• am
  • ru
  • en
Версия для печати
17.03.2014

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ» 2012-2014ԹԹ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

   

The Heritage Foundation, The Wall Street Journal. “Index of Economic Freedom”

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

«Տնտեսական ազատության ինդեքսը». մեթոդաբանական հարցեր

«Տնտեսական ազատության ինդեքսը» (Index of Economic Freedom) վարկանիշային հետազոտությունն արդեն գրեթե մեկ տասնամյակ իրականացվում է ԱՄՆ հեղինակավոր «ուղեղային կենտրոններից» մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի (The Heritage Foundation) և «Ուոլ սթրիթ ջորնըլ» (The Wall Street Journal) օրաթերթի կողմից։ «Հերիթիջ ֆաունդեյշըն» կազմակերպությունը ստեղծվել է 1973թ., այն հետազոտական և կրթական ինստիտուտ է («ուղեղային կենտրոն»), որի հիմնական նպատակներից են ԱՄՆ կառավարական պահպանողական քաղաքականության ձևավորումն ու աջակցումը։

«Տնտեսական ազատության ինդեքսը» վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 10 տնտեսական ցուցիչների վրա, որոնց քանակական միջինացված հաշվարկի միջոցով տրվում է զեկույցում ներառված երկրներից յուրաքանչյուրի տնտեսական ազատության ամփոփ վարկանիշը։

Ստորև ներկայացվում են «Տնտեսական ազատության ինդեքսի» 10 ցուցիչները.

  1. գործարար ազատություն
  2. առևտրի ազատություն
  3. ֆիսկալ ազատություն
  4. ազատություն կառավարությունից
  5. արժութային ազատություն
  6. ներդրումային ազատություն
  7. ֆինանսական ազատություն
  8. սեփականության իրավունքի պաշտպանվածություն
  9. ազատությունը կոռուպցիայից
  10. աշխատանքային ազատություն։

Վերը թվարկված յուրաքանչյուր ցուցչի տնտեսական համապատասխան ազատության ցուցանիշը և ընդհանրապես տվյալ երկրի տնտեսական ազատության ամփոփ ցուցիչը սահմանվում է 0-100 միավոր սանդղակով, որտեղ 100 միավորը համարվում է ազատության բարձրագույն ցուցանիշը։ Բացի այդ, յուրաքանչյուր պետության տնտեսական ազատության ամփոփ ցուցչային վարկանիշը, համաձայն տվյալ երկրի տնտեսության ազատականացման աստիճանավորման, բաշխվել է հինգ մասի.

  1. ազատ (երկրներ, որոնք ստացել են (80-100)
  2. հիմնականում ազատ (70-79.9)
  3. միջին ազատության (60-69.9)
  4. հիմնականում ոչ ազատ (50-59.9)
  5. ճնշված (0-49.9):

Հայաստանը ԱՊՀ անդամ պետությունների ցուցակում տնտեսապես ամենաազատականացված երկիրն է 2012-2014թթ.

Առավել հանգամանորեն անդրադառնանք 2012թ. վարկանիշային հետազոտության արդյունքներին։ Նշենք, որ այս վերջին զեկույցներում տեղի են ունեցել որոշակի մեթոդաբանական փոփոխություններ. խնդիրը վերաբերում է 10 ցուցիչների դասակարգման հաջորդականության փոփոխմանը, ինչը պետք է համարել զուտ մեխանիկական և ոչ որակական ձևափոխում։ Ստորև ներկայացնում ենք 2012-2014թթ. զեկույցների մեթոդաբանությունում կիրառված 10 ցուցիչների դասակարգման փոփոխված հաջորդականությունը.

  1. սեփականության իրավունքի պաշտպանվածություն
  2. ազատությունը կոռուպցիայից
  3. ֆիսկալ ազատություն
  4. կառավարության ծախքեր
  5. գործարար ազատություն
  6. աշխատանքային ազատություն
  7. արժութային ազատություն
  8. առևտրի ազատություն
  9. ներդրումային ազատություն
  10. ֆինանսական ազատություն։

Մեթոդաբանությունում տեղ գտած նորամուծություններից մեկն էլ վերաբերում է նրան, որ նշյալ 10 ցուցիչներն ընդգրկվել են 4 հիմնական խմբերի մեջ, որոնք են.

  1. օրենքի գերակայություն, որտեղ ընդգրկված են առաջին երկու ցուցիչները՝ ըստ հաջորդականության
  2. սահմանափակ լիազորություններով կառավարություն (Limited government), որտեղ ներառվել են հաջորդաբար 3-4 կետերը
  3. կառավարման արդյունավետություն՝ 5-7 կետերով
  4. բաց շուկա՝ 8-10 կետերը։

2012թ. վարկանիշային հետազոտությունում Հայաստանն զբաղեցրել է առաջատարի դիրքը ԱՊՀ տարածքում՝ 39-րդ հորիզոնական՝ 68.8 միավորով։ Հարավկովկասյան երկրների համեմատականի համատեքստում լավագույն ցուցանիշը գրանցել է Վրաստանը՝ 34-րդ դիրք։ Հայաստանն իր ցուցանիշով տեղակայվել է միջին ազատության աստիճանակարգում։ Հայաստանն իր վարկանիշով գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Նորվեգիան, Հունգարիան, Ֆրանսիան և այլն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս 58.9 միավորով տեղակայվել է հիմնականում ոչ ազատ երկրների ցուցակում։

Կազմակերպության 2013թ. վարկանիշային զեկույցի տվյալներով (զեկույցում ընդգրկված է 185 պետություն)՝ Հայաստանը պահպանել է առաջատարի ցուցանիշը ԱՊՀ երկրների շարքում՝ 69.4 ընդհանուր միավորով զբաղեցնելով 38-րդ հորիզոնականը։ Նախորդ զեկույցի համեմատ մեր երկիրը բարելավել է միավորը՝ 0.6 ամփոփ միավոր՝ նախկին 39-րդ դիրքից անցնելով 38-րդի։ Հայաստանին անմիջապես հաջորդում են Ղազախստանն ու Ադրբեջանը, որոնք համապատասխանաբար գտնվում են 68 և 88-րդ հորիզոնականներում։ Դրական տեղաշարժ է նկատվում նաև Ադրբեջանի ցուցանիշում, որը նախորդ զեկույցում զբաղեցրած 91-րդ դիրքից տեղափոխվել է 88-րդ հորիզոնական։ Չնայած Ադրբեջանը ԱՊՀ երկրների ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, սակայն դիրքային միավորով ավելի քան կրկնակի զիջում է ՀՀ համապատասխան ցուցանիշին։ Ավելին, զգալի է նաև ԱՊՀ երկրների շարքում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Ղազախստանի և Հայաստանի դիրքային տարբերությունը (մանրամասն տե՛ս Աղյուսակ 2-ում

Հարավկովկասյան երկրներից լավագույն արդյունքը կրկին գրանցվել է Վրաստանի պարագայում, որն այս զեկույցում բարելավելով նախորդ արդյունքը՝ գտնվում է 21-րդ դիրքում։ 2012թ. տարեկան զեկույցում Վրաստանը գտնվում էր 34-րդ հորիզոնականում։

Հայաստանն իր վարկանիշային ցուցանիշով համարվում է միջին ազատության երկիր՝ 69.4 միավորով զբաղեցնելով միջին ազատ և հիմնականում ազատ երկրների սահմանագիծը։ Վրաստանը գտնվում է 2-րդ աստիճանակարգում՝ համարվելով հիմնականում ազատ տնտեսությամբ երկիր։ Ինչ վերաբերում է հարավկովկասյան մյուս հանրապետությանը, ապա Ադրբեջանը, ինչպես և 2012թ. զեկույցում, համարվում է հիմնականում ոչ ազատ երկիր։

2014թ. վարկանիշային զեկույցում ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանն իր վարկանիշային միավորով (68.9) կրկին համարվում է ԱՊՀ տարածքում տնտեսապես ամենաազատականացված պետությունը՝ զբաղեցնելով 41-րդ հորիզոնականը։ 2013թ. համեմատ ԱՊՀ անդամ երկրներից վարկանիշային ամփոփ միավորների հաշվարկով բացասական միտում է նկատվել միայն 3 երկրների՝ Հայաստանի (-0.5 միավորով), Տաջիկստանի և Թուրքմենստանի պարագաներում։ Եթե Հայաստանը նախորդ զեկույցում գտնվում էր 38-րդ հորիզոնականում՝ 69.4 ամփոփ միավորով, ապա 2014թ. մեր երկիրը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը՝ 68.9 միավորով։ 2013թ. համեմատությամբ 1.6 ամփոփ միավորի տեղաշարժ է գրանցել Ադրբեջանը՝ զբաղեցնելով 81-րդ դիրքը՝ 61.3 միավորով։

Ինչպես երևում է աղյուսակից, հարավկովկասյան երկրներից շարունակում է առաջատար դիրք պահպանել Վրաստանը (մանրամասն տե՛ս Գրաֆիկ 2-ում)։

Հայաստանի ենթացուցիչների 2012-2014թթ. համեմատականը

Անդրադառնանք Հայաստանի ենթացուցիչների վիճակագրությանը նախ 2012-2013թթ. կտրվածքով։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2012թ. համեմատ Հայաստանը նվազեցրել է իր արդյունքները մասնավորապես 3-րդ (ֆիսկալ ազատություն), 5-րդ (գործարար ազատություն), 7-րդ (արժութային ազատություն) ենթացուցիչների պարագայում։ 2012թ. տարեկան զեկույցի համեմատ՝ Հայաստանի ենթացուցիչներից բարելավվել են 4-րդ (ազատություն կառավարությունից) և 6-րդ (աշխատանքային ազատություն) ենթացուցիչները։ Մնացյալ ցուցիչները, որպես կանոն, պահպանել են նախորդ զեկույցում արձանագրված ցուցանիշները (մանրամասն տե՛ս Գրաֆիկ 3-ում)։

2012-2013թթ. Հայաստանի լավագույն արդյունքները գրանցվել են ֆիսկալ ազատության, գործարար ազատության և առևտրի ազատության ենթացուցիչներում։ Ցածրագույն ցուցանիշները պատկանում են սեփականության իրավունքի պաշտպանվածության և ազատությունը կոռուպցիայից ենթացուցիչներին։

2013թ. համեմատ՝ 2014թ. տարեկան զեկույցում մեր երկրի վարկանիշի ենթացուցիչներից բարելավում է արձանագրվել 2-րդ՝ ազատություն կոռուպցիայից, 6-րդ՝ աշխատանքային ազատություն, 7-րդ՝ արժութային ազատություն և 8-րդ՝ առևտրի ազատություն ենթացուցիչների մասով։ 1-ին՝ սեփականության իրավունքի պաշտպանվածության և վերջին՝ ֆինանսական ազատության ենթացուցիչները պահպանել են նախորդ տարվա արդյունքները, իսկ մնացյալ ենթացուցիչների առումով նկատվել է բացասական տեղաշարժ։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 2, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր