• am
  • ru
  • en
Версия для печати
25.12.2015

«ՄԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԻԱԿ ԿԱՅԱՑԱԾ ԵՐԿԻՐՆ ԵՆՔ»

   

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշկեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ»,- Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ անդրադարձել ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: Վերոնշյալ ելույթի, 2015 թվականին արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ունեցած ձեռբքերումների եւ 2016-ի մարտահրավերների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՓՈՒԼ ԵՆ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ»

–Պարոն Հարությունյան, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահի ելույթը բավական կոշտ էր եւ տարբերվող` այդ խորհրդում հնչած մնացյալ ելույթներց: Հետաքրքիր է Ձեր տեսակետը դրա շուրջ:

– Ելույթը բավականին բարձր եմ գնահատում, որովհետեւ այնտեղ հնչեցվեցին մեզ համար շատ հրատապ խնդիրներ: Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում, քանի որ ունենք ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր, եւ սա ամենակարեւորն է: Ի տարբերություն ՀԱՊԿ-ի մնացյալ անդամների, որոնք, անշուշտ, խիստ կարեւոր, բայց աշխարհաքաղաքական ավանդույթներ չունեցող երկրներ են, ակնհայտ է, որ Ռուսաստանը կարեւորագույն եւ առաջատար դերակատարություն ունի աշխարհում եւ տարածաշրջանային խնդիրներում, ուստի` ինձ թվում է, որ բարձրացված հարցերը ՀՀ նախագահի կողմից համահունչ են ռուսական մոտեցումներին, որոնք, իհարկե, նախեւառաջ շեշտում են մեր խնդիրները, որ ունենք` կապված մեր հարեւանների հետ:

– Ի դեպ, համահունչ մոտեցումների մասին, ՀՀ նախագահն իր խոսքում նաեւ շեշտել է, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, եւ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ: Կարելի՞ է սպասել ՌԴ-ից այս ուղղությամբ գործուն քայլերի:

– Քայլեր ասվածը մի փոքր պարզ ձեւակերպում է: Գուցեեւ, մենք այդպես շատ առարկայական չզգանք այդ քայլերը, ու բարձրաձայն չասվեն դրանց մասին: Ակնհայտ է, որ խոսքը Թուրքիայի մասին է, եւ ակնհայտ է, որ գործում է «երկու պետություն, մեկ ազգ» բանաձեւը: Այս խնդիրը, անշուշտ, միավորներ է տալիս Հայաստանին եւ զրկում միավորներից Ադրբեջանին: Միեւնույն ժամանակ, մեծ տերությունները, որոնք շարժվում են իրենց շահերով, պետք է հասկանան, որ Ադրբեջանի հետ լրացուցիչ սրել հարաբերությունները, թերեւս այդքան էլ նպատակահարմար չէ, բայց զսպել նրան` անհրաժեշտ է:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՎԱԿԱՆ ԵՐԿԻՄԱՍՏ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ»

–Շվեյցարիայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից գոնե ակնկալվում էր, որ սահմանային լարվածության թուլացում կլինի, սակայն, կարծես, սեղանի շուրջ բանակցել այլեւս ի զորու չէ Ադրբեջանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բովանդակային առումով որոշակի փոփոխություններ են պետք այդ բանակցային գործընթացում, որին, ցավոք, մեր հարեւանները չեն ուզում ընդառաջ գնալ: Մենք ունենք շատ հարցեր բանակցելու, եւ բոլոր դեպքերում ցանկացած բանակցություն ավելի ողջունելի է, քան կատարվող ռազմական գործողությունները: Մինչդեռ պետք է ասեմ, որ Ադրբեջանը, ինչպես նաեւ իրենց ավագ եղբայրը` Թուրքիան, մի փոքր գերագնահատում են իրենց հնարավորությունները եւ ոչ ադեկվատ քաղաքականություն են վարում իրենց հարեւանների նկատմամբ: Կարծում եմ` նման պարագաներում աշխարհաքաղաքականությունը ճշգրիտ գիտություն է, եւ իրենք դրա հատուցումը այս կամ այն ձեւով ստանալու են: Եվ արդեն գուցեեւ ստանում են, որովհետեւ Ադրբեջանը բավական երկիմաստ վիճակում է հայտնվել` լինելով Թուրքիայի անմիջական դաշնակիցը, նա չի կարող չանել այն, ինչ որ իրեն ասվում է Անկարայից: Միեւնույն ժամանակ, հասկանալով այն բոլոր հետեւանքները, որոնք իրենք կարող են ստանալ Ռուսաստանի կողմից:

«ԱՄՐԱՊՆԴԵՑԻՆՔ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ Ե՛Վ ՀԱՊԿ-ՈՒՄ, Ե՛Վ ԵԱՏՄ-ՈՒՄ»

–Ամփոփելով տարին` արտաքին քաղաքականության տեսանկյունից ի՞նչը կհամարեք այս տարվա Հայաստանի Հանրապետության ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

– Հիմնական ձեռքբերումը թերեւս կարելի է համարել այն, որ ռազմաքաղաքական բարդ իրավիճակում կարողացանք պահպանել մեր պետության կայունությունը եւ ամրապնդեցինք մեր դիրքերը ե՛ւ ՀԱՊԿ-ում, ե՛ւ ԵԱՏՄ-ում: Մենք քաղաքական առումով տարածաշրջանի միակ կայացած երկիրն ենք, որն, այսպես ասած, մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին: Եվ սա, ի տարբերություն նույն Ադրբեջանի, որի հետ Թուրքիայի հարաբերությունները բավական երկիմաստ բնույթ են կրում այսօր, նույն Թուրքիայի, որտեղ լուրջ խնդիրներ կան` կապված հակահաբեկչության հետ, նույն Վրաստանի, որը հայտարարելով դեպի Արեւմուտք իր կողմնորոշումների մասին` այսօր գտնվում է ադրբեջանական եւ թուրքական տնտեսական եւ ժողովրդագրական ճնշման տակ: Այս խնդիրները վկայում են այն մասին, որ մեր արտաքին քաղաքականությունը անհամեմատ ավելի բարձր մակարդակով է վարվել եւ այդպիսով իսկ իր դերակատարումն ունի մեր անվտանգության խնդիրներում: Ինչ վերաբերում է ձախողումներին, դժվարանում եմ մտաբերել:

«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՇԱՏ ԼՈՒՐՋ ԵՆ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋԱՆՔԵՐ»

–Իսկ 2016-ին մեր եւ աշխարհի առաջ ծառացած ի՞նչ աշխարհաքաղաքական մարտահրավերներ կան:

– Հիմնական մարտահրավերները բավական շատ են: Առաջինը ծայրահեղականության հետագա աճն է լինելու եւ դրա տարածումը ողջ աշխարհում: Մարտահրավեր կարելի է համարել նաեւ այն միտումը, որ այսօր փաստորեն, աշխարհում գնում են դեգլոբալիզացիայի գործընթացներ` ինտեգրացիոն եւ նոր ուժի կենտրոնի ձեւավորում: Եվ երբեք նման կենտրոնների ձեւավորումը հարթ չի անցնում: Իհարկե, այդ մարտահրավերները շատ լուրջ են եւ պահանջում են լրացուցիչ ջանքեր, որպեսզի մենք կարողանանք դիմակայել դրանց:

– ԻԼԻՊ կոչվող չարիքի դեմ, ի վերջո, կկարողանա՞ հաղթանակ տանել աշխարհը 2016 թվականին:

– Չեմ կարծում, որ առայժմ կարելի է խոսել բացարձակ հաղթանակի մասին, բայց արդեն Ռուսաստանի գործողությունները ստիպեցին նաեւ Արեւմտյան տերություններին ակտիվ լինել այդ խնդրում, ինչը բավական հուսադրող է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=32172:l-r&catid=48:handipum&Itemid=114


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր