ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԿԻՐ. «ԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԿՐՆԵՐ» 2011-2013ԹԹ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
Վերջերս լույս տեսավ հեղինակավոր Տնտեսության և խաղաղության ինստիտուտի «Խաղաղասեր երկրներ» հերթական՝ 2013թ. վարկանիշային հետազոտությունը։ Նշենք, որ կազմակերպության շրջանակներում «Խաղաղասեր երկրներ» վարկանիշային ուսումնասիրության (Global Peace Index) նախաձեռնության մեկնարկը տրվել է 2007թ.։ Սույն հոդվածում կանդրադառնանք 2011-2013թթ. վարկանիշային զեկույցներում ներառված ու մեզ հետաքրքրող երկրների վարկանիշային ցուցանիշների համեմատական վերլուծությանը։
Մեթոդաբանական հարցեր
«Խաղաղասեր երկրներ» վարկանիշային հետազոտության համար կազմակերպության կողմից մշակվել է 23 չափորոշիչ, որոնց հիման վրա ձևավորվում են ցուցակում ընդգրկված երկրների վարկանիշային տարեկան արդյունքները։ Ի դեպ, այդ չափորոշիչները դասակարգվում են երկու գլխավոր խմբերում՝ արտաքին ու ներքին խաղաղության աստիճանակարգման։ Ստորև ներկայացնում ենք այսպես կոչված «խաղաղության» 23 չափորոշիչների ամբողջական ցանկը.
- տեղ գտած արտաքին և ներքին հակամարտություններ
- կազմակերպված հակամարտության արդյունքում մահացությունների մոտավոր հաշվարկը (արտաքին խաղաղություն)
- կազմակերպված հակամարտության արդյունքում մահացությունների քանակը (ներքին խաղաղություն)
- կազմակերպված հակամարտության մակարդակը (ներքին)
- հարաբերությունները հարևան երկրների հետ
- հասարակությունում հանցագործության մակարդակը
- տեղահանվածների քանակը՝ ըստ բնակչության տոկոսի
- քաղաքական անկայունությունը
- մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը
- ահաբեկչությունների պոտենցիալը
- սպանությունների դեպքերը՝ 100.000 բնակչի հաշվով
- բռնություններով ուղեկցված հանցագործությունների մակարդակը
- բռնություններով ուղեկցված զանգվածային ակցիաների հնարավորությունը
- դատապարտվածների քանակը՝ 100.000 բնակչի հաշվով
- ներքին անվտանգության սպայակազմի ու ոստիկանության քանակը՝ 100.000 բնակչի հաշվով
- ռազմական ծախսերը՝ ըստ ՀՆԱ տոկոսադրույքի
- ԶՈւ անձնակազմի քանակը՝ ըստ 100.000 բնակչի
- հիմնական սպառազինությունների արտահանումը՝ ըստ 100.000 բնակչի
- հիմնական սպառազինությունների ներմուծումը՝ ըստ 100.000 բնակչի
- ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը
- խոշոր զինատեսակների ընդհանուր քանակը՝ ըստ 100.000 բնակչի
- փոքր և թեթև զինատեսակների հասանելիությունը
- ռազմական կարողությունները։
Նկատենք, որ վերը թվարկված վարկանիշային չափորոշիչները գնահատվում են 1-5 սահմանում ընկած միավորներով, որտեղ ցածրագույն միավորները նշանակում են տվյալ երկրի խաղաղասիրության բարձրագույն ցուցանիշը՝ ըստ այս կամ այն չափորոշչի, իսկ բարձրագույն միավորները՝ խաղաղասիրության ցածրագույն արդյունքները։ Ի դեպ, զեկույցում ներառված երկրների ամփոփ վարկանիշային միավորները նույնպես դասակարգվում են 1-5 միավորների սահմանում։
Հայաստանը՝ ամենախաղաղասեր երկիրը Հարավային Կովկասում, 2011թ. զեկույցը
Կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2011թ. «Խաղաղասեր երկրներ»-ի վարկանիշավորման աղյուսակում, որտեղ ներառված է 153 պետություն, Հայաստանն զբաղեցնում է 109-րդ դիրքը։ Ըստ ներկայացված ցուցանիշների համեմատական վերլուծության, Հայաստանն իր վարկանիշով համարվում է Հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիրը։ Վերջինս 2,26 միավորով գերազանցում է նաև իր մյուս հարևաններին՝ Իրանին ու Թուրքիային, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 119 և 127-րդ հորիզոնականները։ Ինչպես պատկերված է աղյուսակում, Ադրբեջանը զբաղեցնում է 122-րդ դիրքը՝ 2,38 միավորով, իսկ Վրաստանը՝ մեր տարածաշրջանի երկրների վարկանիշների համեմատականում ցածրագույն սանդղակը՝ 134-րդ դիրքով։
2012-2013թթ. զեկույցների համեմատականները, Հարավային Կովկաս
Ինչպես ցույց են տալիս «Խաղաղասեր երկրներ» 2012-2013թթ. վարկանիշային զեկույցների արդյունքները, Հայաստանը նշյալ ժամանակահատվածում շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը Հարավային Կովկասում՝ ճանաչվելով որպես մեր տարածաշրջանի ամենախաղաղասեր պետություն։ Այսպես, 2012թ. վիճակագրության համաձայն, Հայաստանը գլխավորում է մեր առանձնացրած երկրների աղյուսակը՝ 115-րդ հորիզոնական, 2.23 միավոր։ Հայաստանի ցուցանիշին զգալի տարբերությամբ հաջորդում է Իրանը, որը գտնվում է 128-րդ դիրքում՝ 2.32 միավորով։ Իրանին իրենց ցուցանիշներով հետևում են Թուրքիան և Ադրբեջանը, որոնք արձանագրել են համապատասխանաբար 130 և 132-րդ հորիզոնականները (2.34 և 2.36 միավորներով)։ Տարածաշրջանի ցածրագույն ցուցանիշը կրկին պատկանում է Վրաստանին՝ 141-րդ դիրք, 2.54 վարկանիշային միավոր։
Եթե փորձենք համեմատել 2011-2012թթ. վարկանիշային զեկույցներում մեր առանձնացրած երկրների արդյունքները, կտեսնենք, որ, որպես կանոն, այդ երկրներն ունեցել են դիրքային միավորների բացասական տեղաշարժեր։ Սակայն, միևնույն ժամանակ, այդ համեմատականներում նկատելի է առանձնացված երկրների վարկանիշային միավորների համատարած դրական դինամիկա։ Այս հանգամանքը, թերևս, մասամբ պետք է պայմանավորել զեկույցներում ներառված ընդհանուր երկրների թվաքանակի աճմամբ (2011թ.՝ 153 երկիր, 2012թ.՝ 158)։
Աղյուսակ 1.
ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում, 2011թ.
Աղբյուրը՝ Institute For Economics and Peace. Global peace index 2011
Աղյուսակ 2.
ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում, 2012թ. (158 երկիր)
Աղբյուրը՝ Institute For Economics and Peace. Global peace index 2012
2013թ. վարկանիշային զեկույցում ներառված 162 երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է բավական բարձր դիրք՝ 98-րդ հորիզոնական։ Ընդ որում, մեր երկիրն զգալիորեն բարելավել է իր դիրքային արդյունքը նախորդ տարվա համեմատ՝ 115-րդից անցնելով 98-րդ հորիզոնական։ Դրական տեղաշարժ է նկատվել նաև Հայաստանի վարկանիշային միավորի առումով` 2.12 միավոր նախորդ 2.23 միավորի փոխարեն։
Ինչպես և նախորդ զեկույցում, 2013թ. Հայաստանը շարունակում է համարվել Հարավային Կովկասի ամենախաղաղասեր պետությունը։ Հայաստանին զգալի դիրքային տարբերությամբ հաջորդում է Ադրբեջանը, որ 2012թ. համեմատ որոշակիորեն բարելավել է իր դիրքային ցուցանիշը՝ 132-րդից 126-րդ հորիզոնական։ Թուրքիայի ու Իրանի վարկանիշները համապատասխանաբար գտնվում են 134 և 137-րդ հորիզոնականներում։ Տարածաշրջանի ցածրագույն արդյունքը կրկին արձանագրվել է Վրաստանի դեպքում՝ 139-րդ հորիզոնական, 2.51 վարկանիշային միավոր։
Աղյուսակ 3.
ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում, 2013թ. (162 երկիր)
Աղբյուրը՝ Institute For Economics and Peace. Global peace index 2013
Գրաֆիկ 1.
Հայաստանն այլ երկրների շարքում, «Խաղաղասեր երկրներ» 2013թ. վարկանիշային զեկույցը
Գրաֆիկը կազմվել է «Global peace index 2013» զեկույցի տվյալների հիման վրա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]