• am
  • ru
  • en
Версия для печати
28.10.2013

ԵՎՐԱՍԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

EnglishРуский

   


«Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գ.Հարությունյանի ելույթը «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը» միջազգային գիտաժողովում

Մենք քննարկում ենք եվրասիական ինտեգրման տարբեր ասպեկտները. դա, իհարկե, լավ է և օգտակար։ Բայց մենք երբեմն մոռանում ենք ամենակարևորը՝ եվրասիականության գաղափարախոսությունը։ Ես հասկանում եմ, որ գաղափարախոսություն բառն արտաբերելով՝ յուրօրինակ թաբու եմ խախտում, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ բառը հաճախ ընկալվում է որպես անցենզուր մի ինչ-որ բան։ Առաջ անցնելով՝ ասեմ, որ ես վկայակոչելու եմ նաև սոցիալիզմը, ինչը նույնպես ընկալվում է միանգամայն ոչ միանշանակ։ Այս առնչությամբ մտաբերում եմ հռոմեական կայսրերից մեկի այն ասույթը, թե՝ թշնամիներին պետք է օրենքը մատնանշես, իսկ յուրայիններին՝ այն ամենը, ինչ նրանք կուզեն։

Այսօր աշխարհում գաղափարականացված են կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, սակայն հետխորհրդային հանրապետություններում գաղափարախոսական որևէ դիրքորոշման դրսևորումը սվիններով է ընդունվում և հավասարեցվում է կամ տոտալիտար վերապրուկի, կամ հակաժողովրդավարական դավադրության։

Հայտնի է, որ Եվրասիական միության հնարավոր անդամները՝ հետխորհրդային հանրապետությունները, գաղափարախոսական համատեքստում, և մենք պետք է ընդունենք դա, այսօր բավական ոչ միանշանակ, ես կասեի՝ խայտաբղետ պատկեր են ներկայացնում։ Տնտեսության մեջ տիրապետող ընդհանուր ազատական կարգի պայմաններում, ինչը շատ բանով պայմանավորում է նաև հասարակության սոցիալ-բարոյական դիրքորոշումները, հանրապետություններում գաղափարական առումով հիմնականում հետապնդվում են սեփական՝ ազգային կոնկրետ նպատակները՝ ջանալով պահպանել նաև սեփական մշակութային-քաղաքակրթական արժեքները։ Իհարկե, այս ամենը հարկ է դրական գնահատել, բայց եվրասիական ինտեգրման տեսակետից միայն դա, ամենայն հավանականությամբ, բավական չէ։

Ի հավելումն՝ տարբեր հանրապետություններում բավական տարբեր են աշխարհաքաղաքական մոտեցումները (բացի Ռուսաստանից, որտեղ պատմականորեն աշխարհաքաղաքական մասշտաբային պատկերացումներ են ձևավորվել, և այսօր որոշակի չափով վերականգնվում են գլոբալ աշխարհաքաղաքական դերակատարի կորսված հմտությունները)։

Այս համատեքստում, գործին մակերեսային, սովորական վերաբերմունքի դեպքում բավական դժվար է գտնել շփման կետեր, օրինակ, Կենտրոնական Ասիայի և Բելառուսի միջև։ Այսինքն՝ գոյություն ունի աշխարհագաղափարախոսական և աշխարհաքաղաքական անորոշություն, որը կարող է վերաճել, ինչպես երբեմն ընդունված է ասել՝ տարաձայնությունների և տատանումների, իսկ եթե ավելի կոռեկտ արտահայտվելու լինենք, ապա իրավիճակն ընդհանուր առմամբ այնքան էլ բարեհաջող չէ, և պետք է ինչ-որ բան մտածել և դրանից հետո միայն ինչ-որ բան անել։

Որպես մտորելու համար տրվող տեղեկատվություն՝ առաջարկում եմ հետևյալ երկու թեզիսը, որոնք, հույս ունեմ, կքննարկվեն մեր բարձր համաժողովում։

Գաղափարախոսական առումով եվրասիական հանրապետությունների համար միավորող գործոն կարող են լինել սոցիալիստական գաղափարները. չէ՞ որ սոցիալիզմը, լիբերալիզմի հետ միասին, ունիվերսալ գաղափարախոսություն է, բացի այդ, եվրասիական ժողովուրդների մենթալությանը հատուկ է կոլեկտիվիզմի զգացումը։ Նշենք, որ Եվրոպայի 35 պետությունում գործում են սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ, և սոցիալիստներն առհասարակ քաղաքական մեծ ուժ են, որն, ի դեպ, ի տարբերություն եվրոպացի թերահավատների, որպես կանոն, պաշտպանում է ինտեգրացիոն գործընթացները Եվրոպայում, և այս փաստին պետք է ուշադիր վերաբերվել։

Լրացուցիչ գործոն է (որը հատուկ ուշադրություն է պահանջում) համեմատաբար ոչ վաղուցվա ընդհանուր խորհրդային անցյալը, կամ էլ, օգտվելով Սերգեյ Կարա-Մուրզայի եզրաբանությունից, խորհրդային քաղաքակրթությունը։ Բնութագրական է, որ բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ խորհրդային անցյալը դեռևս բավական դրականորեն է ընկալվում անգամ երիտասարդների շրջանում։ Այս համատեքստում կարևոր դեր պետք է հատկացվի համատեղ պատմության օբյեկտիվ շարադրմանը։

Նշենք նաև, որ մեր համեմատական հետազոտությունների համաձայն՝ պետությունների համար առավել արդյունավետ համակարգը «գաղափարախոսական երրորդությունն» է, այսինքն՝ երբ քաղաքական համակարգը ձևավորվում է ազատական, սոցիալիստական և պահպանողական կուսակցությունների հիման վրա, որոնք գործում են փոխլրացյալության սկզբունքով։ Այսօր «գաղափարախոսական երրորդության» հաջողակության լավագույն օրինակը Չինաստանն է, որտեղ ազատական տնտեսության պայմաններում կառավարումը սոցիալիստական է, որի գաղափարախոսության մեջ ուժեղ են ոչ միայն սոցիալիստական (որի ակունքները սկիզբ են առնում ոչ միայն Մարքսից, այլ նաև մ.թ.ա. 6-րդ դ. մտածող Մո-Դիից), այլ նաև կոնֆուցիական սկզբունքները, այսինքն՝ ակնհայտ են ազգային-պահպանողական թեզիսները։

Սակայն ոչ մի քաղաքական համակարգ չի կարող հաջող գործել առանց մտավոր ռեսուրսների և դրանց ակտիվ աջակցության... Հնարավոր է՝ եվրասիական առանձնահատկությունը նկատի ունենալով՝ մենք պետք է հաշվի առնենք ոչ միայն անգլո-սաքսերի փորձը (օրինակ, ԱՄՆ-ում՝ ավելի քան 1800 թինկ-թանկ), այլև Չինաստանի ու Իրանի ձեռքբերումներն այս ոլորտում, որտեղ քաղաքական համակարգերին բնորոշ են մերիտոկրատիզմի տարրեր։

Իհարկե, այս հարցը պետք է հիմնարար կերպով մշակվի, և ոչ միայն գաղափարական, այլ նաև քաղտեխնոլոգիական առումով։

Աշխարհաքաղաքական առումով հնարավոր է հետևյալ թեզիսը։ Շնորհիվ արաբական երկրների (այսպես կոչված արաբական գարուն) և Կենտրոնական Ասիայի (Աֆղանստանում և Պակիստանում) հայտնի գործընթացների՝ միջազգային ահաբեկչությունը որակական թռիչք կատարեց։ Եթե մինչ այդ համաշխարհային հանրությունը գործ ուներ առանձին անլեգալ և կիսալեգալ խմբավորումների հետ, ապա այսօր, ինչպես ցույց են տալիս զարգացումները Սիրիայում, ձևավորվել է ահաբեկիչների գլոբալ, լավ կազմակերպված, հիանալի մատակարարում և սպառազինում ունեցող բանակ, որն ի զորու է իրականացնել ոչ միայն առանձին գործողություններ, այլև մշտապես մասշտաբային պատերազմներ մղել։

Դա սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի (ի դեպ, նաև Ուկրաինայի), Կենտրոնական Ասիայի երկրների ու Հայաստանի, այլև, որոշակի սցենարների պարագայում՝ նաև Բելառուսի համար։ Գլոբալ ահաբեկչական սպառնալիքը տեղեկատվական շրջանառության մեջ դնելը կարող է դառնալ միավորող աշխարհաքաղաքական գաղափար Եբրասիական միության համար։ Կրկին օրինակ բերեմ արևմտյան կյանքից. 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ հայտարարած պատերազմն ընդդեմ ահաբեկչության բավական երկար ժամանակ ծառայել և այժմ էլ ինչ-որ չափով ծառայում է որպես գաղափարախոսական ու աշխարհաքաղաքական հիմնավորում ՆԱՏՕ համատեղ գործողությունների վարման համար։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր