• am
  • ru
  • en
Версия для печати
23.03.2016

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2016թ. փետրվար)

Руский

   

Ջոնի Մելիքյան, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող


Հունվարյան համեմատաբար հանգիստ իրավիճակից հետո, ինչպես և ենթադրվում էր, փետրվարը բավական հարուստ է եղել իրադարձություններով, որոնք, իրենց հերթին, անդրադարձել են Վրաստանում ներքաղաքական դինամիկայի ձևավորման վրա։ Վրաստանի վարչապետի փոփոխությունն անդրադարձել է ինչպես կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի ներսում տեղի ունեցող գործընթացների, այնպես էլ երկրի ամբողջ ներքաղաքական նկարագրի վրա։ Ներքաղաքական իրադարձությունների շարքում կարելի է առանձնացնել հետևյալը. սկսվել են քաղաքական երկխոսություն և համագործակցություն Վրաստանի նոր վարչապետի և նախագահի միջև; հանքափորները գործադուլի են դուրս եկել, տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ կապված Վրաստանում սոցիալ-տնտեսական իրադրության և ռուս-վրացական գազային բանակցությունների հետ; հակամարտություն է սկսվել վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի սեփականատերերի միջև և այլն։ Ստորև մանրամասն կանդրադառնանք անցած փետրվարի որոշ իրադարձությունների վրա։

Քաղաքական ձնհալ Վրաստանի նախագահի և վարչապետի հարաբերություններում

Ամսվա սկզբին՝ փետրվարի 3-ին, ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հերթական հաշվետու ելույթը երկրի խորհրդարանի առջև։ Ի տարբերություն իր նախորդների՝ Վրաստանի կառավարության նոր ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին դիվանագիտական ժեստ արեց և կառավարության անդամների հետ միասին եկավ երկրի խորհրդարան ու լսեց նախագահի ելույթը։ Խորհրդարանում ներկա էին նաև Գերագույն և Սահմանադրական դատարանների նախագահները, Վրաստանի Ազգային բանկի նախագահը, Պետական աուդիտի ծառայության պետը, Ազգային անվտանգության քարտուղարը և Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Ավելի վաղ երկրի վարչապետը մեկ անգամ էլ էր բարի կամք դրսևորել՝ հունվարի վերջին (հունվարի 29-ին) այցելելով մի միջոցառման, որին նախկինում հրաժարվում էին մասնակցել նրա նախորդները. նա մասնակցել էր Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստին։ 2016թ. առաջին նիստում անվտանգության խորհրդի անդամները քննարկել են երկու հիմնական հարց. պատրաստվել ՆԱՏՕ Վարշավյան գագաթաժողովին, դրա հետ կապված՝ տարբեր գերատեսչությունների կողմից նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև ապաովել վրացի զինվորների մասնակցությունը միջազգային առաքելություններին։ Նշենք, որ Գեորգի Կվիրիկաշվիլու այս որոշումը միակը չէր, և փետրվարի 27-ին նա մեկ անգամ ևս այցելեց Վրաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստին, որտեղ երկրի պաշտպանության նախարարը ներկայացրեց երկրի ԶՈւ նոր կառուցվածքը։

Վերադառնալով խորհրդարանի առջև նախագահի ունեցած հաշվետու ելույթին՝ նշենք, որ ավելի վաղ նախկին վարչապետներ Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին 2013-2015թթ. հրաժարվում էին ներկա գտնվել խորհրդարանում պետության ղեկավարի ելույթի ժամանակ։ 2013թ. խնդիրը կապված էր այն բանի հետ, որ տեղի էր ունենում իշխանափոխության գործընթաց, և մինչև 2013թ. հոկտեմբերյան ընտրությունները երկրի նախագահն էր Միխայիլ Սաակաշվիլին, որն այդ պահին արդեն ընդդիմադիր խորհրդարանական ուժի՝ երկրում կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի ընդդիմախոս հանդիսացող «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչն էր։ Նախագահական ընտրություններից հետո արդեն, 2013թ. հոկտեմբերին, երբ այդ պաշտոնին ընտրվեց Գեորգի Մարգվելաշվիլին, նա կոնֆլիկտ ունեցավ նախկին վարչապետ Իվանիշվիլու հետ, որին պաշտպանեց կառավարության նոր ղեկավար Ղարիբաշվիլին։ Կոնֆլիկտն իր ազդեցությունն ունեցավ նաև այն բանի վրա, որ 2014թ. փետրվարին, խորհրդարանում նախագահ Մարգվելաշվիլու ամենամյա առաջին ելույթի ժամանակ վարչապետ Ղարիբաշվիլին ու նրա նախարարները, անտեսելով նախագահի հրավերը, հրաժարվեցին ներկա գտնվել խորհրդարանում։ Իրավիճակը կրկնվեց նաև 2015թ. մարտի 31-ին։

Չնայած Վրաստանի սահմանադրության փոփոխությանը և պետական կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուն՝ տուրք տալով վաղեմի ավանդույթներին, Վրաստանի նախագահն իր երրորդ ամենամյա ելույթում պատգամավորներին և բոլոր ներկաներին ներկայացրեց Վրաստանի հետագա զարգացման իր տեսլականը։ Ելույթի ընթացքում Մարգվելաշվիլին անդրադարձավ պետության կենսագործունեության բազմաթիվ հարցերի՝ քաղաքացիական հասարակության ժողովրդավարացումից և զարգացումից, տնտեսության և դատական համակարգի բարեփոխումներից մինչև երկրի եվրատլանտյան ինտեգրման հարցերն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները։

Կառավարության ղեկավարի փոփոխությունից հետո կառավարող կոալիցիայի ներսում հանդարտված իրավիճակը խախտեց նրա ղեկավարներից մեկի՝ Արդյունաբերողների կուսակցության նախագահ, պատգամավոր Գոգի Թոփաձեի ելույթը։ Նա, որպես «Վրացական երազանք-Արդյունաբերողներ» խմբակցության ղեկավար, քաղաքական գործիչ, ասաց, որ նախագահ Մարգվելաշվիլին իր հոդվածներից մեկում վիրավորել է Վրաստանի բնակչությանը։ Թոփաձեն նաև քննադատություն հնչեցրեց Մարգվելաշվիլու հասցեին՝ կապված վերջինի ԱՄՆ կատարած այցելության հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի միջացառումների շրջանակում։ Թոփաձեն Մարգվելաշվիլուն հիշեցրեց նաև այն մասին, որ նախագահական ընտրություններում հաղթանակից շատ չանցած նա «տարօրինակ դիրք» է գրավել գործադիր իշխանության հանդեպ, որն էլ նրան առաջադրել էր նախագահի պաշտոնին։

Կառավարող կոալիցիայի առաջնորդներից մեկի այսօրինակ պահվածքը զարմացրեց Վրաստանի նախագահին, ինչպես նաև թե՛ կոալիցիայի անդամներին և թե՛ ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու իրավապաշտպաններին։ «Ամենահամարժեք, ճիշտ պատասխանը Թոփաձեի այսպես կոչված հայտարարությանն այսօր և հետագա օրերին կտա վրացական հասարակությունը»,- ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին։

Օգտվելով այն հանգամանքից, որ Վրաստանի վարչապետն սկսել է այցելել երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստերին, ընդդիմադիր խորհրդարանական «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Վիկտոր Դոլիձեն հանդես եկավ հակադիր գաղափարով. նա առաջարկեց երկրի վարչապետին կից գործող Պետանվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհուրդը, որն ստեղծվել էր դեռևս նախկին վարչապետ Ղարիբաշվիլու օրոք 2013թ., ընդգրկել սահմանադրական մարմին հանդիսացող, նախագահին առընթեր գործող Ազգային անվտանգության խորհրդի կազմում։ Պատգամավորի առաջարկած կառույցը ստեղծվել էր Վրաստանի կառավարող կոալիցիայի կողմից հենց այն ժամանակ, երբ վատացել էին նախագահի և վարչապետի հարաբերությունները։

Ինչպես և պետք էր սպասել, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այս նախաձեռնությունն անհամարժեք համարեց՝ նշելով, որ երկրում ցանկացած ճգնաժամի համար պատասխանատու է կառավարությունը և ճգնաժամային իրավիճակը պետք է կառավարվի գործադիր իշխանության կողմից, որը գլխավորում է վարչապետը։ Քանի որ ճգնաժամային իրավիճակի օպերատիվ կառավարման համար, ըստ վարչապետի, կառավարությանն անհրաժեշտ է արդյունավետ և գործուն մարմին, ապա այդպիսին է հենց Պետական անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհուրդը։ «Տեղի է ունենում քաղաքական նպատակներով կառուցողական քայլերի նախաձեռնման փորձ կառավարության կողմից քաղաքական կարգ հաստատելու համար»,- ասվում էր Վրաստանի կառավարության մամլո ծառայության հայտարարությունում։

Ըստ Վրաստանի կառավարության դիրքորոշման՝ երկրորդ ինստիտուտի առկայության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ երկրի այսօրվա Սահմանադրությամբ, եթե ճգնաժամը վերաճում է արտակարգ իրադրության, ապա միայն դրանից հետո է որոշումների մի մասն ընդունվում նախագահին կից Անվտանգության խորհրդի ձևաչափով, այնինչ հին Սահմանադրությամբ նշված բոլոր գործառույթներն ԱԽ ձեռքում էին։

Ի պատասխան վարչապետի կառուցողական դիրքորոշման՝ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր աջակցությունը հայտնեց երկրի վարչապետին ճգնաժամերի դեմ պայքարի մեխանիզմները գործադրելու հարցում։ «Կան ճգնաժամեր, որոնք միշտ չէ, որ պահանջում են բարձրագույն քաղաքական դեմքերի քաղաքական դիրքորոշման ամրագրում, դրա համար կառավարությունում պետք է գոյություն ունենա ճգնաժամերի դեմ պայքարի մեխանիզմ»,- վրացական լրատվամիջոցներին ասել է նախագահ Մարգվելաշվիլին։ Ըստ նրա՝ Ազգային անվտանգության խորհուրդն, այնուամենայնիվ, «միակ» ֆորմալ սահմանադրական ինստիտուտն է, որտեղ նախագահը, վարչապետը և խորհրդարանի նախագահը հավաքվում են միասին կարևոր հարցեր լուծելու համար»։

Ռուսաստանի գործոնը Վրաստանի ներքին քաղաքականությունում

Ռուսաստանը Վրաստանի համար ոչ միայն հարևան երկիր է, որի հետ պաշտոնական Թբիլիսին արտաքին քաղաքական կոնֆլիկտ ունի և խզված են դիվանագիտական հարաբերությունները, այլև նաև գործոն է հանդիսանում Վրաստանի ներքաղաքական պայքարում։ Անցած ամիս, օրինակ, Վրաստանի ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ և երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան իր քարոզարշավն սկսել է նրանով, որ մեղադրել է Վրաստանի իշխանություններին Ռուսաստանի հետ գործարքի մեջ մտնելու համար այն պատճառով, որ վրացական հեռահաղորդակցային հսկան՝ CaucasusOnline «ռազմավարական օպտիկամանրաթելային մալուխը», կարող է հայտնվել Ռուսաստանի ձեռքում։ Սակայն այս տեղեկատվությունն անմիջապես հերքեցին վրացական ընկերությունները՝ նշելով, որ ռուսական «Վիմպելկոմը» և CaucasusOnline-ը բանակցություններ են վարում դրա մի առանձին հատվածի գնման վերաբերյալ, իսկ սևծովյան մալուխի և ցամաքային մայրուղային ենթակառուցվածքի վաճառքը բանակցությունների առարկա չի հանդիսանում։

Ինտերնետի հետ կապված պատմությունից հետո, որի արդյունքը կհստակեցվի միայն ապրիլին, ռուսական թեման արծարծել է նաև Վրաստանի Ազգային բանկի և Տնտեսական զարգացման կենտրոնի նախագահ Ռոման Գոցիրիձեն՝ վրացական լրատվամիջոցներին տեղեկացնելով այն մասին, որ վրացական կողմը խնամքով թաքցնում է ռուսական «Գազպրոմի»՝ Վրաստանի փոքր բանկերից մեկը գնելու պլանները։ Փորձագետն ասել է, որ երկրի կենտրոնական բանկը չպետք է թույլ տա դա։ «Դա «Գազպրոմի» սկզբունքն է՝ ուր մտնում է գազով, այնտեղ բանկ է հիմնում։ Հետո դրան հետևում են մեդիակառույցները, իսկ թե ինչ կլինի հետո՝ դժվար չէ կռահել»,- ասել է Գոցիրիձեն։

Հարկ է նշել, որ այսօր ռուսական ընկերությունների ներդրումները Վրաստանում կատարվում են տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան, ջրամատակարարումը, լեռնահանքային և նավթագազային արդյունաբերությունը, հանքային ջրերը, հեռահաղորդակցությունը։ Այդ ընկերությունների թվում են վրացական էներգադիստրիբուցիոն «Թելասի» ընկերությունը, «ՎրացՌուսԷներգոն», «Ջորջիան ուոթեր էնդ փաուերը», «Լուկօյլ», «Գալֆ», «Փոթիի նավթատերմինալ» ընկերությունները, թանկարժեք քարերի RMG ընկերությունը, «Բորժոմին», «ՎՏԲ Վրաստանի բանկը», «Բիլայնը» և այլն։

Ամսվա վերջին՝ փետրվարի 26-ին, Վրաստանի Տնտեսական քաղաքականության հետազոտման կենտրոնը (EPRC) Թբիլիսիում ներկայացրեց իր նոր՝ «Հիբրիդային պատերազմը և եվրատլանտյան տարածքի անվտանգության լանդշաֆտի փոփոխությունը. քաղաքական և տնտեսական արդյունքներ» հետազոտությունը, որը հրապարակվել է «Բաց հասարակություն – Վրաստան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, «Տնտեսական ՆԱՏՕ» վերլուծական աշխատանքների շարքից, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ նկատվում է Վրաստանի «արևմտյան վեկտորի որոշ փոփոխություն»։ EPRC գործադիր տնօրեն Նինո Եվգենիձեի խոսքերով՝ Ռուսաստանի կողմից «հիբրիդային միջոցների կիրառումը կասկածի տակ է դրել ամբողջական, ազատ և խաղաղ Եվրոպայի ավանդական արևմտյան գաղափարը և այդ գաղափարի կարևոր ինստիտուտները՝ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը»։

Վրաստանը թվերով

Այցելու/զբոսաշրջիկներ և ավիափոխադրումներ. Անցած փետրվարը դրական էր Վրաստանում զբոսաշրջության ոլորտում։ Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը փետրվարի 15-ից հանելուց հետո TAVGeorgia օպերատոր ընկերությունը (թուրքական TAVAirportsHolding ընկերության դուստր ընկերությունն է), որը տնօրինում է Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանները, հայտարարել է այն մասին, որ ակտիվ բանակցություններ է վարում իրանական երեք խոշոր ավիաընկերությունների՝ «MahanAir»-ի, «ATAAirlines»-ի և «QeshmAir»-ի հետ դեպի Վրաստան թռիչքներ սկսելու վերաբերյալ։ TAV Georgia-ի տեղեկատվության համաձայն՝ «ATAAirlines» ընկերությունը ծրագրում է վրացական ավիաշուկա վերադառնալ փետրվարի վերջից, իսկ «MahanAir»-ը և «QeshmAir»-ը կանոնավոր չվերթեր կիրականացնեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի օդանավակայան ենթադրաբար մարտից։

Դրան զուգահեռ, ցածր բյուջե ունեցող եվրոպական WizzAir ավիաընկերությունը հայտարարել է այն մասին, որ սեպտեմբերից իր բազան է բացում (որտեղ կտեղակայվի А320 մոդելի ինքնաթիռ) Քութայիսի Դավիթ Շինարարի անվան օդանավակայանում (Արևմտյան Վրաստան) և կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպայի ևս յոթ քաղաքներ (Բեռլին, Մյունխեն, Դորտմունդ, Միլան, Լառնակա, Սոֆիա և Սալոնիկ)՝ ի հավելումն արդեն առկա ուղղությունների (Բուդապեշտ, Վիլնյուս, Վարշավա)։

Փետրվարին ներկայացվել են նաև 2016թ. հունվարին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մասին տվյալները։ Երկրի ՆԳՆ տվյալներով՝ Վրաստան այցելուների թիվն անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելացել է 4,3%-ով և կազմել 323 հազ. մարդ։ Ըստ այցի նպատակի՝ այցելուները դասակարգվել են հետևյալ կերպ. զբոսաշրջիկներ՝ 116.369 մարդ (այցելուների թվի 30%-ը և 4,3%-ով ավելի, քան 2015թ. հունվարին), տարանցումը՝ 48.466 (15%, նվազում 16%-ով), այլ՝ 158.324 (49%, աճ 13%-ով)։ 2016թ. հունվարին այցելուների թվով առաջին տեղում Հայաստանն է (12,4%-ով քիչ, քան 2015թ. հունվարին), հետո Թուրքիան (5,5%-ով քիչ), Ադրբեջանը (16%-ով ավելի), Ռուսաստանը (10,2%-ով ավելի) և Ուկրաինան (8, 6%-ով ավելի)։

Պետական պարտք. Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պետական պարտքի և պետական երաշխիքով վերցված վարկերի ծավալն ավելացել է $115,1 մլն-ով և կազմել մոտ $4,32 մլրդ։ Դրանցից Վրաստանի կառավարության պարտքը կազմում է մոտ $4,3 մլրդ, իսկ Վրաստանի Ազգային բանկին բաժին է ընկնում $19,4 մլն։ Վրաստանի վարկատուների թվում են 17 երկիր և ութ միջազգային ֆինանսական կազմակերպություն։

Արտաքին առևտրաշրջանառություն. Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվարին կազմել է $528 մլն (չհաշված չկազմակերպված առևտուրը), ինչը 24%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարվա առաջին ամսվա ընթացքում արտահանումը կազմել է $122 մլն (երկաթի ձուլվածք, մարդատար ավտոմեքենաներ, սև մետաղների ջարդոն, մշակված կամ կիսամշակված ոսկի, ընկույզ և այլն), ինչը 22%-ով քիչ է, քան 2014թ. հունվարին։ Հունվարին ներմուծումը կազմել է $406 մլն, 25%-ով պակաս, քան 2015թ. նույն ժամանակամիջոցում (նավթ և նավթամթերքներ, մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև նավթագազ և գազակերպ ածխաջրածիններ, հացահատիկ, էլեկտրական տրանսֆորմատորներ և դեղամիջոցներ)։ Նշված ժամանակահատվածում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Եվրամիության երկրների հետ կազմել է $137 մլն, ինչը 25%-ով պակաս է, քան 2015թ. հունվարին։ Արտահանումը Վրաստանից դեպի ԵՄ երկրներ կազմել է $38 մլն (38%-ով ավելի), իսկ ներմուծումը՝ $99 մլն (18%-ով պակաս)։ ԵՄ երկրներին բաժին է ընկնում Վրաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 26%-ը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր