
ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈԻՌՔ. ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն
Ցեղասպանության 100-ամյակի առիթով այսօր բազմաթիվ են ուղերձները և հրապարակումները, միջոցառումները և տարաբնույթ հավաքները։ Դրանց շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Հռոմի պապի ուղերձը և բարձրագույն քաղաքական մակարդակով հանդիպումները Երևանում։ Ընդհանուր առմամբ, կազմակերպական ջանքերը արդյունավետ էին և նպաստեցին ինչպես խնդրին միջազգային հնչեղություն տալուն, այնպես էլ հայկական հանրության համախմբման գործին։
Այդ ամենին զուգահեռ՝ երբեմն օգտակար է շեղվել խնդրի շուրջ ձևավորված ավանդույթներից՝ փորձելով մի փոքր այլ մոտեցում ցուցաբերել մեկդարյա վաղեմության իրողություններին։
Առաջնային դրույթը, որն, ըստ մեզ, անհրաժեշտ է ընդունել, հետևյալն է. Ցեղասպանության խնդրում պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև ընդհանրական հայկական հանրությունը և հատկապես մեր քաղաքական ընտրանին՝ կուսակցությունները, մտավորականությունը և եկեղեցին։ Նրանք (բացառությամբ առանձին անհատների) չկարողացան ըմբռնել քաղաքական իրողությունները և գործընթացները, կանխատեսել և խոչընդոտել աղետալի զարգացումները։ Իրերի բերումով հենց այդ ընտրանու արևմտահայ հատվածն էր, որ առաջինը զոհ գնաց 1915-ի Եղեռնին։ Սա վկայություն է այն մասին, որ հայկական հանրությունը, ցավոք, չուներ ազգային ռազմավարություն և այն իրականացնելու համապատասխան միջոցներ ու մեխանիզմներ։ Իր հերթին, ռազմավարական մտածելակերպի և քաղաքական կանխատեսումների մշակույթը ձևավորվում է հանրության մտավոր ներուժի և կազմակերպչական կարողությունների հիման վրա, այսինքն՝ պետք է արձանագրել նաև վերջիններիս անբավարար մակարդակը։
Մեկ դար անց Հայաստանը և Սփյուռքը հայտնվել են մի իրադրությունում, որը նույնպես կարիք ունի ադեկվատ ըմբռնման և գնահատման։ Դրա հրատապությունը պայմանավորված է նրանով, որ գլոբալ հարթությունում ընթանում է վերակառուցում. միաբևեռ աշխարհակարգը կազմալուծվում է, և փոխարենը ձևավորվում է բազմաբևեռ համակարգ՝ այստեղից հետևող աշխարհաքաղաքական, տնտեսական և արժեհամակարգային փոփոխություններով։ Արդյունքում՝ ողջ աշխարհում աճում է ռազմաքաղաքական լարվածությունը, իսկ հակամարտության հասնող հարաբերությունները հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների միջև ենթարկվում են նոր, արդեն «Երկրորդ սառը պատերազմի» կանոններին [1, 2]։ Պատմության ներկա փուլը, ըստ ամենայնի, կարող է շրջադարձային լինել։ Այն ինչ-որ առումով կարելի է համեմատել ինչպես Առաջին համաշխարհայինի ժամանակաշրջանում տեղի ունեցող աշխարհի վերաձևման և աշխարհակարգի հեղափոխական փոփոխությունների, այնպես էլ ոչ շատ վաղ անցյալում ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդող գործընթացների հետ։ Անկասկած, համակարգային վերակառուցման այս երևույթը կարիք ունի բովանդակային ըմբռնման և սցենարային վերլուծության, որոնց վրա հենվելով միայն հնարավոր կլինի մշակել հայկական հանրության շահերին համապատասխանող ռազմավարական ծրագրեր։
Չքննարկելով գլոբալ գործընթացների համախումբը՝ խիստ համառոտ անդրադառնանք աշխարհագրորեն մեզ ավելի մոտ ընթացող գործընթացներին։ Նման մարտավարական հարթությունում ներկայիս իրավիճակի ամենավառ արտահայտություններն են, այսպես կոչված, «հիբրիդային» պատերազմները Մեծ Մերձավոր Արևելքում (ՄՄԱ) և Ուկրաինայում։ Փորձենք խիստ համառոտ դիտարկել գործընթացներն այդ տարածաշրջաններում՝ Հայաստանի (ՀՀ ու ԼՂՀ) և Սփյուռքի հայկական համայնքների անվտանգության տեսանկյունից։
Մեծ Մերձավոր Արևելք
Իրաքյան պատերազմը (2003թ.), «արաբական գարունը» և Իսլամական պետության (ԻՊ) ինքնահռչակումը տարածաշրջանում ձևավորել են քաոտիկ իրավիճակ, որից էապես տուժել, իսկ երբեմն՝ անդառնալիորեն կազմալուծվել են տեղի հայկական համայնքները։ Վերջիններս ոչ միայն արևմտահայության անմիջական ժառանգներն են, այլև արևմտահայ մշակույթի կրողները և տարածողները։ Այդ տեսանկյունից ՄՄԱ-ում ընթացող զարգացումները կարելի է ընկալել որպես Ցեղասպանության շարունակություն։ Ակնհայտ է, որ մերձավորարևելյան գործընթացներն ուղղակի սպառնալիք են Սփյուռքի և ողջ հայկական հանրության համար։ Պետք է նաև ընդունել, որ մենք պատրաստ չէինք այդ մարտահրավերին և, ցավոք, առայսօր չունենք դրան համալիր արձագանքելու ծրագրեր և հնարավորություններ։
Միևնույն ժամանակ, մերձավորարևելյան զարգացումները կարիք ունեն մեկնաբանման նաև տեղեկատվական քաղաքականության տեսանկյունից։ Ինչպես հայտնի է, ՄՄԱ-ում տեղի են ունենում բնակչության կրոնական և ազգային հատկանիշներով պայմանավորված զանգվածային (հաշվարկվում է միլիոններով) սպանություններ և տեղահանում, զուգահեռաբար ոչնչացվում են համայն մարդկությանը պատկանող մշակութային արժեքները։ Այդ իրողության պատասխանատուներն են այն երկրները, որոնց ռազմաքաղաքական գործունեությունը ստեղծել է պայմաններ նման ցեղասպանություն իրականացնելու համար [3]։ Թերևս, նպատակահարմար է, որ այս երևույթին ուշադրություն դարձնեն նաև մեր ցեղասպանագետները՝ թեկուզ այն պատճառով, որ Սիրիայի դեմ վարվող պատերազմում և իսլամական ծայրահեղականության ծավալման խնդիրներում անմիջական դերակատարում է ստանձնել Թուրքիան, որն այդպիսով այսօր էլ շարունակում է իր ցեղասպանածին քաղաքականությունը։
Միևնույն ժամանակ, զարգացումները ՄՄԱ-ում վտանգում են ոչ միայն Սփյուռքի, այլև Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) անվտանգությունը։ Քաոտիկ իրադրությունը թելադրում է տարածաշրջանի տերություններին ավելի ինքնուրույն և երբեմն էլ՝ ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել՝ դուրս գալով նախկին համաձայնությունների և պայմանագրերի շրջանակից։ Այդ երևույթը մենք տեսնում ենք հատկապես Իսրայելի և Թուրքիայի օրինակով. մասնավորապես, ԱՄՆ-ի հետ վերջինիս հարաբերություններում որոշակի տարաձայնություններ և սառնություն են նկատվում։ Ի լրումն՝ Իրանի, Իսրայելի և Թուրքիայի միջև աճում է նաև մրցակցությունը տարածաշրջանի առաջատարը լինելու խնդրում։ Թերևս, հենց այս հանգամանքների համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի միջուկային զենք ստեղծելու պլանները [4]։ Ակնհայտ է, որ այս խնդիրը պետք է ընկալել որպես լրջագույն մարտահրավեր՝ ուղղված Հայաստանին և Սփյուռքին։ Նշենք նաև, որ այս խնդիրը նույնպես դուրս է մնացել հայկական հանրության կողմից դիտարկվող և տեղեկատվական շրջանառության մեջ ներմուծվող հարցերի շարքից, մինչդեռ ցեղասպանածին ավանդույթներ ունեցող երկրի ձեռքում նման զենքը բազմակի վտանգավոր է։
Հատկանշական է, որ Թուրքիան, Արևմուտքից ավելի անկախ գործելու և իր ինքնավարության մակարդակը բարձրացնելու նպատակով, ձգտում է ռազմավարական գործընկերություն հաստատել Ռուսաստանի հետ։ Իր հերթին, ՌԴ-ի հանդեպ կիրառվող արևմտյան պատժամիջոցները դրդում են Մոսկվային սերտացնել հարաբերություններն Անկարայի հետ։ Նման քաղաքական տրամաբանությունն ինչ-որ չափով հիշեցնում է նախորդ դարի քսանականների Մոսկվայի և Անկարայի սերտ համագործակցության նախադեպը։ Հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ ներկայումս այդ երկրների միջև տնտեսական շեշտադրումները կատարվում են ոչ միայն ռուսական գազի տեղափոխման հարցում, այլև ատոմային էներգետիկայի ոլորտում։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն նախորդ դարում ստեղծված իրավիճակի, այսօր Ռուսաստանը Հայաստանի ռազմական անվտանգության երաշխավորն է և «միջուկային վահանը» Թուրքիայի պարագայում1։ Միևնույն ժամանակ, պետք է նաև հաշվի առնել, որ եթե այդ «վահանն» այսօր գործուն է ՌԴ խարիզմատիկ առաջնորդի կողմից ձևավորված համակարգի պարագայում, ապա երաշխիքները երկարաժամկետ հեռանկարում այդքան էլ միանշանակ ու հստակ չեն։
Սակայն ԻՊ բացասական գործոնը չի սահմանափակվում միայն Թուրքիայով։ Համաձայն որոշ սցենարների, ԻՊ զինյալները կարող են իրենց գործողությունները տեղափոխել Կովկաս և Մերձկասպյան տարածաշրջան (ինչը մասամբ արդեն տեղի է ունենում2) ու այդպիսով ապակայունացնել նաև Հարավային Կովկասը [5]։ Նման զարգացումը նույնպես անմիջական վտանգ է հանդիսանում Հայաստանի համար։ Նկատենք նաև, որ ըստ որոշ կանխատեսումների՝ իսլամական ծայրահեղականները կարող են օգտվել նաև Ադրբեջանի հասարակությունում «գունավոր հեղափոխության» համատեքստում ընթացող խմորումներից։ Ինչպես վկայում է արաբական և ուկրաինական փորձը, նման հեղափոխությունների արդյունքում ստեղծված իրավիճակներից օգտվում են, առաջին հերթին, ծայրահեղականները, որոնք ունեն ուժային կառույցներ և գործելու հստակ ծրագրեր։ Անկասկած, նման ծայրահեղականացված Ադրբեջանը բոլոր տեսանկյուններից անհամեմատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար։ Այդպիսի սցենարը, որի հավանականությունն այսօր թվում է, թե այնքան էլ բարձր չէ, նույնպես անհրաժեշտ է վերլուծել ու հաշվի առնել։ Հավելենք, որ նմանատիպ զարգացումները հնարավոր են նաև Թուրքիայի պարագայում, որի համեմատաբար «մեղմ իսլամական» վարչակարգը կարող է վերափոխվել ծայրահեղականի։ Այստեղ պետք է, անշուշտ, հաշվի առնել նաև այն ակնհայտ հանգամանքը, որ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի՝ մենք ունենք միմյանց հետ սերտաճած երկու պետություն և ժողովուրդ։
