• am
  • ru
  • en
Версия для печати
15.12.2014

ՌԴ-Ն ԱՅՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆ Է, ՈՐԸ ԶՍՊՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐ

   

Մենք ունենք մեր ավանդական թշնամիները՝ Ադրբեջանը և Թուրքիան, և առայժմ հիմնական գործոնը, որը զսպում է այդ երկու երկրների ագրեսիան Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստում հաստատված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգին, և զուգահեռ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, քաղաքագետը նշեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը շարունակելու է վաճառել զենք և՛ Ադրբեջանին, և՛ այլոց: Այդ քաղաքականության շնորհիվ է նաև, որ ինչ-որ տեղ մեզ զեղչ գներով ու երբեմն՝ անվճար տրամադրում են սպառազինություն: Մենք, իհարկե, պետք է բողոքենք նրանից, այն ինչ անում է Ռուսաստանը՝ չմոռանալով, որ Ադրբեջանը զենք գնում է ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Ուկրաինայից, Իսրայելից և այլ երկրներից»:

Նա նշեց, որ զենքի առևտուրը միջազգային հարց է, ու բոլորը բոլորին վաճառում են զենք, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ: «Բացի մեր շահերից, կա նաև Ռուսաստանի ազգային շահը, որը պահանջում է մաքսիմալ վաճառել իրենց առաջատար ոլորտի արտադրանքը»,- ասաց նա:

Գագիկ Հարությունյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ Ռուսաստանն իրեն լիարժեքորեն չի դրսևորում որպես մեր ռազմական գործընկեր: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն արդեն 200 տարուց ավելի մեր դաշնակիցն է, մեր աշխարհաքաղաքական շահերը համընկնում են իրենց աշխարհաքաղաքական շահերի հետ, և Ռուսաստանի համար Կովկասի խնդիրները դժվար է լուծել առանց Հայաստանի»,- ասաց նա։

«Կան բազմաթիվ հարցեր, որոնք մեր դուրը չեն գալիս, կան բաներ, որոնք իրենց դուրը չեն գալիս. մասնավորապես այն, որ հայկական զինուժի ներկայացուցիչները գտնվում են Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում, կարող է իրենց դուր չգալ: Մենք անում ենք այն, ինչ մեզ է ձեռնտու, իսկ իրենք՝ ինչ իրենց է ձեռնտու, սակայն հիմնական խնդիրները և մեր շահերը համընկնում են», -ասաց նա և նշեց, որ Ռուսաստանը չի կարող շարժվել միայն Հայաստանի շահերից ելնելով, որովհետև ներկա տնտեսական իրավիճակում նրանք փնտրում են դաշնակիցներ:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը գտնում է նաև, որ հավասարակշռության պահպանման հարցը երկու երկրների խնդիրն է։

«Զենքի ամեն մի գնումը ունի համապատասխան ուղղվածություն, և մյուս կողմը՝ լինի դա Հայաստանը, թե Ադրբեջանը, պետք է համապատասխանորեն ադեկվատ ռազմական սպառազինություն ունենա և գնումներ կատարի՝ հաշվի առնելով սեփական իրական վիճակը: Գնողը պետք է իմանա, թե մյուս կողմի մոտ ինչ զենք կա, որ հավասարակշռությունը պահպանվի», -ասաց նա և նշեց, որ եթե հավասարակշռությունը մինչ հիմա չապահովվեր, միգուցե կունենայինք ուժերի այլ վերադասավորում տարածաշրջանում:

«Ռուսաստանն ունի իր փաստարկները, թե ինչու են վաճառում զենք Ադրբեջանին, և մի կողմից ասում են, որ դա բիզնես գործարք է, իսկ մյուս կողմից ասում են, որ շնորհիվ դրա հնարավոր է համապատասխանորեն հսկել իրավիճակը: Այս տեսանկյունից հսկողությունը բնականաբար պետք է իրականացվի ամեն մի կողմից և հաշվի առնելով սեփական ռազմավարական դոկտրինան, հնարավորությունները` կատարվեն գնումներ»,- ասաց նա և նկատեց, որ ընդհանուր առմամբ հասկանալի է, որ Ռուսաստանի հետ մենք ունենք որոշակի իմաստով առաջնային հարաբերություններ` կապված զենքի առք ու վաճառքի հետ:

«Անվտանգության ապահովման հարցը դա առաջին հերթին մեր խնդիրն է, այսինքն` ՀՀ-ի և ԼՂՀ զինված ուժերի: Այն հակահարվածը, որը ստանում է հակառակորդը, արդեն բավարար է, որ ինքը զգա, որ Հայաստանի ուժերը ադեկվատ զինված են և անհրաժեշտ պատրաստությունն ունեն ցանկացած տեսակի ոտնձգության համար»,- ասաց նա և նշեց, որ առայժմ անհրաժեշտություն չկա, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը՝ որպես առանձին երկիր, միջամտի այս գործընթացին, քանի որ առայժմ մենք կարողանում ենք այս ամենը անել մեր ուժերով։

«Ինչպես մյուս երկու համանախագահ երկրները, որոնք ներգրաված են ԼՂՀ հակամարտության գործընթացի մեջ, Ռուսաստանը ևս հանդես է գալիս կոնսոլիդացված, համախմբված` կապված կոնֆլիկտների կարգավորման ուղիների հետ»,- ասաց նա և նշեց, որ բոլորի կողմից կարևորվում է այն հանգամանքը, որ կոնֆլիկտի կարգավորումը առաջին հերթին կապված է երկու երկրների քաղաքական կամքից:

http://www.tert.am/am/news/2014/12/06



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր