• am
  • ru
  • en
Версия для печати
08.06.2015

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԲՈՒՀԵՐԸ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Հոդվածը նվիրված է հեղինակավոր միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից ներկայացվող աշխարհի տարբեր երկրների բուհական հաստատությունների վարկանիշավորման տարեկան զեկույցների ուսումնասիրությանը՝ հարավկովկասյան երկրների բուհական համակարգերի վարկանիշային ցուցանիշների վերլուծության համատեքստում։

Webometrics Ranking of World Universities.- Աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման Webometrics Ranking of World Universities հետազոտություններով զբաղվում է Cybermetrics հետազոտական խումբը, որը գործում է Իսպանիայի Ազգային հետազոտական խորհրդի (Spanish National Research Council) կազմում։ Խումբը նման վարկանիշային հետազոտություններ սկսել է հրատարակել 2004-ից՝ տարեկան երկու անգամ։ Հետազոտություններում կիրառված մեթոդաբանությունը և գնահատման մոտեցումները համապատասխանում են բուհերի վարկանիշավորման բեռլինյան սկզբունքներին (Berlin Principles on Ranking of Higher Education Institutions)։ Այդ սկզբունքները մշակվել ու հաստատվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության եվրոպական կենտրոնի և Վաշինգտոնի բարձրագույն կրթության քաղաքականության ինստիտուտի՝ 2004թ. հիմնադրված Միջազգային փորձագիտական խմբի կողմից՝ որպես բարձրագույն կրթության ազգային համակարգերի համեմատական հետազոտությունների հիմնարար սկզբունքներ։ Այս սկզբունքների համաձայն, աշխարհում ներկայում հաշվվում է ավելի քան 20.000 բուհ, որոնք գրեթե ամբողջությամբ ներառվում են Webometrics-ի վարկանիշավորման մեջ։ Վարկանիշավորման համար ընտրվել են մի քանի մեթոդաբանական ցուցիչներ.

1. էլեկտրոնային կայքէջին հղումների քանակը,

2. կայքում տեղադրված արժեքավոր նյութերի քանակը,

3. հրատարակված նյութերի քանակը և դրանց արված հղումները։

Վերջերս լույս տեսավ «Webometrics» միջազգային ընկերության պատրաստած բուհական համաշխարհային վարկանիշային նոր զեկույցը: Հրապարակված տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը ԵՊՀ-ն է: Ընդհանուր առմամբ` Հայաստանից ցուցակում ներառվել է 29 բուհ: Ստորև ներկայացնում ենք «Webometrics»-ում ընդգրկված հայաստանյան բուհերի լավագույն տասնյակը՝ ըստ իրենց զբաղեցրած դիրքերի.

1. Երևանի պետական համալսարան` 2628

2. ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտ՝ 3022

3. Հայաստանի ամերիկյան համալսարան՝ 4768

4. Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան՝ 6357

5. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան` 7323

6. Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան` 7940

7. Երևանի պետական բժշկական համալսարան՝ 10228

8. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 13032

9. Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 13798

10. Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ 14019։

Ադրբեջանական բուհերից լավագույն վարկանիշային արդյունքը գրանցել է Խազար համալսարանը, որը զբաղեցրել է ցուցակի 6405-րդ հորիզոնականը։ Վերջինին հաջորդում են Կովկաս համալսարանը (7023-րդ դիրք), Նախիջևանի մասնավոր համալսարանը (7391), Բաքվի պետական համալսարանը (7706)։ Նկատենք, որ Ադրբեջանի բուհերի ցանկում լավագույն արդյունք գրանցած Խազար համալսարանը զիջել է դիրքերը Հայաստանի 4 բուհերի վարկանիշների համեմատությամբ։ Ընդ որում, ԵՊՀ-ն իր վարկանիշային ցուցանիշով գերազանցում է Խազար համալսարանի համապատասխան արդյունքին ավելի քան կրկնակի։ Վարկանիշային ցուցակում ներառվել է ադբեջանական 41 բուհ։

Հարավկովկասյան տարածաշրջանում լավագույն վարկանիշն արձանագրել է Վրաստանի Իվանե Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը՝ 2006-րդ հորիզոնական, որին հաջորդում են Իլիա պետական համալսարանը (2602), Վրաստանի տեխնիկական համալսարանը (6934)։ Վրաստանյան բուհերից ցանկում ներառվել է 64 բուհական հաստատություն։

Տվյալներ ներկայացնում ենք նաև Թուրքիայի բուհերի վարկանիշավորման ցուցանիշների վերաբերյալ։ Ըստ կազմակերպության տվյալների, թուրքական բուհերը բավական դրական արդյունքներ են ապահովել։ Թուրքիայի բուհերից լավագույն արդյունքը գրանցել է Ստամբուլի համալսարանը՝ զբաղեցնելով 277-րդ դիրքը, որին հաջորդում են Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանը (507), Անկարայի համալսարանը (658)։

«Эксперт РА».- Վարկանիշավորման արևմտյան դպրոցի կողմից ներկայացվող զեկույցներին և հետազոտություններին զուգահեռ՝ վերջին շրջանում լուրջ հաջողություններ են արձանագրում հատկապես ռուսաստանյան, ինչպես նաև չինական վարկանիշավորման կազմակերպությունները։ Սա բավական դրական միտում է որպես այլընտրանք կամ գուցե հավասարակշռող գործոն վարկանիշավորման բավական զարգացած ավանդույթներ ունեցող արևմտյան դպրոցի զեկույցների դիտարկման համատեքստում։

Այս տեսանկյունից պետք է դիտարկել առաջին հերթին «Эксперт РА» ռուսաստանյան վարկանիշավորման հեղինակավոր գործակալության գործունեությունը։ «Эксперт РА»-ն ՌԴ միջազգային խոշոր վարկանիշավորման գործակալություններից է, որը հիմնադրվել է 1997թ.։ Այլ ոլորտներից բացի, կազմակերպությունն իրականացնում է նաև ԱՊՀ բուհերի վարկանիշավորման տարեկան հետազոտությունների շարք։ Համաձայն «Эксперт РА»-ի վարկանիշավորման մեթոդաբանության, այս վարկանիշային նախագծում կարող են ներառվել այն բուհերը, որոնք համապատասխանել են Webometrics հեղինակավոր կազմակերպության վարկանիշավորման չափորոշիչներին։ 2013թ. վարկանիշավորման հետազոտությունում «Эксперт РА»-ի կողմից սկզբնական շրջանում կազմվել էր 195 բուհերի ցուցակ, որից հետո վարկանիշավորման աղյուսակում հայտնվելու համար հարկավոր էր, որպեսզի բուհը հանդիսանար Webometrics-ի կողմից տվյալ երկրի առավել բարձր գնահատական ստացած 3 բուհերից մեկը։ Վարկանիշավորման հաջորդ փուլում ներառվել են այնպիսի բուհեր, որոնք ռուսաստանյան գործակալության կողմից ուղարկված հարցման արդյունքում ներկայացրել են իրենց հարցաթերթիկները1։ Վարկանիշավորման մեթոդաբանությունում կիրառվում են հետևյալ չափորոշիչները.

1. որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ,

2. գործատուների շրջանում տվյալ բուհի շրջանավարտների պահանջարկի մակարդակը,

3. բուհի գիտահետազոտական գործունեության մակարդակը։

Այս ցուցիչներն, իրենց հերթին, բաժանվում են այլ ենթացուցիչների2։

Վերջերս «Эксперт РА» գործակալությունը հրապարակեց 2014թ. ԱՊՀ երկրների լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակը: ԱՊՀ լավագույն համալսարան է ճանաչվել Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: Նկատենք, որ 153 բուհերի ցուցակում ճնշող մեծամասնությունը ռուսաստանյան և ուկրաինական բուհերն են: Վերջնական ցուցակում չի հայտնվել հայաստանյան որևէ բուհ։ Նկատենք, որ նախնական ցուցակում ընդգրկվել էին ԵՊՀ-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը: Ցուցակի 2-րդ տեղը զբաղեցրել է Բելառուսի պետական համալսարանը, 3-րդը՝ Տ.Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանը: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Ն.Բաումանի անվան տեխնիկայի և տեխնոլոգիաների համալսարանը (Մոսկվա), Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական պետական համալսարանը, Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը, Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանը և այլք։ Վարկանիշավորման վերջնական ցուցակում համալսարաններ ներառվել են նաև Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ուզբեկստանից:

«Ինտերֆաքս» միջազգային տեղեկատվական խումբ.- Բուհերի վարկանիշավորման զեկույցների պատրաստման հարցում մասնագիտացած է նաև «Ինտերֆաքս» միջազգային տեղեկատվական խումբը։ Բուհերի վարկանիշավորման մեթոդաբանությունում կիրառվում են հեղինակավոր QS (Quacquarelli Symonds) գործակալության մեթոդաբանական մոտեցումները: Խմբի կողմից հրապարակված 2013թ. բուհական վարկանիշային զեկույցի տվյալներով՝ նախկին խորհրդային հանրապետությունների 405 բուհերի ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում էր 11-րդ տեղը: ԱՊՀ լավագույն բուհերի վարկանիշային աղյուսակը գլխավորում էր Մոսկվայի պետական համալսարանը, 2-րդ և 3-րդ դիրքերը զբաղեցրել էին համապատասխանաբար Բելառուսի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանները: Կիևի համալսարանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Վերջաբան

Հայտնի իրողություն է, որ կրթության արդյունավետությունը ուղղակիորեն փոխկապակցված է յուրաքանչյուր պետության զարգացման, բնակչության բարեկեցության ապահովման հիմնահարցերի հետ։ Միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից ներկայացվող բուհական համակարգի նման ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս համեմատականներ անցկացնելու մեր և հարակից երկրների բուհական համակարգերի վարկանիշային ցուցանիշների միջև, նպաստում այդ ոլորտում մեր ռեսուրսների ուսումնասիրման ու հիմնախնդիրների վերհանման գործին։

1 http://raexpert.ru/rankings/vuz/vuz_sng/part3/

2 http://raexpert.ru/rankings/vuz/vuz_sng/part3/


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր