաբերությունները, կա կարմիր գիծ, որտեղ պիտի կանգ առնեն և Մոսկվան, և Վաշինգտոնը: Այդպես եղավ Սիրիայում: Ձեռք ձեռքի պիտի տան, որ կարողանան միասին պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ՝ առաջին հերթին ահաբեկչության: Ընդհանուր հայտարարի չգան, մարդկությունը կարող է դադարել գոյություն ունենալ, եթե վաղը ահաբեկիչների ձեռքին հայտնվի մասսայական ոչնչացման զենք: Հիշեք Չերչիլի խոսքերը` մարդկությունը կարող է հրթիռների փայլուն թևերի վրա վերադառնալ քարանձավ:
-Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ՝ փող չունի, նավթ ու գազ չունի:
-Հայաստանն ունի արժեքներ, որ այդ բևեռում ոչ ոք չունի՝ ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը, ոչ Ռուսաստանը: Առաջինը քրիստոնեական արժեքներին պատկանելությունն է, մենք մնում ենք եվրոպական արժեքների ջատագով, միաժամանակ՝ արևելյան մշակույթի մասն ենք: Ի վերջո ունենք շատ մեծ ռեզերվ, որին, չգիտես ինչու, վերաբերվում ենք իբրև փողի մատակարարի` 10-միլիոնանոց սփյուռքը: Ո՞վ, եթե ոչ Հայաստանը:
-Հայաստանը հանգամանքների բերումով ինքնուրույն քաղաքականություն չի վարում: Ձեր կարծիքով՝ Մոսկվան թույլ կտա՞ Հայաստանին խաղալ Ձեր նշած դերը:
-Ես պատմաբան չեմ, որ պատմական գնահատականներ տամ, բայց շատ հարցերի լուծումներ նաև մեզնից են կախված: Կան տնտեսապես թույլ երկրներ, որոնք միջազգային ասպարեզում ունեն իրենց կեցվածքը: Մեր քաղաքական մշակույթը և դիվանագիտությունն ահավոր ճեղքվածք ունեն: Լինելով չափավոր լավատես ու չափավոր հոռետես, կարծում եմ՝ ունենք հնարավորություններ՝ քաղաքականության մեջ ճիշտ խաղալու: Եթե ձեր ընտանիքում դուք եք ամենախոնարհը, ձեր գլխին են ջարդվում կուժն ու կուլան:
Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ ներկայացրեց Վրաստանի արտաքին քաղաքականությունը և ներքաղաքական չափումները թեման: Նա սկսեց 90-ական թթ. և անկախացման զիգզագներից, վարդերի հեղափոխությունից, որ ավարտվեց վրացական երազանքով, հասավ մեր օրերը: Հակառուսական տրամադրությունների կուլմինացիա նա համարեց 2008-ի օգոստոսը, որի հետևանքը դարձավ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից ու ՌԴ-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների խզումը: Աշխարհաքաղաքական գործունեության դինամիկան փոխվեց 2012-ի հոկտեմբերից, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Վրացական երազանքը», նոր ղեկավարությունն առաջին իսկ օրերից հայտարարեց, որ արտաքին քաղաքականության մեջ հրաժարվում են սադրիչ հակառուսական հռետորաբանությունից, մյուս վեկտորները մնացին անփոփոխ՝ ավանդական ռազմավարական գործակցություն ԱՄՆ-ի հետ, հավասարակշիռ հարաբերություններ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ:
Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում 2011-ին կատարվեցին փոփոխություններ: Նոր փաստաթղթում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները որակվեցին «ռազմավարական համագործակցություն», Հայաստանի հետ «պրագմատիկ համագործակցությունը» վերածվեց «սերտ գործընկերության»:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս ՌՈՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ներկայացրեց տարածքային հակամարտությունները և փոխադարձ չեզոքության պահպանման հարցը Հայաստան-Վրաստան երկխոսության օրակարգում, «Նորավանքի» փորձագետներ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ՝ ադրբեջանական փափուկ ուժը Վրաստանում՝ ձևավորումն ու հիմնական նպատակները և Վրաստանի վարկանիշը գիտակրթական ոլորտում, ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԸ համեմատեց հայկական ու վրացական համայնքներն արտերկրում, արևելագիտության ինստիտուտի տարածաշրջանային և միջազգային հետազոտությունների բաժնի գիտաշխատող ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ՝ Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համագործակցության հեռանկարները:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ հարցրի` կոնկրետ ի՞նչ արդյունքներ է ակնկալում նման քննարկումներից.
-Այս համաժողովի կազմակերպիչներիս խնդիրն էր՝ մղել Հայաստանի վերլուծական հանրությանը միասին մտածել, թե ինչ նոր քայլերով, ինչ նոր ուղղություններով կարելի է ամրապնդել Հայաստանի և Վրաստանի կապերը: Մեր երկու երկրները, որքան էլ ինտեգրման տարբեր գործընթացներ են ծավալվում, տարբեր քաղաքական համակարգեր են և նախապատվությունների տարբեր շղթաներ, ունեն նաև բազում ընդհանրություններ: Մեզ համար ռազմավարական նշանակության խնդիր է Վրաստանի հետ ունենալ ամուր, բարեկամական, հեռանկարային, շահավետ հարաբերություններ: Ճիշտ են նրանք, ովքեր Հայաստանում կարծում են, որ թվում է՝ ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանին ավելի շատ է պետք բարեկամությունը Վրաստանի հետ, քան Վրաստանին՝ Հայաստանի: Եթե այդպես է, ավելի պետք է ամրապնդել, հանրության և շահագրգռված ուժերի ջանքերը մեկտեղել ճեղքման համար, որ Վրաստանում հասարակությունը սկսի մտածել՝ անհրաժեշտ է հավասարակշռել կախումը Թուրքիայից ու Ադրբեջանից` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի հետ բարեկամություն անելով: Դա կլինի հայկական հասարակական-քաղաքական մտքի հաջողությունը:
-Վրացական միտքն անելիք չունի՞:
-ՈՒնի, բայց մինչ այդ արձանագրենք, որ Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը վատ գիտի հարևան Վրաստանը, և լավագույն օրինակը, որ հնարավոր չէ գտնել սինքրոն թարգմանիչներ երկու լեզուներով հաղորդակցվելու համար: Ես կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը պետք է հրավիրի Վրաստանով շահագրգռված հասարակական-քաղաքական, բիզնես կառույցների ներկայացուցիչներին՝ համատեղ լուծումներ գտնելու, Վրաստանի հետ համագործակցության կետային թիրախներ գտնելու, կապերն ամրապնդելու համար, սա օրհասական կարևորության խնդիր է, եթե չենք ուզում հետ մնալ տարածաշրջանի զարգացման մակարդակից:
-Ադրբեջանը Վրաստանին տալիս է նավթ ու գազ, Թուրքիան՝ ֆինանս, Հայաստանը ինչո՞վ պիտի հավասարակշռի վիճակը:
-Փողի հարցում Հայաստանը Վրաստանում չի կարող մրցակցել ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ, բայց մենք կարող ենք հայ-վրացական հարաբերությունների, երկու քրիստոնյա ժողովուրդների համագործակցության ներուժում գտնել այն տարրերը, որոնք կշահագրգռեն վրացիներին` քաղաքական որոշումներ ընդունելու պահին միակողմանի կախված չլինել ադրբեջանա-թուրքական հարաբերությունից, այլև նաև մտածել, որ դա պետք է հարևան, բարեկամ Հայաստանին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Երեկվանից Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Այցը պաշտոնական է՝ նախագահ, վարչապետ, արտգործնախարար, համատեղ ասուլիս: Ջանելիձեն Հայաստան է եկել քննարկելու համագործակցության հարցեր: Հազիվ թե այդ համագործակցությունը սկսվի ու ավարտվի երկկողմ հարաբերություններով. կա Իրանը, կա Ադրբեջանը, կան Ռուսաստանն ու Թուրքիան, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի Վրաստանը, Թուրքիայի հետ՝ Հայաստանը: Տարածաշրջանում կա Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան քաղաքական-տնտեսական եռանկյունին և Հայաստանը, որ առայժմ երթուդարձ ունի միայն դեպի Իրան ու դեպի Վրաստան: Ոմանք այնքան լավատես են, որ համարում են՝ Ալեքսանդր Մակեդոնացին աշխարհը նվաճեց նախ մտքում, հետո սովորեց ձի նստել ու կռվի նետվել:
http://www.irates.am/hy/1458851969
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]