FREEDOM HOUSE. «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» 2011-2013ԹԹ. ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Կարեն Վերանյան«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
Մեթոդաբանական հարցեր
«Ֆրիդըմ Հաուզ»-ի կողմից ներկայացվող «Ազատության վարկանիշն աշխարհում» 2011-2013թթ. տարեկան զեկույցներում պահպանվել են նախորդ զեկույցներում կիրառված մեթոդաբանության հիմունքները։ Առանձնացված երկրներում ազատության վարկանիշի սահմանման համար կիրառվում են հիմնական երկու ամփոփ ցուցիչներ՝ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություն։ Նշված երկու ամփոփ ցուցիչները ձևավորվում են 7 ենթացուցիչների հանրագումարի հաշվարկի հիման վրա, որոնցից երեքը դասվում են քաղաքական իրավունքների, մնացածը՝ քաղաքացիական ազատության ցուցիչների ներքո.
Քաղաքական իրավունքներ
- ընտրական գործընթաց,
- քաղաքական պլյուրալիզմ և մասնակցություն,
- կառավարության գործառնություն,
Քաղաքացիական ազատություն
- ինքնարտահայտման և հավատքի ազատություն,
- հաղորդակցական և կազմակերպչական իրավունքներ,
- օրենքի ուժ,
- անհատի իրավունքներ։
Յուրաքանչյուր ցուցիչ և ենթացուցիչ ենթադրում է թվային միավոր 1-7 թվերի սահմանում, որտեղ 1 ցուցանիշը բնորոշում է տվյալ պետության քաղաքացիական ազատության կամ քաղաքական իրավունքների ազատության բարձրագույն, 7-ը՝ ամենացածր վարկանիշը։ Իսկ ենթացուցիչների պարագայում, ընդհակառակը, ինչքան բարձր են վերջինիս թվերը, այնքան ազատության ավելի բարձր սանդղակ կունենան հիմնական ամփոփ ցուցիչները։
Քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատության ցուցիչների համադրումը տալիս է տվյալ երկրի ազատության վարկանիշային կարգավիճակը, որը ենթադրում է 3 կատեգորիա՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ։ Մասնավորապես, 1-2.5 միավորային սանդղակը համարվում է ազատ, 3.0-5.0՝ մասամբ ազատ, իսկ 5.5-7.0՝ ոչ ազատ պետություն։
Հայաստանի վարկանիշն այլ երկրների շարքում, 2011թ.
Ինչպես պատկերված է ստորև տրված աղյուսակի վիճակագրությունում, ԱՊՀ անդամ պետությունների շարքում Հայաստանն իր ազատության վարկանիշով հայտնվել է մասամբ ազատ երկրների մեջ՝ արձանագրելով քաղաքական իրավունքի կատեգորիայում՝ 6 և քաղաքացիական ազատության առումով՝ 4 միավոր։ ԱՊՀ անդամ պետություններից ՀՀ-ին իրենց վարկանիշներով գերազանցում են Ուկրաինան և Մոլդովան, որոնք երկուսն էլ հայտնվել են կրկին մասամբ ազատ երկրների ցուցակում։ Այդ ցուցակում է գտնվում նաև Ղրղզստանը։ ԱՊՀ-ին անդամակցող մնացյալ բոլոր պետությունները, ըստ զեկույցի փորձագիտական գնահատականների, գտնվում են ոչ ազատ երկրների աստիճանակարգում։ Մասամբ ազատ երկրներ են համարվում նաև Հայաստանի մյուս հարևան պետությունները՝ Թուրքիան և Վրաստանը։
Նշենք նաև, որ Հայաստանը պահպանել է արձանագրված նախորդ՝ 2010թ. զեկույցի արդյունքները (երկու ենթացուցիչներով հանդերձ)։ Անփոփոխ է մնացել նաև Ադրբեջանի ցուցանիշը, որն իր վարկանիշով 2010թ. զեկույցում կրկին դասվում էր ոչ ազատ պետությունների շարքին։ Ինչ վերաբերում է հարավկովկասյան մյուս պետությանը, ապա 2010թ. համեմատ Վրաստանը բարելավել է ցուցանիշը միայն քաղաքացիական ազատության ենթացուցչով՝ 4 միավորի փոխարեն արձանագրելով 3 միավոր։
Հայաստանի վարկանիշն այլ երկրների շարքում, 2012-2013թթ.
2012թ. զեկույցում ԱՊՀ տարածքի երկրների կտրվածքով, որպես կանոն, պահպանվել են 2011թ. արձանագրված ցուցանիշները։ ԱՊՀ անդամ պետություններից մասամբ ազատ են համարվել Մոլդովան, Ուկրաինան, Հայաստանն ու Ղրղզստանը։ Մնացյալ պետությունները գտնվում են ոչ ազատ երկրների աստիճանակարգում։ ԱՊՀ տարածքում իր վարկանիշով Հայաստանն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Վարկանիշային զեկույցի տվյալների համաձայն, հետխորհրդային տարածքում հետընթաց է արձանագրել երեք պետություն, այդ թվում` Ադրբեջանը։ Հարավկովկասյան այդ հանրապետությունում, չնայած անցյալ տարվա համեմատ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատության ցուցանիշների անփոփոխ մնալու հանգամանքին, ընդհանուր առմամբ բացասական միտում է արձանագրվել նախորդ տարվա համեմատությամբ (նկատի են առնվում որակական, սակայն ոչ միավորային միտումները. մանրամասն տե՛ս զեկույցի պաշտոնական գրաֆիկները)։ ԱՊՀ անդամ պետությունների շարքում, ինչպես նշեցինք, 2012թ. զեկույցում հետընթաց են արձանագրել նաև Ղազախստանն ու Ուկրաինան: Սակայն այն տարբերությամբ, որ Ղազախստանն ունեցել է ընդհանուր բացասական միտում (ոչ միավորային բացասական միտում), իսկ Ուկրաինայի դեպքում դա վերաբերում է միայն քաղաքական իրավունքի ոլորտում գրանցված միավորի հետընթացին։
Ինչ վերաբերում է 2013թ. արդյունքներին, ապա ԱՊՀ երկրների շարքում դիրքային տեղաշարժեր (ըստ երկրների) տեղի չեն ունեցել։ Նշյալ երկրներից լավագույն ցուցանիշները կրկին գրանցել են Մոլդովան, Ուկրաինան, Հայաստանն ու Ղրղզստանը, որոնք բոլորն էլ դասակարգվել են մասամբ ազատ երկրների շարքում։ ԱՊՀ պետություններից 2012թ. համեմատությամբ այս զեկույցում դրական միտում նկատվել է միայն Հայաստանի վարկանիշում. առաջընթաց է գրանցվել մասնավորապես քաղաքական իրավունքների ցուցչում՝ նախորդ 6 միավորի փոխարեն 5 միավոր։ Մյուս բոլոր երկրների վարկանիշային միավորները պահպանել են 2012թ. արդյունքները, բացառությամբ Տաջիկստանի, որի քաղաքացիական ազատության ցուցչում 1 միավորի հետընթաց է արձանագրվել։
Վարկանիշային միավորների փոփոխություններ գրանցվել են նաև հարևան Վրաստանի ու Թուրքիայի պարագայում. նախորդ զեկույցի արդյունքների համեմատությամբ Թուրքիան քաղաքացիական ազատության ցուցչով 1 միավորի հետընթաց է ունեցել, իսկ Վրաստանը, ընդհակառակը, 1 միավորի առաջընթաց՝ քաղաքական իրավունքների ցուցչով։ Այս երկրները նույնպես դասվել են մասամբ ազատ պետությունների շարքում (մանրամասն տե՛ս Աղյուսակ 3-ում)։
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2014
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]