• am
  • ru
  • en
Версия для печати
08.09.2014

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐԸ ԵՐԲԵՄՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԼԻՆՈՒՄ

Руский

   

«Նորավանք» հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ  «Փաստարկ» ակումբում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մասին խոսելիս հիշեցրեց, որ սոցիոլոգիական տարբեր հարցումների համաձայն հանրության շուրջ 80 տոկոսը կողմնակից է ԵՏՄ-ին անդամագրվելուն:

«Դրական են վերաբերվում ինտեգրացիոն այդ գործընթացին նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները: Մեր հիմնադրամը վերջերս ուսումնասիրություններ է կատարել սփյուռքի համայնքներում, եւ, նախնական տվյալների համաձայն սփյուռքում նույնպես հիմնականում կողմ են, որ մեր երկիրն անդամակցի ԵՏՄ-ին»,- նշեց նա:

ԵՏՄ-ին միանալու որոշումը ճիշտ էր մշակված ռազմաքաղաքական առումով. Հայաստանը լուծում է անվտանգության խնդիր, որը պայմանավորված չէ միայն ադրբեջանական գործոնով. «Տեսնում ենք, թե ինչպես են գործում Մերձավոր Արեւելքում ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունները: Նրանք արդեն հանդես են գալիս հայտարարություններով, թե մտադիր են իրենց գործողությունները տեղափոխել Կովկաս: Կա կոնկրետ հայտարարություն Չեչնիայի վերաբերյալ, սակայն իրենց հայտարարություններում ծայրահեղականները նշում են նաեւ Ադրբեջանի մասին:

Փաստորեն ԵՏՄ ձեւաչափում դաշնակից լինելով Ռուսաստանի հետ, ինչ-որ չափով երաշխավորում ենք մեր անվտանգությունը, մեծացնում ենք մեր ռազմական ներուժը: Հետեւաբար ռազմաքաղաքական առումով կայացված որոշումը ճիշտ էր մշակված եւ բխում է մեր ազգային շահերից»:

Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին. «Դրանք ամենավիճելի ու բարդ են: Սակայն եթե չմտնեինք Եվրասիական միություն, ապա միայն էներգակիրների մասով կարելի է ասել, որ գազի գինը կմոտենար միջազգային գներին, ինչն իր հետ կբերեր մեր պետության համար բազմաթիվ խնդիրներ: Բացի դրանից, պետք է նշել, որ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ նկատվում է արտաքին առեւտրի աճ: Վեց տոկոսով աճն ավելի շատ է այլ երկրների համեմատ:

Ամենակարեւորն այն է, որ միության ներսում իրականացվող ապրանքաշրջանառության կառուցվածք է փոխվում, այնտեղ սկսել են գերակայել տեխնոլոգիաները, պատրաստի ապրանքները»:

Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին խոսելիս հաճախ է նշվում, որ խախտվեցին Եվրամիության հետ նախկին պայմանավորվածությունները, սակայն, Գ.Հարությունյանի գնահատմամբ, կայացված անսպասելի որոշումը դիվանագիտական քայլ էր, որը կիրառում են պետությունները.

«Երբեմն անսպասելի կտրուկ քայլեր չկատարելը հանգեցնում է բարդ քաղաքական գործընթացների, որը տեսնում ենք Ուկրաինայում:

Անսպասելի քայլերը երբեմն ավելի արդյունավետ են լինում: Պետք է ասեմ, որ շնորհիվ նման դիվանագիտության, մենք բնավ էլ չենք փչացրել մեր հարաբերությունները արեւմտյան երկրների հետ:

Օրինակ, այսօր մեր նախագահը Ուելսում մասնակցելու է ՆԱՏՕ-ի վեհաժողովին: Կարողանում ենք բավական բալանսավորված քաղաքականություն վարել ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ պայմանականորեն ասեմ՝ հյուսիս-արեւելքի հետ»:

Իսկ Ղարաբաղի խնդրին եվրասիական ինտեգրացիոն գործընթացը որեւէ կերպ չի կարող վնասել. «Կա կարմիր մի գիծ, որը Հայաստանը երբեք չի անցնի` սահմանային մաքսակետ չի կարող լինել Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ»:

Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքը պատժամիջոցներ է կիրառում՝ չթաքցնելով հետագայում դրանց ցանկն ընդլայնելու իր մտադրությունը: Հայաստանի տնտեսության վրա դրանք ի՞նչ անդրադարձ կունենան, երբ անդամակցենք այդ միությանը: Գ.Հարությունյանի կարծիքով, պատժամիջոցները կարող են երկակի ազդեցություն թողնել.

«Մի կողմից՝ որեւէ լավ բան պատժամիջոցներում չկա, մանավանդ երբ դրանք վերաբերում են բանկային համակարգի գործունեությանը, ռազմատեխնիկական համագործակցությանը: Բայց միաժամանակ պատժամիջոցները ստիպել են Ռուսաստանին մոբիլիզացնել իր ուժերը եւ նոր իրավիճակում լուծումներ գտնել բոլոր տնտեսական խնդիրների համար:

Հայաստանի վրա այդ պատժամիջոցները իհարկե ազդեցություն կունենան: Սակայն ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ: Ես արդեն նշեցի էներգակիրների գների մասին: Եթե նրանք փոխվեին, ապա մեր տնտեսությունը շատ ավելի մեծ դժվարությունների առաջ կարող էր կանգնել, քան պատժամիջոցների պարագայում»:

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=4896&pageid=150482&lang=

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր