
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն
«Մեծ հաղթանակի 70-ամյակը. պատմության դասեր և արդիական հնչողության հարցեր» թեմայով գիտաժողովում կարդացված զեկուցման հիման վրա (2015թ. ապրիլի 30, համատեղ կազմակերպվել է «Նորավանք» ԳԿՀ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից)։
Այսօր ամենուրեք նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրը։ Եվ թերևս հենց այսօր է պետք փորձել գոնե հակիրճ համեմատություն անցկացնել այսօրվա և Երկրորդ համաշխարհայինի ժամանակաշրջանի իրողությունների միջև։ Հնարավոր է՝ նման վերլուծությունը կօգնի մեզ ավելի արդյունավետ գործել այսօր, երբ նորից պատերազմ է ընթանում, իհարկե՝ մի փոքր այլ կերպարանքով։ Սկզբում դիտարկենք նմանությունները։
Աշխարհաքաղաքական առումով Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հաջողվեց միմյանց բախել Գերմանիան և Ռուսաստանը։ Այսօր ևս մենք տեսնում ենք գրեթե նույն քաղաքական տրամաբանությունը, ինչ և 75 տարի առաջ։ Բայց հին պատմության կրկնությունն արդեն զավեշտի նման մի բան կլիներ (դե, որքա՛ն կարելի է նույն սխալը կրկնել), դրա համար էլ հիմքեր կան հուսալու, որ թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանն այս անգամ ավելի խելամիտ կվարվեն։
Երկրորդ նմանությունը ծայրահեղականության գլոբալ աճն է։ Այն պատերազմը նույնպես հետևանք էր ծայրահեղականության աճի, որը կոչվում էր նացիզմ և ֆաշիզմ։ Գերմանիայում այդ գաղափարախոսությունն ընդունել էր դաժան՝ նացիստական ձև, ռասայական օրենքների ու այլ ժողովուրդների հանդեպ դրանց կիրառման տեսքով։ Մինչդեռ, առանձին ժողովրդի բացառիկության և ուրիշ ժողովուրդների հանդեպ նրա առաքելության մասին թեզն այսօր ավելի քան ակտուալ է, և այդ մասին խոսում են բացահայտ։ Նշեմ, որ արևմտյան բազմաթիվ հեղինակավոր հետազոտողների վարկածով՝ այն տարիներին ևս ռասիզմի գաղափարախոսությունը ձևավորվել էր անգլոսաքսոնական միջավայրում և այնտեղից ներմուծվել Եվրոպա։ Այսօր բացառիկության վիրուսը, այս կամ այն մոդիֆիկացիայով՝ էթնիկական կամ կրոնական, դրված է «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների հիմքում, և դրանով հաճույքով վարակվում են այն հասարակությունները, որոնցում նման հեղափոխությունները հաղթանակում են։ Սա վերաբերում է Ուկրաինային, որտեղ տեղի է ունենում նացիզմի բացահայտ վերականգնում՝ իր դասական դարձած ձևով։ Դա վերաբերում է նաև Մերձավոր Արևելքին, որտեղ կրոնական ծայրահեղականության հետևանքով այսօր տեղի է ունենում «պրոքսի-ցեղասպանություն», որը, ինչպես մի առիթով գրել եմ, ընթանում է «վազող հեռուստատողի ռեժիմով»։ Այս տարածաշրջանում արդեն սպանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ, միլիոնավորները դարձել են փախստական։ Համաշխարհային հանրության կողմից նման «պրոքսի-ցեղասպանությունը» չընկալելը կապված է տեղեկատվական մանիպուլյացիոն տեխնիկայի զարգացման հետ. օրինակ, Սիրիայում այդ ամենը ներկայացվում է որպես «դեմոկրատական ընդդիմության» քաղաքացիական պատերազմ ընդդեմ բռնապետ Ասադի։ Բայց տեղեկատվական գործոններին մենք դեռ կվերադառնանք։
Արձանագրենք նաև, որ Երկրորդ համաշխարհայինի արդյունքը դարձավ նոր աշխարհակարգի՝ երկբևեռ աշխարհի ստեղծումը։ Այսօր նույնպես տեղի է ունենում աշխարհակարգի բարդ վերակառուցում. ընթանում է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորում։ Եվ եթե երկբևեռ աշխարհն արդեն անցել է Առաջին սառը պատերազմի միջով, ապա մենք այսօր գտնվում ենք Սառը պատերազմ-2-ի սկզբնական փուլում, և այդ պատերազմն, ըստ իս, տեղի է ունենում ավելի կոշտ ռեժիմով, քան Առաջին սառը պատերազմը։
Եվ վերջապես, տարբերությունների մասին։ Հիմնական տարբերությունն, իհարկե, տեղեկատվական գործոնի ոչգծային աճն է կենսագործունեության բոլոր ոլորտներում։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին տեղեկատվական քաղաքականությունն ինչ-որ չափով տեղայնացված էր այս կամ այն երկրի սահմաններում։ Այո, հեռարձակումներն արվում էին նաև այլ երկրների համար. դեռ Առաջին համաշխարհայինի տարիներին Մեծ Բրիտանիայում ստեղծվել էր Տեղեկատվության նախարարություն՝ լորդ Բիվերբրուքի գլխավորությամբ, բայց ակնհայտ է, որ արդի տեղեկատվական հնարավորությունները սահմաններ չեն ճանաչում ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստներով։ Ուստի, մի փոքր ավելի հանգամանալիորեն կանգ առնենք տեղեկատվական գործոնի վրա։
Հայտնի է, որ տեղեկատվական ներգործության մեթոդները վերջին տարիներին հեղափոխական փոփոխությունների են ենթարկվել։ Հատուկ ուշադրության են արժանի, այսպես կոչված, «երկրորդ սերնդի» ցանցային տեղեկատվական պատերազմները, որոնց գլխավոր նպատակը հետևյալն է.
- հակառակորդի հանրության սոցիալ-քաղաքական և բարոյական հիմքերի կազմալուծում և քայքայում,
- օտար մշակութային կոդի ներդրում հակառակորդի (երբեմն էլ՝ դաշնակցի) գիտակցությունում՝ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների միջոցով։
Նշենք, որ այս մեթոդները փոքր-ինչ այլ խմբագրմամբ կիրառվում են նաև սեփական հանրության նկատմամբ։ Զուգահեռաբար տեղի է ունենում համատարած գաղտնալսում, դրա համար էլ «տեղեկատվական տոտալիտարիզմ» տերմինի ի հայտ գալը բնավ պատահական չէ։ Բայց անդրադառնանք «երկրորդ սերնդի» տեղեկատվական գործողություններին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի համատեքստում։
Այսօր տեղի է ունենում կամ Հայրենական պատերազմի պատմության լայնածավալ խեղաթյուրում, կամ այն լռության է մատնվում, այլ խոսքով՝ կատարվում է «երկրորդ սերնդի» դասական տեղեկատվական գործողություն։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Հայրենական պատերազմին։ Եթե դիտարկելու լինենք, թե ինչպես է լուսաբանվում մեր պատմության խորհրդային շրջանը տեղեկատվական անվտանգության տեսակետից, կհամոզվենք, որ այստեղ բավական լուրջ հիմնախնդիրներ կան։ Պատմության խեղաթյուրումը խզում է ազգային հիշողությունը, յուրատեսակ արգելք հանդիսանում զարգացման համար։ Չէ՞ որ անհերքելի է, որ, չնայած բացասական և ողբերգական շրջաններին, Երկրորդ հանրապետությունում ստեղծվել էր հզոր գիտատեխնոլոգիական և արդյունաբերական համակարգ, իսկ ժողովրդագրական աճի պայմաններում առաջ էր եկել ստեղծագործ հասարակություն, որն ուներ բարձր կրթական և բարոյական ցենզ։ Ակնհայտ է, որ պատմական հենքը կորցնող հասարակություններն ամենից շատ են ենթակա տեղեկատվա-հոգեբանական ներգործությունների, և այս առնչությամբ տեղին է հիշել չինական ասացվածքը. «Պատմությունը մոռանալը դավաճանություն է»։
Անվտանգության հայեցակարգերում առանցքային է համարվում, այսպես կոչված, «կրիտիկական ենթակառուցվածքների» պաշտպանությունը. դրանք ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և տեղեկատվական նշանակության այն կարևորագույն կառույցներն են, որոնց դեմ հարվածները կարող են հանգեցնել անվտանգության համակարգի փլուզման։ Կարծում եմ, որ «կրիտիկական ենթակառուցվածքների» կարգավիճակ պետք է տալ նաև այն ոլորտներին և կառույցներին, որոնք ապահովում են հոգեմտավոր զարգացումը, քանի որ դրանց խափանումը կարող է հանգեցնել հանրության բարոյալքման, և հենց նման ոլորտ է նաև մեր ընդհանուր պատմությունը։
Բայց վերադառնանք այսօրվա իրողություններին։ Հայրենական պատերազմում հաղթանակը ձեռք բերվեց նաև այն պատճառով, որ ստեղծվել էին խիստ բարձրակարգ ռազմական տեխնիկա և զենք։ Այսօր ակնհայտորեն դա քիչ է։ Արդի բազմակենտրոն աշխարհում, երբ կոշտ Սառը պատերազմ է ընթանում բազմաթիվ ճակատներում, միայն ռազմական բաղադրիչը բավարար չէ հաղթանակի համար։ Այստեղ պետք է կարողանալ հասնել հավասարության նաև տեղեկատվական բնագավառում։ Պետք է զինվել ոչ միայն արդիական հրթիռներով և ինքնաթիռներով, այլև տեղեկատվա-հոգեբանական պատերազմի վարման մեթոդներով։ Հայտնի է, որ տեղեկատվական զենքը, որի ուժը որոշ մեկնաբաններ իրավացիորեն համեմատում են Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) հետ, չի ընկնում միջազգային պայմանավորվածությունների վերահսկման տակ։ Նշենք, որ Սառը պատերազմ 1-ում կրած պարտության պատճառներից մեկն այն էր, որ դոգմատիկ և թույլ էին հասարակական գիտաճյուղերը և համապատասխանաբար՝ ԽՍՀՄ տեղեկատվական քաղաքականությունը։
Չպետք է մտածել, սակայն, թե տեղեկատվական պատերազմը հենց համապատասխան ագիտացիա և պրոպագանդա վարելն է, և որքան այդ ագիտացիան ու պրոպագանդան շատ լինեն, այնքան ավելի լավ։ Պրոպագանդայով, իհարկե, պետք է զբաղվել, և վերջին մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել։ Մասնավորապես, RT գործունեությունը Մարգարիտա Սիմոնյանի գլխավորությամբ, արտասահմանում մի քանի հարյուր միլիոն մարդ լսարանով, հաջող տեղեկատվական գործողությունների լավ օրինակ է։
Սակայն տեղեկատվական գործողություններին և նախագծերին հենվող «փափուկ ուժի» հիմքը մտավոր ռեսուրսներն են։ Հայտնի է, որ մեր մրցակիցներն այս գործում գերազանցություն ունեն. միայն ԱՄՆ-ում գործում է մոտ 2000 «ուղեղային կենտրոն», որոնք այս կամ այն ձևով հարստացնում են տեղեկատվական զենքի զինանոցը։ Հենց նրանք են մշակել տեղեկատվական և ցանցային պատերազմների հայեցակարգերը, «Nation Building»-ի, այսպես կոչված «չափավոր իսլամի» ցանցային տարածման տեխնոլոգիաները և էլի շատ բաներ...
Կարծում եմ, որ Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) կողքին հարկ է ստեղծել նաև Ռազմատեղեկատվական համալիր (ՌՏՀ), որը կմշակի հումանիտար տեխնոլոգիաներ և «կարտադրի», ինչպես դա երբեմն ընդունված է ասել «ուղեղային կենտրոնների» գործունեության բնույթի մասին, «ազգային շահեր»։ Նշեմ, որ նման կառույցի կառավարումը բյուրոկրատական ուղղահայացի միջոցներով անմիջապես կհանգեցնի լիակատար ձախողման. այս գործում անհրաժեշտ է կիրառել ցանցային կազմակերպության մեթոդները և «տեղերում» լայն ինքնավարություն տալ կրեատիվ մասնագետներին։
Օրինակ, այսօր շատ են գրում ռուսաստանյան տնտեսության վրա վարկանիշային որոշ գործակալությունների (Bloomberg և այլն) բացասական ներգործության մասին։ Այս առիթով նշենք, որ առհասարակ «վարկանիշային բիզնեսը» գրեթե ամբողջովին գտնվում է ԱՄՆ ձեռքում։ Դա վերաբերում է նաև «ուղեղային կենտրոնների» վերաբերյալ վարկանիշներին, որոնք թողարկում է Փենսիլվանիայի համալսարանը։ «Նորավանքում» մենք ուսումնասիրել ենք տարածաշրջանային վերլուծաբանական կենտրոնների վարկանիշները և եկել այն եզրահանգման, որ ամերիկյան վարկանիշային ցանկը, մեղմ ասած, օբյեկտիվ չէ։ Մեր աշխատանքը վերջնարդյունքի հասցնելու՝ վարկանիշային ցանկ կազմելու համար ռեսուրսները չեն բավարարում։ Ես կարծում եմ, որ այս գործընթացը պետք է ավարտին հասցնել գոնե Եվրասիական ընկերակցության երկրների մակարդակով։
Կամ էլ՝ արժե փորձել դատ կազմակերպել Մեծ Մերձավոր Արևելքում (ՄՄԱ) «պրոքսի-ցեղասպանության» կազմակերպիչների դեմ՝ որպես ռազմական հանցագործների։ Ինչո՞ւ ամեն ինչ պետք է գտնվի Հաագայում։ Նման տեղեկատվական գործողությունը կարող էր ուժեղացվել ոչ միայն Իրանի կամ Սիրիայի, այլև, համապատասխան աշխատանքից հետո՝ ՄՄԱ հայկական սփյուռքի մասնակցությամբ։
Արդի աշխարհում (փոքր-ինչ այլ ձևով, բայց նույն բովանդակությամբ, ինչ և անցած դարի երեսունականներին ու քառասունականներին) դիտվում է ծայրահեղականության, և տոտալիտարիզմի աճ, իրականացվում են ժողովուրդների ցեղասպանություն և վանդալիզմ մշակութային-քաղաքակրթական արժեքների հանդեպ։ Ջնջվել են սահմանները խաղաղության և պատերազմի միջև, և այսօր «խաղաղությունը՝ դա պատերազմ է»։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]