
ԱՅՍՕՐՎԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՆՏԵԼԵԿՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ Է

«ԳԱ»-ի բացառիկ հարցազրույցը «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանի հետ կայացել է այն կարևոր հարցերի շուրջ, որոնք դարձել են Հռոդոսյան համաժողովի քննարկման թեման։
Հոկտեմբերի 8-12-ը Հունաստանի Հռոդոս կղզում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Քաղաքակրթությունների երկխոսություն» XIII համաշխարհային հանրային համաժողովը։ Իսկ դրանից մի քանի ամիս առաջ՝ 2015թ. օգոստոսին, համաժողովը հայտարարել էր ավելի վաղ կազմակերպված «գիտական մարաթոնի» հաղթողներին։ Երեք հաղթողներից մեկը մեր հայրենակից, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն է, որը համաժողովին էր ներկայացրել «Ծայրահեղականության աճը և «ինտելեկտուալ հավասարության» գործոնը» աշխատանքը։ Մյուս հաղթողներն էին պրոֆեսոր Են Ֆորբսը (Մեծ Բրիտանիա, «Մարդկության ամայացում. նեոլիբերալիզմը, անհատապաշտությունը և երջանկության հնարավորությունը») և ամերիկացի Սթիվ Շեգին («Այո, անհավասարություն. բայց ինչո՞ւ մարդիկ չեն բողոքում»)։
- Պրն Հարությունյան, «ծայրահեղականության աճը» հավանաբար, անխտիր հուզում է բոլորին՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ազգությունից և բնակության վայրից։ Որովհետև գրեթե ամեն օր աշխարհի այս կամ այն անկյունում տեղի են ունենում ահաբեկչություններ, գունավոր հեղափոխություններ, զանգվածային անկարգություններ, արյունահեղություն, որոնց զոհեր են դառնում սովորական մարդիկ։ Ո՞վ է ռեժիսորը։
- Իմ «Ծայրահեղականության աճը և «ինտելեկտուալ հավասարության» գործոնը» աշխատանքում ես հենց անդրադառնում եմ քաոսի ստեղծման և ձևավորման տեխնոլոգիաների մշակման թեմային։ Եվ պատահական չէ, որ Հռոդոսի վերջին համաժողովը նվիրված էր «Աշխարհը գլոբալ անկարգության սահմաններից անդին» թեմատիկային. այսօր «գլոբալ անկարգության» միտումներն արդեն ակնհայտ են բոլորի համար։ Ո՞վ է կրում դրա պատասխանատվությունը, ո՞վ է, այսպես ասենք՝ ստեղծում դրանք։ Ես կարծում եմ, և այդ մասին գրել եմ իմ հոդվածում, որ մենք այս համատեքստում, բացի այսպես կոչված «որոշումներ ընդունողներից», չպետք է անտեսենք ԱՄՆ-ում գործող և համապատասխան քաղաքական տեխնոլոգիաներ մշակող մի ամբողջ շարք «ուղեղային կենտրոնների» գործունեությունը։ Օրինակ, գաղտնիք չէ, որ ամերիկյան RAND Corporation հետազոտական կենտրոնը մշակել է «չափավոր իսլամիստների ցանցի» ստեղծման հայեցակարգը՝ միևնույն ժամանակ մանրազնին ուսումնասիրելով Մերձավոր Արևելքի հանրությունների քաղաքական, սոցիալական, կրոնական, էթնիկական բնութագրերը։ Այսինքն՝ պատրաստվել է հզոր գիտական բազա, որպեսզի քաղաքական գործիչներին հասկանալի լինի, թե իրենք, ըստ էության, ում հետ գործ ունեն։ Նույնը վերաբերում է նաև գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիայի մշակմանը։ Հիշենք «գունավոր» հեղաշրջումների կնքահորը՝ ամերիկացի Ջին Շարփին, որը գործող իշխանության՝ «քաղաքացիական անհնազանդության» մեթոդներով տապալման ուղիղ 198 հանձնարարական էր ներկայացրել։
- Իսկ քաոսի «հեղինակներն» այն գիտակցաբա՞ր են ստեղծում, թե՞ պարզապես անխուսափելիորեն գալիս է պահը, երբ քաոսն սկսում է ստեղծվել ինքն իրեն։
- Կարծում եմ՝ ամեն ինչ գիտակցաբար է արվում։ Գլոբալ անկարգության հայեցակարգը նույնպես հենվում է միանգամայն գիտական մշակումների վրա։ Որոշ փորձագետներ արդարացիորեն դա կապում են Սանտա Ֆեի Կրիտիկական բարդության ինստիտուտի մշակումների հետ։ Պենտագոնի և Պետդեպարտամենտի հովանու ներքո ստեղծված այս կառույցը պետք է քաոսի տեսությունն ադապտացներ կիրառական աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար։ Ինստիտուտի հիմնադիրներից մեկը Նոբելյան մրցանակակիր, հայտնի ֆիզիկոս Մյուրեյ Գել-Մանն էր, իսկ ինստիտուտի գործունեության հիմքն են հանդիսացել մեկ այլ Նոբելյան մրցանակակրի՝ Իլյա Պրիգոժինի կոնցեպտները «քաոսի և կարգի» մասին։ Հնարավոր է, որ ականավոր գիտնականներն իրենց գաղափարներն իրական քաղաքականության մեջ ներդնելուն վերաբերվել են որպես զվարճալի մտավոր խաղի։ Ավելի դժվար է պատկերացնել, որ նրանք, անսահմանորեն հավատալով ֆիզիկայի օրենքների ունիվերսալությանը, համարել են, որ այդ օրենքները «կաշխատեն» նաև անկանխատեսելի մարդկային միջավայրում։ Կարծում եմ՝ վճռական գործոն դարձավ այդ մշակումներին Զբիգնև Բժեզինսկու և դիվանագիտության ու հատուկ ծառայությունների ոլորտների մասնագետների մասնակցությունը։ Ավելի պակաս օժտվածություն ունենալով՝ նրանք կարող էին, հետևելով իրենց աշխարհաքաղաքական բնազդներին, այնուամենայնիվ, ստիպեին «խաչաձևել» քաղաքականությունը տեսական ֆիզիկայի հետ։ Բոլոր պարագաներում համադրումը տեղի է ունեցավ, և ի հայտ է եկավ բոլորիս հայտնի «կառավարելի քաոս» եզրը, որից, դրա հեղինակների մտահղացմամբ, պետք է ծագեր «նոր կարգուկանոնը»։ Բնական է, որ քաոսը, ի թիվս այլ բաների, ծնում է նաև փախստականների հոսքեր։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ Հարվարդի համալսարանի գիտության և միջազգային գործերի Բելֆերյան կենտրոնում անցկացվել է հետազոտություն «Strategic Engineered Migration as a Weapon of War» վերնագրով, որի արդյունքները հրապարակվել են 2008թ. մարտին Civil Wars ամսագրում...
- Փախստականներն օգտագործվում են որպես հատուկ զինատեսա՞կ։
- Այդպես էլ կա։ Եվ չէ՞ որ դա այն է, ինչն այսօր արդեն գոյություն ունի ոչ թե տեսականորեն, այլ գործնականում։
- Ո՞րն է նպատակը։
- Նպատակն աշխարհում «գլոբալ անկարգություն» ստեղծելն է, որը կսպառնա մրցակիցներին՝ Ռուսաստանին առաջին հերթին, Չինաստանին և անգամ հենց Եվրոպային։ Սկզբում պատերազմները դասական բնույթ էին կրում. հիշենք Աֆղանստանի և Իրաքի ռմբակոծումները։ Այնուհետև սկսվեցին գունավոր հեղափոխությունները։ Քաոսի մեջ ընկղմվեցին Եգիպտոսը, Թունիսը, Լիբիան, Սիրիան և այլն։ Ի վերջո, ծնվեց ԻԼԻՊ-ը՝ իր բացառիկության և կրոնական գերազանցության գաղափարախոսությամբ։ Ի դեպ, այս ամենը հիշեցնում է այն, ինչ եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի դարաշրջանում, երբ Գերմանիայում սերմանվեց ռասիզմը, որոշ հետազոտողների կարծիքով՝ բրիտանացիների փոխանցմամբ։ Բայց այն ժամանակ ամեն բան կոշտ և կոպիտ էր արվում. հակամարդկային ռասայական տեսություններ և օրենքներ, համակենտրոնացման ճամբարներ և այլն։ Ներկայիս տեխնոլոգիաներն անհամեմատ ավելի պոլիտկոռեկտ են։ Բայց արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք. Մերձավոր Արևելքում «քաոսի» արդյունքում զոհվել է մոտ 2 մլն մարդ, փախստականների թիվը, տարբեր գնահատականներով, հասնում է 20 միլիոնի։ Իսկական ցեղասպանություն է։ Եվ մենք՝ հայերս, այս ամենի արդյունքում նույնպես շատ ենք տուժել։ Չէ՞ որ Մերձավոր Արևելքի հայկական համայնքներն արևմտահայ մշակութային կոդի կրողներն էին, իսկ այսօր այդ համայնքներից գրեթե ոչինչ չի մնացել։ Ես կարծում եմ, որ պետք է ստեղծվի այդօրինակ ցեղասպանության պատճառները հետաքննող Միջազգային դատարան։
- Ո՞վ է կանգնելու նման դատարանի առջև։ Երկրորդ համաշխարհային պատերազմի համատեքստում ամեն բան հասկանալի էր։ Ֆաշիստական Գերմանիան ագրեսոր էր, նացիստական հանցագործները կանգնեցին Նյուրնբերգի միջազգային զինվորական դատարանի առջև։ Իսկ այսօ՞ր։ Բոլոր հետքերը կորած են, իսկ այն ամենն, ինչ արվում է, արվում է ամբողջ աշխարհում դեմոկրատիայի պաշտպանության քողի ներքո։
- Միանգամայն իրավացի եք։ Ձեր հարցը շատ ճիշտ է, քանի որ ուղղակի հանցանշաններ կարծես թե չկան կամ էլ հատուկ խնամքով են պահվում։ Այդպիսի դատարանում, ըստ իս, մեղադրանքները պետք է կազմվեն վերլուծաբանական եզրակացությունների հիման վրա, որոնք նույնպես միանգամայն օբյեկտիվ բնույթ են կրում։ Կարծում եմ՝ դատարանի առջև պետք է կանգնեն այդ թվում նաև վերոնշյալ ուղեղային կենտրոնները, որոնք մշակել են ժամանակակից ցեղասպանությունների իրականացման տեխնոլոգիաները։ Կուզենայի նշել նաև ներդրվող գլոբալ քաոսի տեղեկատվա-հոգեբանական հետևանքների մասին։ Այսօր ուշադրության կենտրոնում պայքարն է ահաբեկչության դեմ, պայքարն «Իսլամական պետության» դեմ։ Եվ այն, ինչ տեղի է ունենում, նորից ամերիկյան «ուղեղային կենտրոնների» ոգով է. հիշենք Հանթինգտոնի քաղաքակրթությունների դիմակայության տեսությունը։ Բոլորն ահաբեկչությունը զուգորդում են իսլամի հետ։ Բայց իսլամը համաշխարհային կրոն է, որը ծանրակշիռ ներդրում ունի մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ։ Եվ նման արհեստական, պարտադրված զուգորդումը բնավ ընդունելի չէ։ Տեղի ունեցող գործընթացներն ունեն երկու վեկտոր։ Առաջին. բազմաբևեռ աշխարհի ձևավորումը հանգեցրել է լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժերի։ Երկրորդ. ամբողջ աշխարհում աճում է ընդվզումը. մարդիկ ամենուրեք ինչ-որ բանի դեմ բողոքում են, և դա առաջին հերթին ուղղված է սպեկուլյատիվ ֆինանսական կապիտալի տնտեսական մոդելի դեմ։ Ինչ վերաբերում է տեղեկատվական բաղադրիչին, ապա ակնհայտ է, որ վրա է հասնում տեղեկատվական տոտալիտարիզմի դարաշրջանը, եթե չասենք, որ այդ դարաշրջանն արդեն եկել է։ Ընդ որում՝ դա երկու տիպի տոտալիտարիզմ է՝ համատարած, գլոբալ-մանիպուլյատիվ և տեղային՝ վարչարարական, այս կամ այն առանձին վերցրած երկրում։ Եվ նման տոտալիտարիզմի դեմ, որն արդեն երևում է անզեն աչքով, սկսվել է մոտավորապես նույն կարգի այլախոհական շարժում, ինչպես ժամանակին Խորհրդային Միությունում։ Սնոուդենը, Ասանժը տեղեկատվական այլախոհներ են, որոնք բողոքում են ընդդեմ խաղի պարտադրված կանոնների և այն աշխարհակարգի, որում նրանք ստիպված են ապրել։
- Դատելով այն ամենից, ինչ տեղի է ունենում, ստեղծված քաոսը «բումերանգի օրենքով» շրջվելու է նրա «հեղինակների» դեմ...
- Այդպես էլ կա։ Միաբևեռ աշխարհը փլուզվում է։ Ռուսաստանն սկսել է ավելի ակտիվ հանդես գալ, և դա երևում է Ուկրաինայի և Սիրիայի հետ կապված զարգացումներում։ Չինաստանն արդեն նույնպես «ընդվզում» է ընդդեմ գոյություն ունեցող իրադրության, Եվրոպան էլ է դադարում «հնազանդ» լինել։ Բնութագրական է հետևյալը. Հռոդոսի համաժողովում ելույթ ունեցան հայտնի քաղաքական գործիչներ՝ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը, Ավստրիայի նախկին դաշնային կանցլեր Ալֆրեդ Գուզենբաուերը, Հունաստանի փոխարտգործնախարար Յոանիս Ամանատիդիսը, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար և էկոնոմիկայի նախարար Կարլ Թեոդոր ֆոն ունդ ցու Գուտենբերգը և այլք։ Հավաստում եմ, որ երբևէ Հռոդոսյան համաժողովներում չէր հնչել այդքան միահամուռ և խոր մտահոգություն այն գործընթացների վերաբերյալ, որոնք ընթանում են աշխարհում, և նույնքան էլ ակնհայտ նեգատիվիզմ ԱՄՆ քաղաքականության հանդեպ, որն իր բարքերն է սերմանում ամենուր։ Այո, ԱՄՆ-ը հակահարված է ստանում, մենք տեսնում ենք, որ Սիրիայում իրավիճակը փոխվում է, մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում ամեն բան այնպես չեղավ, ինչպես մտահղացել էին «ռեժիսորները»։ Տնտեսական առումով շատ երկրներ՝ Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան և այլն, սկսել են մրցակցել ԱՄՆ-ի հետ։ Սակայն դա բավարար չէ. գլխավորն այն է, որ այսօր թվարկված բոլոր տերությունները զիջում են ԱՄՆ-ին ինտելեկտուալ տեխնոլոգիաների ոլորտում, իսկ դա ավելի քան կարևոր գործոն է։ Առաջինը դա հասկացել են չինացիները։ Նրանք պետական մակարդակով որոշում են ընդունել ստեղծել վերլուծաբանական, կենտրոններ, այսպես կոչված «ուղեղային տրեստներ», որպեսզի ժամանակի ընթացքում դրանք գլոբալ ազդեցության հնարավորություն ունենան համաշխարհային իրադարձությունների ընթացքի վրա։ Իրավահավասար բազմակենտրոն աշխարհը չի կայանա, եթե նրա հիմնական մասնակիցները չունենան հավասարություն ինտելեկտուալ հարցերում։ Այսօր միջուկային զենք ունենալը բավական չէ մեծ տերություն համարվելու համար։ Եթե ինտելեկտուալ զենք չունես, դու ապրիորի տանուլ ես տալիս մրցակցին։
- Այսինքն՝ այսօր ընթանում է ինտելեկտուալների՞ պատերազմ, տեխնոլոգիաների՞ պատերազմ։
- Այո, դա փաստ է։ Եվ մեզ՝ հայերիս համար չափազանց կարևոր է հասկանալ դա։ Ես ինձ վիրավորված եմ զգում, երբ աշխարհի 200 լավագույն համալսարանների թվում տեսնում եմ թուրքական և ադրբեջանական համալսարաններ, բայց և ոչ մի հայկական համալսարան։ Կառուցողական որոշումներից մեկը, որը ձեռք բերվեց Հռոդոսյան համաժողովում, ես համարում եմ լուրջ «ուղեղային կենտրոն» ստեղծելու որոշումը. Այդ աշխատանքում գործի կդրվեն «Քաղաքակրթությունների երկխոսություն» շարժման մասնակիցները։ Ի դեպ, համաժողովի ընթացքում քանիցս խոսվեց այն մասին, որ նոր բազմակենտրոն աշխարհի պայմաններում աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդում են ոչ միայն մեծ տերությունները, այլև և՛ անդրազգային կորպորացիաները, և՛ բազմամիլիարդանոց կապիտալ ունեցող խոշոր մեդիա-հոլդինգները (որոնք էլ ձևավորում են տեղեկատվական տոտալիտարիզմը), և՛ հասարակական կազմակերպությունները, տարբեր հանրույթները և այլն։ Այս ամենն աշխարհը դարձնում է չափազանց դժվարկառավարելի և էլ ավելի հրատապ է դարձնում քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտությունը։
- Իսկ ի՞նչ կասեք ներքաղաքակրթական երկխոսության մասին։
- Առավել ևս... Տեսեք, թե ինչ եղավ ուկրաինացիների և ռուսների հետ. այսօր նրանցից շատերը, լինելով նույն քաղաքակրթական կոդի կրողները, միմյանց թշնամի են համարում։ Իմ կարծիքով՝ հարկավոր է վերածնել ժողովուրդների հոգևոր մերձության շարժումը՝ ստեղծելով գաղափարա-հոգևոր կամրջակներ նրանց միջև։ Սլավոնները, վրացիները, հայերը, հույները՝ մենք պետք է դառնանք միմյանց որքան հնարավոր է մոտ։ Հենց այս համատեքստում է «Նորավանքը» ստորագրել հուշագիր Կիպրոսում առաջատար քոլեջներից մեկի՝ «LEDRA»-ի հետ, որի ղեկավարն է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, հայտնի քաղաքագետ Յանոս Խարալամբիդիսը։ Մենք ստեղծում ենք համատեղ վերլուծաբանական կենտրոն, որի աշխատանքին կմասնակցեն նաև կիպրահայ համայնքի ներկայացուցիչները։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակական կազմակերպությունների և վերլուծաբանական կենտրոնների մեծ մասը ֆինանսավորվում է արտասահմանից։ Եվ այդ պատճառով էլ ամեն բան արվում է, այսպես ասենք, ըստ ամենատարբեր կառավարությունների և կազմակերպությունների հանձնարարության։ Արդյունքում՝ ստանում ենք հաճախ մեր ազգային շահերին հակասող և բոլոր պարագաներում՝ ավելի քան անորակ արտադրանք։ Իսկ դա բոլորովին այն չէ, ինչ պետք է։ Ի դեպ, համատեղ «ուղեղային կենտրոն» ստեղծելու նախաձեռնության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Աթենքի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, այնպես որ, հնարավոր է՝ Աթենքն էլ միանա մեզ։ Ավելին, համատեղ կենտրոն ստեղծելու գաղափարով ոգևորվել են նաև ֆրանսիացի աշխարհաքաղաքականության ոլորտի փորձագետները, որոնք նույնպես կարծում են, թե պետք է քայլեր ձեռնարկել ոչ թե «կուսակցության ու կառավարության առաջադրանքով», այլ ելնելով «գլոբալ անկարգության» դարաշրջանին դիմակայելու օբյեկտիվ անհրաժեշտությունից...
Զրույցը վարեց Զարա Գևորգյանը
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]