• am
  • ru
  • en
Версия для печати
23.06.2014

«ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼՈՒՐՋ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

Руский

   

Մինչ Հայաստանում ծագած ամեն մի ներքաղաքական փոքր խնդիր կամ արտասահմանյան այս կամ այն ներկայացուցչի տեսակետ լայն արձագանք է գտնում ու «փոթորիկ բարձրանում մեկ բաժակ ջրում», աշխարհում ավելի լուրջ ու վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում: Իսկ դրանց հետ կամա, թե ակամա որոշակի առնչնություն ունի նաեւ Հայաստանը: Ուկրաինայում, Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների նոր զարգացումների շուրջ «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ՊՈՒՏԻՆՆ ԱՅՍՕՐ ՎԱՐՈՒՄ Է ՄԻԱԿ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԱՐԵԼ»

-Պարոն Հարությունյան, Ուկրաինայում դեռ շարունակվող սարսափելի դեպքերը, ըստ Ձեզ, ինչի՞ կբերի:

- Շատ դժվար է կանխատեսումներ կատարել, եւ այսօր գրեթե ոչ մեկը չի համարձակվում նման կանխատեսումներ անել: Միայն կարելի է ասել, որ Ուկրաինան` որպես պետություն, դեռ երկար ժամանակ չի կայանալու: Իսկ այս հակամարտությունը մեկ օրում չի ավարտվելու, եւ այս ամբողջի մեջ ոչ մի լավ հեռանկար ոչ ոք չի տեսնում:

- Մեղադրանքներ են հնչում ՌԴ նախագահ Վ. Պուտինի հասցեին, որ նա Արեւելյան Ուկրաինան ճակատագրի քմահաճույքին է հանձնել:

- Չեմ կարծում, որ մեղադրանքները տեղին են, որովհետեւ Վ. Պուտինին ուզում են մի խաղ պարտադրել, որպեսզի նա մասնակցի, զորքեր մտցնի եւ այլն, որն, անշուշտ, շատ ավելի վատ հետեւանքների է բերելու` ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ Ռուսաստանի համար: Այնպես որ, կարծում եմ` Պուտինն այսօր վարում է միակ մարտավարությունը, որը հնարավոր է վարել եղած իրադարձությունների մեջ: Ղրիմը մի քիչ այլ դեպք էր, որը նա փայլուն լուծեց, մինչդեռ այս խնդիրը այդպիսի հեշտ լուծումներ չունի:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ»

-Վերջապես մի լավ լուր ստացանք Քեսաբից, որ այն ազատագրվել է, ինչ է սա վկայում Սիրիայի վիճակի մասին:

- Քեսաբը, անշուշտ, ազատագրվել է, եւ շատ հաղորդումներ կան այդ մասին, որն, իհարկե, բոլոր դեպքերում լավ լուր է: Բայց Սիրիան դեռ երկար ժամանակ լինելու է նման տուրբուլիզացված վիճակում, եւ հայկական համայնքը Սիրիայում հեռանկար չունի: Մենք տեսնում ենք նաեւ, որ դեստաբիլիզացիան գնում է արդեն հարեւան Իրաքում, եւ այս պատմությունները շատ երկար շարունակվելու են: Ի դեպ, դա այն սցենարն է, որը որոշ տերություններ ստեղծել են Մերձավոր Արեւելքում ու փորձում են նման իրավիճակ էլ ստեղծել Ուկրաինայում:

- Այսինքն` չկա՞ն այսօր այն երաշխիքները, որ քեսաբահայերի հետ եւս մի տեղահանում չի կրկնվի:

- Չկան այդ երաշխիքները եւ այսօր որեւիցե երաշխիք` սիրիահայության, սիրիական համայնքների եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքի համայնքների համար, ցավոք սրտի, շատ դժվար է տեսնել:

- Ինչպես նշեցիք, նույնպիսի ծայրահեղ վիճակ է Իրաքում, որտեղ ծայրահեղ իսլամիստները գրավելով` գալիս են եւ ասում են, որ շուտով Բաղդադը կգրավեն: Ի՞նչ կասեք այս մասին:

- Գիտեք, խիստ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Երբ այդ հարձակումը կատարվեց Իրաքի վրա, ՆԱՏՕ-ն հայտարարեց , որ իրենք մանդատ չունեն օգնելու եւ այլն: Բայց մի՞թե կար այդ մանդատը, երբ Լիբիայում էին կատարվում նման դեպքեր: Սա ծանր հանցագործություն է, եւ ուզում եմ հատուկ նշել, որ ամերիկյան որոշ քաղաքական գործիչներ այսօր խնդիր են բարձրացնում` Ջորջ Բուշին Հաագայի տրիբունալ կանչելու եւ մեղադրանք ներկայացնելու` ռազմական եւ մարդկության դեմ հանցագործություն կատարելու համար, որովհետեւ այլ կերպ բնութագրել այս ամենը` դժվար է: Դատական խնդիրը բարձրացրել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին խոշոր ֆունկցիոները, Միացյալ Նահանգներում հակատեռորիստական համակարգը կոորդինացնողը, բայց վերջերս անգամ դժգոհություն հայտնեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը բավական ագրեսիվ գործիչ է, բայց գտնում է, որ մեծագույն սխալ է կատարվել Իրաքում: Մինչդեռ այսօր տեսնում ենք այդ ողջ քաղաքականության պտուղները եւ ոչ միայն Իրաքում ու Սիրիայում, այլ նաեւ Լիբիայում: Այդ երկրները վերածվել են տարածքի, այսինքն` ո՛չ թե պետություններ են, ո՛չ թե պետական միավորներ են, այլ տարածքներ, որտեղ կատարվում են սարսափելի գործողություններ: Բավական է ասել, որ մեկ միլիոնից ավել մարդ է զոհվել, եւ տասնյակ միլիոնավոր մարդիկ տեղահանվել են Մերձավոր Արեւելքից, իսկ քրիստոնյա համայնքներն ընդհանրապես վերացման եզրին են: Եվ այս վերջին դեպքերն ուղղակի կնպաստեն նրան, որ Իրաքը բաժանվի երկու-երեք մասի: Քրդերն արդեն գրեթե ինքնավարություն են ձեռք բերել եւ առանձին պետություն են, մնացած մասն էլ կբաժանվի Սյունի եւ Շիա հատվածների, որը մշտական հակամարտությունների, արյունահեղությունների հիմք է հանդիսանում:

«ՍԱ ՇԱՏ ՑԱՎԱԳԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է»

-Ողջ աշխարհում տիրող այս քաոսի հիմնական մեղավորը, ի վերջո, ով է` ԱՄՆ-ն, Եվրոպան, թե...

- Այս ամենի մեջ կոլեկտիվ աշխատանք է տարվում շատ-շատերի կողմից: Այնպես որ, շատ դժվար է կոնկրետ մատնացույց անել: Երեւի թե, գլոբալ համակարգը լուրջ վերափոխումների կարիք ունի: Բայց սա շատ ցավագին գործընթաց է, տեսնենք` ինչով կավարտվի: Համենայնդեպս, Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի համար լուրջ մարտահրավերներ են:

- Ի դեպ, ՀՀ ԱԺ երկու պատգամավոր այս օրերին գտնվում են Բաքվում եւ մասնակցում են Rose-Roth սեմինարին, ինչպե՞ս եք վերաբերում դրան:

- Միշտ գտնում եմ, որ մասնակցությունն ավելի ճիշտ է, քան ինչ-որ գործընթացի չմասնակցելը: Կարծում եմ` միշտ մասնակցելը ավելի դրական է, որովհետեւ հակառակ դեպքում, կարծես, ինքնամեկուսանում ես, որը, երեւի թե, ճիշտ չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=17342:2012-04-04-19-36-17&catid=48:handipum&Itemid=114



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր