
ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական
Ներքին իրավիճակ
Սոցիալ-տնտեսական.- 2016թ. հունվարն առանձնացավ ժամանակակից Ադրբեջանի համար աննախադեպ սոցիալական դժգոհությունների միաժամանակյա բռնկումներով տասից ավելի շրջաններում: Առիթն այս անգամ զուտ տնտեսական էր, սակայն քայլերը, որոնց միջոցով իշխանությունները ճնշեցին բողոքի ակցիաները, վկայում են դրանց քաղաքական ենթատեքստի և ցանկացած այլակարծության մերժման արդյունքում անկառավարելի պոռթկման վտանգի գիտակցության մասին:
Մանաթի 2015թ. տարեվերջյան փլուզումն1 ավելի սրեց Ադրբեջանի առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը, և ամանորյա տոներին անմիջապես հաջորդեցին բազմամարդ բողոքի ցույցերը Սիյազան, Լենքորան, Սումգայիթ, Աղջաբեդի, Ագսու, Շեքի, Բեյլագան, Գուբա, Շիրվան, Աստարա, Ջալիլաբադ քաղաքներում: Ցուցարարները բողոքում էին գների աճի, գործազրկության, կոռուպցիայի և սոցիալական անարդարությունների դեմ: Բողոքի ակցիաները հաճախ ուղեկցվեցին ոստիկանական ուժերի հետ բախումներով և ձերբակալություններով, որոնց թիրախում հայտնվեցին ընդդիմադիր «Մուսավաթ» և «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունների անդամները2՝ մեղադրվելով զանգվածային խռովություններ հրահրելու մեջ: ԱՀ Ֆիզուլիի շրջանում ձերբակալվեց անգամ շրջանում գործադիր իշխանության ներկայացուցիչ Շաքիր Հաջիևը։ Բաքվում տեղի ունեցան բողոքի լոկալ ակցիաներ, հիմնականում խոշոր առևտրային կենտրոններում («Բինա», «Սադարակ», «Մայիսի 28» մետրոյի հարևանությամբ գործող), որտեղ տարածքներ վարձակալած գործարարները պահանջում էին նվազեցնել տաղավարների վարձակալության գները3։
Ադրբեջանի գրեթե ողջ տարածքով տարերայնորեն բռնկված ընդվզումները, ըստ ԱՀ վերակազմավորված Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մ.Գուլիևի, կապ չունեն մանաթի փլուզման հետ։ «Ուղղակի նրանք, ովքեր չեն ուզում աշխատել, փորձում են բողոքել, նրանք վարկեր են վերցրել և հիմա պետությանը խնդրում են մարել իրենց պարտքերը»,- ասել է Մ.Գուլիևը:
Առաջին անհրաժեշտության ապրանքների գների թռիչքը ստիպեց ՌԴ սահմանակից շրջանների բնակիչներին գնումներ կատարելու համար մեկնել հարևան երկիր: Նմանատիպ երևույթները կանխելու և արտարժույթի թեկուզ փոքր ծավալների արտահոսք թույլ չտալու համար Ի.Ալիևը հատուկ հրամանագրով $10.000-ից $10004-ի իջեցրեց չմաքսազերծվող ապրանքների թույլատրելի շեմը:
Տարադրամի շուկայում ստեղծված խուճապային տրամադրությունների արդյունքում սև շուկայում մանաթի գինը հունվարի կեսերին հասել էր $2-ի, և նույնսիկ այդ գնով հնարավոր չէր այն ձեռք բերել։ Իրավիճակը շտկելու և մանաթի նոր փլուզում թույլ չտալու համար գործի դրվեցին ողջ ֆինանսատնտեսական և ուժային միջոցները։ Բողոքների կազմակերպման մեղադրանքով, ընդդիմադիր գործիչների ձերբակալություններից զատ, Ի.