• am
  • ru
  • en
Версия для печати
11.09.2014

«ԳԼԽԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՆԴԱԲԱՐ ՏՐՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»

Руский

   

Հակառուսական տարրերը կրկին տապալվեցին, արդյունքում չհաջողվեց Երեւանի կենտրոնում սեպտեմբերի 3-ին կազմակերպել Հայաստանի Հանրապետության` Մաքսային միության եւ Եվրասիական միության անդամակցման դեմ նախատեսված հանրահավաքներն ու ակցիաները: Տեղական արեւմտամետների կամ հակառուսական ուժերի, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» հիմնադրամի ղեկավար ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ԱՄԵՆ ՏԱՐԻ ԷԼ ԹԵԺ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ»

-Պարոն Հարությունյան, բոլորս էլ ականատես եղանք, որ չհաջողվեց հանրահավաքներով հակառուսական տրամադրություն ստեղծել հանրության լայն շրջանակներում:
Մասնակիցներն ասում են` պատճառն այն էր, որ լավ չէր կազմակերպված:

- Կարծում եմ, որ դա փայլուն էր կազմակերպված, եւ արդյունքը ցույց է տալիս նրանց կարողությունները, որովհետեւ ավելին դժվար է պատկերացնել, որ մեր հայկական հանրությունը մասնակցի այդպիսի հանրահավաքներին: Այսինքն` դա մեր հանրության մոտեցումն է այս խնդրին եւ ոչ թե նրանց բացթողումը, որովհետեւ նրանք ջանք չեն խնայում այդ ուղղությամբ աշխատելու:

- Որոշ ուժերի կողմից խոստացված քաղաքական թեժ աշունը լիովին իր լիազորությունների մեջ է, բայց ինչպես տեսնում ենք, դեռեւս բավական խաղաղ է: Ըստ Ձեզ, թեժացնողների ծրագիրն է՞լ տապալվեց:

- Կարծես թե, ամեն տարի թեժ քաղաքական աշուն է սպասվում, բայց սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի:

- Ամեն դեպքում ինչ-որ քայլեր կթելադրվե՞ն արեւմտամետ ուժերի կողմից` ընդդեմ Հայաստանի` Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության անդամակցման:

- Չեմ կարծում, որ դրանք ուղղված կլինեն Մաքսային միության դեմ, որովհետեւ հիմնական դերակատարները ընդդիմության` ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, կարծես թե, բավական խոհեմ մոտեցում ունեն Մաքսային միության վերաբերյալ: Այնպես որ, չեմ կարծում, թե դրանք կլինեն ընդգծված Մաքսային միության դեմ, չնայած շահարկումները չեն բացառվում, բայց` ոչ ավելին:

- Ի դեպ, շահարկողների մասին: Վերջերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե իր օրոք երկրի տնտեսությունն աճում էր, այժմ` ոչ: Ի՞նչ կասեք Հայաստանի վարած արտաքին քաղաքականության զարգացման մասին:

- Չէի ցանկանա դատել տնտեսական խնդիրների վերաբերյալ, քանի որ մասնագետ չեմ: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտին, ինձ թվում է` պարոն Քոչարյանը նույնպես բավական հստակ է վարել արտաքին քաղաքականության վարման ավանդույթները, եւ հիմա էլ այն շարունակվում է ու զարգացում ապրում: Ճիշտ է, իհարկե, որ հիմա արտաքին քաղաքականության վարման հարցում ձեռք են բերել որոշակի նորույթներ ու ավելի ճկուն են դարձրել այն եւ ավելի իմաստալից: Կարծում եմ, համենայնդեպս, արտաքին քաղաքականությունում, որ ե՛ւ նախկինում, ե՛ւ այժմ խոշոր կորուստներ չեն եղել: Եվ դա պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ ե՛ւ պարոն Քոչարյանը, ե՛ւ պարոն Սերժ Սարգսյանը եղել են արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներ, եւ նրանք չէին կարող անտեղյակ լինել ու ծանոթ էին գործընթացին ի սկզբանե` առաջին իսկ օրերից:

«ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱՐԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎ Է»

-Ի՞նչ կասեք օրերս կայացած Ալիեւ-Էրդողան հանդիպման մասին, երբ Թուրքիայի նախագահը կրկին հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` շահարկեց արցախյան հակամարտության հարցը:

- Միանշանակ ասեմ, որ որեւիցե նորություն այդ հանդիպման արդյունքում չեմ կարող գրանցել, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը երկմիասնություն են: Իրենք էլ բավական դիպուկ են դա անվանում` «երկու պետություն, մեկ ազգ»: Այնպես որ, չեմ կարծում, որ դա ինչ-որ մի նորույթ է, որը մենք պետք է լսենք: Միաժամանակ ուշադրություն պետք է հրավիրել այն փաստի վրա, որ Ռ. Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը բավական ագրեսիվ է, չնայած նրան, որ անընդհատ անհաջողությունների է մատնվում այդ գործընթացներում: Մասնավորապես իր եւ Եգիպտոսի հետ հարաբերություններն են ծայրահեղ լարված վիճակում այսօր, ինչպես նաեւ Սիրիայում ֆիասկո ապրեց Թուրքիան: Համենայնդեպս, պետք է սպասել ինչ-որ ակտիվության` հայտարարությունների եւ այլնի տեսքով, բայց ոչ ավելին, որովհետեւ պետք է իմանալ, որ այս տարածաշրջանում թերեւս գլխավոր աշխարհաքաղաքական դերակատարությունն ավանդաբար տրված է Ռուսաստանին: Եվ մենք տեսանք, որ օգոստոսյան լարված դեպքերի ժամանակ հենց Ռուսաստանը միջնորդ հանդիսացավ ու բավական խիստ միջնորդ, որը կասեցրեց անցանկալի զարգացումները: Իհարկե, թերեւս առաջին հերթին Ադրբեջանի համար անցանկալի, որովհետեւ շատ կոշտ պատասխան ստացան իրենք: Բայց բոլոր դեպքերում շատ կարեւոր էր ռուսական միջամտությունը: Այնպես որ, սա նորություն չէր, մշտապես տարբեր բնույթի հայտարարություններ Էրդողանն ու Ալիեւը անում են, չէ՞ որ ադրբեջանական նախարարություններում մասնավորապես նստած են թուրքական խորհրդականները: Մենք պետք է սպասեինք նման մոտեցումների եւ հայտարարությունների, ու պատահական չէ, որ Էրդողանն իր առաջին այցը, փաստորեն, կատարեց Ադրբեջանը:

- Անդրադառնանք նաեւ Իրաքի ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին, որոնց հրապարակած քարտեզում նախատեսված է 10 տարիների ընթացքում որպես պետություն վերացնել նաեւ Հայաստանը:

- Մի փոքր կառանձնացնեի քարտեզների խնդիրը, որովհետեւ դրանք մշտական աշխարհաքաղաքական, տեղեկատվական գործողությունների, պատերազմների էլեմենտ են, բայց այն, որ իսլամական ծայրահեղական խմբավորումները դարձել են աշխարհաքաղաքական միավոր ու լուրջ դերակատարում ունեն, այսօր մենք տեսնում ենք: Փաստորեն, նրանց վերահսկողության տակ է անցել նաեւ բավական չափով Լիբիան, ինչը շատ լուրջ խնդիր է: Ավելին` լուրջ մարտահրավեր է, եւ երբեք թեթեւ պետք չի մոտենալ այդ խնդրին, մանավանդ, որ իրենք ասում են, թե պետք է մասնակցեն ոչ միայն Հյուսիսային Կովկասի գործընթացներին: Այսինքն` դա վերաբերում է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Վրաստանին, ե՛ւ անգամ Իրանին եւ Թուրքիային:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://www.iravunk.com

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր