ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՍՊԵԿՏ)

«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն
Զեկուցում՝ կարդացված երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների համար, Եվրասիական փորձագիտական ակումբի «Գլոբալ մարտահրավերները և Եվրասիական ինտեգրացիան» թեմայով կլոր սեղանի ժամանակ, 2015թ. փետրվարի 27-ին, «Նորավանք» ԳԿՀ-ում, Երևան։
Այսօր Եվրասիայի մի լայն հատված (Ուկրաինա, «Նոր Մերձավոր Արևելք»՝ Մարոկոյից մինչև Պակիստան), ինչպես նաև աֆրիկյան աշխարհամասի մի մասը, ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական առումներով գտնվում է տուրբուլիզացված՝ քաոսային վիճակում։ Կարելի է փաստել, որ ազդեցության ոլորտների զավթումը, որն սկսվել էր անցած դարավերջին՝ միաբևեռ հեգեմոնիայի հաստատմամբ, փոխակերպվում է բազմավեկտոր դիմակայության, որն ընթանում է բազմաբևեռ աշխարհակարգի արդեն ավելի անկայուն, ուստիև՝ վտանգավոր կանոններով։ Այսօր այդ իրավիճակի առավել ճշգրիտ ինտեգրալային ցուցիչներ են հանդիսանում պատերազմներն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, որոնցում այս կամ այն չափով ներգրավված են ԱՄՆ-ը և ՆԱՏՕ երկրները, նրանց սատարող որոշ արաբական ռեժիմներ և նրանց դիմակայող Ռուսաստանը, Իրանն ու որոշակի չափով՝ Չինաստանը։
Միանգամայն օրինաչափ է, որ բազմաբևեռ իրողությունների պայմաններում ստեղծվում են տարատեսակ ռազմական և տնտեսական միություններ, որոնցում ընդգրկվում են ազգային շահերով և քաղաքակրթական ընդհանրություններով միմյանց մոտ պետությունները։
Միևնույն ժամանակ, համաձայն հեղինակավոր սցենարային վերլուծությունների՝ բնավ չի բացառվում, որ այս կամ այն հատկանիշներով ինտեգրված ասոցիացիաները փորձեն մեկուսանալ, և որ ինտեգրացիային զուգահեռ՝ հնարավոր են նաև համաշխարհային տարածքի հատվածայնացման գործընթացներ։ Նման միտումն արդյունքում կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական բեկվածքների կազմավորման և դրանով իսկ՝ հակամարտությունների հավանականության մեծացման։ Բայց մենք կարծում ենք, որ գլոբալ անվտանգության համատեքստում ինտեգրացիոն գործընթացների «բացասական» կամ «դրական» ազդեցությունը շատ բանով կախված է «ինտեգրացիոն մատրիցայի» այսպես կոչված «քաղաքակրթական հիշողությունից»։ Այլ խոսքով՝ կարևոր, եթե ոչ՝ վճռական գործոն են հանդիսանում քաղաքակրթական և աշխարհագաղափարախոսական այն ձգտումները, որոնք պատմականորեն դրված են ինտեգրված պետությունների հասարակությունների հիմքում։ Այս առումով հատուկ պետք է նշել, որ, օրինակ, ապագա Եվրասիական միության «ինտեգրացիոն մատրիցան», նկատի ունենալով նրա բազմամշակութային և լուսավորչական ավանդույթը, էլ չենք ասում ռեսուրսների և աշխարհագրական առավելությունների մասին, կարող է կայունություն և դրական զարգացում հաղորդել եվրասիական ողջ աշխարհամասին ինչպես հարավարևելյան, այնպես էլ արևմտյան ուղղություններով։
Տեղեկատվական ներգործությունը և արժեքների փոփոխությունն «ինտեգրացիոն մատրիցայում»
Տեղեկատվական անվտանգության ներքին և արտաքին խնդիրների կոռեկտ քննարկման համար առնվազն անհրաժեշտ է պարզել մեր երկրների և հանրությունների արժեքային կողմնորոշիչներն ու կոորդինատները ժամանակի տվյալ կտրվածքում։ Սակայն այդ կոորդինատները պարզելու և, առավել ևս՝ իրավիճակի հնարավոր կանխատեսման համար անհրաժեշտ է պատկերացում ունենալ այն գործընթացների և փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել վերջին քառորդ դարում։ Փորձենք կատարել մեր արդի պատմության վերլուծաբանական համառոտ էքսկուրս՝ տեղեկատվական քաղաքականության եզրերով։
Հայտնի է, որ հեղափոխությունները հանգեցնում են համակարգային վերափոխումների և խոր փոփոխությունների հանրային ոլորտում։ Միևնույն ժամանակ, անցյալ դարի 90-ականների լիբերալ հեղափոխությունը տեղի ունեցավ ոչ միայն ԽՍՀՄ-ում կուտակված սոցիալ-տնտեսական, ազգային և ներքին ու արտաքին բնույթի քաղաքական հիմնախնդիրների պատճառով, այլև շնորհիվ գլխավոր աշխարհաքաղաքական և գաղափարախոսական հակառակորդի մտածված ռազմավարության ու հետևողական գործողությունների։ Թերևս, կարելի է համաձայնել Պենտագոնի փորձագետների այն պնդումների հետ, թե Սառը պատերազմը նրանք շահեցին այն պատճառով, որ «մենք նրանց մասին ավելին գիտեինք, քան նրանք՝ մեր մասին»։
Այս ռազմավարության կարևորագույն տարրն էր պարբերական տեղեկատվա-հոգեբանական ներգործությունը խորհրդային հասարակության վրա, օրինակ՝ «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների ռադիոհաղորդումների միջոցով, որոնցում հմտորեն կերտվում էր Արևմուտքի անբասիր «կերպարը» և ներկայացվում «սոցճամբարի մռայլ իրականությունը»։
«Հետհեղափոխական» շրջանում տեղեկատվական ներգործությունն ընդունեց համատարած բնույթ։ Հատկանշական է, որ այդ գործընթացի վարման ամենակարևոր գործիքանին դարձան հայրենական լրատվամիջոցները, որոնք ոչ միայն «նոր» կարգերի գաղափարական սպասարկումն էին ապահովում, այլև երբեմն աշխատում էին «սեփական ժողովրդի դեմ տեղեկատվական պատերազմի» ժանրում։ Հայտնի է, որ հենց այս սկզբնական փուլում գործի դրվեցին «Ռուսաստանն առանց հերոսների» տիպի մասշտաբային նախագծերը, «վերիմաստավորվեցին» Հայրենական մեծ պատերազմի պատճառներն ու արդյունքները և այլն։
Յուրատեսակ փոփոխություններ տեղի ունեցան նաև ԶԼՄ բառապաշարում, որոնք ձևավորեցին նոր հասկացություններ և պատկերացումներ։ Ուշագրավ է այդ տարիներին կազմավորված և ցայժմ պահպանված «հետխորհրդային տարածք» բառակապակցությունը։ Այստեղ «հետ» նախդիրը և «խորհրդային» մակդիրը պատկերացում են տալիս այդ երկրների քաղաքական-հասարակական անցյալի մասին, բայց չեն կրում իմաստային բեռնվածություն դրանց արդի վիճակի մասին։ Իսկ «տարածք» բառը զուգորդվում մի ինչ-որ անդեմ և ամայի տարածքի հետ։ Ուստի, այն ընկալվում է բացասաբար և հարաբերակցվում է տվյալ «տարածքում» առկա առանձնահատուկ, որպես կանոն՝ չլուծված հիմնախնդիրների հետ։
Նման այլ օրինակներ կարող են ծառայել այն հասկացությունները, որոնք այժմ կարծես թե բնութագրում են մեր տնտեսական և սոցիալական կոորդինատները։
Օրինակ, Հայաստանի ներկայիս տնտեսական դրությունը ցայժմ բնորոշվում է որպես «անցումային շրջան», և ընդունվող սոցիալ-տնտեսական որոշումները հաճախ ենթարկվում են այդ հասկացության տրամաբանությանը։ Այնինչ, այն չի կարող ճշգրիտ բնութագրում հանդիսանալ թեկուզև այն պատճառով, որ համապատասխան «անցումային բարեփոխումներն» իրականացվում են արդեն մոտավորապես քառորդ դար, իսկ «անցումային» եզրը պարունակում է ժամանակային սահմանափակումներ։
Երբեմն կիրառվում է նաև ոչ այնքան հիմնավորված և ավելի շուտ՝ գովազդային բնույթ կրող «զարգացող տնտեսություն» եզրը, որը նույնպես համարժեք չէ իրականությանը՝ հաշվի առնելով բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշները։
Մեր մոտեցման համաձայն՝ Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը թույլ է տալիս այն բնորոշել որպես «ապաինդուստրիալացված» երկիր. բավական է նշել, որ ՀՀ ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության բաժինը 40%-ից նվազել է մինչև 20%-ի, իսկ տնտեսության այս հատվածում նկատելիորեն նվազել է բարձրտեխնոլոգիական արտադրանքը։ Այս երևույթը բնորոշ է նաև հետխորհրդային մի շարք այլ երկրների, որոնցում խարխլվել է ոչ այնքան մրցունակ և չդիվերսիֆիկացված արդյունաբերական համալիրը, բայց դրա լիարժեք փոխարինողն այդպես էլ չի ստեղծվել։ Այս առումով բացառություն է Բելառուսը։ Արևմտյան պատժամիջոցների մտցվելուց հետո վերինդուստրիալացման քաղաքականություն են փորձում իրականացնել նաև ՌԴ-ում, որտեղ հրատապ է դարձել ռազմարդյունաբերական համալիրի ինքնաբավության ապահովման խնդիրը։
«Ապաինդուստրիալացում» հասկացությունը թույլ է տալիս ճշտել նաև հայ հասարակության «զարգացածության կարգավիճակի» կոորդինատները։ Տեղեկատվական տարածքում մենք հանդիպում ենք «ՀՀ-ն պատկանում է հետինդուստրիալ կամ «տեղեկատվական» երկրների շարքին» ձևակերպմանը։ Նշենք, որ նման ձևակերպումը ենթադրում է, որ հանրությունում գերակշռում է նոր գիտելիքների՝ տեղեկատվության արտադրությունը։ Նշենք, որ նորմալ զարգացման պարագայում նման ձևակերպումը, անշուշտ, արդարացված կլիներ, քանի որ անգամ այսօր ՀՀ-ն գիտատեխնիկական ակտիվության իր վարկանիշով զբաղեցնում է աշխարհում 75-րդ տեղը (Քուվեյթից հետո և Եթովպիայից առաջ)։ Սակայն դա ավելի շուտ պայմանավորված է խորհրդային շրջանում զարգացած և մինչև օրս պահպանված գիտակրթական և տեխնոլոգիական համակարգի ավանդույթներով, քան թե նոր նվաճումներով։ Այսպիսով, կարելի է ցավով արձանագրել, որ ներկա իրադրությունում ՀՀ-ում գերազանցապես իրականացվում է արդեն առկա տեղեկատվության «բազմապատկում», քան թե նորի ստեղծում։ Նման իրավիճակը (հաշվի առնելով այն, որ հասարակությունը կորցրել է իր «ինստիտուցիոնալ» կարգավիճակը, այսինքն՝ չի կարող կոչվել «հետինդուստրիալ») այսօր թույլ է տալիս այդ հասարակությունը բնորոշել որպես «թվացյալ տեղեկատվական» կամ «քվազիտեղեկատվական»։
Չպետք է բացառել, որ վերոնշյալ եզրերի «գործարկումը» և «տարածումը» մեդիա-տարածքում յուրատեսակ մեմեր են, այսինքն՝ իմաստային ուղղորդող կողմնորոշիչներ, որոնք փոխանցվում են մի գիտակցությունից մյուսին և ձևավորում են որոշակի, մեր պարագայում՝ բացասական ընկալում։ Այսպիսով, բնավ չի կարելի բացառել, որ «հետխորհրդային» բառապաշարի որոշ տարրեր հանդիսանում են տեղեկատվական գործողությունների արդյունք՝ որոշակի հասկացությունների բացասական ընկալում ձևավորելու նպատակով։
Նշենք, որ նման տեղեկատվական ռազմավարություն կիրառվում է ոչ առաջին անգամ։ Ժամանակին՝ Երկրորդ համաշխարհայինից հետո, օկուպացված Արևմտյան Գերմանիայում և Ճապոնիայում այդ երկրների հանրությունների համապատասխան վերափոխման և կառավարման համար կիրառվում էին տեխնոլոգիաներ (nation building և այլն), որոնք շատ նման էին այն տեխնոլոգիաներին, որոնք կես դար անց ներդրվեցին նախկին միութենական հանրապետություններում։ Միևնույն ժամանակ, պատերազմից հետո անցած կես դարի ընթացքում կատարվեցին այնպիսի փոփոխություններ, որոնք քանիցս բարձրացրին հասարակությունների կառավարման տեխնոլոգիաների արդյունավետությունը։ Փորձենք հակիրճ թվարկել այդ փոփոխությունները.
• Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած հեղափոխությունը (Ինտերնետի, բջջային հաղորդակցության միջոցների ի հայտ գալը և այլն) որակապես ընդլայնեց հոգեբանական ներգործության տեխնիկական հնարավորությունները։
• Տեղեկատվական և ցանցակենտրոն պատերազմների տեսությունների ստեղծումը և զարգացումն էապես բարձրացրին անցկացվող միջոցառումների մեթոդաբանական մակարդակը և արդյունավետությունը։ Մեծ թափով սկսեցին կիրառվել «երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների» տեխնոլոգիաները, որոնց հիմնական խնդիրը հակառակորդի արժեհամակարգի խափանումն էր և այնտեղ սեփական «մշակութային կոդի» ներդրումը։
• Զանգվածային տարածում ստացան միջազգային և դրանց հիման վրա տեղերում տարածվող, ամենատարբեր ուղղվածություններ ունեցող ոչկառավարական կազմակերպությունները (ՈԿԿ), որոնք, ֆինանսական, լոբբիստական և կազմակերպչական մեծ հնարավորություններ ունենալով, նպատակուղղված կերպով աշխատում են հասարակության որոշակի հատվածների հետ։
Բերված գործոնների ամբողջությունն ընդհանուր առմամբ ապահովեց հասարակության գիտակցության համատարած մանիպուլացումը, հասարակություն, որը կարճ ժամանակամիջոցում որոշակիորեն փոխեց ոչ միայն իր քաղաքական կողմնորոշումները, այլև, որ շատ ավելի կարևոր է՝ արժեհամակարգը։ Հատկանշական է, որ այդ արժեհամակարգի կրողը՝ բազմաթիվ անեկդոտների հերոս homo soveticus-ը, որը դատապարվում էր խորհրդային բողոքական ընտրանու միջավայրում, ի տարբերություն որոշ արդի homo economicus-ների և homo liberalus-ների, այսօր բավական բարձր է գնահատվում։ Նա ընդհանուր առմամբ գրագետ և բազմակողմանի զարգացած մարդ էր։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում եկեղեցու որոշ ներկայացուցիչներ այսօր համոզմունք են հայտնում, որ աթեիստական ԽՍՀՄ-ի քաղաքացիները հաճախ շատ ավելի մոտ էին իսկական քրիստոնեական արժեքներին ու հասկացություններին, քան նրանք, ովքեր ապրում են «խղճի և կրոնի ազատության» պայմաններում և հետևում են միայն կրոնական ծիսակատարության ձևական կողմին։ Այս համատեքստում կարելի է ասել, որ, հետևելով Ա.Չեխովից փոխ առած՝ «մեր միջից ստրուկին վանելու» անհրաժեշտության մասին վերակառուցողական կարգախոսին, հետխորհրդային հասարակությունն «իրենից դուրս է վանել» նաև բավական արժեքավոր որոշ հատկանիշներ («խորհրդային քաղաքակրթության» մարդկային չափման առանձնահատկությունների մասին տե՛ս Սերգեյ Կարա-Մուրզայի հիմնարար աշխատությունները)։
ԽՍՀՄ փլուզման բավական խոր և մետաֆիզիկական բնորոշում է տվել (homo soveticus-ի համատեքստում) Ալեքսանդր Պանարինն իր «ХХI դարի ռազմավարական անկայունությունը» գրքում։ Ըստ այս փիլիսոփայի՝ «մեր հիպոթեզն այն է, որ նորագույն իրադարձությունները Ռուսաստանում ունեն համաշխարհային պատմական արմատներ. դրանք կապված են սոցիալ-տնտեսական, քաղաքական և գաղափարախոսական այն բոլոր կացութաձևերի հանդեպ ինդիվիդուալիստ բուրժուայի գլոբալ ռևանշ վերցնելու փորձի հետ, որոնք դարձան մարդկության առավել զարգացած (մտավոր և բարոյական առումներով) մասի պատասխանը բուրժուական հերձվածողության (отщепенство) նիհիլիստական մարտահրավերին։ Սակայն, ինչպես արդեն նշվել է, իրական պատմական տիպերը չեն կառուցվում պրիմիտիվ կացութաձևային դետերմինիզմի հիման վրա՝ որպես միաչափ դասային, գաղափարախոսական և այլ «էության» ծնունդ»։ Խորհրդային մարդուն այդօրինակ միաչափությունից փրկում էր նրա դասային մշակութային ժառանգությունը, առաջին հերթին՝ գրական-գեղարվեստականը։ Համատարած գրագիտությունը հանելուկ չէ, այն կարելի է ներդնել՝ համապատասխան ուժեր և միջոցներ ծախսելով։ Հանելուկն այն է, թե ինչպես այն օգտագործվեց «խորհրդային մարդու» կողմից խոր անձնային մակարդակում։ Կարդալ սովորածները կարող են կլանել բազմաթիվ կոմիքսներ, դետեկտիվներ և «սուպերդետեկտիվներ», «մեծ նկարներով փոքր տեքստեր» (հատկապես պոռնոգրաֆիական բովանդակության)։ Այս ամենը մենք տեսնում ենք ամերիկյան մասսայական մշակույթի օրինակով, որն այսօր հեղեղել է աշխարհը։ Ավելի դժվար է բացատրել այն փաստը, որ «առաջին սերնդի» գրագիտությունը յուրացրած պատանիներն ու աղջիկները սկսեն Պուշկին, Տոլստոյ, Դոստոևսկի կարդալ՝ մակարդակ, որն Արևմուտքում էլիտար է համարվում»։ Դժվար է որևէ բան ավելացնել ասվածին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]