• am
  • ru
  • en
Версия для печати
13.03.2014

«ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ. ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ»-ՈՒՄ

   

Ուկրաինայի հարցում Հայաստանին կհաջողվի պահպանել իր չեզոք դիրքն աշխարհաքաղաքական երկու ուժերի՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ.այս կարծիքի են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը եւ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը:

Արա Պապյանի կարծիքով, սակայն, Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից, այնուամենայնիվ, ճնշում կգործադրվի՝ Ղրիմի ինքնավարությունը ճանաչելու համար:

Գագիկ Հարությունյանը համամիտ չէ. «Հարավային Օսիան, Աբխազիան ճանաչվել են Ռուսաստանի կողմից, բայց չեն ճանաչվել Հայաստանի կողմից, այսինքն՝ դրա նախադեպը չկա, երբ Հայաստանն ընդունում է որոշումներ ճնշումների տակ»:

Անդրադառնալով ուկրաինական դիմակայության հետեւանքով Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական մեկուսացման հեռանկարին` Արա Պապյանը նշեց, որ դրա արդյունքում Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնակից, նույնպես կհայտնվի խորը մեկուսացման մեջ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահն այս իրավիճակում Ռուսաստանի համար լուսավոր ապագա չի կանխատեսում. «Ռուսաստանը ստրատեգիական սխալ արեց. նա արեց այն սխալը, որը ժամանակին արեց ԽՍՀՄ-ը՝ փորձեց հակադրվել Արեւմուտքին: Ակնհայտորեն ուժերն անհավասար են: Եվ այդ պայքարի վերջնարդյունքը հայտնի է բոլորին»:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ գլոբալացված տնտեսության պարագայում դժվար է մեկուսացման հասցնել այնպիսի հսկայի, ինչպիսին Ռուսաստանն է.«Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները վնաս կհասցնեն նաեւ պատժամիջոցներ կիրառողներին,-ասում է նա՝ ավելացնելով, որ այս առումով լուրջ վտանգներ չկան Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մեջ,- Մաքսային միությունը մեզ շատ ձեռնտու միություն է, որովհետեւ դժվար է տնտեսականը տարանջատել ռազմականից եւ քաղաքականից: Դա առաջին հերթին ուղղված է մեր անվտանգությանը, եւ այդ անվտանգությունն այլ երկրներ դեռեւս չեն երաշխավորում, ինչպես եւ առանձին չի երաշխավորում Ռուսաստանը, բայց նա մեր տրադիցիոն դաշնակիցն է: Մաքսայինին միանալով՝ Հայաստանը գրեթե անհնարին դարձրեց ռազմական ուժով Ղարաբաղի գրավումը թուրք-ադրբեջանական կողմից »:

Այս փաստարկին հակադարձեց Արա Պապյանը՝ նշելով, որ Ադրբեջանը վաղուց արդեն հրաժարվել է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքից եւ որդեգրել է Հայաստանին տնտեսապես ճնշելու ու մարդաթափելու քաղաքականությունը. «Մաքսային միությունը բերելու է մի շարք ապրանքների գների աճի, նշանակում է, որ դա կնպաստի արտագաղթին: Մենք կարող է պարզապես մի վիճակ ունենանք, երբ, պահելով որոշակի տարածքներ, 20 տարի հետո երկրում մարդ չունենանք»:

Արա Պապյանի կարծիքով՝ մեր երկրի համար վճռորոշ կլինեն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջիկա այցերը Հայաստան: Ըստ նրա՝ այդ այցերի արդյունքում Իրանի եւ Արեւմուտքի համար պարզ կդառնա` արդյոք Հայաստանի հետ կարելի է համագործացկել, թե ոչ:

«Այսօր Հայաստանի կարեւորությունը Իրանից Եվրոպա գազի եւ նավթի փոխադրման տարանցիկ ճանապարհ լինելու մեջ է: Եթե վերջնականապես պարզվեց, որ դա անհնար է իրականացնել Հայաստանի տարածքով, մեր երկիրը կդադարի որեւէ կարեւորություն ունենալ թե՛ Արեւմուտքի, թե՛ Իրանի համար»,- ընդգծեց Պապյանը:

Վերադառնալով Ղրիմի հարցով մարտի 16-ին կայանալիք հանրաքվեին` բանախոսները համոզմունք հայտնեցին, որ այդ հանրաքվեն կկայանա եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը կթեւակոխի ավելի երկարատեւ փուլ, որտեղ ռազմական սպառնալիքներին փոխարինելու կգան տնտեսական ճնշումները:

Մարտի 11-ին «Մեդիակենտրոնում» տեղի ունեցավ «Զարգացումները Ուկրաինայում.հետևանքներ և ազդեցություն» թեմայով քննարկում: Բանախոսներն էին Գագիկ Հարությունյանը՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Արա Պապյանը՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար:

Տե՛ս տեսանյութը




դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր