• am
  • ru
  • en
Версия для печати
28.04.2014

ՀՀ-Ն՝ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ԱՊՀ ՏԱՐԱԾՔԻ ԱՌԱՋԱՏԱՐ

   

«Գործարարության» 2012-2014թթ. վարկանիշային զեկույցները1

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Երկու խոսք կազմակերպության մասին

Միջազգային ֆինանսական կազմակերպությունը (International Finance Corporation) «World Bank Group»-ի անդամ է, կենտրոնատեղին՝ Վաշինգտոնում։ Ֆինանսական ընկերությունը հիմնականում ուսումնասիրում է զարգացող երկրներում ազատ և մրցունակ շուկայական հարաբերությունների խթանման, ոլորտում ներգրավված ընկերությունների ու մասնավոր սեկտորի աջակցման, աղքատության նվազեցման հիմնախնդիրները։

«Գործարարության» վարկանիշային նախագիծը

Միջազգային ֆինանսական կազմակերպությունը, ֆինանսական տարբեր գործառույթներից զատ, «World Bank Group»-ի շրջանակներում վարկանիշային հետազոտություններ է իրականացնում տվյալ երկրի գործարարության (Doing business) միջավայրի լուսաբանման նպատակներով։ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող այս վարկանիշային հետազոտություններն առաջին անգամ սկսել են իրականացվել 2004թ։

2012-2014թթ. զեկույցները պատրաստվել են հետևյալ 10 ենթացուցիչների հիման վրա.

1. գործարարության ձեռնարկում/ձեռնարկության հիմնում

2. շինարարության թույլտվություն

3. էլեկտրաէներգիայի հասանելիություն

4. սեփականության գրանցում

5. վարկավորում

6. ներդրողների պաշտպանվածություն

7. հարկերի վճարում

8. միջազգային առևտուր

9. պայմանագրերի իրագործում

10. ձեռնարկության լուծարում/սնանկացում:

Զեկույցի մեթոդաբանությունը հիմնվում է հետևյալ տրամաբանության վրա. որքան ցածր են տվյալ պետության ընդհանուր դիրքային, ինչպես նաև ենթացուցիչների արդյունքները, այդքան բարձր են գործարարության ցուցանիշները։

ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում. 2012թ.

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կազմակերպության 2012թ. «Գործարարության» վարկանիշային զեկույցում ՀՀ-ն արձանագրել է ԱՊՀ երկրների շարքում լավագույն արդյունքը՝ զբաղեցնելով 50-րդ դիրքը։ ԱՊՀ անդամ երկրներից ՀՀ ցուցանիշին անմիջապես հաջորդում են Ղազախստանի (56-րդ դիրք), Բելառուսի (60-րդ դիրք) և Ադրբեջանի (66-րդ դիրք) գրանցած արդյունքները։ ԱՊՀ երկրների ցուցակում ցածրագույն ցուցանիշներն արձանագրվել են Ուկրաինայի ու Ուզբեկստանի պարագայում, որոնք գտնվում են համապատասխանաբար 152 և 168 հորիզոնականներում։

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների վարկանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ առանձնացված երկրներից լավագույն արդյունքը Վրաստանինն է, որը բավական բարձր ցուցանիշ է գրանցել՝ 12-րդ հորիզոնական, զգալի դիրքային առավելություն ունենալով տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ։ Թուրքիան գտնվում է 68-րդ հորիզոնականում և Հարավային Կովկասի երկրներից իր ցուցանիշով զիջում է Վրաստանին, ՀՀ-ին, Ադրբեջանին։

ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում. «Գործարարության» 2013թ. զեկույցը

«Գործարարության» 2013թ. զեկույցում, որտեղ ներառված է 185 երկիր, լավագույն արդյունքը պատկանում է Սինգապուրին, որին հաջորդում են Հոնկոնգն ու Նոր Զելանդիան։ 2013թ. վարկանիշային զեկույցում ՀՀ-ն շարունակում է գլխավորել ԱՊՀ անդամ երկրների ցուցակը։ Նախորդ զեկույցի համեմատությամբ, ՀՀ-ն բարելավել է իր ցուցանիշը 18 դիրքային միավորով՝ նախկին 50-րդ դիրքից անցնելով 32-րդ դիրք։ ՀՀ-ին կրկին անմիջապես հաջորդում են Ղազախստանը, Բելառուսն ու Ադրբեջանը։ Ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանը նախորդ տարվա զեկույցի համեմատ 1 դիրքային միավորի հետընթաց է ունեցել՝ 66-րդ դիրքի փոխարեն զբաղեցնելով 67-րդ հորիզոնականը։

Հարավկովկասյան երկրներից լավագույն ցուցանիշը կրկին գրանցել է Վրաստանը, որը նախորդ տարվա համեմատ ունեցել է 3 դիրքային միավորի առաջընթաց՝ 9 դիրքային միավորով ներառվելով զեկույցի լավագույն տասնյակի ցանկում։

ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում. «Գործարարության» 2014թ. զեկույցը

Կազմակերպության 2014թ. վարկանիշային հաշվետվությունում, որտեղ ընդգրկված է 189 երկիր, կրկին լավագույն ցուցանիշը պատկանում է Սինգապուրին, որին հաջորդում են Հոնկոնգն ու Նոր Զելանդիան։ Հայաստանը գործարարության վարկանիշով շարունակում է գլխավորել ԱՊՀ անդամ պետությունների ցուցակը՝ զբաղեցնելով 37-րդ դիրքը։ Հայաստանին, ինչպես և նախորդ զեկույցներում, հաջորդում են Ղազախստանն ու Բելառուսը։ Ի տարբերություն նախորդ զեկույցների, որտեղ Ադրբեջանը զբաղեցնում էր ԱՊՀ անդամ երկրների ցուցակի 4-րդ հորիզոնականը, 2014թ. զեկույցում գրանցելով դիրքային հետընթաց՝ դիրքը զիջել է նաև Ղրղզստանին. Արդյունքում՝ Ղրղզստանը, որը նախորդ զեկույցի համեմատ բարելավել է դիրքը 2 սանդղակով, առաջ է անցել Ադրբեջանից և զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը։

Հարավկովկասյան երկրների ցուցակում կրկին առաջատարն է Վրաստանը (մանրամասն տե՛ս Աղյուսակ 3-ում

Հարավային Կովկասի երկրների ենթացուցիչների զարգացման դինամիկան 2012-2014թթ. կտրվածքով

Հայաստան

Ստորև պատկերված գրաֆիկից պարզվում է, որ ՀՀ ենթացուցիչներից լավագույն արդյունքները գրանցվել են 4-րդ՝ սեփականության գրանցման և 1-ին՝ գործարարության ձեռնարկման ենթացուցիչներում։ Նշյալ ժամանակահատվածում ՀՀ ցածրագույն ցուցանիշները գրանցվել են մասնավորապես 2012թ.՝ 7-րդ (հարկերի վճարման), 3-րդ (էլեկտրաէներգիայի հասանելիության) ենթացուցիչների պարագայում՝ համապատասխանաբար 152 և 143 դիրքային միավորներ։ Այդ ցուցանիշները հաջորդ տարիներին զգալիորեն բարելավվել են։ 2012թ. համեմատ ՀՀ ենթացուցիչների շարքից կտրուկ առաջընթաց է արձանագրվել մասնավորաբար 6-րդ՝ ներդրողների պաշտպանվածության, 7-րդ՝ հարկերի վճարման, ինչպես նաև 3-րդ՝ էլեկտրաէներգիայի հասանելիության ենթացուցիչների մասով։ 2012-2014թթ. ընթացքում ՀՀ ենթացուցիչներից կայուն հետընթաց են ունեցել 5-րդ՝ վարկավորման, 8-րդ՝ միջազգային առևտրի ենթացուցիչները։

Ադրբեջան

2012-2014թթ. կտրվածով Ադրբեջանի պարագայում լավագույն ենթացուցիչները, ինչպես և ՀՀ-ի դեպքում, արձանագրվել են 4-րդ և 1-ին ենթացուցիչների մասով։ Իսկ ցածրագույն արդյունքների պարագայում ՀՀ ցուցանիշների հետ համընկնումը մասնակի է. այս երկրի ցածրագույն ցուցանիշները գրանցվել են 2-րդ՝ շինթույլտվության, 3-րդ՝ էլեկտրաէներգիայի հասանելիության ենթացուցիչների մասով։ Գրաֆիկ 7-ում ներկայացված է Ադրբեջանի ենթացուցիչների զարգացման դինամիկան 2012-2014թթ. կտրվածքով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ենթացուցիչներից կայուն դրական տեղաշարժ գրանցվել է միայն 1-ին և 10-րդ ենթացուցիչների պարագաներում։ Կայուն բացասական միտում նկատվել է 2-րդ, 4-րդ, 5-րդ և 9-րդ ենթացուցիչների մասով։

Վրաստան

Նշյալ ժամանակահատվածում Վրաստանի դեպքում լավագույն ենթացուցիչներից առանձնացվում են 4-րդ՝ սեփականության գրանցման, ինչպես նաև 2-րդ՝ շինթույլտվության ենթացուցիչները։ 2012թ. երկրի ցածրագույն ենթացուցիչներից են 3-րդ՝ էլեկտրաէներգիայի հասանելիության և 10-րդ՝ ձեռնարկության լուծարման ենթացուցիչները։ Ընդ որում, եթե հետագա տարիներին 3-րդ ենթացուցիչն առանձնացել է կտրուկ դրական տեղաշարժով, 10-րդ ենթացուցչի մասով նկատվել է կայուն բացասական միտում։ Նշյալ ժամանակահատվածում Վրաստանի պարագայում կտրուկ առաջընթաց է արձանագրվել միայն մեկ՝ էլեկտրաէներգիայի հասանելիության ենթացուցչի մասով։ Կայուն հետընթաց գրանցվել է միայն 10-րդ ենթացուցչի պարագայում (մանրամասն տե՛ս Գրաֆիկ 8-ում

12012-2014թթ. զեկույցները վերաբերում են համապատասխանաբար 2011-2013թթ. տեղեկատվությանը։

2Այս և ստորև ներկայացվող գրաֆիկները կազմվել են կազմակերպության տրամադրած տեղեկատվական բազայի հիման վրա։


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 3, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր