• am
  • ru
  • en
Версия для печати
06.02.2014

ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար


2013թ. դեկտեմբերին հայ-ռուսական գազային պայմանագրի կնքումից հետո աշխուժացել են քննարկումներն Իրանից Հայաստան գազ ներկրելու հնարավորությունների մասին։ Քննարկումների հիմնական թեմաներն են իրանական գազի գինը և հայ-ռուսական պայմանագրի բնույթը, որը, ինչպես ենթադրվում է, հնարավորություն չի տալու հայկական կողմին ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները։

Իրանական գազի գինը

Իրանական գազի գինը քննարկելիս կարելի է անդրադառնալ Իրանից Թուրքիա կամ Նախիջևան արտահանվող գազի գնին, ինչպես նաև այն փորձին, որն իրանական կողմը ձեռք է բերել Պակիստանի և Վրաստանի հետ գազի արտահանման հարցում։

2001 թվականից Իրանը, Պակիստանն ու Հնդկաստանն անընդմեջ բանակցում են գազատարի կառուցման նախագծի շուրջ, և այդ բանակցությունների հիմնական թեման գազի գինն է։ Թեհրանը հրաժարվում է այն սահմանել միջազգային գներից ցածր՝ նշելով, որ գազի գինը նավթի գնի նման մի բան է, որը հաշվարկվում է բանաձևով և փոփոխման ենթական չէ։ Եվ սա ասվում է այն պայմաններում, երբ գազատարի կառուցումն ու շահագործումը Թեհրանի համար կենսական նշանակության տնտեսական հարց է։ Գումարած նաև այն, որ ինչպես Իրանն ու Հայաստանը, այդպես էլ Իրանը, Հնդկաստանն ու Պակիստանն ունեն արժեքային ընդհանրություններ (անկախ քաղաքական կոնյունկտուրայից)։

Սակայն սկսած 2001-ից՝ իրանական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի Պակիստանը թոթափվի թյուր պատկերացումներից, թե Թեհրանը պատրաստվում է միջազգային գներից ցածր գնով գազ արտահանել Պակիստան։ Թեև պետք է նշել, որ իրանական պաշտոնյաները բազմիցս ասել են, որ հարևան երկրների միջև տնտեսական համագործակցությունը պետք է զարգանա ոչ միայն տնտեսական կատեգորիաների, այլ նաև բարեկամական արժեքների գերակայության պայմաններում։

Նշենք, որ 2012թ. Պակիստանը վերջին փորձը կատարեց Իրանից էժան գազ ստանալու ուղղությամբ. հաշվի առնելով միջազգային պատժամիջոցներն Իրանի նկատմամբ և լավ գիտակցելով, որ Թեհրանը շահույթի լրացուցիչ աղբյուրների կարիք ունի՝ Իսլամաբադն Իրանին առաջարկեց երկարաժամկետ գազային պայմանագիր կնքել՝ դրանում ամրագրելով միջազգայինից փոքր ինչ ցածր գին։ Սակայն այս տակտիկական առաջարկությունը Թեհրանի կողմից նորից մերժվեց՝ հաշվի առնելով այն, որ պատժամիջոցները կգան ու, հավանաբար, կգնան, սակայն էներգետիկ պարտավորությունները երկարաժամկետ պայմանագրի տեսքով՝ կմնան։

Լավ օրինակ են նաև իրանա-վրացական բանակցությունները գազի առքուվաճառքի վերաբերյալ։ 2004 թվականից Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մի քանի անգամ փորձ է կատարել հասնել իրանա-վրացական գազային պայմանագրի կնքմանը։ Քչերն են հիշում, բայց Վրաստանի արևմտամետ նախագահ Մ.Սաակաշվիլին 2 անգամ բարձր մակարդակով բանակցություններ է վարել Արևմուտքում բացասական համբավ ունեցող Մ.Ահմադինեժադի հետ՝ Իրանից Վրաստան բնական գազի արտահանման հնարավորությունների շուրջ։ Երկու անգամ էլ բանակցություններն ավարտվել են նրանով, որ Իրանը շահագրգռվածություն հայտնել է, բայց որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել հենց իրանական գազի բարձր գնի պատճառով։ Այս հանգամանքը հաճախ անտեսվում է նաև Հայաստանում տեղի ունեցող քննարկումներում, որոնցում կարծիք է հայտնվում, թե Հայաստանը կարող էր դառնալ իրանական գազի տարանցման երկիր, եթե չլինեին ռուսական ճնշումները։ Տվյալ դեպքում կարելի է ասել, որ Մոսկվան շահագրգռված չէր և չէ իրանական գազի՝ միջազգային շուկա դուրս գալու հեռանկարով, սակայն երբևիցե գործնական մակարդակում այդ գազը Հայաստանով տարանցվելու իրական հնարավորություն չի ունեցել, քանի որ այն (իրանական գազը) գնորդ չուներ։ Չուներ՝ հաշվի առնելով հենց բարձր գինը և Թեհրանի բացասական արձագանքը միջազգայինից ցածր գումարով այն վաճառելու վերաբերյալ։

Նույն՝ գնի խնդիրն է դրված եղել նաև իրանա-ուկրաինական բանակցություններում, որոնք նույնպես ավարտվել են առանց որևէ դրական արդյունքի՝ անկախ այն ամենից, թե ինչ են այդ մասին մտածել ռուսական կողմը և «Գազպրոմը»։

Հենց այս համատեքստում շատ կասկածելի է այն, որ Իրանը հանկարծ կարող է Հայաստանի համար գազի գնի կտրուկ իջեցման դիմել՝ հնդկական, վրացական, թուրքական, եվրոպական և պակիստանյան կողմերին առիթ տալով քննարկելու էներգակրի գնի ձևավորման մեխանիզմը։ Ինչ վերաբերում է Իրանի դեսպանի հայտարարությանը, թե գազը մեկին կարող է վաճառվել 400, մյուսին՝ 100 դոլարով, ապա դա իրանական դասական դիվանագիտական հայտարարություն է, որը, կրկնում եմ, գործնականում որևէ կերպ հաստատված չէ։

Հնարավո՞ր է արդյոք ավելացնել իրանական գազի ներկրման ծավալները

Այս պատմությունը, սակայն, ունի նաև օբյեկտիվ հիմքեր. մինչ օրս հայկական և իրանական կողմերը գնի շուրջ իրական բանակցություններ չեն վարել։ Բայց այսօր քննարկման թեմա է դարձել այն, թե արդյոք հայկական կողմը հնարավորություն կունենա բնական գազ գնել Իրանից հայ-ռուսական նոր էներգետիկ համաձայնագրի ստորագրումից հետո։ Անգամ կարծիք է հայտնվում, որ Հայաստանը պարտավորություն է ստանձնում միայն ռուսական գազ ձեռք բերել։

Իրականում խնդիրն այլ է. պայմանագիրը ենթադրում է ոչ թե ռուսական գազի մենաշնորհ Հայաստանի ներքին շուկայում, այլ ռուսական մենաշնորհ Հայաստանի գազատրանսպորտային համակարգում։ Համակարգն ու շուկան լրիվ տարբեր բաներ են, և դրանց նույնացումը նույնն է, ինչ, ասենք՝ օդանավակայանի և ավիացիոն ընկերության։ Չնայած օդանավակայանն է ընդունում երկիր ժամանող ինքնաթիռները, այն չի կարող կարգավորել, թե ով և ինչ նպատակով է ժամանում պետության տարածք։ Նույնը վերաբերում է նաև գազային համակարգին. հայ-ռուսական պայմանագիրը կարգավորում է համագործակցությունը ենթակառուցվածքի, այլ ոչ թե գազի աղբյուրների շուրջ։

Այս պայմաններում Իրանից Հայաստան գազի ներկրման ծավալների ավելացումը որևէ խոչընդոտ Հայաստանում ունենալ չի կարող. գնորդի առկայության դեպքում, փաստորեն, պետք է օգտագործվի «ՀայՌուսգազարդին» պատկանող Իրան-Հայաստան գազատարը, ինչի համար գնորդը կամ վաճառողը պետք է կատարեն համապատասխան տրանզիտային մուծում, ինչը Հայաստանի նման փոքր պետության դեպքում աննշան կարող է ազդել բնական գազի գնի վրա։

Սակայն պետք է գիտակցել, որ Իրանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալների աճ կարող է տեղի ունենալ միայն տնտեսական զարգացման տեմպերի դեպքում, մանավանդ արդյունաբերության՝ բավական էներգածախսատար մասով։ Նման հեռանկարի բացակայության դեպքում ներկրվող գազի ցածր ծավալները կպահպանվեն, և 2 աղբյուրից գազի ներկրման տնտեսական նպատակահարմարությունը կլինի բավական ցածր։


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր