• am
  • ru
  • en
Версия для печати
03.02.2014

«ՖՐԻԴԸՄ ՀԱՈՒԶ». «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ 2007-2013ԹԹ.

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Երկու խոսք կազմակերպության մասին

«Ֆրիդըմ Հաուզ»-ը (Freedom House) անկախ, մասնավոր կազմակերպություն է, որի առաքելությունն աշխարհում ազատության տարածումն ու ամրապնդումն է։ Կազմակերպությունն ստեղծվել է 1941թ. Միացյալ Նահանգներում, գլխավոր գրասենյակը՝ Վաշինգտոնում։ Կազմակերպությունը հայտնի է իր քաղաքական ու քաղաքացիական ազատություններին նվիրված վարկանիշային ուսումնասիրություններով և զեկույցներով։ Կազմակերպությունն ունի Հոգաբարձուների խորհուրդ, որտեղ ներգրավված են ԱՄՆ Կոնգրեսի թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները, թե՛ անկուսակցականները։ Կազմակերպությունը հիմնականում դրամաշնորհներ է ստանում ԱՄՆ Զարգացման միջազգային կազմակերպությունից և ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ տարբեր նախագծերի իրականացման նպատակով։ Այն ֆինանսավորվում է նաև ինչպես մասնավոր հիմնադրամների կողմից կամ անհատական նվիրատվություններից, այնպես էլ ԱՄՆ, ԵՄ կառավարություններից ստացվող դրամաշնորհներով։

«Անցումային պետություններ» վարկանիշային հետազոտությունը. մեթոդաբանական հարցեր

«Ֆրիդըմ Հաուզ» կազմակերպության հիմնական վարկանիշային ուսումնասիրություններից է «Անցումային պետություններ» (Nations in Transit) վարկանիշային տարեկան հետազոտությունը, որը նվիրված է Եվրոպայի և Եվրասիայի 29 հետխորհրդային հանրապետություններում ժողովրդավարացման գործընթացներին։ «Անցումային պետություններ» վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 7 ենթացուցիչների հաշվարկի վրա, որոնք են՝

  • ընտրական գործընթաց
  • քաղաքացիական հասարակություն
  • անկախ ԶԼՄ
  • ազգային ժողովրդավարական կառավարում
  • տեղական ժողովրդավարական կառավարում
  • արդարադատություն և նրա անկախությունը
  • կոռուպցիա։

Ուսումնասիրությունում ներառված երկրների ժողովրդավարության վարկանիշները կազմվել են 1-7 սահմանում ընկած թվային հաշվարկի հիման վրա, որտեղ ցածրագույն՝ 1 միավորը ներկայացնում է ժողովրդավարության գործընթացների բարձրագույն, 7-րդ միավորը՝ վատթարագույն արդյունքը։ Վարկանիշային զեկույցի կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր տարվա զեկույցում տեղ գտած վիճակագրական տեղեկատվությունը հիմնվում է նախորդ տարվա ամփոփ տվյալների վրա (օր.՝ 2007թ. վարկանիշային զեկույցի տեղեկատվությունը վերաբերում է նախորդ՝ 2006թ. տարեկան արդյունքներին)։

Հայաստանի վարկանիշն այլ երկրների շարքում 2007-2013թթ.

Սույն ուսումնասիրությունում կփորձենք կենտրոնանալ Հայաստանի և մեր կողմից առանձնացված երկրների վարկանիշների համեմատական վերլուծականի վրա, ներկայացնել այդ երկրների ցուցանիշների արձանագրած հիմնական միտումներն ու տեղաշարժերը ժամանակագրական հարթության մեջ։

«Ֆրիդըմ Հաուզ» կազմակերպության ներկայացրած տարեկան վարկանիշային զեկույցների համեմատական վիճակագրությունից պարզ է դառնում, որ մասնավորաբար 2007-2013թթ. ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը բավական բարձր ցուցանիշներ է արձանագրել՝ որպես կանոն զբաղեցնելով նշված երկրների ցուցակում 4-րդ և 3-րդ հորիզոնականները (ի դեպ, նույն տրամաբանությունն է գործում նաև նախորդ՝ 2005-2006թթ. զեկույցների պարագայում, որտեղ մեր երկիրը նույնպես զբաղեցրել է ԱՊՀ երկրների շարքում 4-րդ հորիզոնականը)1։ Նշված ժամանակաշրջանում ԱՊՀ երկրներից Հայաստանն իր վարկանիշային ցուցանիշով զիջում է Ուկրաինային, որի ժողովրդավարության ամփոփ ցուցանիշը լավագույնն է համարվում ԱՊՀ երկրների շարքում։ Հաջորդաբար Հայաստանը զիջել է իր դիրքերը նաև Վրաստանին և Մոլդովային։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ ժամանակահատվածում վերջինիս վարկանիշային արդյունքը բավական ցածր է եղել, ինչի արդյունքում այդ երկիրը ԱՊՀ երկրների ցուցակում, որպես կանոն, զբաղեցրել է հետնամասային դիրքեր (մանրամասն տե՛ս ստորև բերված աղյուսակներում

Առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Հայաստանի վարկանիշային ենթացուցիչների ուսումնասիրման խնդիրը, որոնց համեմատական վերլուծությունը հնարավորություն կստեղծի առավել հստակ լուսաբանելու մեր երկրի վարկանիշավորման հիմնական առանձնահատկությունները։ Այսպես, 2007թ. տարեկան հաշվետվության համաձայն, Հայաստանի վարկանիշավորման ենթացուցիչների շարքում անհամեմատ բարելավված է քաղաքացիական հասարակության միավորը՝ 3,50, որին հաջորդում են արդարադատության անկախությունը (5 միավոր) և ազգային ժողովրդավարական կառավարման (5,25) ենթացուցիչները։ Հայաստանը բավական ցածր արդյունք է արձանագրել ընտրական գործընթացների, անկախ ԶԼՄ և կոռուպցիայի ցուցիչների պարագայում։ Պետք է նկատել, որ 2007թ. համեմատությամբ, 2008թ. վարկանիշային զեկույցում ՀՀ ցուցանիշը որակական առումով լուրջ փոփոխություններ չի գրանցել։

Մեր կողմից առանձնացված երկրներից լավագույն արդյունքները գրանցել են մերձբալթյան երկրներից Էստոնիան և Լատվիան, ինչպես նաև Հունգարիան։

Ինչ վերաբերում է 2009թ. հաշվետվությանը, ապա այստեղ թեև Հայաստանը կարողացել է պահպանել ԱՊՀ երկրների շարքում իր ունեցած նախկին դիրքը (4-րդ հորիզոնական), սակայն ենթացուցիչների վարկանիշավորման հարցում որոշակի հետընթաց է ունեցել։ 2008թ. համեմատությամբ բարելավում է նկատվել միայն մեկ՝ կոռուպցիայի ենթացուցչի պարագայում, պահպանվել է նաև տեղական ժողովրդավարական կառավարման նախորդ ցուցանիշը, մնացած բոլոր ենթացուցիչներով ՀՀ վարկանիշը հետընթաց է ունեցել։ 2009թ. ենթացուցիչների վարկանիշավորման հարցում արձանագրված բացասական միտումներն անդրադարձել են այդ տարվա ՀՀ ամփոփ վարկանիշի վրա, որը կազմելով 5,39 միավոր՝ զիջել է նախորդ տարիներին գրանցած դիրքերը (2007-2008թթ. արձանագրվել էր միևնույն՝ 5,21-ական ամփոփ միավորը)։


Կազմակերպության 2010թ. վարկանիշային զեկույցում ներառված 29 երկրների շարքում լավագույն ցուցանիշը պատկանում է Սլովենիային՝ ժողովրդավարության 1.93 ամփոփ միավորով, որին հաջորդում է Էստոնիան՝ 1.96 միավոր։ Լավ ցուցանիշներ արձանագրել են նաև Լատվիան (2.18), Չեխիան (2.21)։ 2010թ. զեկույցում Հայաստանը պահպանել է նախորդ զեկույցի ամփոփ միավորը՝ 5.39։ Որևէ փոփոխության չեն ենթարկվել նաև մեր երկրի ենթացուցիչները։

ԱՊՀ երկրների կազմում Հայաստանը եզրափակում է լավագույն եռյակ երկրների ցուցակը՝ զիջելով միայն Ուկրաինային ու Մոլդովային։ Հարավկովկասյան երկրներից կրկին առաջատարն է Վրաստանը, որն արձանագրել է ժողովրդավարության 4.93 ամփոփ միավոր։ Ադրբեջանի ամփոփ միավորը հաշվվում էր 6.39, ինչը որոշակի հետընթաց է նախորդ տարվա զեկույցի համապատասխան ցուցանիշի (6.25 միավոր) համադրությամբ։

«Անցումային պետություններ» վարկանիշային 2011թ. հետազոտությունում մեր տարածաշրջանի երկրներից առաջընթաց է արձանագրվել միայն Վրաստանում, որը նախորդ 4.93 ամփոփ միավորի փոխարեն արձանագրել է 4.86 միավոր։ Հայաստանը նախորդ զեկույցի համեմատ հետընթաց է ունեցել՝ ի հաշիվ Տեղական ժողովրդավարական կառավարում ենթացուցչում գրանցված բացասական տեղաշարժի (5.50 միավորից անցում 5.75-ի)։ Մեր երկրի ժողովրդավարության ամփոփ միավորը կազմել է 5.43 նախորդ 5.39 միավորի փոխարեն։ Նկատենք, որ նախորդ տարվա գրանցած մնացյալ բոլոր ենթացուցիչները որևէ կերպ տեղաշարժ չեն արձանագրել։ Ադրբեջանի վարկանիշավորման հետ կապված՝ կարևոր ենք համարում նշել, որ այդ երկիրը 2007-2010թթ. վարկանիշային զեկույցներում ԱՊՀ երկրների ցուցակում, որպես կանոն, զբաղեցնում էր վերջից 5-րդ հորիզոնականը։ 2011-2013թթ. կտրվածքով, սակայն, ժողովրդավարության վարկանիշի կայուն բացասական միտման արդյունքում ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրեց վերջից արդեն 4-րդ հորիզոնականը՝ դիրքային տեղափոխություն կատարելով Ղազախստանի հետ։


2012թ. վարկանիշային զեկույցում Հայաստանն իր ժողովրդավարության վարկանիշում կարողացել է որոշակի առաջընթաց ապահովել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համադրությամբ՝ ի հաշիվ կոռուպցիայի ենթացուցչում արձանագրած դրական տեղաշարժի (5.50 միավորի փոխարեն 5.25 միավոր), իսկ մնացյալ ենթացուցիչները պահպանել են նախորդ արդյունքները։ Հայաստանը նախորդ 5.43 ամփոփ միավորից անցում է կատարել 5.39 միավորի։ Հարավկովկասյան երկրներից առաջընթաց է գրանցել նաև Վրաստանը՝ 4.86 միավորի փոխարեն արձանագրելով 4.82 միավոր։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նկատելի է զգալի հետընթաց՝ նախորդ 6.46 միավորից անցում կատարելով 6.57 միավորի (տարածաշրջանի երկրների ենթացուցիչների 2012թ. համեմատականին կարող եք ծանոթանալ Գծապատկեր 2-ում

«Անցումային պետություններ» 2013թ. վարկանիշային զեկույցում ներառված 29 երկրների շարքում լավագույն եռյակում են Սլովենիան (1.89 միավոր), Էստոնիան (1.96) և Լատվիան (2.07)։ 2013թ. զեկույցում ԱՊՀ երկրների առաջատարների «վարկանիշային մրցակցությունում» տեղի ունեցավ դիրքային փոփոխություն, արդյունքում՝ ԱՊՀ երկրների ցուցակը գլխավորեց Մոլդովան (4.82 միավոր)՝ առաջ անցնելով Ուկրաինայից։ ԱՊՀ երկրների ցուցակում Հայաստանը շարունակեց զբաղեցնել 3-րդ հորիզոնականը՝ զիջելով արդեն Մոլդովային և Ուկրաինային։ Նախորդ զեկույցի համեմատ՝ Հայաստանը բարելավել է վարկանիշային ամփոփ միավորը՝ 5.39-ից անցում կատարելով 5.36 միավորի։ Ի դեպ, Վրաստանը, որը 2012թ. իր վարկանիշով հավասարվել էր Ուկրաինային և արձանագրել միևնույն՝ 4.82 միավորը, 2013թ. զեկույցում ժողովրդավարության 4.75 ցուցանիշով գերազանցեց ոչ միայն Ուկրաինային, այլև ԱՊՀ երկրների ցուցակը գլխավորող Մոլդովային (4.82)։




Եթե ամփոփենք 2007-2013թթ. Հայաստանի ժողովրդավարության վարկանիշավորման հիմնական արդյունքները, կնկատենք (դա առավել պարզ երևում է ստորև բերված գծապատկերից), որ նշյալ ժամանակահատվածում Հայաստանն անընդմեջ հետընթաց է արձանագրել ընդհուպ մինչև 2011թ.։ Հաջորդող տարիներին՝ 2011-2013թթ., ունեցել ենք վարկանիշի դրական տեղաշարժ։

Վրաստանի ժողովրդավարության վարկանիշում 2007-2008թթ. գրանցվել է դրական միտում։ 2007-2013թթ. կտրվածքով այդ երկրի ցածրագույն արդյունքը եղել է 2009թ. վարկանիշային զեկույցում (4.93 միավոր), որը պահպանվել է նաև 2010թ. վիճակագրությունում։ 2011-2013թթ. Վրաստանի վարկանիշային արդյունքը կրկին բարելավվել և կայուն դրական միտում է պահպանել։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նշյալ ժամանակահատվածում այդ երկրի ժողովրդավարության վարկանիշը, որպես կանոն, կայուն բացասական միտում է արձանագրել. բացառություն է կազմում 2008թ. ցուցանիշը, որը պարզապես պահպանել է նախորդ՝ 2007թ. գրանցած արդյունքը (մանրաման տե՛ս Գծապատկեր 3-ում

1 2009թ. օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես դադարեցրեց անդամակցությունը ԱՊՀ-ին։ Հետևաբար, 2010թ. ի վեր լույս տեսած զեկույցներում Վրաստանը չի դիտարկվում ԱՊՀ երկրների շարքում, և Հայաստանն իր վարկանիշով ԱՊՀ տարածքում զբաղեցնում է արդեն ոչ թե 4-րդ, այլ 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ուկրաինային ու Մոլդովային։

2 Նորից նշենք, որ 2009թ. օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես դադարեցրեց անդամակցությունը ԱՊՀ-ին։



«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 12, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր