ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

«Նորավանք» ԳԿՀ տնօրեն

Այսօր տարածաշրջանային անվտանգության հարցերը, Մերձավոր Արևելքի անկայուն իրավիճակի հետ կապված, առանձնակի հրատապություն են ձեռք բերել։ Այս համատեքստում ընդունվում են կարևոր ռազմաքաղաքական և տնտեսական որոշումներ, կատարվում են բավական լավ վերլուծական աշխատանքներ։ Սակայն պետք է խոստովանել, որ չափազանց քիչ են կանխատեսական և սցենարային հետազոտությունները։
Միևնույն ժամանակ, ռազմավարության համատեքստում, հատկապես այդ հասկացությունը չինական եզրաբանությամբ իբրև «ապագայի զավթում» մեկնաբանելիս, կան շատ ավելի կարևոր բաներ, քան անգամ աշխարհաքաղաքականությունն ու աշխարհատնտեսությունն են։ Իզուր չէր Հովհաննես Ավետարանիչն ասում, որ «ի սկզբանէ էր Բանն», իսկ բանը՝ խոսքը, տեղեկատվություն է։ Ուստի, հաճելի էր կարդալ, որ վերջերս ՀԱՊԿ Մշտական խորհուրդը դիտարկել է տեղեկատվական քաղաքականության համակարգման հարցերը։
Սակայն տեղեկատվական անվտանգության հարցերի արդյունավետ քննարկման համար անհրաժեշտ է, առնվազն, ճշտել մեր կոորդինատները։ Հարկ է խոստովանել, որ ԽՍՀՄ պարտությունը Սառը պատերազմում ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև քաղաքակրթական-հումանիտար աղետ էր։
Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Գերմանիայում և Ճապոնիայում հասարակությունների համապատասխան վերափոխման համար կիրառվում էին այնպիսի տեխնոլոգիաներ (nation building և այլն), որոնք շատ նման էին այն տեխնոլոգիաներին, որոնք կես դար անց ներդրվեցին նախկին խորհրդային հանրապետություններում, բայց այն տարբերությամբ, որ.
- Կես դարի ընթացքում այդ տեխնոլոգիաները, տեղեկատվության ոլորտում տեղի ունեցած հեղափոխության և ոչկառավարական կազմակերպությունների զանգվածային տարածման շնորհիվ, էապես կատարելագործվել են գիտակցության համատարած մանիպուլյացիան այսօր իրականություն է դարձել։
- Փոխվել է աշխարհաքաղաքական բովանդակությունը. եթե սկզբից ևեթ ծրագրվում էր Ճապոնիան և Գերմանիան ուղղել ԽՍՀՄ-ի դեմ և դրա համար հոգում էին դրանց հզորացման մասին, ապա մեր դեպքում նման խնդիր, բնականաբար, չկար։
Այս համատեքստում հարկ է փաստել, որ որոշ նոր հանրապետություններ անկախության փոխարեն ստացան և դե-ֆակտո դարձան այսպես կոչված proxy երկրներ՝ արտաքին կառավարմամբ։
Բայց անդրադառնանք մեր խնդիրներին։
Հայտնի է, որ քաղաքական գործընթացի արդյունավետությունը շատ բանով որոշվում է նրա տեղեկատվական ուղեկցությամբ, որը RAND–ի փորձագետները ներկայացնում են ոչ թե որպես օժանդակ գործողություն, այլ առանձնացնում են իբրև քաղաքականության ինքնուրույն ժանր՝ նոոքաղաքականություն։ Մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմների (ՏՊ) դարաշրջանում, այսինքն՝ մի դարաշրջանում, երբ հաղթում է այսպես կոչված «փափուկ ուժը», որի հետևանքները, սակայն, կարող են պակաս աղետալի չլինել, քան «կոպիտ ուժի» կիրառման ժամանակ։ Զարմանալի չէ, որ երկրորդ սերնդի ՏՊ հիմնական խնդիրը հակառակորդի արժեհամակարգի կազմալուծումն ու նրա հանրությունում սեփական մշակութային կոդի ներդրումն է։ Ելնելով սրանից՝ ես կարծում եմ, որ ժամանակն է որոշել ՀԱՊԿ երկրների տեղեկատվական տարածքի կոնտենտի (բովանդակության) կրիտիկական ենթակառուցվածքները և հոգալ դրանց անվտանգության մասին։
Այնինչ, գործերն այս ուղղությամբ հեռու են բավարար լինելուց՝ թեկուզև այն պատճառով, որ ՀԱՊԿ երկրների քաղաքացիները հաճախ ավելի շատ տեղեկացված են ՆԱՏՕ գործերի, քան այն մասին, թե ինչ է տեղի ունենում սեփական ռազմական դաշինքի շրջանակներում։
Մեզ մոտ գործերը լավ չեն են նաև եզրաբանության առումով։ Ուշադրություն դարձնենք «հետխորհրդային տարածք» բառակապակցությանը։ Այստեղ «տարածք» բառը զուգորդվում է մի ինչ-որ անդեմ ու մարդազրկված տարածքի հետ։ Ուստի, այն ընկալվում է բացասաբար և հարաբերակցվում այդ «տարածքում» առկա առանձնահատուկ, որպես կանոն՝ չլուծված հիմնախնդիրների հետ։ Չի կարելի բացառել, որ այս եզրի «գործարկումն» ու «տարածումը մի ինքնատիպ մեմ է, այսինքն՝ իմաստային ուղղորդող դրույթ, որը դառնում է հասարակության գիտակցության տարր և ձևավորում է որոշակի, կոնկրետ այս դեպքում՝ բացասական ընկալում։
Դաշնակցային հարաբերություններում շատ կարևոր տեղեկատվական տարր է համատեղ պատմությունը։ Հայտնի է, որ ազատագրական շարժումը Հայաստանում և Ռուսաստանի առաջխաղացումը կովկասյան ուղղությամբ Պետրոս Մեծի ժամանակներից սկսած՝ փոխկապակցված են եղել։ Այդ ժամանակ էլ հենց սկսվել է մեր ռազմական համագործակցությունը։ Ռուս-թուրքական և ռուս-պարսկական բոլոր պատերազմներում ռուսական բանակում մարտնչել են ինչպես հայ կամավորականները, այնպես էլ հիանալի գեներալների ու սպաների փայլուն համաստեղություն՝ Լոռիս-Մելիքով, Տեր-Ղուկասով և շատ ուրիշներ։ Մեծ հայրենականում վեց հայկական ազգային դիվիզիա կար, որոնք մասնակցել են Ստալինգրադի գործողությանը, 409-րդը գետանցեց Դնեպրը, իսկ Թամանյան դիվիզիան պատերազմն ավարտեց Բեռլինում։
Սակայն գործերն այնքան էլ հաջող չէին ընթանում այն ժամանակահատվածներում, երբ հեղափոխական վերափոխումներ էին սկսվում, և այստեղ նույնպես պետք է օբյեկտիվ լինել։ Բայց եթե «Կոլցո» գործողության հետ կապված բացասականի մասին գիտեն բոլորը, ապա քիչ բան է հայտնի Ղարաբաղյան պատերազմում համագործակցության մասին։
Մինչդեռ, այս ամբողջ հարուստ համատեղ ռազմական պատմությունը պատշաճ ձևով չի լուսաբանվում։ Մենք վերջերս հրապարակեցինք «Մեր հաղթանակները» քառահատորը հայոց ռազմական պատմության մասին, որտեղ փորձել ենք լուսաբանել մեր ռազմական համագործակցության որոշ դրվագներ, բայց դա կաթիլ է ծովի մեջ։ Կասրծում եմ. որ մենք կարող էինք, օրինակ, հրատարակել «Մեր ընդհանուր հաղթանակները» գիրքը։
Չէ՞ որ ցանկացած բանակի հզորությունը պայմանավորված է զինծառայողների և բնակչության հոգեբանական տրամադրվածությամբ, և այս առումով երբեմն «դավադիր» մտքեր են այցելում ինձ. գուցե արժե՞ մի հրթիռ պակաս, բայց մի գիրք ավելի ունենալ։ Թեև ավելի լավ է, իհարկե, ունենալ և՛ մեկը, և՛ մյուսը։
Ժամանակները փոխվել են, և այսօր հանրային կարծիքը հիմնականում ձևավորվում է վիրտուալ ոլորտում։ Մեր տվյալներից, որոնք ներկայացրել ենք «Իդեոլոգեմները Հայաստանի տեղեկատվական տարածքում» գրքում, երևում է, որ այս ոլորտում նույնպես ամեն բան այնպես չէ, ինչպես կուզենայինք, և անելու շատ բան կա։ Բայց դա, ինչպես ասում են, «հեռախոսային խոսակցություն չէ», և այստեղ հատուկ քննարկումներ են անհրաժեշտ։
Կարծում եմ, որ ՀԱՊԿ Վերլուծական կառույցների ասոցիացիան ստեղծարար և սիներգետիկ մեծ ներուժ ունի, ինչը թույլ կտա մեզ համատեղ լուծել մի շարք հրատապ խնդիրներ, այն է.
- Ըստ ցանցային սկզբունքի համակարգել և բարելավել անցկացվող հետազոտությունների թեմատիկան, ստեղծել սցենարային մշակումներ և կանխատեսումներ իրականացնող հատուկ խումբ։
- Իրականացնել նախագծեր, որոնք թույլ կտան բարելավել համագործակցության տեղեկատվա-հոգեբանական մթնոլորտը ՀԱՊԿ շրջանակներում և մշակել սոցցանցերում դրական կոնտենտի ձևավորման մեխանիզմներ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]