• am
  • ru
  • en
Версия для печати
19.01.2015

«ՉՊԵՏՔ Է ԵՐԿՈՒ ԵՐԵՎՈՒՅԹ ԽԱՌՆԵԼ ԻՐԱՐ` ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

   

Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներից հետո հայ ազգին սպասում էր այս տարվա առաջին ու հուսանք վերջին հուժկու հարվածը: Դեռեւս տիրող տոնական տրամադրությունը մեկ րոպեում հօդս ցնդեց, երբ տարածվեց բոթը. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքից 6-ը սպանվել է, իսկ ընտանիքի ամենակրտսերը` 6-ամսական Սերյոժան, դեռեւս հիվանդանոցում է: Այս ողբերգության միակ կասկածյալը, ով անգամ չփորձեց էլ հերքել իր մեղքը, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, ինչն էլ դարձավ քաղաքական շահարկումների, ինչպես նաեւ ազգամիջյան լարվածություն ստեղծելու ջատագովների ակտիվացման պատճառ:

Դեպքի, տեղի ունեցածի դրդապատճառների ու հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների մասին էլ «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ՄԱՅԴԱՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ Է, ՈՐ ԳՐԵԹԵ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ` ՆՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ ԱՅՍՏԵՂ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

-Պարոն Հարությունյան, այսօր շատերը պնդում են, թե տեղի ունեցածից հետո Գյումրիի ռուսական ռազմաբազան ընդհանրապես պետք է փակել ու հեռացնել Հայաստանից ռուս սահմանապահներին: Արդյո՞ք մեզ այսպիսի «ճոխություն» կարող ենք թույլ տալ, երբ այսօր խիստ լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում:

- Անշուշտ ոչ, եւ դրանք շատ կարճամիտ հայտարարություններ են: Հասկանալի է` եղել է ողբերգություն, կան զգացմունքային մոտեցումներ, բայց կարծում եմ` չպետք է երկու երեւույթ խառնել իրար` ողբերգությունը եւ մեր ազգային անվտանգության կարեւորագույն խնդիրները:

- Իսկ ի՞նչ կասեք տեղի ունեցած ողբերգության հիման վրա Հայաստանում «մայդան» անելու ոմանց սցենարների մասին:

- Համոզված եմ, որ մեր հանրությունը բավականաչափ խելամիտ է, եւ մանավանդ ուկրաինական դեպքերից հետո «մայդան» հասկացությունը այնքան վարկաբեկված է, որ գրեթե համոզված եմ` նման երեւույթ այստեղ չի կարող լինել:

«ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԵՎ, ՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՆ ԿՈՐԾԱՆԵՑ ԻՐ ԿՅԱՆՔԸ»

-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչի՞ հետեւանք կարող էր լինել սա, եւ արդյո՞ք պատճառը հենց այն չէ, որ ռուսական ռազմաբազայում կադրերի սխալ ընտրություն է կատարվել:

- Չեմ կարծում, որ կադրերի ընտրությունն այդքան թերի է կատարվում հիմա, ուղղակի ողբերգություն է եղել եւ ոչ միայն այդ ընտանիքի համար: Ողբերգություն է նաեւ, որ երիտասարդ տղան կործանեց իր կյանքը: Չէ՞ որ, փաստորեն, սպանողն էլ ինչ-որ տեղ տուժողի դերում է: Այնպես որ, սա ողբերգություն է, եւ չեմ կարծում, որ պետք է խառնել դրանք իրար հետ:

- Նաեւ շրջանառվում է տեսակետ, որ գուցե արտաքին ուժերի ներգրավվածությունը կա այս ողբերգության մեջ, քանի որ հենց նրանց էր առաջին հերթին ձեռնտու, որ հայ-ռուսական հարաբերությունները սրվեն:

- Կարծում եմ, որ ցանկացած բարդություն, որը պատահում է, միշտ փորձվում է օգտագործվել, բայց ընդամենը եւ ոչ ավելին: Չեմ կարծում, թե սա ռեալ ազդեցություն կարող է ունենալ հայ-ռուսական դարավոր հարաբերությունների վրա:

«Ի ՎԵՐՋՈ, ՌԵԱԼ ՎԱՐԿԱԾ ԴԵՌ ՉԿԱ»

-Հայաստանյան ստեղծված հակառուսական տրամադրություններն, ըստ Ձեզ, սթրեսի արդյո՞ւնք է, թե՞ հնարավոր է, որ դա վերածվի հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ հետագա լուրջ տարաձայնությունների:

- Ինչ-որ նստվածք, անշուշտ, մնալու է մարդկանց մոտ: Վերջիվերջո, շատ արտառոց դեպք է, բայց հուսով եմ` ինչպես միշտ, ժամանակն ամեն ինչ կհարթի: Չնայած կրկնում եմ` արտառոց դեպք է, եւ կարելի է հասկանալ գոնե անկեղծ այն մարդկանց, ովքեր սգում են եւ հուզված են: Բայց, իհարկե, ցավոք սրտի, նման պարագաներում օգտվում են նաեւ ոչ այնքան անկեղծ մարդիկ:

- Եվ մի վերջին հարց. կարո՞ղ ենք այսօր ակնկալել, որ արդար դատաստան կլինի, եւ նման դեպքեր գոնե հետագայում չեն կրկնվի Հայաստանում:

- Ես չեմ կասկածում, որ շատ արդար հետաքննություն է լինելու եւ արդար դատավարություն: Ոչ պակաս, քան հայկական կողմը, ռուսական կողմը նույնպես շահագրգռված է, ըստ իս, որպեսզի վեր հանվի իրողությունը, եւ հստակ արդյունքներ լինեն: Եվ անկախ նրանից, թե, ի վերջո, ով կվարի հետաքննությունը, որովհետեւ խոսվում է այն մասին, որ կարող են փոխանցել հայկական կողմին, կարծում եմ, որ անգամ այս փուլում լավ է հենց գործը քննեն ռուսական ռազմական քննիչները, որոնք լավ գիտեն ռուսական ռազմաբազայի առանձնահատկությունները, ապա փոխանցեն հայկական դատավարական համակարգին: Այնուամենայնիվ, որքանով հետեւում եմ, երկու կողմն էլ հավասարաչափ անհանգստացած է եւ մեծ ցանկություն ունի, որպեսզի իրականությունը պարզվի: Չէ՞ որ այսօր կան դեպքի հետ կապված բազմաթիվ վարկածներ, որոնց ես ծանոթ եմ, բայց, ի վերջո, ռեալ վարկած դեռ չկա:

http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=23142:2012-04-04-19-36-17&catid=48:handipum&Itemid=114

Իրավունք Թերթ - Հանդիպում

Ուրբաթ, 16 Հունվար 2015 00:00

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր