• am
  • ru
  • en
Версия для печати
20.11.2013

ՀԱՊԿ-Ը ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Руский

   

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի գլխավոր նպատակն է: Այս մասին խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի օգնական Վլադիմիր Նիկիշինը նոյեմբերի 19-ին տեղի ունեցած «ՀԱՊԿ-ը և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային գիտաժողովում:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանին զինելու, ապա ըստ գեներալ-մայոր Նիկիշինի՝ դա նաեւ տվյալ երկրի քաղաքականության վրա ազդեցություն ունենալու միջոց է:

Ռազմարդյունաբերական համալիրները պետություն են պետության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգների նախագահ Էյզենհաուերն է անգամ նկատել, թե որքան վտանգավոր են դրանք պետությունների համար։

Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովին, որում քննարկվում են Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության անվտանգության ժամանակակից մարտահրավերները, կարմիր թելի նման մի միտք է անցնում։ Ինչո՞ւ են ՀԱՊԿ անդամ երկրները զինում այդ կազմակերպության կազմում չգտնվող Ադրբեջանին։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այդ հարցը դիտարկեց նույն՝ ռազմարդյունաբերական համալիրների համատեքստում։

«Պետք է ընդունենք, որ դրանք բավական սուվերեն կյանք են վարում եւ հետապնդում են իրենց շահերը։ Օրինակ, ԱՄՆ-ը զենք է տալիս Սիրիայում գործող ահաբեկիչներին, ինչը չի տեղավորվում որոշ պատկերացումներ մեջ։ Բայց այդպիսին է աշխարհը, եւ դա պետք է հաշվի առնենք։ Բայց ոչ միայն հանրային բողոքներով պետք է հանդես գանք, այլեւ, կարծում եմ, որ դիվանագիտական խողովակներով էլ է դա տեղ հասնում։ Պետք է փորձենք մեղմել դրա հետեւանքները եւ մասնավորապես նրանով, որ շատ ավելի լավ ու ժամանակից զենք ունենանք Ռուսաստանից»,- ասաց Գ.Հարությունյանը։

«Միեւնույն է, Ադրբեջանը զենք գնում է ինչ-որ երկրներից, եւ Ռուսաստանը անհանգստություն ունի, որ զենքի վաճառքի հետ միասին նաեւ այլ ռազմական դոկտրին է մտնում այդ երկիր, նաեւ՝ տարածաշրջան։ Դա մեղմելու համար են անում։ Իսկ ՀԱՊԿ-ի շնորհիվ Հայաստանը բավական արտոնյալ իրավիճակ ունի, եւ վերահսկելի է ամեն ինչ։ Կարծում եմ, անհանգստանալու կարիք չունենք»,- ասաց «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ ղեկավար Յուրի Նավոյանը։

«Ռուս-հայկական համագործակցություն» հասարական կազմակերպությունը երեւանյան համաժողովի նախաձեռնողներից է։ Յուրի Նավոյանն ասաց, որ վերջերս անդամակցել են ՀԱՊԿ վերլուծական ընկերակցությանը։

«Բնականաբար, մենք այնտեղ մասնակցում ենք հայկական փաթեթով կամ հիմնականում Հարավային Կովկասի կամ հարավային ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունների մասով եզրակացություններ ներկայացնում»։

Սեփական եզրակացությունները տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ներկայացրեց նաեւ Աժ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Եթե Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են, ապա չպետք է գործի ուժեղի հրամայականը։

«Մեզ համար դա անընդունելի է, եւ չի ստացվի»,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ազգային հետաքրքրությունների միաձուլում պետք է լինի։ Որպես փորձաքար քաղաքական գործիչը մատնանշեց Ցեղասպանության 100-րդ տարելիցը։

«Եթե ՀԱՊԿ գործընկերներին քաղաքական կոռեկտությունը կստիպի լռել եւ չաջակցել Ցեղասպանությունը դատապարտելու եւ ճանաչելու հայության ջանքերին, եւ հարցը կմնա օդում, այդ դեպքում մեր ինտեգրացիոն գործընթացներում կկորցնեն մի մեծ հարթակ՝ ի դեմս բազմամիլիոն Սփյուռքի, որը կարող է հիանալի կամուրջ լինել Եվրոպայի եւ Եվրասիական միության, նաեւ ԱՄՆ-ի եւ հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն գործընթացների միջեւ։ Մեզ համար շատ կարեւոր է, որ ռուս գործընկերները հասկանան, որ չենք կարող չանհանգստացնել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Վահան Հովհաննիսյանին անհանգստացնում է նաեւ մեկ այլ խնդիր։ Ժամանակին Ռուստաստանը, հետո նաեւ՝ Խորհրդային Միությունը, դաշնակիցներ, ինչու՞ չէ՝ նաեւ հակառակորդներ ունեին Արեւմուտքում։ Այսօր իրավիճակը 180 աստիճանով տարբեր է։

«Այսօր ես դրանց չեմ տեսնում, եւ դա կարող է մեզ անհանգստացնել, քանի որ երբ մեզ փորձում են հասկացնել, որ Հայաստանը պետք է քաղաքակակրթական ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ։ Այդ երբվանի՞ց Ռուսաստանը դադարեց Եվրոպա լինելուց»,- հարցրեց նա։

Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում համագործակցության փորձը պետք է շարունակվի նաեւ նոր քաղաքական գործընթացներում, եւ չպետք է սահմանափակումներ դնել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավոր օգնական Վլադիմիր Նիկիշին էլ նկատեց, որ մրցավազք չկա։

«Գլխավոր գործիքը քաղաքական համագործակցությունն է, եւ այնպիսի տպավորություն թող չստեղծվի, թե մենք մարզական մրցակցության մեջ ենք ՆԱՏՕ-ի հետ։ Բայց ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ռազմական բաղադրիչը կարեւոր է։ ՀԱՊԿ նպատակներից մեկը, ես շեշտում եմ՝ մեկը, դա ՀԱԿՊ անդամ երկրների անվտանգությունը, արտաքին մարտահրավերներին դիմագրավելն է»։

Ի դեպ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ կազմակերպության փաստաթղթերում վերջապես կամրագրվի, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ որեւէ ոտնձգություն պետք է փաստարկված ձեւակերպում ստանա։ Հիշեցնելով Տավուշի շրջանում պարբերաբար տեղի ունեցող հրաձգություններն՝ նա ասաց։

«Արձագանքը պետք է լինի ավելի սուր եւ վճռական։ Մյուս կողմից, հիշենք նաեւ Գյումրու ռուսական հենակետի հրամատար Ռուդինի հնչեցրած այն դրույթը, որ իրենք ձեռքները ծալած չեն նստելու, եթե անգամ Ղարաբաղում նման բան լինի։ Հետաքրքիր է, որ ոչ մեկը չհերքեց Ռուդինի այս հայտարարությունները, թեեւ դիմել էին տաբեր դիվանագիտական կառույցներին»։

Քաղաքագետները վստահ են, որ Ադրբեջանի նման պահվածքը ոչ միայն մեր ազգային շահերին է դեմ, այլ դա պետք է գիտակցեն նաեւ ՀԱՊԿ, եւ ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրները։ Իսկ երեւանյան համաժողովում ներկայացված հանրային զեկույցում քաղաքագետները կփորձեն քաղաքական գործիչներին հրամցնել վերլուծական, կանխատեսումներ անող եզրակացություններ։

«ՀԱՊԿ-ը և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային գիտաժողովը նախաձեռնել են «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ն, «Նորավանք» ԳԿՀ-ն, ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը և ՀԱՊԿ վերլուծական կենտրոնը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր