ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱՅՈՒՄ
2009թ. տարեսկիզբը նշանավորվեց քաղաքական, ռազմական եւ տնտեսական բնույթի զարգացումներով, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի որոշակի փոփոխության Կենտրոնական եւ Առաջավոր Ասիայում: Դրանցից ամենակարեւորները, թերեւս, պետք է համարել «Նաբուկո» նախագծի իրականացման ակտիվացումը, թուրք-իրանական էներգետիկ համագործակցության նոր որակի նշմարումը եւ ամերիկյան ռազմակայանը Ղրղըզստանից դուրս բերելու` ղրղզական իշխանությունների որոշումը:
«Նաբուկոն» եւ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին
2009թ. տարեսկզբին ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղ գտած գազային ճգնաժամից առավել չափով տուժած երկրներից մեկը Թուրքիան էր։ Թեեւ «Երկնագույն հոսք» գազամուղն անմիջականորեն միմյանց է կապում Ռուսաստանի եւ Թուրքիայի գազատար համակարգերն ու հնարավորություն ստեղծում ռուսական գազը Սեւ ծովի հատակով Թուրքիա ուղիղ արտահանելու համար, սակայն Թուրքիայի արեւմտյան նահանգներն իրենց գազի պահանջարկն ապահովում են ռուսական բնական գազով, որը երկիր է մտնում Բուլղարիայի տարածքով։ Ռուսական գազի մատակարարման դադարեցումը ուկրաինական երթուղով հանգեցրեց նրան, որ Թուրքիայի արեւմտյան շրջանները զրկվեցին ռուսական երկնագույն վառելիքից։
Թեեւ ռուսական «Գազպրոմը», Թուրքական ազգային նավթային կորպորացիան եւ «Botas»-ը հաշվված օրերի ընթացքում լուծեցին «Երկնագույն հոսքով» մղվող բնական գազի ծավալների ավելացման հարցը եւ կարողացան լուծել Թուրքիայի արեւմտյան շրջանները գազով ապահովելու խնդիրը, թուրքական իշխանությունները հաջողությամբ օգտագործեցին ռուս-ուկրաինական հակասությունները սեփական քաղաքական եւ տնտեսական շահերի առաջմղման համար:
Հունվարի 19-ին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարների շուրջ բանակցությունների նպատակով Բրյուսելում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը կասկածի տակ առավ «Նաբուկո»-ի անցկացման տնտեսական նպատակահարմարությունը եւ հայտարարեց, որ իր երկիրը մտադիր է վերանայել մոտեցումն այդ նախագծի նկատմամբ։ Նա նշեց նաեւ, որ Թուրքիան չի աջակցի «Նաբուկո» նախագծին, եթե Բրյուսելը չվերանայի դիրքորոշումը Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հետ կապված էներգետիկ ոլորտի ազատականացման պահանջների շուրջ։ «Եթե մենք էներգետիկ ոլորտին առնչվող քննարկումներում հայտնվենք փակուղային իրավիճակում, ապա, բնականաբար, կվերանայենք մեր դիրքորոշումը»,–ասաց Էրդողանը` խոսելով «Նաբուկո»-ի եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերի մասին։
Հարկ է նշել, որ Թուրքիան առաջին անգամ է, որ նման բարձր մակարդակով խոսում է «Նաբուկո» նախագծի իրականացման աննպատակահարմարության մասին։ Ակնհայտ է, որ այդ երկրի դիրքորոշումը «Նաբուկո» նախագծի նկատմամբ արմատապես չի փոխվել եւ չէր էլ կարող փոխվել, քանի որ գազատարի կառուցումը հսկայական քաղաքական եւ տնտեսական օգուտներ է բերելու Թուրքիային: «Նաբուկոն» կասկածի տակ առնելու Էրդողանի հայտարարությունը պետք է դիտարկել իբրեւ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին արագացնելուն ուղղված շանտաժ, որը հնարավոր դարձավ իրականացնել հենց այն պահին, երբ Եվրոպան սեփական մաշկի վրա զգաց Ուկրաինայի տարածքով անցնող գազատարի անհուսալիությունը։
Էրդողանի բրյուսելյան քննադատական հայտարարությունից հետո սկսվեցին նրա բանակցությունները Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուի հետ։ Թուրքիա–ԵՄ բարձրամակարդակ բանակցություններից հետո Բարոզուն հայտարարեց, որ Թուրքիայի եւ Եվրամիության երկրների միջեւ, այնուամենայնիվ, ձեռք է բերվել պայմանավորվածություն «Նաբուկո» գազատարի կառուցման անհրաժեշտության մասին։ Սակայն, Բարոզուի կարծիքով, կարիք չկա «Նաբուկոն» կապել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հետ, սակայն, միեւնույն ժամանակ, նա հայտարարեց, որ եթե Թուրքիան օգնի Եվրոպային դիվերսիֆիկացնել գազի մատակարարումը եւ թուլացնել կախվածությունը ռուսական վառելիքից, դա դրական ազդեցություն կունենա եվրոպական հանրային կարծիքի վրա, որը դեռեւս զգուշավորությամբ է վերաբերվում Եվրամիությանը իսլամական խոշոր պետության անդամակցության հեռանկարին։
Հունվարի 20-ին Բարոզուն հանդես եկավ Թուրքիայի հետ աշխատանքների ակտիվացման առաջարկությամբ, որպեսզի այն օր առաջ կարողանա դառնալ ԵՄ անդամ, ինչը կբարձրացնի Եվրամիության նշանակությունը եւ «կամրապնդի նրա էներգետիկ անվտանգությունը»։
Հունվարն ավարտվեց Թուրքիա–ԵՄ հարաբերություններում Անկարայի դիրքերի ամրապնդման եւս երկու վկայություններով: Առաջին` հունվարի 27-ին Բուդապեշտում «Նաբուկո» գազատարի կառուցման հարցերի շուրջ հրավիրված գագաթաժողովում եւս մեկ անգամ ընդգծվեց Թուրքիայի հատուկ նշանակությունը ԵՄ էներգետիկ եւ տնտեսական անվտանգության համար, կարեւորվեց նրա անդամակցությունը ԵՄ-ին: Երկրորդ` ԵՄ-ի համար Թուրքիայի աճող նշանակությունը, հավանաբար, հիմք տվեց այդ երկրի վարչապետին Դավոսում ագրեսիվ, իսկ եվրոպական ցանկացած ղեկավարի համար` անթույլատրելի վերաբերմունք դրսեւորել Իսրայելի նախագահ Շ.Պերեսի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետի պահվածքը թելադրված էր եւս մեկ կարեւոր իրողությամբ. Թուրքիայի իսլամական վարչակարգն ավելի շատ է ջանում հանդես գալ մահմեդական աշխարհի շահերի ներկայացուցչի դերում: Վերջին զարգացումները, այդ թվում նաեւ կապված «Նաբուկո» նախագծին Իրանի միացմանն ուղղված քայլերի հետ, վկայում են այն մասին, որ թուրքական իշխանություններն իրենց այս քաղաքականությանը հաղորդել են նաեւ տնտեսական բաղադրիչ:
Իրանի ակտիվացումը տարածաշրջանային էներգետիկ նախագծերում
Վերջին շրջանում Թուրքիան փորձում է առանձնապես ընդգծել Իրանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։ Ելույթ ունենալով Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնում` Էրդողանը հայտարարեց, որ «Նաբուկո» գազամուղի աշխատանքի ապահովման համար հազիվ թե գտնվի տարեկան կտրվածքով անհրաժեշտ 30 մլրդ խմ գազ։ Նրա խոսքերով` «Նաբուկո»-ն կարող է իմաստ ունենալ միայն այդ դեպքում, եթե դրանով գազ մղվի Եվրոպա ոչ միայն Ղազախստանից, Թուրքմենստանից եւ Ադրբեջանից, այլ նաեւ Իրանից։ Թուրք-իրանական էներգետիկ համագործակցության ակտիվացման քննարկումներն սկսվել են դեռ տարեսկզբին, իսկ դրանց համար հիմք է հանդիսացել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի այցն Անկարա, որի արդյունքում Իրանի եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարներին պաշտոնական հանձնարարական է տրվել` ակտիվացնել բանակցությունները գազի ոլորտում համագործակցության խորացման եւ ընդհանուր նախագծերի իրականացման վերաբերյալ։ Դեռեւս 2001թ. կառուցված Թավրիզ–Էրզրում գազատարը բավական լավ հիմք է ստեղծում «Նաբուկո» նախագծին Իրանի միանալու համար: Այս գազատարով Իրանից Թուրքիա վերջին տարիներին տարեկան արտահանվել է միջինը 8 մլրդ խմ գազ, այն պայմաններում, երբ գազատարի հնարավորությունները թույլ են տալիս եռակի ավելացնել արտահանվող գազի ծավալները:
Օգոստոսին Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Վրաստանը` որպես էներգակիրների տարանցիկ երկիր, անհուսալի է, Թուրքմենստանի եւ Ղազախստանի` Հարավկովկասյան (Բաքու–Թբիլիսի–Էրզրում) գազամուղին միանալու հնարավորությունը կտրուկ նվազեց։ Այսօր Ադրբեջանը, փաստորեն, միակ մերձկասպյան երկիրն է, որը պատրաստ է դառնալ «Նաբուկո» նախագծի մասնակիցը ոչ թե թղթի վրա, այլ գործնականում։ Ո՛չ Թուրքմենստանը, ո՛չ Ղազախստանն այս նախագծին միանալուն ուղղված ոչ մի քայլ չեն արել եւ առաջիկա տարիներին հազիվ թե անեն: Այս պայմաններում Անկարային պարզ է դարձել, որ «Նաբուկո» նախագծի իրականացման եւ անհրաժեշտ ֆինանսական ու քաղաքական դիվիդենդներ ստանալու համար անհրաժեշտ է ծրագրում ներառել նաեւ բնական գազի զգալի պաշարներ ունեցող Իրանին։ Նման մոտեցում կա նաեւ Եվրոպայում` քաղաքական եւ տնտեսական դերակատարների մակարդակով։ Բուդապեշտյան գագաթաժողովին Իրանի հետ համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին հայտարարեցին «Նաբուկո» գազատարի նախագծի իրականացման աշխատանքներում ընդգրկված մասնավոր ընկերությունների ղեկավարները, այդ թվում` նախագծի հեղինակ եւ հիմնական լոբբիստ ավստրիական OMV Gas & Power GmbH ընկերության փոխնախագահ Ջ.Բոգարդը:
Հիմնական դժվարությունները, որոնք կարող են առաջանալ «Նաբուկոյին» Իրանի միանալու հետ կապված, պայմանավորված են Վաշինգտոնի դիրքորոշմամբ, քանի որ ամերիկյան նոր վարչակազմը, չնայած տարաբնույթ վերլուծություններին, դեռեւս չի մշակել եւ չի ներկայացրել սեփական «իրանական քաղաքականությունը»։ Սակայն իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար այսօր բավական լավ հիմքեր կան, մանավանդ եթե հաշվի առնենք այն դժվարությունները, որոնք Վաշինգտոնի համար կծագեն ղրղզական «Մանասից» իրենց ռազմակայանի դուրսբերման հետ կապված։ Սա կբերի Կենտրոնական Ասիայում ուժերի վերադասավորման, որն անմիջականորեն կազդի նաեւ Իրան-ԱՄՆ հարաբերությունների վրա։
Զարգացումներ Կենտրոնական Ասիայում
Երկրի տարածքից ամերիկյան ռազմական ուժերը դուրս բերելու Ղրղըզստանի ղեկավարության որոշումն իրավիճակը տարածաշրջանում վերադարձնում է 2001 թվական, երբ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ը ընդհանրապես ռազմական ներկայություն չուներ։ 2001-ին, երբ Մոսկվայի հետ համաձայնության գալուց հետո Վաշինգտոնը ռազմակայաններ բացեց Ուզբեկստանում եւ Ղրղըզստանում, ԱՄՆ գլխավոր նպատակն Աֆղանստանում ռազմական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունն էր։ Թալիբների վարչակարգի տապալումից հետո ռազմակայանները տարածաշրջանից դուրս չհանվեցին, չնայած տպավորություն էր ստեղծվել, թե աֆղանական հիմնահարցն ամբողջովին լուծվել է եւ այլեւս ամերիկյան ռազմակայանների պահպանման կարիք չկա։ Ռուս-ամերիկյան հակասությունները ռազմակայանների շուրջ, որոնք ռուս վերլուծաբան Ֆ.Լուկյանովն անվանում է «նյարդերի պատերազմ», փաստորեն վերացան 2009-ի փետրվարին, երբ Ղրղըզստանի ղեկավարությունն ակնհայտ ռուսական ճնշման եւ փոխհատուցումների պայմաններում որոշում ընդունեց փակել ամերիկյան օդուժի «Մանաս» ռազմակայանը։ Սա ռազմավարական բնույթի կարեւորագույն որոշում է, որը մատնանշում է տարածաշրջանում ռուսական դիրքերի ամրապնդման մասին։ Ի տարբերություն 2003-ի, երբ Պենտագոնը Ուզբեկստանում եւ Ղրղըզստանում իր ռազմական ներկայության պահպանմանն ուղղված մտացածին փաստարկներ էր ներկայացնում, իրավիճակն այսօր միանգամայն այլ է. Վաշինգտոնին ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայում օդի պես է պետք, քանի որ վերջին երկու տարիներին իրավիճակն Աֆղանստանում իրապես լարվել եւ սպառնալի է դարձել։ Եվ այս պայմաններում Ղրղըզստանն ու, փաստորեն, Ռուսաստանը ԱՄՆ-ին ստիպում են հեռանալ տարածաշրջանից։
Ինչպե՞ս է ԱՄՆ-ը այսօր լուծելու Աֆղանստանում սեփական զորքերի համալրման, մատակարարման եւ պաշտպանության հարցերը, երբ զրկված է Կենտրոնական Ասիայում ռազմակայաններ ունենալուց, եւ երբ Պակիստանն էլ ավելի վտանգավոր տարանցման գոտի է դառնում ամերիկացիների համար։ Լուրերն այն մասին, թե Վաշինգտոնը փորձում է Տաջիկստանին առաջարկել նրա տարածքում ռազմաօդային կայան ստեղծել, իրականում խոսում են ամերիկյան դիրքերի կտրուկ թուլացման եւ իրավիճակի բարդության մասին։ Տաջիկստանը ոչ միայն Ռուսաստանի դաշնակիցն է, այլեւ Իրանի հետ սերտ կապեր ու լայն համագործակցություն ունեցող պետություն, այստեղ եւս քիչ չեն ԱՄՆ-ի նկատմամբ ատելությամբ լցված իսլամիստներն ու ծայրահեղականները։ Ակնհայտ է, որ եթե Վաշինգտոնը Մոսկվայի հետ համաձայնության չգա Տաջիկստանում ռազմակայան բացելու հարցի շուրջ, ապա նրան առնվազն պետք է Թեհրանի համաձայնությունը։ Իրանը դեռ մինչեւ վերջերս քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Տաջիկստանում իրավիճակը լարելու հսկայական ռեսուրսներ ունի, եւ առանց Իրանի համաձայնության` այստեղ ամերիկյան ռազմական ներկայության մասին խոսք անգամ չի կարող լինել։
Սա, իրականում, իրանա-ամերիկյան երկխոսության ակտիվացման կարեւոր խթան է։ Այն կարող է սկսվել ոչ հիմա, այլ մի քանի ամսից, երբ Իրանը կթեւակոխի նոր նախագահական ընտրությունների փուլ։
Ինչեւէ, 2009-ի տարեսկիզբը լուրջ փոփոխություններ է մտցնում տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացներում, որոնք կարող են բերել նաեւ ընդհանուր իրավիճակի փոփոխության եւ ուժերի վերադասավորման։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]