• am
  • ru
  • en
Версия для печати
11.10.2013

ՀՀ-Ն՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. «ՁԱԽՈՂՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ» 2013թ. ԶԵԿՈՒՅՑԸ

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Ս.թ. հունիսի կեսերին հրապարակվեցին «Ֆորին Փոլիսի Մեգեզին» (Foreign Policy Magazine) ամսագրի ու «Ֆանդ ֆոր Փիս» (The Fund for Peace) կազմակերպության նախաձեռնած «Ձախողված երկրների ինդեքսը» (Failed States Index) վարկանիշային հետազոտության վերջին՝ 2013թ. արդյունքները, որի վիճակագրական տեղեկատվությանը կանդրադառնանք 2012թ. համապատասխան զեկույցի հետ համադրության համատեքստում։ Նշենք, որ «Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային զեկույցում տեղ գտած երկրները՝ ըստ ձախողվածության աստիճանավորման, որպես կանոն, դասակարգվում են 4 հիմնական խմբերի՝

1. Ահազանգող ինտենսիվության երկրներ (վատագույն ցուցանիշներ ունեցող երկրներ, որոնց ընդհանուր վարկանիշային ցուցիչը ներառված է 1-35 դիրքային միավորների մոտավոր սահմանների միջև)

2. Նախազգուշացնող (35-126 մոտավոր սահմաններում)

3. Միջին (127-164)

4. Կայուն (լավագույն ցուցանիշներ ունեցող երկրներ, որոնց ընդհանուր վարկանիշային ցուցիչը ներառված է 165-178 սահմաններում)։

«Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային հետազոտություններում կիրառված մեթոդաբանությունը հիմնվում է 12 ցուցիչների վրա, որոնք իրենց հերթին դասակարգվում են երեք հիմնական խմբի՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական։ Ստորև տրված աղյուսակի միջոցով կարելի է ծանոթանալ վարկանիշավորման մեթոդաբանական հարցերին։ Զեկույցում նշված երկրների դասակարգումը հիմնված է վերոնշյալ 12 ցուցիչների ընդհանուր գումարային տվյալների վրա։ Յուրաքանչյուր ցուցչի համար ընտրված վարկանիշային թիվը դասակարգված է 0-10 թվային սանդղակով, որտեղ 10 թիվը համարվում է բարձրագույն` բացասական կետը, 0 թիվը` ցածրագույն` լավագույն կետը։ Որքան բարձր է տվյալ պետության ամփոփ միավորը, այնքան ցածր է նրա վարկանիշը։

2012թ. զեկույցը

Հիշեցնենք, որ «Ձախողված երկրների ինդեքսը» 2012թ. զեկույցում ներառված 177 երկրների ցուցակում Հայաստանն զբաղեցնում էր 102-րդ դիրքը։ Հայաստանի վարկանիշը, ինչպես և նախորդ զեկույցում, շարունակել է առաջատար միավորներ պահպանել ԱՊՀ անդամ պետությունների շարքում։ Ինչպես տեսնում ենք, ԱՊՀ անդամ պետություններից Հայաստանը, ինչպես և նախորդ տարվա վարկանիշային հետազոտությունում, իր վարկանիշով զիջել է միայն Ղազախստանին ու Ուկրաինային, որոնք համապատասխանաբար գտնվում են 107 և 113-րդ դիրքերում։

2013թ. զեկույցը

Ինչպես և նախորդ զեկույցներում, Հայաստանը շարունակել է պահպանել առաջատար ցուցանիշները կազմակերպության 2013թ. վարկանիշային ուսումնասիրությունում։ Վերջին զեկույցում ներառված 178 երկրների շարքում զբաղեցնելով 105-րդ դիրքը՝ Հայաստանն ԱՊՀ տարածքում իր վարկանիշային արդյունքով արձանագրել է առաջատար դիրքերից մեկը և կրկին զիջում է միայն Ղազախստանին ու Ուկրաինային։ Վերջիններս գտնվում են համապատասխանաբար 109 և 117-րդ հորիզոնականներում։

Կարելի է նկատել, որ 2012թ. վարկանիշային զեկույցի համեմատությամբ Հայաստանը բարելավել է իր վարկանիշային դիրքը 3 դիրքային միավորով՝ 102-ից անցնելով 105-րդ։ Դրական տեղաշարժ է արձանագրվել նաև մեր երկրի վարկանիշային ամփոփ ցուցանիշում՝ նախորդ տարվա 72.2 ամփոփ միավորի փոխարեն ունենալով 71.3 միավոր։

Նկատենք նաև, որ ԱՊՀ տարածքի բոլոր երկրներն էլ՝ ըստ իրենց զբաղեցրած դիրքերի, գտնվում են երկրորդ՝ նախազգուշացնող աստիճանակարգում։

Ինչպես ցույց են տալիս վարկանիշային հետազոտությունում ներկայացված վիճակագրական տվյալները, Հայաստանն իր վարկանիշային արդյունքով համարվում է ամենակայացած պետությունը հարավկովկասյան տարածաշրջանում։ Ադրբեջանը, ԱՊՀ երկրների շարքում գտնվելով միջնամասային դիրքում, արձանագրել է 78.2 ամփոփ միավոր՝ 76-րդ դիրքով։ Հարավային Կովկասում ցածրագույն ցուցանիշը, ինչպես և նախորդ զեկույցներում, Վրաստանինն է, որը զբաղեցնում է 55-րդ դիրքը՝ 84.2 ամփոփ միավորով։ Հայաստանի ցուցանիշը զգալիորեն գերազանցում է մյուս հարևանի՝ Թուրքիայի համապատասխան արդյունքին, որը, գտնվելով 86-րդ դիրքում, գրանցել է 75.9 ամփոփ միավոր։

Ինչպես և 2012թ. վիճակագրությունում, այս տարվա զեկույցում ևս մեր երկրի վարկանիշի ենթացուցիչները, որպես կանոն, պահպանել են նախորդ արդյունքները։ Այսպես, Հայաստանի վարկանիշային ենթացուցիչների վիճակագրությունը ցույց է տալիս, որ առավել բարենպաստ են եղել հատկապես 8-րդ՝ պետական գործառույթների շարունակվող վատթարացում, 1-ին՝ ժողովրդագրական ազդեցության և 10-րդ՝ անվտանգության կառույցների ուժեղացում. նրանց հանդես գալը որպես պետություն պետության ներսում ենթացուցիչների արդյունքները։ Իսկ ցածրագույն տվյալներն արձանագրվել են հատկապես 11-րդ (կլանային վերնախավերի ազդեցության մեծացում), 2-րդ, 9-րդ և 7-րդ ենթացուցիչների պարագայում։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 9, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր