ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Կարեն Վերանյան«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
Webometrics Ranking of World Universities
Աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման Webometrics Ranking of World Universities հետազոտություններով զբաղվում է Cybermetrics հետազոտական խումբը, որը գործում է Իսպանիայի Ազգային հետազոտական խորհրդի (Spanish National Research Council) կազմում։ Խումբը վարկանիշային հետազոտություններ սկսել է հրատարակել 2004-ից, տարեկան երկու անգամ։ Հետազոտություններում կիրառված մեթոդաբանությունը և գնահատման մոտեցումները համապատասխանում են բուհերի վարկանիշավորման բեռլինյան սկզբունքներին (Berlin Principles on Ranking of Higher Education Institutions)։ Այդ սկզբունքները մշակել ու հաստատել են ՅՈւՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության եվրոպական կենտրոնն ու Վաշինգտոնի բարձրագույն կրթության քաղաքականության ինստիտուտը 2004թ. հիմնադրված Միջազգային փորձագիտական խմբի կողմից՝ որպես բարձրագույն կրթության ազգային համակարգերի համեմատական հետազոտությունների հիմնարար սկզբունքներ։ Այս սկզբունքների համաձայն, աշխարհում ներկայում հաշվվում է ավելի քան 20.000 բուհ, որոնք գրեթե ամբողջությամբ ներառվում են Webometrics-ի վարկանիշավորման մեջ։ Վարկանիշավորման համար ընտրվել են մի քանի մեթոդաբանական ցուցիչներ.
1. էլեկտրոնային կայքէջին հղումների քանակը,
2. կայքում տեղադրված արժեքավոր նյութերի քանակը,
3. հրատարակված նյութերի քանակը և դրանց հղումները1։
Webometrics-ի վարկանիշավորման 2013թ. հետազոտության արդյունքների համաձայն, աշխարհի լավագույն բուհեր են ճանաչվել Հարվարդի համալսարանը (1-ին դիրք), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը և Սթենֆորդի համալսարանը։ Webometrics-ի վարկանիշավորման ցուցակում ներառվել են նաև Հարավային Կովկասի մի շարք բուհեր, որոնցից ներկայացնում առաջատարներին։
QS World University Rankings
QS World University Rankings-ը բուհերի վարկանիշավորման տարեկան հետազոտությունների շարք է, որը հրատարակվում է բրիտանական հեղինակավոր Quacquarelli Symonds (QS) ընկերության կողմից։ Վերջինս մասնագիտացած է արտերկրում կրթության և ուսուցման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1990թ.։ Իրականացնում է կրթության վարկանիշավորման տարբեր նախագծեր, որոնցից հիմնականներից է նաև բուհերի վարկանիշավորման հետազոտությունը։ Սկզբանական շրջանում՝ 2004-2009թթ., այս ընկերությունն իր վարկանիշային հետազոտությունը հրատարակում էր բրիտանական հեղինակավոր Times Higher Education ամսագրի հետ համատեղ՝ Times Higher Education-QS World University Rankings վարկանիշային հետազոտության տեսքով, սակայն 2010թ. նրանց համագործակցությունը դադարեց, և նրանք սկսեցին հրատարակել իրենց սեփական վարկանիշային հետազոտությունները։ Ընկերության վարկանիշավորման մեջ ներառվում են միայն այն բուհերը, որոնք առաջարկում են կրթության բոլոր մակարդակները՝ բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորանտուրա (ասպիրանտուրա)։ Բուհի վարկանիշավորման մեթոդաբանությունը հիմնվում է 6 ցուցիչների վրա՝
- ակադեմիական հեղինակությունը,
- գործատուների շրջանում հեղինակությունը,
- դասախոսական կազմի հարաբերակցությունը ուսանողական կազմի նկատմամբ,
- հղումների քանակը,
- օտարերկրյա ուսանողների մասնաբաժինը,
- օտարերկրյա դասախոսների թվաքանակը։
QS World University Rankings 2013թ. վարկանիշավորման մեջ լավագույն բուհերն են համարվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը։ Հարավային Կովկասի երկրների բուհերի շարքում վարկանիշավորման այս ցուցակում ներառվել են միայն ադրբեջանական 3 բուհեր, որոնք ներկայացնում ենք Աղյուսակ 2-ում։
Times Higher Education
Times Higher Education-ը բրիտանական առաջատար ամսագրերից է, որը մասնագիտացած է լրատվության և կրթության (հիմնականում բուհերի) ոլորտում։ Ինչպես նշվեց, 2004-2009թթ. ամսագիրը վարկանիշային հետազոտության հրատարակման շուրջ (Times Higher Education–QS World University Rankings) համագործակցում էր Quacquarelli Symonds ընկերության հետ, ինչից հետո Times Higher Education-ը նոր պայմանագիր ստորագրեց Thomson Reuters միջազգային մեդիա-կորպորացիայի հետ տվյալների ապահովման վերաբերյալ։ Ամսագիրը մշակեց նոր մեթոդաբանություն, իսկ Thomson Reuters-ը, պայմանագրի համաձայն, պարտավորվեց հավաքել, վերլուծել վարկանիշային տեղեկատվությունը և հանձնել ամսագրի հրատարակմանը։ Առաջին համատեղ հետազոտությունը տպագրվեց 2010թ. աշնանը։ Նրանց համատեղ վարկանիշավորման 2013-2014թթ. նախագծում Հարավային Կովկասի երկրների բուհեր չեն ընդգրկվել2։ Հետազոտությունում ներառված են բուհեր Թուրքիայից, Իրանից։
University Ranking by Academic Performance (URAP) Research Laboratory
University Ranking by Academic Performance (URAP) Research Laboratory հետազոտական խումբը ստեղծվել է 2009թ. Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի շրջանակներում գործող Ինֆորմատիկայի ինստիտուտում։ Խմբի հիմնական նպատակն աշխարհի բուհերի համար վարկանիշային համակարգի մշակումն է՝ հիմնված ակադեմիական արդյունավետության, գիտական հրատարակությունների քանակի ու որակի բարձրացման չափորոշիչների վրա։ Խումբը 2010-ից տարեկան սկզբունքով ներկայացնում է աշխարհի շուրջ 2000 բուհերի վարկանիշավորման հետազոտությունների շարք (World Ranking of 2000 Higher Education Institutions)3։ Վարկանիշավորման մեթոդաբանությունը հիմնվում է 6 ակադեմիական ցուցիչների վրա.
- հոդվածների քանակը,
- հղումները,
- ամբողջական փաստաթուղթը (չափորոշում է տվյալ նյութի գիտական արդյունավետությունը՝ ներառյալ տվյալ նյութի հիման վրա կազմակերպված գիտաժողովները, ամփոփագրերը, նամակները, քննարկումները),
- ամսագրի ազդեցությունը (չափորոշում է տվյալ ամսագրում հոդվածի՝ տպագրումից հետո թողած ազդեցությունը),
- ամսագրի հղումները, որտեղ տպագրվել է հոդվածը,
- բուհի միջազգային հեղինակությունը։
Հետազոտական խմբի վարկանիշավորման 2013/2014թթ. հետազոտությունում լավագույն բուհեր են ճանաչվել Հարվարդի համալսարանը, Ջոն Հոփքինսի համալսարանը, Տորոնտոյի համալսարանը։ Վարկանիշավորման ցուցակում ներառվել են նաև Հարավային Կովկասի երկրների բուհեր, որոնք ժամանակագրական դինամիկայի զարգացման տեսանկյունից կներկայացնենք Աղյուսակ 3-ում։
The Academic Ranking of World Universities (ARWU)
The Academic Ranking of World Universities (ARWU) վարկանիշային նախագիծը, որը հայտնի է նաև որպես «Շանհայ վարկանիշավորում» (Shanghai Ranking), հիմնադրվել է Shanghai Jiao Tong համալսարանի (Shanghai Jiao Tong University) կողմից։ Վարկանիշավորման այս նախագիծն իրականացվում է 2003թ. սկսած՝ տարեկան հիմունքներով։ Այն ֆինանսավորվում է Չինաստանի կառավարության կողմից։ Վարկանիշավորման նախագծում ներառվում են աշխարհի շուրջ 1200 բուհեր, մեթոդաբանության չափորոշիչներում հաշվի են առնվում հետևյալ կետերը.
- Նոբելյան կամ Ֆիլդսովի (Fields medals) մրցանակակիր շրջանավարտներ,
- Նոբելյան կամ Ֆիլդսովի (Fields medals) մրցանակակիր աշխատակիցներ,
- 21 թեմատիկ կատեգորիաներով հաճախակի հղված հետազոտողներ,
- Nature և Science ամսագրերում տպագրված հոդվածներ,
- Գիտական տեղեկատվության ինստիտուտի (Institute for Scientific Information) բնական և հումանիտար գիտությունների մասով հղումների ինդեքսները՝ Science Citation Index և Social Sciences Citation Index,
- Բուհի ծավալը (Per capita academic performance of an institution)։
Շանհայ վարկանիշավորման 2013թ. նախագծում (ավելի քան 1000 բուհ անցել է վարկանիշավորման գործընթաց, որի արդյունքում ներառվել են միայն 500-ը) լավագույն բուհեր են հռչակվել Հարվարդի համալսարանը, Սթենֆորդի համալսարանը4։ Վարկանիշավորման հետազոտությունում Հարավային Կովկասի երկրների բուհերը տեղ չեն գտել։ Վարկանիշավորման աղյուսակում ներկայացված է թուրքական մեկ բուհ՝ Ստամբուլի համալսարանը (401-500 սանդղակում)։
«Эксперт РА»
«Эксперт РА»-ն ՌԴ միջազգային խոշորագույն վարկանիշավորման գործակալություններից մեկն է, հիմնադրվել է 1997թ.։ Այլ ոլորտներից բացի, իրականացնում է նաև ԱՊՀ բուհերի վարկանիշավորման տարեկան հետազոտությունների շարք։ Համաձայն «Эксперт РА»-ի վարկանիշավորման մեթոդաբանության, այս վարկանիշային նախագծում կարող են ներառվել այն բուհերը, որոնք համապատասխանել են Webometrics հեղինակավոր կազմակերպության վարկանիշավորման չափորոշիչներին։
2013թ. վարկանիշավորման հետազոտությունում «Эксперт РА»-ի կողմից սկզբնական շրջանում կազմվել է 195 բուհի ցուցակ, որից հետո վարկանիշավորման աղյուսակում հայտնվելու համար հարկավոր էր, որպեսզի բուհը հանդիսանար Webometrics-ի կողմից տվյալ երկրի առավել բարձր գնատահական ստացած 3բուհերից մեկը։ Վարկանիշավորման հաջորդ փուլում ներառվել են այնպիսի բուհեր, որոնք ռուսաստանյան գործակալության կողմից ուղարկված հարցման արդյունքում ներկայացրել են իրենց հարցաթերթիկները5։ Վարկանիշավորման մեթոդաբանությունում կիրառվում են հետևյալ չափորոշիչները.
- որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ,
- գործատուների շրջանում տվյալ բուհի շրջանավարտների պահանջարկի մակարդակը,
- բուհի գիտահետազոտական գործունեության մակարդակը։
Այս ցուցիչներն, իրենց հերթին, բաժանվում են այլ ենթացուցիչների6։
Գործակալության 2013թ. վարկանիշավորման աղյուսակում հիմնականում ներառված են ՌԴ, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի բուհերը։ Հարավային Կովկասի երկրների բուհերից ներառվել է միայն Բաքվի պետական համալսարանը (D աստիճանակարգով)7։
Վարկանիշային գործակալության տվյալներով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը չի ներառվել վարկանիշային ցուցակում այն պատճառով, որ վերջինս չի ներկայացրել իր բակալավրիատի ծրագրի իրականացման գործընթացի վիճակագրական տվյալները։ Հիշեցնենք, որ Webometrics-ի վարկանիշավորման ցուցակում Հայաստանի լավագույն բուհեր են հռչակվել ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Ռուս-հայկական պետական համալսարանը, սակայն դրանցից ոչ մեկը չի ներառվել «Эксперт РА» վարկանիշավորման ցուցակում։
1 http://www.education-medelle.com/articles/webometrics--rejting-luchschikh-visschikh-uchebnikh-zavedenij-mira.html
2 http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/2013-14/world-ranking
3 http://www.urapcenter.org/2013/index.php
4 http://www.shanghairanking.com/ARWU2013.html
5 http://raexpert.ru/rankings/vuz/vuz_sng/part3/
6 http://raexpert.ru/rankings/vuz/vuz_sng/part3/
7 Վարկանիշավորման մեթոդաբանությունում բուհերը դասակարգվում են ոչ թե թվային համարակալման, այլ կարգերի՝ A, B, C, D, E դասակարգման սկզբունքով։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]