Սակայն ծայրահեղականության աճ տեղի է ունենում ոչ միայն ՄՄԱ տարածաշրջանում։
Ուկրաինա
Այս երկրում 2014թ. արտաքին ուժերի կողմից հրահրված հերթական գունավոր հեղափոխությունը կատարվել է «Երկրորդ սառը պատերազմի» համատեքստում և ուղղված է Ռուսաստանի դեմ։ Չխորանալով այդ գործընթացների մեջ՝ փորձենք խիստ համառոտ դիտարկել դրանց ազդեցությունը հայկական հանրության և պետության վրա։ Ինչպես հայտնի է, Ուկրաինայում պաշտոնապես բնակվում է շուրջ 100 հազար հայ3, և այդ երկրում ազգայնամոլության աճը, կառավարման և տնտեսության ոլորտներում խորացող ճգնաժամը խիստ բացասաբար են ազդել նրանց վրա։ Իսկ մեր հայրենակիցների այն մասը, որոնք բնակվում են ռազմական գործողությունների տարածքում՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, հայտնվել են հատկապես ծանր պայմաններում։ Այսօր ՀՀ-ում են հայտնվել մեր ազգակից փախստականներ ոչ միայն Մերձավոր Արևելքից, այլ նաև Ուկրաինայից։ Իր հերթին, հայտնի զարգացումներն այդ երկրում և դրանց հետևած՝ Ռուսաստանի հանդեպ կիրառվող արևմտյան պատժամիջոցները բավական բացասաբար են ազդել Ռուսաստանի տնտեսության և, հետևաբար՝ այնտեղ բնակություն հաստատած շուրջ 2 մլն հայերի վրա։ Մասնավորապես, ռուբլու արժեզրկման արդյունքում 2014թ. 10.7%-ով նվազել են նաև ՌԴ-ից ՀՀ կատարվող տրանսֆերտները, որոնք կազմում են ընդհանուր մասնավոր փոխանցումների ավելի քան 80%-ը: Նկատենք, որ «ռուսական տրանսֆերտները» կարևոր դերակատարում ունեն ՀՀ տնտեսությունում, և նրանց մասնաբաժինը, օրինակ, 2013թ. ՀՆԱ-ում, կազմել է 15,4% ($1,6 մլրդ)։ Հաշվի առնելով ՀՀ տնտեսության ոչ այնքան առաջատար դիրքերը (մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն աշխարհում գրավում է 115-րդ հորիզոնականը)՝ այս գործոնի նշանակությունը բավական կարևոր է։ Այսինքն, ելնելով միայն այս ցուցանիշից՝ կարելի է արձանագրել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասաբար է ազդել հայկական տնտեսության վրա։
Ընդհանուր առմամբ, ուկրաինական ճգնաժամը և ՌԴ-ՆԱՏՕ լարված հարաբերությունները բացասաբար են ազդում Հայաստանի անվտանգության վրա։ Մասնավորապես, հենց լարվածությամբ կարելի է բացատրել վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ակտիվությունը։ Սակայն կան նաև որոշ դրական հետևանքներ։ Ղրիմի միացումը ՌԴ-ին, Դոնբասի և Լուգանսկի մարզերի ինքնավարության ձգտումը մեզ համար կարևոր նշանակություն ունեցող ազգերի ինքնորոշման իրավունքի վառ արտահայտություններ են։ Նշենք նաև, որ աշխարհաքաղաքական առումով, հաշվի առնելով ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, Ղրիմի միացումն էապես խոչընդոտում է Սև ծովը «ներքին ավազանի» վերածելու Թուրքիայի հայտնի նկրտումներին, ինչն անխուսափելիորեն կիրագործվեր, եթե այդ թերակղզին մնար Ուկրաինայի կազմում4։
Այսպիսով, կարելի է փաստել, որ հայկական հանրության մի զգալի մասը, Հայաստանին այս կամ այն չափով հարակից տարածաշրջաններում ընթացող զարգացումների հետևանքով, հայտնվել է բավական վտանգավոր իրադրությունում, որը կարիք ունի խոր ըմբռնման, վերլուծության և գնահատման։ Նման աշխատանքը ենթադրում է ազգային մտավոր ռեսուրսների կենտրոնացում, համապատասխան ուղղորդում և արդյունավետ կառավարում։ Մինչդեռ, այս խնդրում և՛ Հայաստանը, և՛ Սփյուռքն ունեն լուրջ բարդություններ։
ՀՀ մտավոր ներուժը ԽՍՀՄ փլուզումից հետո կատարված հեղափոխական փոփոխությունների և «վուլգար ազատականացման» հետևանքով որակապես նվազել է։ Փակվել են հարյուրավոր հետազոտական ինստիտուտներ, կոնստրուկտորական բյուրոներ և բարձրտեխնոլոգիական ոլորտի գործարաններ։ Տնտեսության ներկայիս վիճակը թույլ չի տալիս լիարժեք ֆինանսավորել գիտության և կրթության ոլորտը։ Տագնապալի է այն փաստը, որ վերջին 2 տասնամյակում նվազել է ոչ միայն հանրապետության բնակչությունը5, այլև փոխվել է հանրության կառուցվածքը, որում այսօր գերակայում են սպասարկման և առևտրի ոլորտում աշխատողները [6]։ Բավական է նշել, որ համաձայն որոշ փորձագիտական գնահատականների, որակյալ աշխատուժի թվաքանակը կամ, այսպես կոչված, «բարդ աշխատանքով» զբաղվողների (որակյալ բանվորից մինչև ականավոր գիտնական) թիվը, ամենալավատեսական գնահատականներով, կրճատվել է շուրջ 10 անգամ։ Համաձայն պաշտոնական տվյալների, գիտաշխատողների թիվը նվազել է առնվազն 5 անգամ՝ 30 հազարից հասնելով մոտ 6 հազարի։ Գիտակրթական ոլորտի անկման մասին է վկայում նաև այն փաստը, որ Երևանի պետական համալսարանը վարկանիշային ցուցակներում զբաղեցնում է 1400 հորիզոնականից ցածր գտնվող դիրքեր։
Մտավոր ներուժի ոլորտում հուսադրող չեն գործերը նաև Սփյուռքում։ Որպես վերջին տարիների ամենամեծ կորուստ կարելի է գրանցել Մելքոնյան վարժարանի փակումը։ Փայլուն չեն գործերը նաև հայագիտական կենտրոններում։ Համաձայն «Նորավանք»-ի փորձագետների գնահատականների, արտերկրում գործող մոտ 90 նման կենտրոններից միայն 14-ն են, որոնք այս կամ այն չափով (ցավոք, երբեմն ոչ այնքան բարձր մակարդակով) զբաղվում են հայությանն առնչվող արդիական խնդիրներով [7]։ Երբեմն փոքր-ինչ պարզունակ են նաև Սփյուռքի հայկական մամուլի մոտեցումներն աշխարհաքաղաքական իրողությունների նկատմամբ [8]։ Գոյություն ունեցող իրադրությունը, մասնավորապես, հետևանք է այն իրողության, որ, այսպես կոչված, «հայկական կապիտալը» (ինչպես արտերկրում, այնպես էլ հայրենիքում) լավ չի պատկերացնում Հայաստանի և Սփյուռքի ներկայիս իրավիճակը՝ այսպես կոչված «կոորդինատները» գլոբալ հարթությունում։ Բնականաբար, չի գիտակցվում նաև մտավոր ներուժի զարգացման կարևորությունը։ Արդյունքում՝ նրանց գործարարությունից դուրս «ազգասիրական» քայլերը հաճախ արտահայտվում են հերթական խաչքարի տեղադրումով այս կամ այն կառույցի հարևանությամբ։ Հարկ է նաև շեշտել, որ արդի ռազմաքաղաքական «տուրբուլիզացիայի» պայմաններում տեղի է ունենում միջազգային իրավունքի և նորմերի սրընթաց արժեզրկում։ Այսինքն՝ հայկական հանրության այն մասի հույսերը, թե Հայ դատի նկատմամբ միջազգային հանրության «բարյացակամ վերաբերմունքը» կհանգեցնի, օրինակ, Սևրի դաշնագրի հիման վրա մեր պահանջատիրությունը բավարարելուն, պատրանքային են և դրանով իսկ վտանգավոր։
Մինչդեռ մեր մրցակիցների պարագայում իրավիճակը միանգամայն այլ է։ Տնտեսապես զարգացած Թուրքիայում (ՀՆԱ ցուցանիշով 17-րդ տեղում է աշխարհում) գործում է 186 համալսարան, իսկ կրթությանը հատկացվող ծախսերը կազմում են $24 մլրդ։ Համաձայն The Times-ի 2013-2014թթ. բուհերի վարկանիշային ցուցակի, աշխարհի լավագույն 500 համալսարանների շարքում ընդգրկվել է թուրքական 5 բուհ։ Իսկ ըստ ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի 2014թ. «Գիտահետազոտական ակտիվության» ցուցանիշի՝ Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 19-րդ տեղը։ Հատկանշական է, որ այդ երկիրն առաջատարներից է նաև գրքերի հրատարակման և ընթերցման առումով՝ 2012թ. հրատարակվել է 42626 նոր գիրք6։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ երկրում ձևավորվել են շուրջ 100 «ուղեղային կենտրոններ» (think-tank), որոնց մի ստվար մասն իրականացնում է երկրի զարգացմանն ուղղված վերլուծություններ և ռազմավարական մշակումներ։ Հատկանշական է, որ դրանցից մի քանիսը մշակում են քաղաքական հատուկ տեխնոլոգիաներ հայկական պահանջատիրական նախաձեռնությունները չեզոքացնելու նպատակով՝ շեշտադրումները հիմնականում կատարելով Սփյուռքի ուղղությամբ [9]։ Ի լրումն այս ամենի՝ բավական աշխուժացել են նախկինում որևիցե մի լուրջ հաջողություն չարձանագրած ադրբեջանական հետազոտական կառույցները [10]։
Որոշ հետևություններ
Արցախյան հակամարտության խնդրում խորացած մի բրիտանացի վերլուծաբան իր հրապարակումներից մեկում արտահայտվել է այն ոգով, թե հայկական կողմը պատերազմը շահեց, քանի որ «տեխնոլոգիապես» (կամ այլ խոսքերով՝ մտավոր ռեսուրսներով) գերազանցում էր հակառակորդին։ Ներկայիս՝ նույնպես շրջադարձային նշանակություն ունեցող պատմական շրջանում այդ առավելությունը, ցավոք, զգալիորեն նվազել է, և ստեղծված իրավիճակը պետք է ընդունել որպես լրջագույն մարտահրավեր՝ ուղղված Հայաստանին և Սփյուռքին։ Միևնույն ժամանակ, կասկած չի հարուցում, որ մեր ստեղծարար հանրությունը, անհրաժեշտ ուշադրության և կազմակերպման պարագայում, կարող է արագ լրացնել այդ բացը։ Մասնավորապես, հրատապ խնդիր պետք է համարել Հայաստանի և Սփյուռքի առաջատար վերլուծաբանների մասնակցությամբ «ուղեղային կենտրոնների» հիմնումը, որոնք պետք է վերլուծեն «հայկական հիմնախնդիրները», մշակեն ազգային ռազմավարության ծրագրեր և դրանց իրագործման քաղաքական-տնտեսական տեխնոլոգիաներ։
1 Гагик Арутюнян, «Наихудший сценарий – реализация Турцией своих амбиций по созданию ядерного оружия», http://www.golosarmenii.am/article/26167/naixudshij-scenarij-%E2%80%93-realizaciya-turciej-svoix-ambicij-po-sozdaniyu-yadernogo-oruzhiya---.
2 Տե՛ս, մասնավորապես՝ Станислав Иванов, «Россия в борьбе с исламистскими группировками», http://ru.journal-neo.org/2015/03/08/rus-rossiya-v-bor-be-s-islamistskimi-gruppirovkami/.
3 Հետխորհրդային հանրապետություններում բնակվող հայերի իրական թիվը, որպես կանոն, 10-20%-ով բարձր է պաշտոնապես գրանցվածներից։
4 Гагик Арутюнян, «Возврата к прежнему статусу Крыма уже не будет», http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12593
5 Հայաստանի բնակչությունը 1989թ. կազմել է 3.3 մլն, 2020 և 2030թթ. կանխատեսվում է համապատասխանաբար 2.5 մլն և 2.0 մլն։ Նկատենք, որ այդ նույն թվականներին Ադրբեջանի բնակչությանը վերաբերող թվերը կազմում են համապատասխանաբար 7.0, 10.0 և 10.5 մլն։
6 Տե՛ս Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2013թ. Վիճակագրական ժողովածու, Երևան, ՀԱԳ, 2014, էջ 8, http://book-chamber.am/pdf/statistika-mamul2013_new.pdf.
2012 Türkiye Kitap Pazarı Raporu, “Türkiye Yayıncılar Birliği –Resmi sitesi”
http://www.turkyaybir.org.tr/yayincilik-sektoru-verileri/2012-turkiye-kitap-pazari-raporu/475.
Աղբյուրներ և գրականություն
1. Гагик Арутюнян, О некоторых особенностях «Холодной войны-2», «21-й Век», # 2(31), с. 3, 2014.
2. Ричард Хаас, Разваливающийся миропорядок, «Россия в глобальной политике», #6(12), с. 22, 2014.
3. Gagik Harutyunyan, The Multipolar Realities, Middle East and News Ticker Genocide, «21-st Century», #2(14), p. 3, 2013.
4. Գագիկ Հարությունյան, Թուրքական միջուկային սպառնալիքը, «Նորավանք» ԳԿՀ, «Գլոբուս», #4 (25), 2012թ., Արա Մարջանյան, Միջուկային Թուրքիա, «Նորավանք» ԳԿՀ, «Գլոբուս», #4, 2012թ., Հայկ Գաբրիելյան, 2023 թվականը միջուկային երկրի կարգավիճակով դիմավորելու Թուրքիայի հավակնության շուրջ, «Գլոբուս» վերլուծական հանդես, #10, 2014։
5. С. Иванов, Радикальный ислам как угроза международной безопасности, «Зарубежное военное обозрение», с. 22, #1(814), 2015.
6. Գագիկ Հարությունյան, Ժողովրդագրություն, զարգացման ռազմավարություն և տեխնոլոգիաներ, «21-րդ ԴԱՐ», #1(58), էջ 5, 2015։
7. Ա.Սիմավորյան, Վ.Հովյան, Տ.Ղանալանյան, Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2014։
8. Ա.Ժամակոչյան, Ա.Մանուսյան, Դ.Գալստյան, Լ.Հակոբյան, Սփյուռքի դիրքորոշումները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2014։
9. Արիստակես Սիմավորյան, «Թուրքիայի ուղեղային կենտրոնների զարգացման նախադրյալները. այժմեական խնդիրները», «21-րդ ԴԱՐ», # 6, 2012, էջ 20։
10. Կարեն Վերանյան, Հարավային Կովկասի երկրների գիտահետազոտական գործունեությունը. վիճակագրական վերլուծություն, « 21-րդ ԴԱՐ», #1(58), 2015։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]