• am
  • ru
  • en
Версия для печати
12.01.2015

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ (Իսրայելական փորձից)

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

«Վերադարձի մասին» օրենքը

1950թ. հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում ընդունվեց «Վերադարձի մասին» օրենքը՝ հիմք դնելով սիոնիստական գաղափարախոսության իրավական նորմերի ամրագրմանն ու հանդիսանալով Իսրայելի՝ որպես հրեական ազգային պետության, զարգացման հիմնաքարը։ Այս օրենքով ամրագրվում էր յուրաքանչյուր հրեայի՝ Իսրայել պետություն հայրենադարձվելու իրավունքը։ Այն իրավունք էր տալիս Իսրայելի սահմաններից դուրս բնակվող հրեաներին, վերադառնալով հայրենիք, ստանալ Իսրայելի քաղաքացիություն։ Օրենքով հրեա է համարվում այն անձը, որը ծնվել է հրեա կնոջից կամ ընդունել է հուդայականություն և չի դավանում այլ կրոն։ Հետագա տասնամյակներում օրենքի կիրառության շրջանակներն ընդլայնվեցին՝ պայմանավորված հայրենադարձների կտրուկ աճով։ 1967թ. ստեղծվեց հայրենադարձության և ինտեգրման տեսչությունը, որը կոչված էր կոորդինացնելու Իսրայելի կառավարության և Հրեական գործակալության (եբրայերեն` «Սոխնուտ». գործակալությունը զգալի աշխատանքներ է իրականացրել հրեական սփյուռքի հայրենադարձության հարցում) աշխատանքները։ 1968թ. որոշում ընդունվեց հիմնել հայրենադարձության նախարարություն1։ Հրեական գործակալության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ վերջինս զբաղվեր դեպի երկիր հայրենադարձների ապահովմամբ, իսկ նորաստեղծ նախարարությունն իր վրա էր վերցնում երկրում հայրենադարձների ինտեգրման խնդիրները։ Գործակալության կենտրոնը գտնվում է Իսրայելում։ 1970թ. ընդունված նոր փոփոխություններով իրավունք էր ընձեռվում հայրենադարձվել նաև այն անհատներին, որոնք ազգակցական կապեր ունեն հրեաների հետ` հրեայի երեխաներ, թոռներ, հրեայի ամուսիններ, հրեայի երեխաների ու թոռների ամուսիններին։ 1999թ. օրենքում տեղ գտած փոփոխությունների համաձայն, Իսրայել պետության քաղաքացու հետ ամուսնացած արտերկրացին չի կարող ինքնաբերաբար ստանալ Իսրայելի քաղաքացիություն։ Նա պետք է անցներ քաղաքացիություն ստանալու փուլային գործընթաց։ Այս իրավական նորմը չի տարածվում այն զույգերի վրա, որոնց ամուսիններից մեկը գտնվում է «Վերադարձի մասին» օրենքի իրավական կիրառության դաշտում, և այն զույգերի վրա, որոնք իրենց ամուսնությունը ձևակերպել են մինչև Իսրայել հայրենադարձվելը։

Հայրենադարձության և ինտեգրման նախարարության գործառույթների մասին

Սկզբում նախարարությունը կոչվում էր Ինտեգրման նախարարություն, միայն վերջերս՝ 2013թ. հոկտեմբերի 6-ին այն վերանվանվեց Հայրենադարձության և ինտեգրման նախարարություն։ Իսրայելի ղեկավարությունը նախարարության վերանվանման հարցը պայմանավորեց վերջին շրջանում նախարարության գործունեության բնույթի և գործառույթների վերափոխումներով։ Նախարարությունը կազմված է ավելի քան 20 վարչություններից, որոնց կանդրադառնանք ստորև։

1. Ինտեգրում գիտությունում վարչությունն ուղեկցում է երիտասարդ հայրենադարձներին բուհերում ուսուցման ընթացքում, ինչպես կրթական, այնպես էլ սոցիալական հարցերով։

2. Գործարար նախաձեռնությունների վարչությունն աջակցում է այն հայրենադարձներին, որոնք ցանկանում են Իսրայելում զբաղվել գործարարությամբ։ Վարչությունում իրականացվում են գործարարության զարգացման տարբեր միջոցառումներ՝ խորհրդատվական կենտրոններում համապատասխան խորհրդատվությունների կազմակերպում, անհատ ձեռներեցների դասընթացների անցկացում և արտոնյալ վարկերի տրամադրում։

3. Բնակավայրով ապահովման վարչության գործառույթներից է նոր հայրենադարձներին ժամանակավոր կամ մշտական բնակավայրերով ապահովելը։

4. Ինտեգրում հասարակությունում վարչությունը զբաղվում է նոր հայրենադարձների սոցիալ-հասարակական, մշակութային, լեզվաբանական ինտեգրման հարցերով։ Հիմնական շեշտադրումը կատարվում է հայրենադարձների շրջանում հրեական և իսրայելական ինքնագիտակցության և ինքնության զարգացման վրա։

5. Հայրենադարձ զինվորականների վարչությունն աջակցում է զինվորական հայրենադարձներին և նրանց ընտանիքներին Իսրայելի պաշտպանության բանակում ադապտացման հարցերով։

6. Ուլպանների (լեզվի ուսուցման կենտրոններ) վարչությունը մասնագիտացած է հայրենադարձների շրջանում եբրայերենի ուսուցման հարցերում։

Հայրենադարձության կազմակերպման մեխանիզմներն Իսրայելում. առաջին քայլերը

Հայրենադարձության կազմակերպման գործընթացն Իսրայելում իրականացվում է «Վերադարձի մասին» օրենքի հիման վրա, ինչը գործնականում նշանակում է, որ Իսրայել ժամանելուն պես հրեան դառնում է այդ երկրի քաղաքացի՝ իր բոլոր պարտականություններով և իրավունքներով։ Այն անձինք, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն, կարող են պահպանել այն, քանի որ Իսրայել պետությունն ընդունում է երկքաղաքացիությունը։ Ինչպես հրեաների շրջանում է տարածված ասել, հայրենադարձության ֆիզիկական և իրավական գործընթացը մեկնարկում է Բեն-Գուրիոն օդանավակայան ժամանման պահից սկսած, երբ նոր հայրենադարձներին անձնագրային հսկողության անցկացման գործընթացից հետո ուղեկցում են հայրենադարձների համար նախատեսված սպասասրահ։ Այստեղ կազմակերպվում է հայրենադարձի գրանցման գործընթացը։

Հայրենադարձների ինտեգրման առաջին քայլերն առավել հեշտ կազմակերպելու նպատակով օդանավակայանում հայրենադարձին տրվում է հետևյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ հիվանդներին և հաշմանդամներին առաջին բուժօգնության կազմակերպում, մոր և մանկան սենյակի հատկացում, անվճար հեռախոսազանգ կատարելու հնարավորություն Իսրայելի ներսում և արտերկիր, թեթև հյուրասիրության կազմակերպում։

Օդանավակայանում նախարարությունը յուրաքանչյուր հայրենադարձին կամ հայրենադարձ ընտանիքին կցում է «անհատական մշտական ներկայացուցիչ-խորհրդատու»՝ հետագա ինտեգրման հարցերով զբաղվելու համար։ Ասել է թե՝ ժամանման պահից սկսած հայրենադարձի հետագա ինտեգրման գործընթացը կոորդինացնում և ուղղորդում է հատուկ ներկայացուցիչ-խորհրդականը։ Օդանավակայանում գրանցման գործընթացն ավարտելուց հետո հայրենադարձներն անցնում են մաքսային զննում, որից հետո Հայրենադարձության և ինտեգրման նախարարության աշխատակիցը համապատասխան տրանսպորտով հայրենադարձին ուղեկցում է դեպի հայրենադարձի բնակության վայր։

Հայրենադարձության նախարարություն այցելությունը հայրենադարձների առաջին կարևորագույն քայլերից է, որից կախված է հայրենադարձության գործընթացի իրավական հաջող ընթացքը։ Նախարարությունում հայրենադարձը ստանում է՝

1. «հայրենադարձության զամբյուղ» կոչվող նպաստի, բնակարանի վարձակալության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ու նպաստների ձեռքբերման, երեխաների համար կրթական փաթեթների ապահովման, ինչպես նաև այլ հաստատություններից աջակցություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն,

2. հայրենադարձը տեղեկացվում է իր անհատական բանկային հաշվի մասին, որին փոխանցվելու են հասանելիք ֆինանսական միջոցները,

3. եբրայերենի ուսուցման նպատակով հայրենադարձի բնակության վայրին մոտ տեղակայված տարբեր ուլպանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն (ընդ որում, եբրայերենի ուսուցումը հայրենադարձության և հաջող ադապտացման կարևոր պայմաններից է, ուստի խորհուրդ է տրվում հայրենադարձներին Իսրայելում եբրայերենի ուսուցումը կազմակերպել բնակություն հաստատման առաջին ամիսներից սկսած և չհետաձգել այն, քանի որ այս ոլորտում հայրենադարձին ցուցաբերվող աջակցությունն իրականացվում է միայն Իսրայելում բնակության հաստատման առաջին մեկուկես տարվա ընթացքում)։

«Հայրենադարձության զամբյուղն» աջակցելու է հայրենադարձներին Իսրայելում բնակության առաջին փուլում առօրյա ծախսերի հետ կապված խնդիրները լուծելիս։ Այս նպաստը կարող են ստանալ որոշակի երկրներից եկած հայրենադարձները։ Մյուս կողմից, այն կարող են ձեռք բերել այն հայրենադարձները, որոնք եկել են Իսրայել առաջին անգամ՝ «հայրենադարձության» վիզայով։ «Հայրենադարձության զամբյուղ» նպաստ ստանալու պայմաններից է նոր հայրենադարձի կարգավիճակին նախորդող 3 տարվա մեջ 18 ամիսների ընթացքում անընդհատ կամ ֆիզիկական գումարային ներկայության ապահովումն Իսրայելում։ Այս նպաստը կարող է ձեռք բերել այն հայրենադարձը, որը եկել է Իսրայել հետևյալ երկրներից՝ Արևելյան Եվրոպա՝ ԱՊՀ երկրներ, Լեհաստան, Ռումինիա, նախկին Հարավսլավիայի բոլոր երկրները, Բուլղարիա, Ալբանիա, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լատինական Ամերիկայից՝ Արգենտինա, Սալվադոր, Ուրուգվայ, Բոլիվիա, Բրազիլիա, Գվատեմալա, Հոնդուրաս, Դոմինիկյան Հանրապետություն, Վենեսուելա, Մեքսիկա, Նիկարագուա, Պանամա, Պարագվայ, Պերու, Կուբա, Կոլումբիա, Կոստա-Ռիկա, Չիլի, Աֆրիկայից՝ Մարոկո, Ալժիր, Թունիս, Լիբիա, Եգիպտոս, Սուդան, Եթովպիա, Ասիայից՝ Սիրիա, Լիբանան, Հորդանան, Եմեն, Ադեն, Չինաստան, Հնդկաստան, Իրան, Իրաք և Սաուդյան Արաբիա։ Նպաստ ստանալու պայմաններից է այն, որ մինչև Իսրայել ժամանելը հայրենադարձը 1 տարուց ոչ ավելի բնակվել է այն երկրում, որը չի ներառվում վերը հիշատակված ցուցակում։

«Հայրենադարձության զամբյուղ» տրամադրվում է այն հայրենադարձին, որը չի բնակվում «Սոխնուտ» գործակալության ենթակայության տակ գործող, այսպես կոչվող, «ինտեգրման կենտրոն»-ում (բնակարանային համալիր)։ Դեռևս հայրենադարձությունից առաջ հայրենադարձները կարող են համաձայնեցնել «Սոխնուտի»՝ հայրենադարձության հարցերով կոորդինատորի հետ ժամանակավոր հիմունքներով «ինտեգրման կենտրոն»-ներում բնակվելու հարցը։ Իսկ այդ ժամանակավոր փուլի ավարտից հետո հայրենադարձները պետք է բնակարան վարձակալեն մասնավոր հիմունքներով։

Այս նպաստը հայրենադարձին տրվում է անմիջապես օդանավակայանում, ժամանման պահին՝ որպես նվեր։ Հայրենադարձության առաջին տարվա ընթացքում՝ «հայրենադարձության զամբյուղ» նպաստի վճարման ավարտից հետո և մինչև աշխատանքի տեղավորումը, նոր հայրենադարձները Հայրենադարձության նախարարությունից ստանում են նվազագույն կենսապահովմանն անհրաժեշտ նպաստ։ Ընդ որում, այս նպաստը ստանում են այն հայրենադարձները, որոնք գրանցված են Աշխատանքի տեղավորման բյուրոյի բաժանմունքում և աշխատանք են փնտրում կամ սովորում են որակավորման բարձրացման դասընթացներում, ինչպես նաև նրանք, ովքեր չեն կարող աշխատել առողջական խնդիրներից ելնելով կամ էլ գտնվում են նախաթոշակային տարիքում։

Նշենք, որ «հայրենադարձության զամբյուղ» նպաստը տրվում է այն դեպքում, երբ հայրենադարձը մշտական հիմունքներով կրթություն է ստանում ուլպանում և յուրաքանչյուր ամիս ներկայացնում է դասընթացներին կանոնավոր հաճախելու մասին տեղեկանք։ Այն հայրենադարձներին, որոնք ուլպանում ուսում ստանալու անհրաժեշտություն չունեն, նպաստը վճարվում է աշխատանքի շուկայում գրանցման, օրական դասընթացներով ուսում ստանալու կամ համապատասխան մասնագիտացման ձեռքբերման կենտրոններ հաճախելու հիման վրա։

Հայրենադարձության կազմակերպման կարևոր մեխանիզմներից մեկը հայրենադարձների համար բնակության ապահովման հիմնահարցն է։ Հայրենադարձին բնակության վայրի ընտրության մի քանի հնարավորություն է տրվում՝ վարձակալել բնակարան մասնավոր շուկայում, «Հայրենիքում առաջին տունը» նախագծի շրջանակներում բնակարանի վարձակալում կիբուցում (գյուղատնտեսական ավան-համայնավարություն), ազգականների մոտ ժամանակավոր բնակեցում, բնակեցում ուսանողական հանրակացարաններում։ «Հայրենադարձության զամբյուղ» ստացող հայրենադարձների դեպքում բնակարանի վարձակալման համար նախատեսված նպաստը ներառվում է այդ «զամբյուղ»-ում։ Իսկ «հայրենադարության զամբյուղ» չստացող հայրենադարձները կարող են ձեռք բերել բնակարանի վարձակալման նպաստ հիփոթեկային բանկում։

Հայրենադարձության գործընթացի կազմակերպման բաղկացուցիչ մասերից է երեխաների ներգրավումն ուսումնական և կրթական հաստատություններում, ինչն իրականացվում է թաղապետարաններում գործող կրթության բաժինների կողմից։ Երեխաների և տարեցների հայրենադարձության հետ կապված կարևոր հարցերից մեկն էլ վերաբերում է վերջիններիս նպաստների հարցին։ «Հայրենադարձության զամբյուղ» ձեռք բերող հայրենադարձները կարող են ստանալ երեխաների կամ տարեցների նպաստներն իրենց անհատական բանկային հաշվեհամարներից։ Հայրենադարձի կարգավիճակ ունեցող, սակայն «հայրենադարձության զամբյուղ» չստացող հայրենադարձները պետք է դիմեն բնակության վայրին մոտակա Բիտուախ Լեումի (Ազգային ապահովագրման տեսչություն) բաժանմունք և այնտեղ լրացնեն երեխաների և տարեցների ծերության նպաստների ստացման մասին դիմումը։

Հայրենադարձի ինտեգրման առաջնակարգ քայլերից է նաև առողջապահական ապահովագրման խնդիրը։ Սկզբնական փուլում հայրենադարձը պետք է գրանցվի փոստային բանկի որևէ բաժանմունքում, որտեղ և կիրականացվի համապատասխան գրառում հայրենադարձի կողմից ընտրված բուժսպասարկման ծառայության վերաբերյալ։

Ինտեգրման հետագա քայլեր

Ուլպանում ուսման ավարտից հետո հայրենադարձներն անցնում են աշխատանքի տեղավորման փուլ և միաժամանակ շարունակում են նախարարությունից ստանալ աջակցություն՝ ընդհուպ մինչև Իսրայելում բնակության առաջին տարվա ավարտը։ Աշխատանքի անցնելու գործընթացը սկսվում է աշխատանքի շուկայում հայրենադարձի գրանցման ձևակերպումից։ Հայրենադարձները պետք է դիմեն Հայրենադարձության նախարարության շրջանակում գործող հատուկ մասնագիտացման կենտրոններ։ Ստուգման է ենթարկվում հայրենադարձների՝ Իսրայելում աշխատանքի թույլտվություն ստանալու համար ստաժավորման կամ վերապատրաստման դասընթացներ անցնելու, ինչպես նաև դասընթացներին հաճախելու ժամանակահատվածում նախարարության կողմից հատկացվող նպաստների ստացման հնարավորության հարցերը։ Եթե հայրենադարձը գրանցվել է աշխատանքի շուկայում կամ ուսում է ստանում Աշխատանքի նախարարության կողմից հավատարմագրված օրական հիմունքներով անցկացվող դասընթացներում, նա իրավասու է ստանալ նվազագույն կենսապահովման զամբյուղ կամ նպաստ (ավթահաթ ահնասա)։ Իսրայելում հայրենադարձության առաջին տարվա ավարտից հետո «հայրենադարձության զամբյուղ» ստացող հայրենադարձները սկսում են ստանալ այդ նպաստը հիփոթեկային բանկում։ «Հայրենադարձության զամբյուղ» չստացող հայրենադարձները շարունակում են ստանալ բնակարանի վարձակալման նպաստ այնպես, ինչպես ստանում էին Իսրայելում բնակության առաջին տարում։ Եթե հայրենադարձն ուսում է ստանում Հայրենադարձության և ինտեգրման նախարարության կողմից անցկացվող պրոֆեսիոնալ դասընթացներում, ապա նա կարող է ստանալ այդ նախարարության կողմից տրվող նպաստը մինչև դասընթացի ավարտը։ Որակավորման բարձրացման, վերաորակավորման, ստաժավորման և այլ դասընթացներում ուսում ստանալու հնարավորություն տրվում է Իսրայելում բնակության առաջին տարվա ավարտից հետո ևս։

Հայրենադարձների ինտեգրման այլ ծրագրերի և արտոնությունների շուրջ

«Հայրենիքում առաջին տունը» ծրագրի շրջանակներում հայրենադարձների ընտանիքը կարող է բնակարան վարձակալել կիբուցում և օգտվել վերջինիս ծառայություններից՝ սննդի կազմակերպում, եբրայերենի ուսուցում, հաճախում մանկապարտեզներ և դպրոցներ։ Այս ծրագիրը վճարովի է, իսկ բնակարանի վարձակալումը կիբուցում տևում է 1 տարի։

«Իսրայելական տուն» կոչվող ծրագրի շրջանակում Հայրենադարձության և ինտեգրման նախարարությունն արտերկրում կազմակերպում է հատուկ նախագիծ, որի նպատակն է Իսրայելի հետ արտերկրում բնակվող իսրայելցիների կապերի պահպանումն ու ամրապնդումը։ Նախագիծն իրականացվում է հիմնականում արտերկրում Իսրայելի հյուպատոսությունների և դեսպանությունների միջոցով։ Ներկայում աշխարհում գործում է շուրջ 14 «իսրայելական տուն», որոնք հիմնականում կենտրոնացած են ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և ՌԴ-ում։

«Գարին Ցաբար» նախագիծն իրականացվում է 1991-ից սկսած, որին կարող են մասնակցել արտերկրում բնակվող 18-23 տարեկան իսրայելցի և հրեա պատանիները, որոնք ցանկանում են հայրենադարձվել Իսրայել՝ Պաշտպանության բանակում ծառայելու նպատակով։ Առաջին 4 ամիսների ընթացքում նախագծի մասնակիցները սկսում են Պաշտպանության բանակում ինտեգրման գործընթացը, ծանոթանում զինծառայության պայմաններին, ուլպաններում եբրայերեն սովորում։ Նախագիծը ֆինանսավորվում է Իսրայելի պետական տարբեր կառույցների կողմից՝ Հայրենադարձության նախարարություն, Պաշտպանության նախարարության և այլն։

«Վաուչեր» ծրագիրը նոր հայրենադարձներին և վերադարձած իսրայելցիներին աջակցում է աշխատանքի տեղավորման, գործարարության և գիտնականների ինտեգրման հարցերում։ Ծրագիրն աջակցում է նրանց նոր մասնագիտության ձեռքբերման կամ որակավորման բարձրացման հարցերում։

Հայրենադարձների և վերադարձած իսրայելցիների աշխատանքի տեղավորումը խթանելու նպատակով Հայրենադարձության և ինտեգրման նախարարությունը մասնակցում է հայրենադարձների աշխատավարձի ֆինանսավորմանը՝ որոշակի սահմանափակ ժամկետով։ Վերջինս, լինելով գործատուի հետ միասին հայրենադարձի աշխատավարձի ֆինանսավորման համամասնակիցը, խթանում է գործատուի շահագրգռվածությունը հայրենադարձին աշխատանքի տեղավորելու հարցում։ Նախարարության մասնակցությունը հայրենադարձի աշխատավարձի ֆինանսավորմանը կախված է հետևյալ չափորոշիչներից՝ աշխատանքի տեսակը, արտադրության աշխարհագրական տեղանքը, գործատուի մասնակցությունն աշխատավարձի վճարմանը, հայրենադարձի կրթության և աշխատանքի տեսակի համապատասխանությունը, պրոֆեսիոնալ ուղղություններով աշխատանքի տեղավորմանն աջակցելու նախարարության քաղաքականությունը՝ կախված տվյալ պահին երկրի տնտեսության վիճակից։

Հայրենադարձներին տրվող կարևոր արտոնություններից են նաև մաքսավճարներից ազատումը՝ հայրենադարձության օրվանից սկսած՝ 4 տարվա ընթացքում, աջակցությունը գործարարություն ձեռնարկելիս, բնակարան ձեռք բերելիս արտոնյալ վարկերի տրամադրումը և այլն։

1 Առաջին անգամ նախարարությունը հիմնադրվել է 1948թ., սակայն գոյատևել է ընդամենը 3 տարի։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր