
ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՓԵՏՐՎԱՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական
Ադրբեջան-Վրաստան. 2016թ. փետրվարին Ադրբեջանի և Վրաստանի միջև զարգացումները համահունչ են ռազմավարական գործընկերության ոգուն, ինչպես դրանք բնորոշվում են երկուստեք պաշտոնական մակարդակներում:
Քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին է վկայում տարածաշրջանային գործընթացների համատեքստում և Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով զարգացող համագործակցությունը: Այն իր արտացոլումը գտավ նաև փետրվարին Թբիլիսիում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ նախարարների հինգերորդ եռակողմ հանդիպմանը1, որը նշանավորվեց Թբիլիսյան հռչակագրի ստորագրմամբ: Փաստաթղթի համաձայն, կողմերն առաջնահերթ են համարում «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից տարածքների, Աբխազիայի և Հվ.Օսիայի հակամարտությունների շուտափույթ լուծումը խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի համաձայն, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵԽ համապատասխան բանաձևերի ու որոշումների կատարումը»: Արտգործնախարարները վերահաստատում են նաև ռազմավարական գործընկերությունը խորացնելու հանձնառությունը, դատապարտում փետրվարին Անկարայում և Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչությունները, համերաշխություն հայտնում Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում և լիակատար աջակցություն Հարավային գազային միջանցքի նախագծի իրականացմանը:
Տնտեսական փոխհարաբերությունները հիմնականում դրսևորվում են տարածաշրջանային նշանակության էներգետիկ և տրանսպորտային նախագծերում համատեղ մասնակցությամբ և Վրաստանի էներգակիրների ներքին շուկայում ադրբեջանական SOCAR ընկերության գերիշխող դիրքով:
Վերջին ամիսներին առաջնային է դարձել Ադրբեջանից Վրաստան առաքվող գազի հարցը: Էներգակիրների ներկրման թվացյալ դիվերսիֆիկացման նպատակով Վրաստանի՝ Իրանի և Ռուսաստանի հետ վարվող բանակցությունների ոդիսականը կարծես մոտենում է հանգուցալուծմանը: Դրա մասին են վկայում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետ Գ.Կվիրիկաշվիլու, փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կ.Քալաձեի և էներգետիկայի փոխնախարար Մ.Վալիշվիլու հայտարարությունները, որոնք փաստում են Վրաստանի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակության, ռուսական կողմի հետ անհաղթահարելի տարաձայնությունների և իրանական գազի բարձր գնի մասին: Վրացական կողմի շրջադարձը, ադրբեջանական կողմից գազի ծավալներն ավելացնելու և գինն իջեցնելու պատրաստակամության մասին հայտարարությունները կանխորոշում են խնդրի լուծման հեռանկարները:
Հավանական գործարքի քաղաքական ենթատեքստի մասին է վկայում այն փաստը, որ ԱՀ-ը մտադիր է ավելացնել Վրաստան առաքվող գազի ծավալները, նույնիսկ գնալ գների իջեցման և միաժամանակ գազ գնել ռուսական «Գազպրոմից»։ SOCAR-ի փոխնախագահ Է.Նասիրովի հայտարարության համաձայն, Ադրբեջանում էլեկտրաէներգիայի հիմնական արտադրող և բաշխող «Ազերէներժի» ԲԲԸ-ն ունի լրացուցիչ գազի ծավալների կարիք։
Ադրբեջանից Վրաստան առաքվող գազի ծավալների աճ գրանցվել է արդեն 2015թ. ընթացքում «Շահ Դենիզ» հանքավայրից առաքվող գազի հաշվին2: Այն նախորդ տարվա համեմատ կազմել է 9.4%՝ գումարային արտահայտությամբ3:
Երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցություն է հաստատված նաև էլեկտրաէներգիայի ոլորտում. փետրվարին սկսվել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա օրական 80 մեգավատ հզորության էլեկտրաէներգիայի տարանցումը, որից Թբիլիսին ամսական կստանա մոտ 730 հազ. լարի եկամուտ4:
Տրանսպորտային հիմնական նախագիծը, որը Թուրքիայի հետ մեկտեղ իրականացնում են Ադրբեջանը և Վրաստանը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է5: Հաշվի առնելով, որ կողմերը նախատեսում են այն ավարտին հասցնել այս տարվա վերջին, հրատապ է դարձել մաքսային խնդիրների լուծումը: Երկաթուղով բեռների անցկացման համար բարենպաստ պայմանների ստեղծման և ճանապարհային ժամանակահատվածի կրճատման նպատակով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային մարմինները մտադիր են եռակողմ համաձայնագրի միջոցով պարզեցնել մաքսային ընթացակարգերը, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի մաքսային և առևտրի նախարար Բ.Թուֆեկչին Վրաստանի ֆինանսների նախարար Ն.Խադուրիի հետ հանդիպման ընթացքում:
Նշված նախագծից զատ, Բաքուն և Թբիլիսին Աստանայի հետ միասին նախաձեռնում են նոր՝ տրանսկասպյան միջազգային երթուղու գործարկումը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել երկաթուղային կոնսորցիում: Երթուղին կապահովի բեռների փոխադրումը Չինաստանից Բաթումի նավահանգիստ, այնտեղից՝ Թուրքիա և Եվրոպա:
Ադրբեջանի և Վրաստանի միջև տրանսպորտային երթուղիների զարգացման հեռանկարների համապատկերում հետաքրքիր է դիտարկել երկու երկրների առևտրաշրջանառության դինամիկան:
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության համաձայն, Ադրբեջանը Վրաստանի արտաքին առևտրային գործընկերների թվում երրորդն է (10,1%):
2016թ. հունվարին Վրաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 33%-ով՝ կազմելով $53,3 մլն, այդ թվում՝ արտահանումը6 Վրաստանից նվազել է 87%-ով (կազմելով $3,8 մլն, ընդհանուր արտահանման 3.1%-ը), ներկրումը՝ 2,2% (կազմելով $49.5 մլն, ընդհանուր ներկրման 12,2%-ը): Եթե հաշվի առնենք Վրաստան առաքվող գազի ծավալների վերը նշված աճը, ապա կարող ենք արձանագրել, որ այլ ապրանքների ներկրման կրճատումն ավելի մեծ է:
Ադրբեջան-Իրան. Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի և Իրանի նախագահ Հ.Ռոհանիի միջև փետրվարին ստորագրվեց 11 փաստաթուղթ, այդ թվում՝ մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության, էլեկտրաէներգիայի վաճառքի, ադրբեջանական և իրանական երկաթուղիների միացման, Աստարայի երկաթուղային կամրջի շինարարության ոլորտում համագործակցության մասին: Երկու երկրների նախագահների ներկայությամբ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել SOGAR-ի և Իրանի ազգային նավթային գործակալության, SOCAR-ի և իրանական Ghadir ներդրումային գործակալության միջև:
Սակայն առավել ուշագրավը ԱՀ էկոնոմիկայի նախարար Շ.Մուսթաֆաևի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մ.Վաեզիի միջև կնքված համաձայնագիրն էր էներգետիկայի ոլորտում ջրային պաշարների օգտագործման, Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հէկերի և հիդրոհանգույցների շինարարության շարունակման և շահագործման մասին: Բանն այն է, որ նշված կայանների շինարարությունը 2007թ. սկսվել էր ոչ թե Ադրբեջանի և Իրանի, այլ Հայաստանի և Իրանի նախագահների փոխհամաձայնության արդյունքում, քանի որ դրանք գտնվում են Իրանի և ԼՂՀ սահմանին: Սկզբում Թեհրանն անտեսում էր Բաքվի բողոքները, սակայն 2009թ., երբ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ՝ խստացվեցին պատժամիջոցները, իրանական կողմը դադարեցրեց գրեթե ավարտին հասած շինարարությունը:
Միջուկային ծրագրի պատճառով սահմանված պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանն Ադրբեջանի հետ կնքեց մի համաձայնագիր, որտեղ նշվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգման և ՄԱԿ բանաձևերի համաձայն դրա վերականգնման անհրաժեշտության, «Խուդաֆերին», «Գիզ Գալասի» հիդրոհանգույցների ջրային և էներգետիկ պաշարների նկատմամբ նույն իրավունքների մասին:
Փաստաթղթի համաձայն, Իրանը կապահովի հիդրոհանգույցների և հէկերի շինարարության ավարտը, էներգետիկ և ջրային պաշարների շահագործումը, պահպանումը մինչ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»: Կողմերը հավասար իրավունքներով կօգտագործեն նշված օբյեկտները, իսկ դրանց շինարարությանը և շահագործմանը կմասնակցեն նաև ադրբեջանցի մասնագետներ:
Ադրբեջանի և Իրանի մերձեցման խորապատկերին ավելի հետաքրքիր նրբերանգներ է ստանում ԱՀ փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հարցազրույցը ավստրիական «Die Presse» պարբերականին, որը հրապարակվեց Ի.Ալիևի իրանական այցից օրեր առաջ: Ա.Ազիմովը բառացիորեն հայտարարել էր, թե «Բաշար Ասադը Սիրիայի անվտանգության և ամբողջականության երաշխավորն է»՝ այդպիսով, ըստ էության, պաշտպանելով Սիրիայի հարցում Իրանի և ՌԴ դիրքորոշումները:
Ադրբեջան-ՆԱՏՕ. Փետրվարին Ադրբեջանում էր գտնվում Հվ.Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրան: ԱՀ նախագահ Ի.Ալիևի, արգործնախարար Է.Մամեդյարովի և ԱՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ն.Սադիկովի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՀ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Ջ.Ափաթուրայն նշել էր, որ ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ընթանում է երկու ծրագրով. առաջինն անհատական գործընկերության պլանն է (IPAP), որն առավելապես քաղաքական բնույթ ունի, համագործակցության երկրորդ ձևաչափն ուղղված է պաշտպանության ոլորտի բարեփոխումներին: Այս երկու ծրագրերն իրականացվում են երկամյա փուլերով և արդեն մոտ են ավարտին: ՆԱՏՕ ղեկավարությունը հակված է թարմացնել համագործակցության նշված ձևաչափերը: ԱՀ ԱԳ նախարարը վերահաստատել է ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» օպերացիային իր երկրի մասնակցությունը: Ջ.Ափաթուրայի հետ կայացած բոլոր հանդիպումներում ադրբեջանցի պաշտոնյաները բարձրացրել են ԼՂ հակամարտության թեման և ներկայացրել պաշտոնական Բաքվի դիրքորոշումն այս հարցի հետ կապված:
Գործընկեր երկրներում ՆԱՏՕ հանրային դիվանագիտությանը նվիրված բրյուսելյան նիստի ընթացքում ԱՀ-ում Ռումինիայի դեսպան7 Ք.Չոբանուն Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությունը որակել է որպես ռազմավարական՝ նշելով, որ Ադրբեջանը կարևոր դեր է կատարում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
ԱՀ-ում Ռումինիայի դեսպանությունն Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի մարդու իրավունքների ինստիտուտի հետ համատեղ մարտին կանցկացնի «ՆԱՏՕ-2016 գագաթաժողովը Վարշավայում» թեմայով միջազգային գիտաժողովը:
Ադրբեջան-Եվրոպա. Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալեն Մարդը «Caspian Energy» ադրբեջանա-բրիտանական միջազգային ամսագրի նախագահ Ն.Ալիևայի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ ԵՄ-ի համար Հարավային գազային միջանցքը առաջնահերթություն է, և ԵՄ-ում հույս ունեն 2020թ. ադրբեջանական գազ ստանալ: Մ.Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Ի.Ալիևի բարեփոխումներին և տնտեսության դիվերսիֆիկացիային ուղղված քայլերին, ինչպես նաև հետաքրքրությամբ հետևում է սեփականաշնորհման գործընթացին, որտեղ եվրոպական ընկերությունները կարող են մեծ դեր խաղալ:
«Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլի շրջանակներում Ֆրանսիական «Gaz de France» ընկերության կողմից 65 մլրդ մ3 ադրբեջանական գազ գնելու մասին է հայտարարել ԱՀ էներգետիկայի նախարար Ն.Ալիևը8 ԱՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ա.Բուշեզի հետ հանդիպումից հետո:
Լոնդոնում կայացել է տնտեսական համագործակցության ադրբեջանա-բրիտանական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը9, որի արդյունքներով կազմված հռչակագրում նշված են առևտրի, ներդրումների, արդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, կրրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետագա քայլերը: Փաստաթղթում նաև ասվում է, որ Մեծ Բրիտանիան չի ճանաչում ԼՂ անկախությունը և կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել նաև ԱԳ փոխնախարար Խ.Խալիֆովի և Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարար Դ.Լիդինգթոնի միջև: Այս դեպքում նույնպես բրիտանական կողմը վերահաստատել է ԱՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր դիրքորոշումը:
1 Հանդիպումը հետաձգվել էր 2015թ. դեկտեմբերից:2 «Շահ Դենիզ» հանքավայրից գազն առաքվում է Վրաստան Բաքու-Թբիլիսի-Էրզրում՝ Հարավկովկասյան գազատարով, իսկ SOCAR-ից ստացվող գազը՝ Գաջիգաբուլ-Ղազախ-Գարդաբանի խողովակաշարով:
3 Ընդհանուր առմամբ Վրաստանը 2015թ. ներկրել է $419,44 մլն-ի գազ, որից $314,3 մլն-ն՝ Ադրբեջանից (75%):
4 Գրեթե միաժամանակ մեկնարկել է նաև Վրաստանով Ռուսաստանից Հայաստան օրական 30 մեգավատ հզորության էլեկտրաէներգիայի տարանցումը:
5 Երկաթուղու շահագործման համար «Stadler Rail Group» ընկերության արտադրած երկաթուղային մարդատար վագոնների առաջին խմբաքանակը (10 հատ, ընդհանուր պատվիրվել է 30 հատ) Ադրբեջան կժամանի ամռանը։
6 Հատկապես նվազել է Վրաստանից ավտոմեքենաների ներկրումը՝ $13,1 մլն-ից նվազելով $577 հազարի:
7 Ռումինիայի դեսպանատունը Ադրբեջանում ՆԱՏՕ համակարգողն է:
8 Ֆրանսիական «Air Liquide» և «Axens» ընկերությունները ներգրավված են ԱՀ էներգետիկ նախագծերում:
9 Ըստ ԱՀ էկոնոմիկայի նախարար Շ.Մուսթաֆաևի, Ադրբեջանում գործում է բրիտանական կապիտալով 473 ընկերություն, իսկ Մեծ Բրիտանիայի կողմից ԱՀ տնտեսությունում արված ներդրումները գնահատվում են $23 մլրդ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ.[18.06.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[27.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)[07.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին հարաբերություններ)[25.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[08.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[04.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ներքին իրավիճակ)[20.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ներքին իրավիճակ)[05.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[28.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (ներքին իրավիճակ)[20.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ[19.09.2016]