• am
  • ru
  • en
Версия для печати
21.12.2015

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2015թ. նոյեմբեր)

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական


Ներքին իրավիճակ

Բախումներ Նարդարանում. Տարածաշրջանում իսլամական ծայրահեղականության աճը որոշակի լարվածություն է առաջացնում նաև Ադրբեջանի ներքաղաքական կյանքում: ԻՊ զինյալների և նուրսիստների ձերբակալություններին լրացնելու եկան շիա աստվածաբան Թալեհ Բաղիրզադեի1 (Թալեհ Քյամիլ Բաղիրով) կողմնակիցների հետ արյունալի բախումները Բաքվից 25կմ հյուսիս ընկած Նարդարան ավանում: Ամսվա սկզբին «Մահմեդական միասնություն» ՀԿ նախագահ Թ.Բաղիրզադեն հայտարարել էր ոստիկանական բաժանմունքում իրեն ծեծի ենթարկելու մասին, ուր նա հրավիրվել էր երթ կազմակերպելու նպատակով մարդկանց հավաքագրելու մասին տեղեկությունները պարզաբանելու պատճառաբանությամբ: Հայտարարությանը հետևեցին «Մահմեդական միասնություն» շարժման փոխնախագահ Էլչին Հասիմլիի ձերբակալությունը և նրա ազատման պահանջով տեղի ունեցած հանրահավաքները, որոնց ընթացքում ձերբակալվեց 20 ցուցարար: Այս դեպքերի հետ կապված լարվածության բարձրակետը դարձավ նոյեմբերի վերջին Ադրբեջանի ոստիկանական ուժերի հատուկ օպերացիան, որի ընթացքում զոհվեցին 2 ոստիկան և 5 քաղաքացիական անձ: Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները, ծածկված սև դիմակներով, ցերեկային նամազի պահին ներխուժել են աղոթարան, նետել ծխանռնակներ, օգտագործել հատուկ միջոցներ և ձերբակալվածներին դուրս հանել՝ գլուխներին պարկեր հագցնելով: Անմիջապես դրանից հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցներին հատկապես վրդովեցրել էին ոստիկանների կողմից իսլամական արժեքների կոպիտ ոտնահարումները և անհամաչափ ուժի կիրառումը: Մի քանի օր շարունակ Նարդարան ավանը կարծես հայտնված լիներ շրջափակման մեջ. անջատվել էր հեռախոսակապը, ճանապարհները փակվել էին ոստիկանական մեքենաների, անգամ զրահատեխնիկայի միջոցով:

ԱՀ ՆԳՆ և գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության համաձայն, «Մահմեդական միասնություն» շարժումը ստեղծվել էր Ադրբեջանում սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու և շարիաթի կանոններով կառավարվող կրոնական պետություն ստեղծելու նպատակով: Շարժման ղեկավարները Բաքվի և այլ շրջանների իրենց համախոհներին բաժանել են հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքավորումներ՝ ստեղծելով հանցավոր խմբավորում, որի 14 անդամ՝ Թ.Բաղիրզադեի գլխավորությամբ, ձերբակալված է:

Նշված խմբավորման գործունեությունը դատապարտել է նաև Կովկասի մուսուլմանների վարչությունը՝ անգամ հայկական հետք տեսնելով նրանց գործողություններում (ցուցարարների մարմինների վրա արված դաջվածքներում նրանք, իբր, տեսել էին հայկական խորհրդանիշներ):

Չնայած բնականոն կյանքի անցնելու կոչերին, իրադրությունը չի հանդարտվում, ավելին՝ բողոքի ակցիաներ են անցկացվում նաև ԱՀ Լենքորանի շրջանում, ուր հարյուրավոր ցուցարարներ պահանջում են ազատ արձակել իրենց հայրենակից Սեյիդ Էլմանին:

Նարդարանում սկիզբ առած ընդհարումներն իշխանությունների կողմից ոչ միայն քաղաքացիական, այլ նաև կրոնական ազատությունների համատարած սահմանափակման և սոցիալական բևեռացման արդյունք են:

Չի բացառվում նաև այս իրադարձությունների կապը ԱԱՆ նախկին նախարար Է.Մահմուդովի պաշտոնանկության հետ: Ըստ շրջանառվող լուրերի, Է.Մահմուդովը շահադիտական նպատակներով անձամբ իր վերահսկողության տակ էր պահում կրոնական ընդդիմությանը, և ստեղծված իրավիճակում նման խմբավորումների անկառավարելի դառնալու վտանգը ստիպում է իշխանություններին առավել խիստ միջոցներով չեզոքացնել նրա ազդեցությունը:

Հաշվի առնելով տարածաշրջանում Իրանի կողմից շիաների շահերի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը՝ չի բացառվում, որ ընդհարումների շարունակման դեպքում Իրանը չմնա դիտորդի դերում:

Է.Մահմուդովի կլանի անկումը. ԱՀ ԱԱՆ նախկին նախարար Է.Մահմուդովի կայսրության մասշտաբները և դրա փլուզումը ցնցել են ԱՀ ամբողջ վերնախավը: Իսկական որս է հայտարարված Է.Մահմուդովի բարձր պաշտոններ զբաղեցնող մերձավորների և բարեկամների, անգամ վերջիններիս մտերիմների նկատմամբ: Շարունակվող գործընթացը բացահայտում է ԱՀ կլանային համակարգի իրական էությունը և դրանում աներևակայելի չափերի հասնող չարաշահումները: Ստեղծված իրավիճակին ստիպված է եղել հրապարակորեն անդրադառնալ նաև Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը, որն ԱՀ դատական և արդարադատության մարմինների աշխատակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել է Ադրբեջանում պետական ռեկետի գոյության մասին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները: Նա նշել է, որ «Ադրբեջանում տիրող անարդար մթնոլորտի արդյունքում գործարարները տարիներ շարունակ բախվել են պետության ներկայացուցիչների բազմաթիվ անօրինականությունների, անհիմն մեղադրանքների միջոցով նրանցից խլվել է իրենց ունեցվածքը»:

Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են Է.Մահմուդովի և նրա հանցակիցների գործունեության վերաբերյալ բացահայտումները՝ ներառելով նորանոր ոլորտներ ու դերակատարներ:

Պարզվում է՝ ռեկետով և թալանով զբաղվող ԱԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների տրամադրության տակ անգամ սեփական բանտ է եղել, որտեղ պահվել են ԱԱՆ էներգետիկայի և տրանսպորտի անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Չովդարովի հրամանատարության տակ գործող խմբի առևանգած գործարարներն ու նրանց մտերիմները: Գաղտնալսման և արտաքին դիտարկման ճանապարհով ձեռք բերված վարկաբեկիչ նյութերը ներկայացվել են «գործարար-կալանավորներին», դրանց չհրապարակման դիմաց շորթվել են մեծ գումարներ: Է.Մահմուդովի մերձավորագույն անձանցից մեկը համարվող Ա.Չովդարովը հեռացվել է ԱԱՆ համակարգից և կալանավորվել:

Է.Մահմուդովը հայտնվել է նաև եվրոպական դատարանների ուշադրության կենտրոնում։ Նա հարցաքննության է կանչվել Վիեննայի դատարան, որտեղ քննվում է ավստրիական OeBS (ընկերությունը զբաղվում է ադրբեջանական մանաթի տպմամբ) ընկերության և ԱՀ Կենտրոնական բանկի միջև կնքված գործարքի ընդհանուր գումարի 20%-ը ԿԲ բարձրաստիճան պաշտոնյաներին վերադարձնելու (կիրառվել է «օտկատի» մեխանիզմը) հարցը: OeBS նախկին տնօրենն իր ցուցմունքներում նշել է, որ գործի քննության մեկնարկից հետո Բաքվում ԱԱՆ աշխատակիցները ձերբակալել են ԿԲ Գանձապետական դեպարտամենտի ղեկավարի տեղակալին և 200 հազար եվրո կաշառք ստանալուց հետո բաց թողել: Ավստրիայի ԱԳՆ-ն դիմել է Ադրբեջանի ԱԳՆ-ին Է.Մահմուդովի ներկայությունն ապահովելու խնդրանքով:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, շարունակվում են օպերատիվ-քննչական միջոցառումները ԱԱՆ պաշտոնատար անձանց քրեական հանցագործությունների գործով, որով տուժող է ճանաչվել 57 հոգի, հասցված վնասը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ: Ներգրավված 21 կասկածյալից 19-ը կալանված է, այդ թվում՝ ԱԱՆ տրանսազգային հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանովը, ԱԱՆ քննչական վարչության բաժնի պետ, գնդապետ Վյուսալ Ալեքպերովը, ԱԱՆ հակահետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին պետ Միրազիզ Ասկերովը, իսկ ԱԱՆ օպերատիվ-տեխնիկական վարչության պետ, գեներալ-մայոր Նաթավան Մուրվաթովան վերցվել է տնային կալանքի: Ձերբակալվել են նաև կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը և նախարարության մոտ 10 բարձրաստիճան աշխատակից։

ԱԱՆ համակարգից հեռացվել են Է.Մահմուդովի 80 բարեկամներ և մտերիմներ, այդ թվում ԱԱՆ հակաահաբեկչական կենտրոնի պետ, գեներալ-մայոր Էլչին Գուլիևը, ԱԱՆ զորամասի հրամանատար, ԱՀ ամենաերիտասարդ գեներալ, 36-ամյա Վուգար Ալլահգուլիևը (Է.Մահմուդովի կնոջ զարմիկն է):

Երկիրը լքել է մահմուդովյան կլանի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ «Ակուլա» կեղծանունով Ակիֆ Մուսթաֆաևը, որը, գործարարների վերաբերյալ վարկաբեկիչ նյութերը փոխանցելով ԱԱՆ, այնուհետև հանդես է եկել միջնորդի դերում և «հարթել» իրավիճակը՝ ձեռք գցելով տուժած գործարարների բիզնեսների 20-30% բաժնեմասը:

Համատարած պաշտոնանկությունները և բացահայտումները հաստատում են այն կարծիքը, որ Է.Մահմուդովն իր պաշտոնավարման ընթացքում իրոք ձևավորել և ղեկավարել է հզոր իշխանական կլան, իսկ վերջինիս անկումն անխուսափելիորեն բերում է կլանի մյուս անդամների հեռացմանը:

Աներևակայելի հանդգնությամբ իրականացված պետական ռեկետի մասին Ադրբեջանի նախագահի անտեղյակության ցուցադրությունն այնքան էլ արժանահավատ չի թվում: Հավանաբար, Է.Մահմուդովն իր վերադասից թաքցրել է «եկամուտների» իրական չափերը և դեռևս ձերբակալված չէ թաքցված գումարների վերադարձն ապահովելու նպատակով:

Ընտրություններ. ԱՀ ԿԸՀ-ն հրապարակել է նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 125 տեղերից 71-ը (ճիշտ նույնքան, որքան 2010թ. նոյեմբերի 10-ի ընտրություններին), մնացած տեղերը բաժին են հասել 11 այլ կուսակցությունների: Միլի մեջլիսի մոտ 75%-ը նախորդ գումարման պատգամավորներն են:

Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդն» այս ընտրությունները համարում է ամենաամոթալին երկրի պատմության ընթացքում՝ նշելով, որ բոլոր ընտրատեղամասերը գտնվել են կառավարության հսկողության տակ: Միաժամանակ, այդ ընտրությունները նաև ամենաբոյկոտվածն էին. մոտ 500 այլընտրանքային թեկնածուներ հետագայում հանեցին իրենց թեկնածությունը, իսկ ըստ այս կազմակերպության տվյալների, ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 10%-ը: Խորհրդարան չանցած «Մուսավաթ» կուսակցությունը, REAL և NIDA շարժումները պահանջել են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

Տնտեսություն

Հայտնի է, որ ադրբեջանական մանաթի փոխարժեքը կայուն պահելու և նոր փլուզումից խուսափելու նպատակով ԱՀ ԿԲ-ն իր արտարժութային պահուստները վերջին տասն ամսվա ընթացքում կրճատել է 50.3%-ով, իսկ 2014թ. օգոստոսից հաշված՝ 2.22 անգամ կամ $8358.3 մլն-ով, ինչը հավասար է ԱՀ 2016թ. բյուջեի մոտ 60%-ին: Պետական նավթային հիմնադրամը (ՊՆՀ), հանդիսանալով ներքին շուկայում արտարժույթի հիմնական վաճառողներից մեկը (մյուս երկուսը ԿԲ-ն և Պետական նավթային գործակալությունն (SOCAR) են), չնայած ԿԲ կոչին, դադարեցրել է արտարժույթի վաճառքի գործարքները ներքին շուկայում: Ադրբեջանական արտահանվող նավթի գների անկման շարունակական միտումները (Ադրբեջանական Azeri LT CIF նավթը, որը արտահանվում է Սուպսա, Բաթում, Ջեյհան և իրացվում միջազգային շուկայում, էժանացել է 1,17%-ով՝ կազմելով $49,2 մեկ բարելի համար, դրա նվազագույն գինը գրանցվել է 2001թ.՝ $19.15, առավելագույնը 2008թ.՝ $149.66) նույնպես ԿԲ-ին ստիպում են նոր միջոցներ գտնել արտարժութային պահուստները համալրելու և ներքին ինտերվենցիաները շարունակելու համար։ Ստեղծված իրավիճակում ԿԲ-ն գնացել է աննախադեպ քայլի՝ վաճառելով $530.8 մլն արժողության արժեթղթեր, ինչը կազմում է ընդհանուր ծավալի 17.8%-ը: Մանաթի փոխարժեքի կայունացման նպատակով ներքին դրամական զանգվածի կրճատումն անցած տարվա համեմատ հասել է 46%-ի: Տնտեսական դժվարությունների հետևանքով ավելացել է նաև ժամկետանց վարկերի քանակը՝ հասնելով 1 մլրդ 353.8 մլն մանաթի, ինչը 39.11%-ով շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ադրբեջանը կրկին հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում՝ այս անգամ փողերի լվացման գործով: «The Wall Street Journal» պարբերականի հրապարակման համաձայն, ԱՄՆ արդարադատության մարմինները մեղադրանք են ներկայացրել հարյուր միլիոնավոր մարդկանց հաշիվներից գողություն կատարած հաքերների խմբին, որոնք գողացված գումարները լվացել են Ադրբեջանի, Շվեյցարիայի և Կիպրոսի բանկերի միջոցով:

1Թ.Բաղիրզադեն 2013թ. երկու տարվա ազատազրկման է դատապարտվել թմրամիջոցներ պահելու և իրացնելու մեղադրանքով, ադրբեջանցի իրավապաշտպանները նրան ճանաչել են քաղբանտարկյալ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր