
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՎԵԿՏՈՐԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Ռազմավարական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանի հետ զրուցել է Իրինա Աբրոյանը
- Պրն Հարությունյան, ներկայացրեք, խնդրեմ, հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։
- «Նորավանքը» զբաղվում է ռազմավարական հետազոտություններով, հիմնադրամն ունի մի քանի կենտրոն՝ Հայագիտական, Տեղեկատվական հետազոտությունների, Քաղաքական հետազոտությունների, Ուսումնական և Հրատարակչական-տեղեկատվական։
Հայագիտական կենտրոնը չի զբաղվում պատմության ուսումնասիրմամբ, ինչպես դուք կարող էիք մտածել, նրա խնդիրն է՝ հետազոտել Սփյուռքի հայկական համայնքների վիճակը, գնահատել այնտեղ առկա մտավոր ներուժը, մշակել ինտեգրման մեթոդներ։ Վերջին մի քանի տարիներին հիմնադրամը, Հայաստանի Սփյուռքի նախարարության հետ համատեղ, հրատարակել է 15 գիրք՝ նվիրված Սփյուռքի հայկական համայնքներին։
Քաղաքական հետազոտությունների կենտրոնն իրականացնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացման մոնիթորինգ և վերլուծություն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համատեքստում։ Մենք առաջիններից մեկն էինք, որ 2003թ. առաջ քաշեցինք «երկրորդ սառը պատերազմի» անխուսափելիության վարկածը, և մեր կանխատեսումը ճիշտ դուրս եկավ։ Մենք նաև կանխատեսել էինք Մերձավոր և Միջին Արևելքում հակամարտությունների սրումը, ինչը նույնպես, ցավոք, իրականացավ։
Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնը, որը ես եմ ղեկավարում, զբաղվում է տեղեկատվական անվտանգության խնդիրներով տեղեկատվական պատերազմի ներկայիս կոշտ պայմաններում։
Մեր Ուսումնական կենտրոնը կազմակերպում է դասընթացներ հրատապ թեմաների վերաբերյալ («Նորավանքյան ընթերցումներ») և ամառային դպրոցներ։
Հրատարակչական կենտրոնը հրատարակում է երկու ամսագիր՝ «21-րդ ԴԱՐ» (հայերեն, ռուսերեն, անգլերեն) և «Գլոբուս» (հայերեն)։ Հիմնադրամի հետազոտությունների արդյունքները մենք ներկայացնում ենք մեր կայքում, որը շատ պահանջված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի վերլուծաբանների շրջանում։
- Խոսենք այն մարտահրավերների մասին, որոնց առջև այսօր կանգնած է երիտասարդ կառույցը՝ Եվրասիական տնտեսական միությունը...
- Այո, այսօր այնքան էլ լավ ժամանակներ չեն, ի դեպ՝ ոչ միայն ԵԱՏՄ երկրների համար։ Ամբողջ աշխարհում ճգնաժամ է, մարտահրավերի առջև են կանգնած և՛ Եվրոպական միությունը, և՛ ԱՄՆ-ը... Տեղի է ունենում բազմաբևեռ աշխարհի ձևավորում, իսկ դա բավական ցավագին գործընթաց է, չէ՞ որ բազմաբևեռությունը ենթադրում է ոչ միայն նոր քաղաքական վեկտորներ, այլև տնտեսական, տեղեկատվական և այլ ոլորտների վերաբաժանում։ Բացի այդ, մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ միջազգային իրավունքն արժեզրկվում է մեր աչքերի առջև...
Բայց գիտեք, չինացիները մի լավ հիերոգլիֆ ունեն. այդ հիերոգլիֆը, որով նշվում է ճգնաժամը, միաժամանակ նաև հնարավորություն է նշանակում։ Ես կարծում եմ, որ ճգնաժամի հետևանքով Ռուսաստանն, օրինակ, կարևոր քայլեր է կատարել իր տնտեսության ապաքինման ուղղությամբ և ավելի ինքնաբավ է դարձել. սկսել է զբաղվել ներմուծումը փոխարինելով, լուրջ ուշադրություն է հատկացնում տեխնոլոգիաներին, առանց որոնց չի կարող գոյություն ունենալ, առնվազն, ռազմարդյունաբերական համալիրը... Որքան էլ տարօրինակ է, չնայած բոլոր խնդիրներին՝ Ռուսաստանի տնտեսությունն այսօր շատ ավելի լավ վիճակում է, քան մեկ տարի առաջ։ Եվ եթե հաջողվի կարգավորել մտավոր ռեսուրսների ձևավորումը, ամեն բան լավ կլինի։
- Ինչպիսի՞ն կլինի, Ձեր կարծիքով, Ռուսաստանի ապագան։
- Ռուսները շատ աշխատասեր և տաղանդավոր ժողովուրդ են, և այդ պոտենցիալը հարկավոր է ակտիվացնել։ Միևնույն ժամանակ, հիմա երկիրը շատ խարիզմատիկ առաջնորդ ունի. հավանաբար, հիմա Ռուսաստանի կառավարությունն ամենաուժեղն է վերջին 100 տարվա մեջ։
- Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչ կարևոր խնդիրներ պետք է լուծել առաջին հերթին։
- Մեզ մոտ դեռ չի ստեղծվել ընդհանուր եվրասիական տեղեկատվական տարածք։ Մենք Հայաստանում դիտում ենք ռուսական և արևմտյան հեռուստատեսությունը, ամեն բան բոլորի մասին կարծեք թե գիտենք, բայց թե ինչ է կատարվում Ղազախստանում և Բելառուսում՝ գաղափար չունենք։ Ղրղզստանի մասին էլ չեմ ասում։ «Мир» հեռուստաընկերությունը տեղեկատվության փոխանակման համար բավական չէ։ Ահա իմ կարծիքը՝ որպես փորձագետի, տեղեկատվական անվտանգության մասին։
Ի դեպ, տեղեկատվական անվտանգությունը հիմնվում է մտավոր ռեսուրսների վրա։ Եվ ես առայժմ չեմ տեսնում ծրագրեր, որոնց նպատակը լինի այդ ռեսուրսների համախմբումը։ Բայց չէ՞ որ ԵԱՏՄ-ի համար շատ դժվար կլինի, եթե իր մրցակիցների հետ ինտելեկտուալ հավասարության չհասնի։ Հայաստանում, օրինակ, գիտնականների և կոնստրուկտորների թիվը կրճատվել է 6 անգամ, իսկ «դժվար մասնագիտությունների» տեր մարդկանց թիվը՝ 10 անգամ։ Նույնը տեղի է ունենում նաև Ռուսաստանում. այնտեղ փակվել է 5-6 հազար ինստիտուտ։
Ես կարծում եմ, որ ինտելեկտուալ վեկտորը եվրասիական զարգացման գերակայությունն է։ Եվ իմ լավատեսությունը ԵԱՏՄ առումով կապված է այն բանի հետ, որ ինտեգրացիան թույլ կտա լուծել նաև նմանատիպ խնդիրները։
«Новая Евразия» հանդես, 02/2015։դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]