Ալիևը հրապարակայնորեն հանձնարարեց դատախազությանը դիմել կտրուկ միջոցների գների անհարկի բարձրացմանը նպաստող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ ԿԲ-ն իր հերթին գնաց մի շարք կոշտ քայլերի՝ փակելով բանկային համակարգից անկախ գործող տարադրամի փոխանակման բոլոր կետերը, որի արդյունքում մոտ 6000 մարդ զրկվեց աշխատանքից: Իջեցվեց նաև տարադրամի փոխանակման կետերում առանց անձը հաստատող փաստաթղթի իրականացվող գործարքների վերին շեմը ($5000-ից $500-ի), 20% հարկ սահմանվեց ուղղակի ներդրումների, անշարժ գույքի կամ արժեթղթերի գնման նպատակով արտարժույթի դուրսբերման վրա, դրամական զանգվածը կրճատելու նպատակով բանկային քարտերից կանխիկացման համար գանձվող գումարի չափը բարձրացվեց մինչև 4%։
Այս սահմանափակումներին զուգահեռ՝ ԱՀ իշխանությունները ստիպված եղան կրկին մեծ քանակի արտարժույթ (օրական մոտ $200 մլն) նետել ներքին շուկա մանաթի կայունացման համար։
Անապահով խավի սոցիալական պաշտպանության նպատակով ավելացված արժեքի հարկի վճարումներից ազատվեցին հացահատիկ ներկրող, ինչպես նաև ալյուրի և հացաբուլկեղենի արտադրանքով և վաճառքով զբաղվող ընկերությունները, 10%-ով բարձրացվեցին գրեթե բոլոր ոլորտների աշխատավարձերը, կենսաթոշակները, փախստականներին և «շեհիդների» ընտանիքներին հատկացվող նպաստները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ամսվա վերջին հաջողվեց կրկին վերահսկողության տակ առնել ներքաղաքական իրավիճակը և կայունացնել տարադրամի շուկան։
Ընդհանուր տնտեսական ճգնաժամը մեղմելու և ստեղծված իրավիճակից նվազագույն վնասներով դուրս գալու նպատակով ԱՀ իշխանությունները մտադիր են նոր զարկ տալ պետական ընկերությունների սեփականաշնորհմանը և նյութական միջոցներ ներգրավել միջազգային ֆինանսական կառույցներից։
Նավթի գների անկման5 հետևանքով եկամուտների6 շեշտակի կրճատումն առաջնահերթ է դարձրել ոչ նավթային ոլորտների զարգացումը։ Տնտեսությունն ակտիվացնելու նպատակով ԱՀ իշխանությունները որոշել են զարգացնել հատկապես շինարարական ոլորտը, և այդ նպատակով կառավարությանը հանձնարարվել է բարենպաստ պայմաններ ստեղծել մեծ շինարարական նախագծեր իրականացնելու համար. վերացնել ոլորտի կոռուպցիան՝ բացառելով բյուրոկրատիայի և անհիմն պահանջների դեպքերը: Արտահանման խթանման նպատակով Կառավարությունը պետք է մեկ ամսվա ընթացքում առաջարկներ ներկայացնի արտադրողներին վարկերի լրացուցիչ բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ, խնդիր է դրվել նաև տարածել և ամրապնդել «made in Azerbaijan» բրենդն արտաքին շուկայում։
ԱՀ ֆինանսների նախարար Ս.Շարիֆովի կարծիքով, նավթի գների շարունակվող անկումը և մանաթի փոխարժեքի նոր քաղաքականությունը պայմանավորում են բյուջեի կանխատեսումների որոշ փոփոխություններ7, ըստ որոնց՝ հաջորդող 3 տարիներին պետք է անցնել խիստ խնայողության ռեժիմի, ուժեղացնել ֆինանսական կարգապահությունը, կանխել ոչ առաջնային ծախսերը, կատարելագործել պետական կառավարումը, բարեփոխել ընկերությունների ղեկավարումը, նոր լիցք հաղորդել պետական ունեցվածքի սեփականաշնորհմանը, իրականացնել բանկային համակարգի հիմնային կոնսոլիդացիա և բարձրացնել վստահությունը ոլորտի նկատմամբ: ԱՀ ֆինանսների նախարարը 2016թ. կանխատեսում է 10-12% ինֆլյացիա, ինչը մոտ է նաև CESD8-ի ղեկավար, հայտնի տնտեսագետ Վուղար Բայրամովի գնահատականներին9:
2015թ. ներկրվող սննդամթերքը գումարային արժեքով արտահայտված նվազել է 7,82%-ով՝ կազմելով $979,5 մլն, զբոսաշրջիկների հոսքն արտերկիր կրճատվել է 50%-ով, ինչը վկայում է բնակչության գնողունակության կտրուկ անկման մասին:
Շարունակվում է արտերկրյա ընկերությունների արտահոսքը. հունվարին Ադրբեջանը լքել են ֆրանսիական «Technip Maritime Overseas LTD»-ն (զբաղվում է նավթային սարքավորումների վերամշակմամբ, խողովակաշարերի կառուցմամբ, Բաքվում գործում էր 1993-ից), իտալական «Maccaferri Azerbaijan»-ը (1879թ. հիմնված «Maccaferri» ընկերության դուստր ձեռնարկություն, զբաղվում է ճանապարհային, ստորգետնյա, նավթագազային և քաղաքացիական շինությունների կառուցման համար անհրաժեշտ նյութերի արտադրությամբ), թուրքական «Anel Telekomünikasyon Elektronik Sistemləri Sanayi ve Ticaret Anonim» ընկերության ադրբեջանական մասնաճյուղը (էլկտրասարքավորումների տեղադրում և սպասարկում)։
Համանմանություններ են նկատվում 1998-2000թթ. իրադրության հետ, երբ միջազգային շուկայում նավթի գների կտրուկ անկման հետևանքով Ադրբեջանից հեռացավ մոտ 700 ընկերություն10։
Կոռուպցիա.- Նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս ԱՀ ԱԱ նախկին նախարար Է.Մահմուդովի և նրա շրջապատի հանցավոր գործունեության մասին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների, Է.Մահմուդովը և նրա մտերիմ, գեներալ-մայոր Ակիֆ Չովդարովը (ներկայումս ձերբակալված է) կոռուպցիոն եղանակով ստացած գումարներով Թուրքիայի Ստամբուլ և Իզմիթ քաղաքներում կեղծ դեղորայքի արտադրության երկու գործարան են կառուցել՝ 150 մլն եվրո արժողությամբ: Գործարանների սեփականատեր և Է.Մահմուդովի մտերիմ Ադալյաթ Ռամազանովը Թուրքիայի իշխանությունների կողմից զգուշացվել է երկրի ներսում դեղորայքը չիրացնելու մասին, ինչից հետո նշված գործարանների արտադրանքն արտահանվել է ԱՊՀ երկրներ: Ադրբեջանում գրանցված և Ա.Ռամազանովին պատկանող «ALFAMED» ՍՊԸ-ն մոտ երեք տարի կազմակերպել է չգրանցված դեղորայքի ներկրումն ու բարձր գներով իրացումը, ինչի համար ընկերության տնօրեն Ա.Խուդավերդիևը ձերբակալվել է, իսկ Ա.Ռամազանովին հաջողվել է լքել երկիրն անմիջապես Է.Մահմուդովի պաշտոնազրկումից հետո:
Է.Մահմուդովի յուրացրած միջոցները վերադարձնելու համար իրավապահ մարմինները հարցաքննում են նախկին ԱԱ նախարարին ու իր ընտանիքի անդամներին: Պարզվել է, որ վերջինս անշարժ գույք ունի Լոնդոնում, Իսպանիայում, Չեխիայում, գործող բիզնեսներ Ադրբեջանում («Caspian Crystal» հոլդինգի ռեստորաններ, խանութներ, ավտոսրահներ, վիլլաներ և այլն), ԱՄԷ-ում («Intertekstil» տեքստիլի ֆաբրիկա և «Intersteel» պողպատաձուլման գործարան, որոնք կառուցվել են արդեն լուծարված Ադրբեջանի Միջազգային բանկի11 նախկին նախագահ Ջահանգիր Հաջիևի կողմից) և Ռուսաստանում (շինարարական ընկերություն)՝ ընդհանուր ավելի քան $1 մլրդ արժողությամբ: Սրանց մի մասը հանվել է վաճառքի՝ գումարներն Ադրբեջան վերադարձնելու նպատակով:
Ադրբեջանում տիրող կոռուպցիայի բարձր մակարդակն արտացոլում է ստանում նաև միջազգային ընկերությունների զեկույցում: «Property Rights Alliance» (Սեփականության իրավունքի ալյանս) միջազգային կազմակերպությունն իր տարեկան վարկանշային սանդղակում առաջին անգամ ընդգրկել է Ադրբեջանին՝ 129 երկրների մեջ նրան հատկացնելով 103-րդ տեղը12: Զեկույցի հեղինակները հատկապես ցածր գնահատական են տվել երկրում կոռուպցիայի վերահսկողությանը (110-րդ տեղը 129 երկրների մեջ):
1 Երկրորդը մեկ տարվա ընթացքում, առաջինը եղել էր փետրվարին: Ընդհանրապես 2015-ը մանաթի համար անկման տարի էր. ըստ հեղինակավոր Bloomberg ֆինանսական նորությունների գործակալության, մանաթը ղազախական թենգեի և բելառուսական ռուբլու հետ ճանաչվել է 2015թ. ամենաթույլ տարադրամը:
2 Ձերբակալվածների թիվը հասել է 60-ի։
3 Այդ պահանջները հիմնականում բավարարվել են։
4 Որոշումը, որով սահմանված էր $10.000-ի շեմը, ընդունվել էր 2015թ. հոկտեմբերի 22-ին:
5 2016թ. սկզբին Լոնդոնի բորսայում ադրբեջանական Azeri Light տեսակի նավթն էժանացել է 5%-ով և հավասարվել $34-ի։
6 ԱՀ եկամուտների մոտ 75%-ը ստացվում էր նավթի և գազի վաճառքից:
7 Հընթացս փոփոխությունների է ենթարկվել նաև 2015թ. բյուջեն, որի եկամուտները կրճատվել են 2.3 մլրդ (11.6%), իսկ ծախսային մասը՝ 3.1 մլրդ մանաթով (15%)։
8 Ադրբեջանի տնտեսական ուղղվածության թիվ 1 «ուղեղային կենտրոնն է», որն ԱՀ կառավարության հետ իրականացնում է բազմաթիվ համատեղ ծրագրեր։
9 Վ.Բայրամովը կարծում է, որ 2016թ. Ադրբեջանում ինֆլյացիան կլինի մոտ 14%, ինչը 3,5 անգամ մեծ է 2015թ. պաշտոնական տվյալներից: 2015թ. ԱՀ-ում ինֆլյացիան պաշտոնապես գնահատվել է 3.8%, սակայն Վ.Բայրամովը գտնում է, որ դա իրականում մոտ է եղել 9%-ի:
10 А.Юнусов, Азербайджан в начале XXI века: конфликты и потенциальные угрозы, с. 102, Баку, 2007г.
11 ԱՀ Միջազգային բանկի գործունեության արդյունքում խոշոր չափերի գումարների յուրացման գործը նույնպես կապվում է Է.Մահմուդովի և նրա մերձավոր շրջապատի հետ:
12 Համեմատության համար նշենք, որ Հայաստանը 94-ն է, Վրաստանը՝ 95-ը, Թուրքիան՝ 58-ը, ՌԴ-ն՝ 81-ը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ.[18.06.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[27.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)[07.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին հարաբերություններ)[25.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[08.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[04.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ներքին իրավիճակ)[20.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ներքին իրավիճակ)[05.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[28.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (ներքին իրավիճակ)[20.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ[19.09.2016]