
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Արա ՄարջանյանՆերկայումս Հարավային Կովկասն ինտենսիվ տեղեկատվական և հոգեբանական պատերազմի թատերաբեմ է: Այն վարվում է թե՛ տարածաշրջանի բուն երկրների, թե՛ դրանից դուրս գտնվող տերությունների ու կազմակերպությունների կողմից: Այս պատերազմի հատկանշական առանձնահատկությունն են ժողովրդագրական վիճակագրական տվյալների համակարգային խեղաթյուրումը և խեղաթյուրված տեղեկատվության լայն տարածումը մեդիա դաշտում: Գրեթե յուրաքանչյուր օր ադրբեջանական լրատվադաշտում կարդում ենք մեր տարածաշրջանում 110 մլն-ոց պանթուրքական հզոր գոյի (Բուն Թուրքիա, Ադրբեջանական Հանրապետություն, Իրանի «ադրբեջանցիներ») կամ լսում «10 մլն-անոց հզոր ու անզիջում Ադրբեջանի» մասին:
Ադրբեջանական Հանրապետության ժողովրդագրությունն ըստ պաշտոնական Բաքվի
Պաշտոնական Բաքվի ժողովրդագրական վիճակագրությունում տեղ գտած զանգվածային զեղծարարություններին ու մեքենայություններին էին նվիրված մեր ավելի վաղ ուսումնասիրությունները [1-3]: Ներկայացնենք այդ ուսումնասիրությունների արդյունքները:
Ադրբեջանական Հանրապետության (ԱՀ) բնակչության պաշտոնական թվաքանակը (9.1 մլն մարդ 2011թ.) 2.0 մլն-ով գերազանցում է երկրի բնակչության իրական թիվը (մոտ 7.0 մլն մարդ 2011թ.): Ադրբեջանի զուտ միգրացիայի (այսինքն՝ ներգաղթի և արտագաղթի տարբերության) պաշտոնական Բաքվի գնահատականը տասնյակ անգամներ փոքրացնում է արտագաղթի իրական ծավալները՝ գնահատված հեղինակավոր միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից1: ԱՀ-ից արտերկրում գտնվող էմիգրանտների «բանակի» գնահատականը կազմում է մոտ 2.0-2.2 մլն մարդ: Սկսած 1996-97թթ.՝ պաշտոնական վիճակագրությունը կոպտորեն խեղաթյուրում է ԱՀ բնակչության տարեկան աճի տվյալները՝ արհեստականորեն բարձրացնելով այն առնվազն 1.5-2.0 անգամ՝ ներկայումս, և 3.0-4.0 անգամ՝ 90-ականների վերջին։ Խեղաթյուրվում են ԱՀ բնակչության սեռական կազմի պաշտոնական տվյալները, մոտ 0.5 մլն-ով արհեստականորեն բարձրացվում է իգական սեռի բնակչության թվաքանակը: Նման արատավոր գործելակերպով պաշտոնական Բաքուն ջանում է «կենսաբանորեն» հիմնավորել հայր և որդի Ալիևների՝ մոտ ապագայի «10 մլն-անոց Ադրբեջանի» պատրանքը:
Ադրբեջանական Հանրապետության բնակչությունը 2100թ.` ըստ ՄԱԿ ԺԴ-ի
Ցավոք, ԱՀ ժողովրդագրական տվյալների մեքենայությունները չեն սահմանափակվում միայն պաշտոնական Բաքվի և ադրբեջանական մեդիա դաշտի գործունեությամբ: Այսպես, դրանք յուրօրինակ կերպով «վավերացվում» են Միավորված Ազգերի Կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի (UN ESA) Ժողովրդագրական դեպարտամենտի (այսուհետ` ՄԱԿ ԺԴ) ժողովրդագրական տեղեկատուներում (տե՛ս [3], Աղյուսակ 2 և ստորև): Ցավալի է, որ ՄԱԿ ԺԴ-ն այս հարցում նույնիսկ ավելի հեռուն է գնում:
Իրոք, անցած տասնամյակի ընթացքում ՄԱԿ ԺԴ-ն իր համացանցային կայքում կանոնավոր կերպով տեղակայում է աշխարհի երկրների ժողովրդագրական տվյալների միասնական էլեկտրոնային գրադարանը2: Բացի ժողովրդագրական ընդհանուր փաստագրական ու վիճակագրական տեղեկատվությունից, այս գրադարանը հնարավորություն է ընձեռում կանխատեսումներ կատարել, օրինակ՝ տվյալ երկրի կամ երկրների խմբի համար դիտարկել հիմնական ժողովրդագրական ցուցանիշների վարքը` բնակչության թվաքանակ, տարիքային կազմ, պտղաբերություն (fertility) և այլն: Եվ այս ամենը` մինչև 2100 թվականը: Ընդ որում, դիտարկվում են բնակչության թվաքանակի «բարձր», «միջին» ու «ցածր» աճի սցենարներ: ՄԱԿ ԺԴ այս գրադարանը շատ մասսայական միջոց է, այն ինտենսիվորեն օգտագործվում է թե՛ անհատների, թե՛ տարատեսակ ազգային ու միջազգային պետական և ոչ պետական կառույցների ու կազմակերպությունների կողմից: ՄԱԿ ԺԴ գրադարանի տվյալները լայնորեն ցիտվում ու քննարկվում են մեդիա դաշտում (այդ թվում նաև հայկական) ու տարբեր հեղինակավոր, և ոչ այնքան, լրատվամիջոցների կողմից:
Ի՞նչ պատկեր կտեսնի ՄԱԿ ԺԴ հիշյալ գրադարան այցելած մարդը, օրինակ, եթե պատվիրի պատկերել Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բնակչության թվի դինամիկան 1950-2100թթ. ժամանակահատվածի համար: Արդյունքը ներկայացնում ենք Նկար 1-ում:

Աղբյուրները` http://esa.un.org/unpd/wpp/unpp/panel_population.htm և սեփական հաշվարկներ
Ինչպես տեսնում ենք, համաձայն ՄԱԿ ԺԴ մասնագետների, XXI դարի վերջին ԱՀ բնակչությունը բարձր աճի սցենարում կկազմի 19.4 մլն մարդ, իսկ Հայաստանի համար` 4.0 մլն մարդ (Վրաստանի համար` 4.1 մլն մարդ: Նկար 1-ում պարզության համար Վրաստանի ցուցանիշները ներկայացված չեն): Այսպիսով, ՄԱԿ ԺԴ այս սցենարում ԱՀ բնակչությունը 2100թ. ավելի քան երկու անգամ կգերազանցի ՀՀ և ՎՀ բնակչությունը միասին վերցրած: Իրադրությունը նույնիսկ ավելի «վատն» է ցածր աճի սցենարի պարագայում. ԱՀ՝ 7.0 մլն մարդ, ՀՀ` 1.2 մլն մարդ (ՎՀ` 1.2 մլն մարդ): Այստեղ ԱՀ բնակչությունը կգերազանցի ՀՀ և ՎՀ միացյալ բնակչությունն արդեն մոտ երեք անգամ:
Կրկնենք. բերված պատկերը հասանելի էր այս էլ մոտ տասը տարի և լայնորեն օգտագործվում էր և է մեդիա դաշտում` առանց որևէ սթափ վերլուծության կամ մեկնաբանությունների: Մինչդեռ, դրանք պարզապես անհրաժեշտ են, քանի որ բերվող պատկերը բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Առաջին. ՄԱԿ ԺԴ մասնագետների կողմից առաջարկված ԱՀ բնակչության բարձր աճի սցենարը 2015-2100թթ. ժամանակահատվածի համար ընդհանուր առմամբ գծային է (տե՛ս Նկար 1, կանաչ գիծ): Ավելին, 1950-2100թթ.` գրեթե մեկ ու կես դար ժամանակահատվածում, այն 99.78% ճշգրտությամբ ապրոքսիմացվում է պարզունակ գծային հավասարումով ու զարմանալիորեն հիշեցնում է Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի (ԱՎՊԿ) կողմից բերվող 1950-2011թթ. համար պաշտոնական տվյալների վարքը (տե՛ս [3], Նկար 7): Կարծում ենք՝ առկա են բոլոր հիմքերը պնդելու, որ այստեղ ՄԱԿ ԺԴ փորձագետները պարզապես կրկնում են ԱՎՊԿ «մասնագետների» կողմից այս էլ քանի տասնամյակ (1950-2012թթ.) կիրառվող բնակչության գծային աճի` իրականությունից կտրված ու պրիմիտիվ մոդելը, անվրդով տարածելով այն ողջ 2015-2100թթ. համար:Երկրորդ. ՄԱԿ ԺԴ փորձագետներն օգտագործում են բնակչության մասին միայն ԱՎՊԿ պաշտոնական թվերը` առանց դրանց որևէ քննման կամ մեկնաբանության: Մինչդեռ, մեկնաբանություններն այստեղ ավելի քան տեղին կլինեին, գոնե միայն ԱՀ բնակչության թվաքանակի և սեռական կազմի հետ կապված այն աղաղակող խեղաթյուրումների համար, որոնք բնորոշ են թե՛ ԱՎՊԿ տվյալներին, թե՛ դրանք կրկնող ՄԱԿ ԺԴ տեղեկագրերին (ավելի մանրամասն տե՛ս [3], Աղյուսակ 2 և ստորև):
Երրորդ. Հայաստանի (և Վրաստանի) համար ՄԱԿ ԺԴ-ի կողմից մինչև 1995թ. բերվող բնակչության թվաքանակի փաստացի կորն ունի հատկանշական բեկումնային կետ` 1990թ. շրջակայքում (Նկար 1-ում ընդգծված է էլիպսով): Իրոք, ԽՍՀՄ փլուզումը, սոցիալ-տնտեսական համակարգի բեկումը, տարածաշրջանային հակամարտությունների սկիզբը և ինտենսիվ ներ- ու արտատարածաշրջանային միգրացիոն գործընթացներն այդ ժամանակ հանգեցրին Հարավային Կովկասի բոլոր հանրապետությունների ժողովրդագրական իրավիճակի զգալի փոփոխության: Սակայն ինչո՞ւ է այս ամենն աննկատ Ադրբեջանական Հանրապետության բնակչության պարագայում: Պատասխանը, որը կստանաք ՄԱԿ ԺԴ փորձագետներից, հետևյալն է. «որովհետև այդպիսին են պաշտոնական տվյալները, որոնք մենք ստանում ենք այս երկրների պաշտոնական վիճակագրական ծառայություններից»:
Ի դեպ, ՄԱԿ ԺԴ փորձագետները խնամքով հաշվի են առել ՀՀ պետական վիճակագրական ծառայության կողմից 2001թ. ՀՀ մարդահամարի արդյունքներով կատարված բնակչության թվաքանակի հետընթաց վերահաշվարկը` 2002-ից մինչև 1990թ. (տե՛ս [3], Նկար 3): Այսպիսով, փաստենք, որ ՄԱԿ ԺԴ փորձագետներն իրենց գրադարանի միևնույն հարթակում, մի կողմից, ՀՀ պարագայում, ամենայն բծախնդրությամբ հաշվի են առնում ժողովրդագրական վիճակագրական վերահաշվարկը և 2001թ. ՀՀ մարդահամարի արդյունքներով իրականացված առողջացնող կորեկցիան, մյուս կողմից, ԱՀ պարագայում, ամենայն սառնասրտությամբ կրկնում են 1999թ. և 2009թ. մարդահամարների աբսուրդի հասնող պաշտոնական ցուցանիշները: Եվ այս բոլորը առանց որևե մեկնաբանության կամ բերվող տվյալների արժանահավատության գնահատականների:
Բայց ամենազավեշտալին ու մտահոգիչը ՄԱԿ ԺԴ մոդելներում երկրների միգրացիոն հոսքերի հաշվառումն է, որն իրականացվում է բնակչության զուտ միգրացիայի (net migration) ցուցանիշով: 2000-10թթ. ժամանակահատվածների համար ԱՀ զուտ միագրացիան ըստ ՄԱԿ ԺԴ կազմել է մոտ +11 հազար մարդ տարեկան (+110 հազ. մարդ 2000-10թթ.-ի համար): Հետաքրքիր է իմանալ, թե ինչու: Այստեղ ՄԱԿ ԺԴ փորձագետներին նույնիսկ չի օգնի սովորական դարձած պատասխանը. «որովհետև այդպիսին են պաշտոնական Բաքվի վիճակագրական տվյալները»: Քանի որ պաշտոնական Բաքվի տվյալներն այս հարցում այլ են: Հիշեցնենք, որ համաձայն ԱՎՊԿ մոտեցումների, զուտ միգրացիայի հաշվարկման համար այս երկրում դիտարկվում է միայն մշտական բնակչության համար եկած կամ մեկնած մարդկանց քանակը (տե՛ս [3], Գլուխ 2): Ընդ որում, 2000-10թթ. ժամանակահատվածի համար, ըստ պաշտոնական Բաքվի, զուտ միգրացիան կազմել էր -14 հազ. մարդ կամ, միջինացված` -1.4 հազ. մարդ տարեկան (ավելի մանրամասն տե՛ս [3], Նկար 4): Եվ եթե ՄԱԿ ԺԴ փորձագետներն անտեղյակ են ԱՀ-ից արտերկրում գտնվող մոտ 2.0-2.2 մլն էմիգրանտների բանակի մասին, որը գոյացել էր հիմնականում հենց այդ ժամանակահատվածում (տե՛ս [3], Գլուխ 2), ապա ինչո՞ւ են նրանք իրենց մոդելներում խորացնում այս աբսուրդային իրավիճակը՝ հասցնելով 2000-10թթ.-ի համար ԱՀ զուտ միգրացիայի ցուցանիշը մինչև +11 հազ. մարդ տարեկան՝ այս հարցում առաջ անցնելով նույնիսկ պաշտոնական Բաքվից:
Ու եթե այս ամենը զավեշտալի է, ապա այն, թե ինչպես է ՄԱԿ ԺԴ գրադարանը կանխատեսում հարավկովկասյան երկրների զուտ միգրացիան 2010-2100թթ. համար, արդեն ուղղակի ծիծաղելի է: Ինչո՞ւ է Ադրբեջանական Հանրապետության զուտ միգրացիան ընդունված զրոյական ողջ 2015-2100թթ. ժամանակահատվածում: Կամ ինչո՞ւ է Վրաստանից էմիգրացիան ավարտվում 2055 թվականին, և ինչո՞ւ է Հայաստանից այն շարունակվում մինչև 2100թ.: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը, պետք է ենթադրել, գիտի միայն պաշտոնական Բաքուն, այլ ոչ թե ՄԱԿ ԺԴ փորձագետները` պաշտոնական Բաքվի հլու կամակատարները:
Շտկված պատկերը
Այսպիսով ՄԱԿ ԺԴ հիշյալ գրադարանի հեղինակներին հասցեագրված մեր հարցերը հետևյալն են:
Առաջին. եթե ՄԱԿ ԺԴ հիշյալ գրադարանը պետք է պարզապես կրկնի երկրների պաշտոնական վիճակագրական տվյալները, ապա ինչո՞ւ է այն ընդհանրապես պետք: Այդ տվյալները հասանալի են հենց ազգային վիճակագրական ծառայություններից, ու դրանք կրկնող ևս մեկ աղբյուրի կարիքը չկա3: Առանց այդ էլ պաշտոնական Բաքուն ողջ համացանցը ողողում է ժողովրդագրական վիճակագրական զեղծարարություններով՝ օգտագործելով դրանք վարվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմում:
Երկրորդ. եթե ՄԱԿ ԺԴ հիշյալ գրադարանը կոչված է անել ավելին, օրինակ` մոդելավորել երկրների բնակչության վարքն ապագայի մեծ ժամանակահատվածների համար, ապա ինչո՞ւ այդ դեպքում ՄԱԿ ԺԴ փորձագետները մտահոգված չեն իրենց մոդելավորումների արդյունքների արժանահավատությամբ: Չէ՞ որ անհնարին է համարժեք մոդելավորում իրականացնել, եթե ելակետային տվյալներն ի սկզբանե խեղաթյուրված են: Մոդելավորումներով զբաղված քիչ թե շատ բանիմաց մասնագետի համար պարզապես տարրական այբուբեն է այն, որ աշխատանքն այստեղ սկսվում է ելակետային տվյալների արժանահավատության գնահատականներից: Եվ եթե հնարավոր չէ այն բարձրացնել սեփական միջոցներով ու ցանկությամբ, ապա մոդելավորումների ընթացքում նախ նշվում են սկզբնական անորոշությունները, իսկ այնուհետև իրականացվում է արդյունքների դասակարգում` ըստ համեմատելի արժանահավատության:
Երրորդ. գիտակցո՞ւմ են արդյոք ՄԱԿ ԺԴ փորձագետները, որ արհամարհելով արժանահավատության խնդիրը և ելակետային տվյալների հարցում հիմնվելով միայն ազգային վիճակագրական ծառայությունների գնահատականների վրա՝ նրանք, այսպես ասած, «ամրագրում» և ուժգնացնում են դրանցում առկա թե՛ դրական, թե՛ բացասական կողմերն ու միտումները: Թերանալով՝ վատը դարձնել լավ, իսկ լավն` ավելի լավ: Այսպիսի մոտեցումը, պատկերավոր ասած, ուժեղին դարձնում է ուժեղ, թույլին` թույլ, ազնիվին` ազնիվ, իսկ նենգին ու ստախոսին` ավելի նենգ ու ստախոս: Մի՞թե սա է ՄԱԿ առաքելությունը:
Քանի որ հույս չունենք, որ այս խնդիրների կարևորությունը քիչ թե շատ խելամտորեն կարճ ժամանակահատվածում կգիտակցվի ՄԱԿ ԺԴ փորձագետների կողմից, այստեղ իսկ հանձն ենք առնում շտկել իրավիճակը` Ադրբեջանական Հանրապետության պարագայում: Դրա համար նախ և առաջ հաշվի ենք առել մինչ 2012թ. ԱՀ-ում միգրացիայի իրական ծավալներին, բնակչության աճի իրական տեմպին և բնակչության իրական սեռական ու տարիքային կազմին առնչվող պաշտոնական Բաքվի բոլոր մեքենայությունները [1-3]: Բացի այդ, շտկել ենք հարավկովկասյան հանրապետությունների միգրացիոն հոսքերի մասին ՄԱԿ ԺԴ անհեթեթ ենթադրությունները 2012-2100թթ. ժամանակահատվածի համար:
Արդյունքը, բերում ենք Նկար 1-ում (կարմիր կորեր): Ինչպես տեսնում ենք, համաձայն շտկված արդյունքների՝ 2020թ. ԱՀ իրական, de facto բնակչությունը կկազմի մոտ 7.6-8.03 մլն մարդ: 2100թ. ԱՀ բնակչությունը «բարձր» աճի սցենարի դեպքում կկազմի մոտ 12 մլն մարդ (նկարում` «ԱՀ, շտ. բարձր» կոր), «միջին» սցենարի դեպքում` 7 մլն և «ցածր» աճի սցենարի դեպքում` մոտ 3.5 մլն մարդ: Բացի այդ, կատարված շտկումները հանգեցնում են ԱՀ բնակչության կորի 1990-2000թթ. ժամանակահատվածի համար բոլոր հետխորհրդային պետություններին բնորոշ վարքին:
Եզրափակելով՝ կցանկանայինք կատարել երկու դիտարկում:
Երկրի բնակչության թվաքանակի հեռահար կանխատեսումների հարցում անթույլատրելի է պրիմիտիվ, «գծային» մոդելների կիրառումը: Այս է վկայում դեռ անցած դարի 2-րդ կեսից բարդ համակարգերի մոդելավորման համաշխարհային փորձը` սկսած Հռոմի ակումբի «Զարգացման սահմանները» հայտնի ուսումնասիրությունից: Այստեղ սոցիալ-քաղաքական ներքին լարումների, արտաքին ներազդման, տարատեսակ ոչգծային էֆեկտների և այսպես կոչված` «վայրի քարտերի» (wild cards) ու «ֆազային անցումների» գործոնների հաշվառումը պարզապես անհրաժեշտություն է: Մի շարք երկրների «ֆազային անցման» օրինակներ մենք արդեն տեսանք վերջերս (Հարավսլավիա, Սուդան, Վրաստան, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա), ու դեռ կտեսնենք4: Բայց, դատելով ամենից, այս հարցերը միանգամայն դուրս են ՄԱԿ ԺԴ հիշյալ գրադարանը ստեղծած փորձագետների մտահորիզոնից:
Հաջորդը՝ ՄԱԿ ԺԴ-ի կողմից բերվող Ադրբեջանի բնակչության մինչև 2100թ. կանխատեսումների մեր շտկումներն ամենևին էլ նպատակ չունեն ստվերել Հայաստանում ներկայումս ձևավորված ժողովրդագրական իրավիճակը, կամ դրա հետևանքների գնահատման բարդ խնդրի ուսումնասիրման անհրաժեշտությունը: Հակառակը, կարծում ենք, որ այս հարցը պահանջում է առանձին, խորացված և համակողմանի ուսումնասիրություն, առավելապես կենտրոնացած առկա նեգատիվ միտումների հաղթահարմանն ուղղված համալիր միջոցառումների մշակմանը:
Եզրակացություններ
Տասնամյակներ ի վեր ԱՀ բնակչության «գծային աճի» պրիմիտիվ մոդելի սերմանումով և ժողովրդագրական վիճակագրությունում զանգվածային մեքենայությունների միջոցով պաշտոնական Բաքուն ջանում է ապացուցել իր հարևաններին ու սեփական քաղաքացիներին Բաքվում իշխող ռեժիմի «արդյունավետությունը», «հեռատեսությունն» ու «հաջողակությունը»: Պետական մակարդակով զեղծարարության վրա հիմնված նմանօրինակ գործելակերպը լուրջ հարցականի տակ է դնում այս երկրի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում գտնվելու հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը:
ՄԱԿ ԺԴ-ի կողմից պաշտոնական Բաքվի մեքենայությունները յուրօրինակ կերպով «վավերացվում» են ՄԱԿ ժողովրդագրական տեղեկագրերում, ինչպես նաև լայնորեն տարածվում են ՄԱԿ ԺԴ էլեկտրոնային գրադարանի օգնությամբ: Նման գործելակերպը ոչ միայն հակասում է ՄԱԿ գործունեության բարձր առաքելությանը, այլև չի նպաստում խաղաղության ու բարօրության հաստատմանը մեր տարածաշրջանում:
1ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն (ԱՄՆ ԿՀՎ, CIA), Միգրացիայի միջազգային կազմակերպություն (IOM), Համաշխարհային բանկի Զարգացման հեռանկարների հանձնախումբ:
2 http://esa.un.org/unpd/wpp/unpp/panel_population.htm
3 Առավել ևս, որ դրանք կրկնվում են ՄԱԿ ԺԴ ժողովրդագրական տպագիր տարեգրքերում (UN DYB)։
4 Այսօր զավեշտալի է ՄԱԿ ԺԴ գրադարանում տեսնել, օրինակ, Սուդանի բնակչության ողորկ ու սիրուն կորերը` ձգվող մինչև 2100թ.: Մինչդեռ «ֆազային անցում» վերապրած Սուդանն այլևս գոյություն չունի. այն տրոհված է երկու երկրների, որոնք ընկղմված են հակամարտությունների և քաոսի մեջ:
Աղբյուրներ և գրականություն
- Մարջանյան Ա., Ադրբեջանական Հանրապետության բնակչության 2009թ. մարդահամարի արդյունքների մասին, 19.12.2011. http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6186&sphrase_id=14684
- Մարջանյան Ա., Ադրբեջանական Հանրապետության բնակչության աճի տեմպի և ազգային կազմի մասին, 22.02.2012. http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6319&sphrase_id=14684
- Մարջանյան Ա., Ադրբեջանական Հանրապետության վիրտուալ վիճակագրությունը, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2012թ., http://noravank.am/upload/pdf/Ara%20Marjanyan%20book.pdf
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ». ՓՈՐՁԱԳԵՏ[17.12.2018]
- ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ[05.11.2018]
- ՇՓՄԱՆ ԳԻԾ–ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ (05.10.18)[09.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[07.08.2018]
- ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[19.07.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[09.07.2018]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)[16.05.2018]
- ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[08.05.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ[09.04.2018]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԲԱՆԱԼԻՆ» ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Է. Ա.ՄԱՐՋԱՆՅԱՆ[26.02.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԵԳՄԵՆՏԸ[19.02.2018]