• am
  • ru
  • en
Версия для печати
22.12.2015

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ. ՌԻՍԿԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Վերջերս լույս տեսավ Institute for Economics and Peace-ի «Գլոբալ ահաբեկչության ինդեքսը 2015թ.» վարկանիշային զեկույցը (Global Terrorism Index 2015)։ Հետազոտությունը որոշում է երկրներում ահաբեկչության ակտիվության մակարդակը՝ հիմնվելով 4 հիմնական չափորոշիչների վրա՝ ահաբեկչությունների քանակ, զոհերի քանակ, տուժողների քանակ և նյութական վնասի մակարդակ։ Հարավկովկասյան երկրներից ահաբեկչության ռիսկայնության ամենախոցելի մակարդակում է Վրաստանը՝ 71-րդ դիրք։ Նրան հաջորդում է Ադրբեջանը՝ 93-րդ։ Հարավկովկասյան երկրներից վարկանիշային զեկույցում լավագույն արդյունքը Հայաստանինն է՝ 116-րդ։ Մեր հարևան երկրներից ահաբեկչության ռիսկայնության մակարդակով խիստ խոցելի է համարվում Թուրքիան՝ 27-րդ դիրք։ Վերջինիս ոչ մեծ տարբերությամբ զիջում է Իրանը՝ 39-րդ հորիզոնական։

Վրաստան - Վերջին շրջանում լուրեր են տարածվել Վրաստանում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հնարավոր ներթափանցման և գործունեության ծավալման վերաբերյալ։ Կրկին արծարծվում էր Պանկիսի կիրճում ահաբեկիչների հնարավոր տեղակայման, ռազմական ճամբարի առկայության հարցը։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, Վրաստանում գործում են որոշակի ուժեր, որոնք աջակցում են ԻՊ-ին՝ Վրաստանը թե՛ որպես ահաբեկիչների վերապատրաստման ճամբար, թե՛ որպես նրանց դեպի Սիրիա և Իրաք տեղափոխման տարանցիկ պետություն օգտագործելու հարցերում։ Վրաստանում ԻՊ նպատակներից մեկն էլ սահմանակից ՌԴ-ի դեմ հնարավոր ահաբեկչական գործողությունների իրականացումն է։ Պանկիսի կիրճում ահաբեկիչների տեղակայումն, ըստ էության, էական նշանակություն ունի ԻՊ խմբավորման համար այն առումով, որ տեղանքն աչքի է ընկնում իր աշխարհագրական դիրքով և բավական մոտ է գտնվում ՌԴ սահմաններին (Չեչնիային և Դաղստանին)։

Պանկիսի կիրճում վերապատրաստում անցած և Սիրիայի ու Իրաքի ահաբեկչական գործողություններում ակտիվ մասնակցություն ունեցած ահաբեկչական խմբավորման «վրաստանյան» մասնաճյուղի ներկայացուցիչներից շատերը բարձր դիրքեր են զբաղեցրել ԻՊ ղեկավար շրջանակներում։ Հիշատակվում է վրացի, Պանկիսի կիրճի բնակիչ Թարխան Բատիրաշվիլու անունը (մականունը՝ Ումար աշ-Շիշանի), որը Վրաստանի նախկին զինծառայող էր, «Իսլամական պետություն» խմբավորման հյուսիսային հատվածի հրամանատարն է եղել, խմբավորման քարոզչական-տեղեկատվական պատերազմին առնչվող հարցերի պատասխանատուն։ Ոչնչացվել է վերջերս՝ 2015թ. հոկտեմբերի կեսերին։ Սկզբնական շրջանում նա գլխավորում էր Մերձավոր Արևելքում «Ջեյշ ալ-Մուհաջիրին ուալ-անսար» ահաբեկչական խմբավորումը, որի կազմում էին նաև «Կովկասի իմարաթ» խմբավորման, ինչպես նաև ԱՊՀ երկրներից ներգրավված ահաբեկիչներ։ 2013թ. մայիսից Թարխան Բատիրաշվիլին անցնում է ԻՊ շարքերը՝ նշանակվելով Սիրիայի հյուսիսում (Հալեպ, Ռաքքա, Լաթաքիա) խմբավորման ուժերի հրամանատար։

Ս.թ. հունիսի վերջերին ԶԼՄ-ում տեղեկատվություն տարածվեց Սիրիայում զոհված Վրաստանի քաղաքացի, 23-ամյա Թուրֆար Բորչաշվիլու ոչնչացման վերաբերյալ։ Վերջինս ծնունդով Պանկիսի կիրճի Ձիբահևի գյուղից էր և ամենայն հավանականությամբ վերապատրաստում անցել էր կրկին Պանկիսի կիրճում։

Վրաստանի՝ որպես միջազգային ահաբեկչության և ծայրահեղականների համար տարանցիկ երկրի մասին խոսվում է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի 2014թ. ահաբեկչության վերաբերյալ տարեկան զեկույցում, որում ասվում է. «Հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական դիրքը՝ իսլամական ծայրահեղականները շարունակում են Վրաստանի տարածքով իրականացնել փոխադրումներ Հյուսիսային Կովկասից դեպի Սիրիա և Իրաք»։

Տարբեր տվյալներով, Վրաստանում ահաբեկիչների հնարավոր ներթափանցման ու գործունեության դեպքեր արձանագրվել են ոչ միայն Պանկիսի կիրճում, այլև հիմնականում իսլամադավան Աջարիայում, ինչպես նաև գերազանցապես ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի շրջանում։ Ահաբեկիչների ներթափանցումը Վրաստան առավել հեշտ է ընթանում հատկապես վերոհիշյալ շրջաններում, որտեղ առկա են սոցիալական լուրջ խնդիրներ, բարեկեցության ցածր մակարդակ, բարձր գործազրկություն։ Վրաստանի քաղաքացիների կողմից ԻՊ շարքերը համալրելու գործին նպաստում է «արտագնա աշխատանք» գտնելու պատրվակով դեպի Թուրքիա սահմանն անարգել անցնելու հանգամանքը, որտեղից էլ ահաբեկիչները տեղափոխվում են Սիրիայի տարածք։

Տարբեր տվյալներով, ներկայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում ներառված է Վրաստանի 400-800 քաղաքացի։

Փարիզյան ահաբեկչություններից հետո խորհրդանշական էր վրաստանյան «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում «Խալիֆայություն. Իսլամական պետություն» էլեկտրոնային կայքի վրացալեզու տարբերակի հեռարձակման փաստը։ Պաշտոնական տվյալներով՝ գոյություն ունեն նաև այլ էլեկտրոնային կայքեր, որոնք քարոզում են արմատական իսլամ։ Ներկայում, ըստ աղբյուրի հաղորդման, աշխատանքներ են տարվում այդ և նման այլ կայքերի օգտատերերի բացահայտման ուղղությամբ։

Նոյեմբերի 23-ին համացանցում ԻՊ անունից տեղադրվեց ահաբեկչական բնույթի տեսանյութ, որտեղ 4 ահաբեկիչ սպառնալիքներ է հնչեցնում Վրաստանում իսլամի դեմ պայքարողների հասցեին։ Նրանք կոչ են անում երկրում բնակվող մուսուլմաններին միանալ ԻՊ-ին, իսկ Վրաստանին սպառնում են «խալիֆայությամբ»։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն հայտարարություն է տարածել տեսանյութի առնչությամբ ծառայողական հետաքննություն սկսելու վերաբերյալ։

2015թ. մայիսի 29-ին Վրաստանի խորհրդարանն ահաբեկչության մասին նոր օրենք ընդունեց, որի նպատակն էր՝ կանխել ահաբեկիչների հոսքը Վրաստանից Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա և Իրաք։ Օրենքի համաձայն, «ապօրինի ռազմական խմբավորումներում» ներգրավվելը և ահաբեկչական գործունեությանը մասնակցելու նպատակով արտերկիր մեկնելը քրեական հանցագործություն է։

Ադրբեջան - 2015թ. նոյեմբերի 15-16-ին «G-20»-ի գագաթաժողովի (Թուրքիա) ավարտին ՌԴ նախագահ Վ.Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ, որ ԻՊ-ը ֆինանսավորվում է 40 երկրից, այդ թվում և քսանյակի որոշ պետություններից։ Պուտինի հայտարարությանը մեկ շաբաթ հետո հաջորդեց «Իզվեստիա» թերթում հրապարակված ուշագրավ հոդվածը, որի համաձայն՝ ՌԴ հատուկ ծառայություններն արձանագրել են ԻՊ-ին հատկացվող խոշոր դրամական փոխանցումներ նաև ԱՊՀ երկրներից։ Տեղեկատվական աղբյուրի փոխանցմամբ, ԱՊՀ երկրներից այդ հատկացումների քանակով առաջին տեղում է Ղազախստանը, որին հաջորդում են Ադրբեջանը, Թուրքմենստանը։ Դժվար չէ նկատել, որ սա առաջին հերթին նախազգուշացնող «մեսիջ» էր Թուրքիային, որը չի թաքցնում, որ աջակցում է ահաբեկչական խմբավորմանը։

ԶԼՄ-ում բազմիցս լուրեր են հրապարակվել, որոնք վկայում են ԻՊ-ի հետ Ադրբեջանի համագործակցության մասին։ Թեև երկրի իշխանությունները շարունակում են կիրառել երկակի չափորոշիչներ և հանդես են գալիս (ընդ որում՝ «անհասցե»), միջազգային ահաբեկչության դատապարտման, դրա դեմ պայքարում իրենց մասնակցության պատրաստակամության դիրքերից և նշում են դրանում իրենց ունեցած «ավանդի» մասին, այդուհանդերձ, մինչ օրս ԻՊ-ը պաշտոնապես ահաբեկչական չեն հայտարարել։ Ալիևը դա, թերևս, փորձում է պայմանավորել նրանով, որ նման հայտարարությունից հետո երկրում կարող են ակտիվանալ արմատական իսլամիստներն ու ծայրահեղականները։ Կառավարման ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանում, որտեղ ներքաղաքական և հասարակական ողջ դաշտը գտնվում է իշխանական հսկողության ներքո, ահաբեկչական ցանցերի հետ իսլամիստների, իսլամիստական այս կամ այն խմբավորման համագործակցությունը դժվար թե իրականացվեր Ալիևի վերահսկողության շրջանակներից դուրս, ինչի մասին էլ վկայում են ՌԴ հատուկ ծառայությունները։

Այսօր, տարբեր գնահատականներով, ԻՊ-ին հարում է Ադրբեջանի 500-1200 քաղաքացի։ 2014թ. սկսած՝ Սիրիայում և Իրաքում ոչնչացվել է շուրջ 300 ադրբեջանցի ահաբեկիչ։ Վերջիններս, մինչ ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելը, վերապատրաստվել են Թուրքիայում (Ստամբուլ)։ Ընդ որում, ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի պարագայում, այդ երկրի քաղաքացիները, ներգրավվելով Սիրիայի և Իրաքի ահաբեկչական գործողություններին, կարճ ժամանակում զբաղեցնում են ղեկավար դիրքեր։ Ս.թ. ամռանը Ստամբուլում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվեց Ադրբեջանի քաղաքացի Աբդուլա Աբդուլաևը։ Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, նա ղեկավարում էր ԻՊ թուրքական մասնաճյուղը։ Աբդուլաևը Ստամբուլում ստեղծել էր ահաբեկիչների վերապատրաստման ճամբար, որտեղ դասընթացներ էին անցնում Ադրբեջանի, Վրաստանի, Հյուսիսային Կովկասի իսլամիստ ծայրահեղականները։ Աբդուլաևը կոորդինացնում էր նաև «նորակոչիկ» ահաբեկիչների փոխադրումը Սիրիա և Իրաք։ Խորհրդանշական էր Թուրքիայի հատուկ ծառայությունների՝ Ստամբուլում հիմնված ԻՊ տարածաշրջանային մասնաճյուղի ոչնչնացման կոդավորված անվանումը՝ «Աբդուլաև»։ Կարելի է հաստատել, որ չնայած այդ ջանքերին, պաշտոնական Անկարայի անթաքույց հովանու ներքո Ստամբուլը դարձել է Ադրբեջանի, ինչպես նաև ԱՊՀ երկրներից ահաբեկիչների ներգրավման ու կոորդինացման ակտիվ կենտրոն։

Ի տարբերություն Աբդուլաևի, որը զբաղվում էր վարչարարական-կոորդինացիոն աշխատանքով, ԻՊ շարքերում քիչ չեն նաև այն ադրբեջանցիները, որոնք մասնակցում են ռազմական գործողություններին։ Նշենք Աբու Խաթաբ Ալ-Ազերիին, որն ԻՊ-ում գործող ադրբեջանական ջոկատի հրամանատարն էր (տարբեր գնահատականներով, ԻՊ ահաբեկչական խմբավորման կազմում գործում են ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանական ջոկատներ, որոնց շարքերը համալրում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի, Կենտրոնական Ասիայի ու Հյուսիսային Կովկասի երկրների քաղաքացիներ)։

Ադրբեջանցի ահաբեկիչ հրամանատարներն իրենց ջոկատների շարքերում ակտիվորեն ներգրավում են հատկապես հարևան Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի ներկայացուցիչների։ 2014թ. օգոստոսին ԻՊ-ը համալրել էր Ադրբեջանում հայտնի պրոֆեսիոնալ մարզիկ Ռաշադ Բախշալիևը, որին 2014թ. հոկտեմբերի կեսերին ոչնչացրին Սիրիայում։ 2014թ. հունվարին Սիրիայում ոչնչացվեց ևս մեկ հայտնի ադրբեջանցի՝ բռնցքամարտիկ Ռահման Շիխալիևը, իսկ 2014թ. սեպտեմբերին հայտնի դարձավ Սիրիայում խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարզիկ, ադրբեջանցի Բախտիյար Արզումանովի ոչնչացման լուրը, որն ավելի ուշ հերքվեց։

ԻՊ-ին Ադրբեջանի քաղաքացիների ներգրավմանը նպաստում են նաև վերջին տարիներին այդ երկրում իսլամիստական արմատական հոսանքների և ծայրահեղականների ակտիվացման միտումները։ Ադրբեջանը դարձել է վահաբականության և այլ արմատական իսլամական հոսանքների ճամբար և տարանցիկ երկիր ԱՊՀ և Հյուսիսային Կովկասի երկրներից ծայրահեղականների ներգրավման, Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններին նրանց մասնակցության ապահովման առումով։

Ալիևը մտավախություն ունի հատկապես այն առումով, որ երկրի բնակչության մեծամասնությունը հարում է շիականությանը, որոնց դեմ ակտիվ ահաբեկչական մարտեր է մղում ԻՊ-ը։ Աշխարհագրական առումով Ադրբեջանը, սահմանակից լինելով շիական Իրանին, ԻՊ-ի համար կարևոր պլացդարմ է այդ երկրի դեմ պայքարելու համար, և այս հարցում Ադրբեջանն արդեն ցուցաբերել է իր աջակցությունը։

Ալիևին մտահոգում են նաև վերջին տարիներին երկրում արմատական իսլամական հոսանքների քաղաքականացման միտումները, որոնք կարող են օգտագործվել երկրի ներսում հակաիշխանական ճամբարներում։ Չպետք է մոռանալ, որ 2015թ. ամռանը լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի ազգական Ինգլաբ Քերիմովը (Ալի Քերիմլիի աջ ձեռքն է) իր ֆեյսբուքյան էջում բացահայտ կոչեր էր հասցեագրում ԻՊ-ին Ադրբեջանի տարածքում գործունեություն ծավալելու վերաբերյալ՝ անթաքույց արդարացնելով ահաբեկչական գործողությունները։

Հայաստան - Ի տարբերություն Հարավային Կովկասի հարևան երկու երկրների, Հայաստանի ուղղությամբ ԻՊ հնարավոր ներթափանցման ռիսկերն այսօր անհամեմատ աննշան պետք է գնահատել ՝ պայմանավորված մի քանի հիմնական իրողություններով.

1. Թուրքիայի հետ սահմանը, որտեղից ահաբեկչական խմբավորման ներթափանցնման ռիսկերը տեսականորեն առավել շոշափելի են, հսկվում է ՌԴ սահմանապահների կողմից։ Այս առումով սահմանային անվտանգությունը գտնվում է բավական բարձր մակարդակի վրա՝ հաշվի առնելով նաև հարցի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի խիստ շահագրգռվածությունը, ինչը կրկնապատկվել է՝ պայմանավորված Ա321 ինքնաթիռի ռմբահարմամբ, փարիզյան ահաբեկչություններով, Սու-24 ինքնաթիռի խոցմամբ։ Մյուս կողմից, Ադրբեջանի տարածքից ծայրահեղականների ներթափանցման փորձերը նույնպես ցածր ռիսկային են՝ պայմանավորված Հայաստանի ու Արցախի ԶՈւ-ի կողմից հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանների պաշտպանության ու անվտանգության արդյունավետության ապահովման բարձր մակարդակով։

2. Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի քաղաքական շրջափակումը և արդյունքում՝ այդ երկու երկրների հետ մեր սահմանների անանցանելիությունը էապես թուլացնում է մեր ուղղությամբ ԻՊ հնարավոր ներթափանցման ռիսկայնության մակարդակը։

3. Հայաստանն ու Արցախն իրենց աշխարհագրական տվյալներով (լեռնային պայմաններ) էապես դժվարանցանելի են դարձնում հակառակորդի հնարավոր տեղաշարժը մեր ուղղությամբ։

4. Ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, Հայաստանն առանձնանում է բնակչության մոնոէթնիկ կազմով, ինչը նվազեցնում է երկրի ներսում ազգային ծայրահեղական հնարավոր վտանգների ռիսկայնությունը։

5. Հարավկովկասյան սահմանների անվտանգության ապահովման հարցում շահագրգիռ են թե՛ ՌԴ-ն, թե՛ Իրանը, որոնք աչալրջորեն հետևում են տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին։ Վերջիններիս ղեկավարության համար ԻՊ հնարավոր առաջխաղացման հարցում Հարավային Կովկասը ձեռք է բերում է՛լ ավելի առանցքային նշանակություն։

6. ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում հարավկովկասյան ուղղությամբ ՌԴ դիրքերն անվտանգության տեսանկյունից առավել հուսալի են Հայաստանում՝ պայմանավորված Վրաստանի, Ադրբեջանի՝ ԻՊ-ի հետ կապերի առկայությամբ։ Այս համատեքստում հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը կարող է անցնել որակապես նոր մակարդակի՝ պայմանավորված ս.թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի տարածքում թուրքական կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հանգամանքով։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր