
«ԵԹԵ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐ ԿԱՆ, ԱՊԱ ԱՅԴ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ»
Ադրբեջանն այս օրերին հետեւողականորեն խախտում է հրադադարի ռեժիմը` վնասներ հասցնելով համայնքներին եւ խոչընդոտելով ՀՀ սահմանային գյուղերի բնակչության բնականոն կեցությունը: Կան տեսակետներ, որ ադրբեջանական կողմից հրահրվող սահմանային լարվածությունն ուղիղ կապ ունի Թուրքիայի, մասնավորապես Իգդիր նահանգի իրադարձությունների հետ: Չէ որ այս հարցում Ադրբեջանը լուրջ մտահոգություն ունի, քանի որ Թուրքիայում տիրող, մեղմ ասած, ոչ կայուն վիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանը մտածի Նախիջեւանը հետ վերադարձնելու մասին: Այս եւ ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով մտացածին է համարում նման վարկածները.
«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՉԷ, ՈՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ՆՄԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ»
–Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը սահմանի վրա, եւ երբեմն լինում են զուգահեռ քաղաքական, ռազմական նոր զարգացումներ, որոնք համընկնում են դրա հետ: Այնպես որ, միշտ չէ սահմանային իրավիճակը կապված ինչ-որ մի արտաքին քաղաքական երեւույթի հետ: Կարծում եմ` սա նրանց ընդհանուր ռազմավարությունն է, որը մշտապես կա եւ տեղի է ունենում տարբեր զարգացումների ֆոնին: Մենք առաջին անգամը չէ, որ տեսնում ենք նման ակտիվություն ադրբեջանական կողմից: Ըստ իս, ավելի շատ այս ամենը կապված է նրա հետ, որ Ադրբեջանում գործերը լավագույն ձեւով չեն ընթանում` տնտեսական եւ արտաքին քաղաքական առումով, ինչպես նաեւ իր ռազմավարական դաշնակցի` Թուրքիայի մոտ էլ ամեն ինչ այնպես չէ:
– Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններում կան շեշտադրումներ, թե ՀԱՊԿ-ը` որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, այս օրերին պետք է ավելի ուշադիր լինի մեր նկատմամբ: Ի՞նչ կասեք այս մասին:
– «Ավելի» բառն ինձ համար մի փոքր հասկանալի չէ, որովհետեւ ՀԱՊԿ-ն` ի դեմս նրա ղեկավարի, բազմիցս ասել է, որ այն, ինչ վերաբերում է Հայաստանին, իրենց պարտականությունն է: Նրանք ավելի զգույշ արտահայտվել են Արցախի հիմնախնդրում, չնայած որոշ պաշտոնատար անձինք` այդ թվում, եթե հիշում եք, Գյումրիի ռազմակայանի հրամանատարը, արել են համապատասխան հայտարարություններ, որոնք, կարծում եմ, վերաբերում էին նաեւ ղարաբաղյան խնդրին: Հենց օրերս էլ ՀԱՊԿ-ը Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ էր կատարում: Այնպես որ, այս օրերին առանձնահատուկ մի հայտարարության կարիք չեմ տեսնում եւ ՀԱՊԿ-ի առավել ուշադիր լինելն էլ չեմ հասկանում: Էլ ինչպես պետք է այն արտահայտվի, չէ որ, օրինակ, հրթիռների հետ կապված խնդիրները, կարծես թե, լուծվում են, համենայն դեպս, գործընթացը կա: Վերջին շրջանում ոմանք անհանգստացած են ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի այցով Բաքու, բայց պետք է շեշտենք, որ խնդիրներ կան, որոնք վերաբերում են Ռուսաստանին` թուրքական հոսքի, Եվրոպա տարվող գազի հետ կապված: Եվ սա բնական հարաբերություններ են, եւ մենք չենք կարող որեւիցե մեկից պահանջել, որպեսզի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններ չունենա, քանի որ մեզ հետ դաշնակից է: Այսօրվա գլոբալ աշխարհում ինչ-որ մի տեղ բոլորը բոլորի թշնամին են եւ գործընկերը:
«ԿՈՂՄ ՉԵՄ ՇԱՏ ԴՐԱՄԱՏԻԿ ԴԻՏԱՐԿԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»
–Ի դեպ, թշնամիների մասին. ինչպե՞ս կգնահատեք թուրքական իշխանությունների դեմ սկիզբ առած քրդական ապստամբությունը:
– Կողմ չեմ շատ դրամատիկ դիտարկել այն, ինչ կատարվում է Թուրքիայում: Այո, այնտեղ կան խնդիրներ, բայց դրանք կարող են նաեւ ինչ-որ չափով նպաստել Թուրքիային ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Այնտեղ տիրող իրավիճակն այսօր բավական անորոշ է բոլորի համար: Կարծում եմ, որ դա նրանց ընդհանուր ռազմավարության արդյունքն է, եւ ոչ թե կոնկրետ ինչ-որ մի երեւույթ, որը արգելակում է իրենց գործողությունները:
– Արեւմտյան Հայաստանում` մեր պատմական հողերի վրա, հնարավո՞ր է ստեղծվի Քրդստան կոչվող մի պետություն:
– Այդ խնդրի մասին դեռեւս 20-25 տարի է քննարկումներ են գնում, քարտեզներ են հրապարակվում: Իհարկե, բավական օբյեկտիվ ձեւով այդ խնդիրն այսօր նաեւ սրվել է, բայց, միեւնույն ժամանակ, այն գուցեեւ ինչ-որ թերությունների, հաշվարկների հետ է կապված: Ցավոք սրտի, թե բարեբախտաբար (չեմ կարող դրան հստակ գնահատական տալ) քրդական պետության ստեղծումն իրատեսական չէ, որովհետեւ Թուրքիան ունի բավական ուժեղ զինված ուժեր: Ամեն դեպքում, առանձին պարտիզանական մարտերը իհարկե շատ վտանգավոր են, մանավանդ հաշվի առնելով ժողովրդագրական իրավիճակն այդ շրջաններում: Հետեւաբար չի կարելի միանգամայն բացառել նման սցենարը, բայց գտնում եմ, որ այն, համենայնդեպս, մոտ ապագայի խնդիր չէ:
«ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԱՌԿԱ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾԵԼ»
–Այնուամենայնիվ, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կարելի՞ է համարել պայթյունավտանգ, քանի որ մյուս կողմից էլ ԻՊ գրոհայինների ահաբեկչական գործողություններն են գնալով ավելի զանգվածային դառնում:
– Իսլամիստներին մի փոքր առանձին պետք է դիտարկել, որովհետեւ ամենավատ սցենարն այն կլինի, եթե նրանք Ադրբեջանում զավթեն իշխանությունը: Իսկ դրա վտանգը կա, եւ նման սցենարը, թեպետ շատ հավանական չէ, բայց չի կարելի նաեւ բացառել: Ընդհանուր առմամբ, ծայրահեղականությունը, որն առկա է տարածաշրջանում, վտանգավոր իրավիճակ է ստեղծել: Եվ այդ էքստրիմիզմը վերաբերում է ոչ միայն Մերձավոր Արեւելքին, մեզնից էլի ոչ շատ հեռու` Ուկրաինայում նույնպես գնում են մարտեր: Իրավիճակը ողջ աշխարհում բավական անորոշ է, բայց կոնկրետ ինչ վերաբերում է մեր խնդիրներին, կարծում եմ` չնայած Ադրբեջանը բավական ագրեսիվ երկիր է, եւ նրանից ամեն ինչ սպասելի է, բայց, ի վերջո, որոշակի խոհեմություն կունենան եւ իրենց համար անցանկալի սցենարների մեջ չեն մխրճվի, ինչպիսին է Հայաստանի հետ պատերազմը:
– Այսպիսի մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի համար, չե՞ք կարծում, որ Բաղրամյան պողոտայում սոցիալական կամ քաղաքական նոր ցույցեր հրահրելը այս պահին «ճոխություն» է մեր երկրի համար, եթե ոչ վտանգավոր:
– Չէի ցանկանա մեկնաբանել այդ խնդիրները, որովհետեւ մի փոքր ինձ հասկանալի չէ` ովքեր են, ինչ են ուզում, ինչի համար են եկել: Բոլոր դեպքերում, ցանկացած անկայունություն ցանկալի չէ: Համենայն դեպս, եթե փոփոխություններ ցանկացողներ կան, ապա այդ պետք է անեն լուրջ քաղաքական ուժերը եւ ոչ թե անհայտ մարդիկ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]