• am
  • ru
  • en
Версия для печати
17.03.2014

ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում բուռն քննարկումներ է առաջ բերել Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում ճգնաժամի պատճառների և աշխարհում հնարավոր փոփոխությունների մասին։ Ցավոք, Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր դիմակայության հետևանքների բովանդակալից վերլուծությունը Հայաստանում բավարար չէ, թեև այդ հետևանքները կարող են զգալի լինել։ Թեկուզև այն պատճառվ, որ ուկրաինական ճգնաժամի կողմերից մեկը՝ Ռուսաստանը, Հայաստանի խոշոր առևտրային գործընկերն է, իսկ երկրորդ կողմը՝ Ուկրաինան, Ռուսաստանից հետո երկրորդն է ԱՊՀ գծով Հայաստանի առևտրային գործընկերների շարքում։

Մյուս կարևոր գործոնը, որը կարող է ազդել Հայաստանի սոցիալ-տնտեսական իրադրության վրա, Ռուսաստանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հնարավոր կիրառումն է, որոնք կարող են որոշակի վնաս հասցնել ռուսաստանյան տնտեսությանը։ Հայաստանի համար, որի տնտեսությունը կապված է Ռուսաստանի հետ, այդ պատժամիջոցները չեն կարող աննկատ մնալ։ Չէ՞ որ ճգնաժամը Ռուսաստանում կհարվածի ոչ միայն ռուսաստանյան խոշոր կորպորացիաների, այլ նաև այդ երկրի բոլոր քաղաքացիների, ինչպեսև այնտեղ աշխատող միգրանտների գրպանին։ Դրանով իսկ զգալիորեն կկրճատվեն Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները, ինչն անմիջականորեն կազդի մեր երկրի մակրոտնտեսական իրավիճակի վրա։ Ի դեպ, նման հնարավոր հետևանքների մասին խոսվել է մեր կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչների մակարդակով, որը գիտակցում է, թե որքան դժվար է լինելու Հայաստանի համար նոր պայմաններում առաջ ընթանալը։

Սրանք լոկ մի քանի գործոններ են, որոնք հարկ է հաշվի առնել ուկրաինական ճգնաժամի հետևանքների քաղաքագիտական վերլուծության ժամանակ։ Բայց այդ գործոնները շատ ավելին են և բազմաբնույթ՝ տնտեսականից մինչև ռազմաքաղաքական։

Հետաքրքիր է, որ իսկական ճգնաժամային իրավիճակի քննարկման փոխարեն, որում կարող է հայտնվել Հայաստանը, Երևանում շատերը խոսում են այն «դրական» հետևանքների մասին, որոնք կարող է ունենալ Հայաստանը ռուս-արևմտյան հակամարտությունից։

Որպես նման «դրական հետևանք» դիտարկվում է այն, որ Հայաստանը կարող է վերածվել դեպի ԵՄ գազի խոշոր տարանցման երկրի։ Տրամաբանությունն այստեղ ակնհայտ է. Ուկրաինան մտնում է Ռուսաստանի հետ հակամարտության փուլ, ԵՄ-ը շուտով պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, կհրաժարվի գնել ռուսական գազը, կսկսի նոր աղբյուր փնտրել և, բնականաբար, կանգ կառնի Իրանի վրա, որն աշխարհում երկրորդ պետությունն է բնական գազի պաշարներով, իսկ այն բանից հետո, երբ «կանգառը կատարվի» Իրանի վրա, ԵՄ-ն անպայման կօգտագործի Հայաստանի տարածքը Իրանից գազամուղի կառուցման համար։

Իրանական գազը տարանցող երկրի վերածվելու գաղափարն, իսկապես, բավական հրապուրիչ է։ Իրանական գազը, ըստ այդ դիրքորոշման, Եվրոպային կմատակարարվի Հայաստանով, Վրաստանով, Սև ծովի հատակով, Ուկրաինայով և Մոլդովայով անցնող գազամուղով։ Պարզապես անհասկանալի է, թե ինչու պետք է Եվրամիությունը և Իրանը տասնյակ միլիարդավոր դոլարներ ներդնեն այս արկածախնդրության համար։

Ինչո՞ւ արկածախնդրություն։

Որովհետև, երբ գազամուղներ են կառուցում, նայում են աշխարհի ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական քարտեզին։ Եվ այստեղ իրավիճակը մի փոքր ավելի հասկանալի է թվում.

  1. Սկզբում ԵՄ-ը և Իրանը պետք է համաձայնության գան գազամուղ կառուցելու հարցում և դրա համար ֆինանսավորում գտնեն։
  2. Հետո սկսվելու է բուն գազամուղի շինարարությունը, որը կտևի մի քանի տարի։
  3. Լեռնային, խիստ անհարմար երթուղով անցնելիք գազամուղը Հայաստանի տարածք է մտնելու հենց ղարաբաղյան հակամարտության կողքով, որտեղ ցանկացած պահի կարող են վերսկսվել մարտական գործողությունները։ Բայց ԵՄ-ը և ԻԻՀ-ն, չգիտես ինչու, դրա վրա աչք կփակեն։
  4. Հայաստանից հետո գազամուղը կմտնի Վրաստանի տարածք, որը դեռ չի լուծել ոչ աբխազական, ոչ հարավօսական հակամարտությունները, չի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և դեռ տառապում է երկրում ոչ այնքան կայուն քաղաքական իրավիճակի պատճառով։ Բայց դա նույնպես, չգիտես ինչու, չպետք է հուզի ԵՄ-ին և ԻԻՀ-ին։
  5. Այնուհետև գազամուղը կանցնի Սև ծովի հատակով և կհասնի Ուկրաինա։ Իհարկե, անհասկանալի է, թե ինչպես կհասնի։ Առաջ (Յուշչենկոյի օրոք) քննարկում էին, թե դա կարող է իրականացվել Ղրիմի շրջանում, բայց իրավիճակն այժմ փոքր-ինչ այլ է։ Ենթադրենք, թե գազամուղը Սև ծովի հատակով անցնելով՝ կհասնի մինչև Օդեսա, որը մի քիչ ավելի փոքր է, քան Դոնեցկը և Խարկովը, և այնուամենայնիվ, ռուս-ուկրաինական դիմակայության մեկ այլ գոտի է։
  6. Եվ վերջապես, գազամուղը Մերձդնեստրյան հակամարտության գոտու միջով կամ դրա կողքով կմտնի Եվրոպա։

Բայց կարելի է դիտարկել նաև այս նախագծի անալոգիան. ասենք՝ Իրանը գազամուղ է կառուցում Իրաքի տարածքով՝ քրդաբնակ և սուննիաբնակ շրջաններով, հետո այն թեքում է դեպի Սիրիա, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում, այնտեղից՝ Պաղեստին, հետո՝ Հորդանան, այնտեղից էլ՝ Կարմիր ծովի հատակով դեպի Գազայի հատված, որտեղ էլ կառուցում է բնական գազի հեղուկացման գործարան՝ այն համաշխարհային շուկա արտահանելու նպատակով։

Եվ սա՝ այն պայմաններում, երբ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում կա ուղիղ երթուղի՝ Թուրքիայի տարածքը, որը տասնամյակներ շարունակ ապացուցել է իր՝ կայուն միջազգային տրանսպորտային միջանցք լինելու կարգավիճակը։

Իրականում, Հայաստանում ուկրաինական ճգնաժամի շուրջ դիսկուրսների որակը ոչ մի կապ չունի ոչ Ուկրաինայի, ոչ Ռուսաստանի, ոչ էլ, առավել ևս, Եվրոպայի հետ։ Դա ներհայկական հասարակական-քաղաքական գործընթացի մասն է կազմում, որտեղ որոշակիությունն ու որակը նենգափոխվում են պրոժեկտորությամբ՝ անիրագործելի ծրագրերով հրապուրվելով, ինչն էլ թույլ է տալիս կոնկրետ կատեգորիաներ և խնդիրներ քննարկելու փոխարեն զբաղվել «մեծ խաղով»... որի ձախողման համար դիսկուրս վարողը ոչ մի պատասխանատվություն չի կրում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր