• am
  • ru
  • en
Версия для печати
22.02.2012

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Руский

   

Արա Մարջանյան

Հայաստանում ՄԱԿ ԶԾ էներգետիկայի և տրանսպորտի գծով ազգային փորձագետ, տ.գ.թ., ավագ գիտաշխատող

Ադրբեջանական Հանրապետության բնակչության վերջին՝ 2009թ. ապրիլի մարդահամարի արդյունքների վերլուծությանը նվիրված մեր առաջին հոդվածում1 նշել էինք, որ ԱՊՎԿ (Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտե) պաշտոնական տվյալները խեղաթյուրում են երկրի իրական ժողովրդագրական պատկերը՝ հետևողականորեն անտեսելով Ադրբեջանական Հանրապետությունից միգրացիոն հոսքերը։ Այս առումով մարդահամարի անցկացումը չհանգեցրեց բնակչության մասին պաշտոնական վիճակագրական տվյալների հետ կապված իրավիճակի առողջացմանը։

Ստորև կփորձենք ցույց տալ, որ միգրացիայից բացի Ադրբեջանական Հանրապետության բնակչության մասին պաշտոնական վիճակագրական տվյալներն իրական պատկերը խեղաթյուրում են նաև ժողովրդագրության այլ ոլորտներում: Ընդ որում՝ այդ խեղաթյուրումները հետևողական և շարունակական բնույթ ունեն։

1. Ադրբեջանական Հանրապետության բնակչության աճի տեմպը

Ադրբեջանական Հանրապետության բնակչության մասին վերջին 3 տարիների պաշտոնական տվյալները (8.922, 8.998 և 9.111 մլն մարդ` 2009, 2010 և 2011թթ.) վկայում են, որ դրանք պարզապես շարունակում են ԱՊՎԿ-ի կողմից տասնամյակներ ի վեր օգտագործված երկրի բնակչության աճի՝ այսպես կոչված «գծային» պարզունակ մոդելի տրամաբանությունը։ Համոզվելու համար բավական է կազմել այդ երկրի բնակչության թվի աճի գծապատկերը բնութագրական երկարության ժամանակահատվածի համար։

Աղբյուրը՝ 1.3. Əhalinin cins üzrə sayı (min nəfər). http://www.azstat.org/statinfo/demoqraphic/az/AZ_1.shtml

Հենվելով ԱՊՎԿ ներկայացրած պաշտոնական տվյալների վրա՝ Նկար 1-ում պատկերել ենք հենց այսպիսի մի գծապատկեր: Ինչպես տեսնում ենք, մոտ կես դար (1965-2011թթ.) Ադր.ԽՍՀ և Ադրբեջանական Հանրապետության բնակչության թվի աճը փաստորեն ներկայացնում է ուղիղ մի գիծ, որը 99.85% ճշգրտությամբ ապրոքսիմացվում է պարզ գծային հավասարմամբ: Սա բավական արտառոց երևույթ է, մանավանդ եթե այս պատկերը համեմատենք հետխորհրդային մյուս բոլոր պետությունների բնակչության նույն ժամանակահատվածի տվյալների հետ (Հայաստանի վերաբերյալ տե՛ս մեր՝ վերը հիշատակված հոդվածում)։ Դժվար է թոթափել այսպիսի մոնոտոն պատկերի արհեստածինության զգացումը, հատկապես եթե հաշվի առնենք, որ խոսքը տնտեսական կացութաձևը դրամատիկորեն փոփոխած ԽՍՀՄ նախկին հանրապետության մասին է, որը պարտություն է կրել իր իսկ կողմից սանձազերծված պատերազմում, և որը ներկայումս գտնվում է տարածաշրջանային հակամարտության մեջ։

Իսկապես, բավական է նայել այդ միապաղաղ գծապատկերի հետևում թաքնված իրողություններին, որպեսզի մեր կասկածներն ավելի ամրապնդվեն: Այսպես, հենվելով այդ նույն պաշտոնական տվյալների վրա՝ Նկ. 2-ում ներկայացնում ենք Ադրբեջանական Հանրապետության բնակչության տարեկան աճի տեմպի (%) գծապատկերը, որը և ձևավորել է նախորդ գծապատկերի գծային աճը։ Այն անհամեմատ ավելի խոսուն և ինֆորմատիվ է, քան նախորդը և ակնհայտորեն մատնանշում է բնակչության աճի տեմպի տարօրինակ վարքագիծը՝ սկսած 1997 թվականից։

Իսկապես, հակասելով նախորդ բազմամյա «ժողովրդագրական տրամաբանությանը»՝ բնակչության աճի տեմպը 1997-2004թթ., այսինքն՝ 8 տարի շարունակ, անսպասելիորեն «կայունանում» է 1.0%-ի սահմանում (տես Նկ. 2-ում)։ Այնուհետև, սկսած 2004 թվականից՝ «կայունության այդ տրամաբանությունը» կրկին խախտվում է սրընթաց վերելքով։ 2009-ին (մարդահամարի անցկացման թվականին) աճի տեմպը հասնում է միանգամայն անբացատրելի մակարդակի՝ 1.62%, որը վերջին անգամ արձանագրվել էր անցյալ դարի 80-ականներին՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Վերջապես, հաջորդ՝ 2010թ., աճի տարեկան տեմպը նույնքան անբացատրելի և սրընթաց կերպով ընկնում է մինչև 0.84%։ Բավական իներցիոն ցուցանիշի, որպիսին է բնակչության տարեկան աճի տեմպը, նման վարքագիծը բացատրություն է պահանջում։ Ցավոք, այս հարցում ԱՊՎԿ-ն զերծ է մնում որևէ բացատրությունից: Բայց այդ բացատրությունը կարելի է համեմատաբար հեշտ գտնել։

Դրա համար բավական է համադրել Ադրբեջանական Հանրապետության բնակչության 2000-11թթ. աճի տարեկան տեմպի վերն օգտագործված պաշտոնական տվյալները ԱՄՆ ԿՀՎ տեղեկատուների2 տվյալների հետ՝ պատկերելով դրանք մեկ նկարում (տե՛ս Նկ. 3)։ Այստեղ մեզ կհետաքրքրի ոչ թե այդ տվյալների ակնհայտ տարբերությունը։ Թեև նշենք, որ 1997-2004թթ. 1.0%-ի սահմանում բնակչության աճի տեմպի «պաշտոնական կայունացմանը» ԿՀՎ գնահատականներում համապատասխանում է աճի տեմպի անկում մինչև 0.2% (տե՛ս Նկ. 2 և 3)։

Ուշադրություն դարձնենք մեկ այլ բանի վրա, թե ինչպես է անշեղորեն աճում այս գնահատականների տարբերությունը՝ սկսած 2004 թվականից։ Այդ տարբերությունն իր առավելագույն արժեքին է հասնում 2009թ.՝ հանրապետությունում մարդահամարի անցկացման տարեթվին։ Հաջորդ տարի, փորձելով գոնե փոքր-ինչ համապատասխանել միջազգային և այլ կազմակերպությունների ակնկալիքներին անցկացված մարդահամարի արդյունքներից և մեղմել բնակչության տարեկան աճի գնահատականներում առկա աղաղակող տարբերությունը, ԱՊՎԿ փորձագետները հնարավոր համարեցին օգտագործել բնակչության տարեկան աճի ԱՄՆ ԿՀՎ այդ տարվա գնահատականին (0.81%) մոտ մի ցուցանիշ (0.84%)։

Մեր կարծիքով՝ սա բացատրում է Ադրբեջանական Հանրապետությունում 2010թ. բնակչության ամենամյա աճի այլ կերպ չբացատրվող և անսպասելի անկումը։ Հասկանալի է, սակայն, որ նման «ճշգրտումն» իրականում ոչինչ չի լուծում և չի շտկում։ Դրա համար բավական է համեմատել ԱՊՎԿ և ԿՀՎ տեղեկատուների տվյալները ծնելիության, մահացության և զուտ միգրացիայի մասին, այսինքն՝ այն գործոնների, որոնք և ձևավորում են բնակչության տարեկան աճը։ Դրա համար Նկար 4-ում բերում ենք այդ տվյալները՝ արտահայտված ուղիղ թվերով (այլ ոչ թե %-ներով կամ բնակչության 1000 շնչի հաշվով, ինչպես ընդունված է ԿՀՎ տեղեկատուներում)։ Չխորանալով այդ տվյալների համեմատական վերլուծության մանրամասների մեջ՝ նշենք միայն, որ ահա արդեն 11 տարի պաշտոնական Բաքուն շարունակաբար նվազեցնում է բնակչության մահացության և զուտ միգրացիայի տվյալները և ավելացնում ծնելիության մասին տվյալները3։ Նման եզրակացության են հանգում նաև մի շարք անկախ փորձագետներ4:

Սակայն, սա դեռ բոլորը չէ: Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը խեղաթյուրում է երկրի ժողովրդագրական իրական պատկերը նաև այլ կերպ:

2. Ադրբեջանական Հանրապետության բնակչության ազգային կազմը

Ադրբեջանական Հանրապետության մարդահամարի պաշտոնական տվյալները բնակչության ազգային կազմի մասին բերվում են ԱՊՎԿ ինտերնետ-կայքի 1.5 և 1.6 բաժիններում։ Աղյուսակ 1-ում մենք ամփոփում ենք այդ տվյալները։ Դրանք չեն կարող չզարմացնել։

Նախ, զարմացնում են հայերի մասին պաշտոնական տվյալները՝ 120 հազար 2009թ.։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դա պարզապես 1999թ. Լեռնային Ղարաբաղի մարդահամարի տվյալների կրկնությունն է5։ Զարմացնում է նաև այն, որ համաձայն ԱՊՎԿ տվյալների՝ հայերի այդ թվաքանակի միայն 0.2%-ն է տիրապետել ադրբեջաներենին, 0.1%-ը՝ ռուսերենին և 0.0%-ը՝ անգլերենին։ Մինչդեռ, 2009թ. ադրբեջաներենին տիրապետել է Ադրբեջանական Հանրապետությունում ապրող վրացիների 79.5%-ը, ռուսերենին՝ 21.4%-ը և անգլերենին՝ 0.5%-ը։ Սա կարելի էր զվարճալի անհեթեթություն համարել, եթե դրա տակ թաքնված չլինեին ամենևին էլ ոչ զվարճալի իրողություններ:

Աղյուսակ 1
Ադրբեջանական Հանրապետության բնակչության ազգային կազմի 2009թ. պաշտոնական տվյալները, ըստ մարդահամարի տվյալների

Աղբյուրը՝ 1.6. Əhalinin ana dili və sərbəst danışdığı dilə görə bölgüsü. http://www.azstat.org/statinfo/demoqraphic/az/AP_/AZ_1.shtml

Այսպես, պաշտոնական Բաքվի վիճակագրությունում զարմացնում է մեկ այլ բան ևս։ Ինչպես տեսնում ենք բերված աղյուսակում, թալիշների թվաքանակի պաշտոնական գնահատականն ըստ 2009թ. ապրիլյան մարդահամարի տվյալների՝ կազմում է 112 հազ. մարդ կամ հանրապետության բնակչության ընդհանուր թվի մոտ 1.3%-ը։ Մինչդեռ, համաձայն կոնսերվատիվ գնահատականների՝ թալիշների թվաքանակը կազմել է մոտ 0.8-1.0 մլն մարդ դեռ 1996թ.6։ Ընդունելով Ադրբեջանական Հանրապետությունում 1996թ. թալիշների թվաքանակի 0.8 մլն մարդ զգուշավոր գնահատականը և կիրառելով հանրապետության բնակչության աճի ամենամյա տեմպի մասին միջինացված պաշտոնական տվյալները՝ կստանանք, որ 2011թ. թալիշները հանրապետությունում կազմել են 1.04 մլն մարդ, այսինքն՝ Ադրբեջանական Հանրապետությունում 2011թ. բնակչության պաշտոնական թվի մոտ 11%-ը: Կամ՝ մոտ 12.4%-ը, եթե ընդունելու լինենք այդ տարվա համար ԱՄՆ ԿՀՎ գնահատականը։ Ինչպես տեսնում ենք, այս գնահատականները 10 անգամ գերազանցում են պաշտոնական տվյալները։ Նշենք, որ ըստ որոշ անկախ փորձագետների՝ թալիշների ներկայիս թիվն Ադրբեջանական Հանրապետությունում նույնիսկ ավելին է և կազմում է բնակչության ընդհանուր թվի 20-25%-ը7։

Պարզ պատկերացնելու համար Բաքվի գործելակերպը երկրի բնակչության ազգային կազմի վիճակագրական տվյալների (և Ադրբեջանական Հանրապետության, ինչպես նաև Ադր.ԽՍՀ ազգային քաղաքականության) հարցում՝ հարկ է հիշեցնել, որ այնպիսի ազգեր և ազգություններ, ինչպիսիք են թաթերը, օսերը, ասորիները, ջեկերը, գնչուները, լաքերը, եզդիները, լատգալները, մարիները և այլք, սկսած 1926 թվականից և շատ երկար ժամանակով անհետանում են Բաքվի պաշտոնական վիճակագրական տվյալներից։ Դե, իսկ թալիշների, քրդերի, խինալուգների, հայերի, ռուսների, հրեաների և այլոց ժողովրդագրությունը բավական պերճախոս վայրիվերումներ ունի, ընդ որում՝ ԽՍՀՄ փլուզումից և տարածաշրջանային դիմակայությունն սկսվելուց դեռ շատ առաջ։

Այսպես, ԽՍՀՄ բնակչության 1926թ. դեկտեմբերի 17-ի մարդահամարի՝ «ամենադեմոկրատական և մանրակրկտորեն նախապատրաստված մարդահամարի տվյալներով, որի կազմակերպիչներն ու ղեկավարները հանդիսանում էին խոշոր վիճակագիր-գիտնականներ Օ.Ա. Կվիտկինը, Վ.Գ. Միխայլովսկին և ուրիշները»8, Ադրբեջանական ԽՍՀ ազգային կազմը ներառում էր 93 ազգ և ազգություն (տե՛ս Նկ. 5ա)։ Ընդ որում, ինչպես հայտնի է, Ադր.ԽՍՀ (որն այն ժամանակ մտնում էր Անդրկովկասյան ԽԴՍՀ-ի մեջ) տիտղոսակիր ազգերը կովկասյան թաթարներն էին («թյուրքերը») և հայերը։ 1926թ. մարդահամարի արդյունքների համաձայն՝ «թյուրքերը» կազմում էին Ադր.ԽՍՀ բնակչության ընդհանուր թվի 63.3%-ը (1.185 մլն մարդ)9 ։ Դե, իսկ Ադրբեջանական Հանրապետության 2009թ. ապրիլյան մարդահամարի տվյալներն առանձնացնում են ընդամենը 17 ազգ և ազգություն, ընդ որում՝ «ադրբեջանցիները» կազմում են արդեն 8.17 մլն, այսինքն՝ ընդհանուր բնակչության 91.6%-ը (տե՛ս Աղյուսակ 1 և Նկ. 5բ)։

Հանրապետության բնակչության բռնի «թյուրքացման» քաղաքականության արդյունքները և պաշտոնական Բաքվի «ազգային հարցով» վիճակագրական խեղաթյուրումներն առավել պատկերավոր կարելի է տեսնել, եթե մեկ գծապատկերում բերվեն Ադր.ԽՍՀ և Ադրբեջանական Հանրապետության բնակչության բոլոր մարդահամարների պաշտոնական արդյունքները՝ սկսած 1926թ. առայսօր, ինչն էլ արել ենք Նկ. 6-ում՝ բերելով ԽՍՀՄ բոլոր պաշտոնական մարդահամարների տվյալները և դրանց ավելացնելով Ադրբեջանական Հանրապետության 1999 և 2009թթ. մարդահամարների պաշտոնական տվյալները։

Ինչպես տեսնում ենք այդ նկարում, հետպատերազմյան ողջ շրջանում հետևողականորեն և անշեղորեն ավելացվում է «ադրբեջանցիների» թիվը Ադր.ԽՍՀ բնակչության կազմում։ 1959թ. պաշտոնական տվյալների համաձայն՝ այն կազմել է հանրապետության բնակչության ընդհանուր թվի 67%-ը, իսկ ԽՍՀՄ գոյության վերջում, 1989թ. մարդահամարի տվյալներով, «ադրբեջանցիների» բաժինն արդեն 83% էր։ Նույն ժամանակահատվածում հայ բնակչության բաժինը նվազում է կրկնակի՝ 1959թ. 12%-ի փոխարեն կազմելով 6% 1989-ին։

Հասկանալի է՝ «հայկական հատվածը» Ադր.ԽՍՀ և Ադրբեջանական Հանրապետության բնակչության միակ հատվածը չէ, որի հաշվին տասնամյակներ շարունակ իրականացվել է հանրապետության բնակչության «թյուրքացման» քաղաքականությունը։ Հատկանշական է Ադր.ԽՍՀ և Ադրբեջանական Հանրապետության թալիշների մասին պաշտոնական տվյալների պատմությունը։

ԽՍՀՄ 1926թ. մարդահամարի տվյալների համաձայն՝ Ադր.ԽՍՀ-ում ապրում էր 77.3 հազ. թալիշ10։ 1937թ. մարդահամարի տվյալներով (որոնք գաղտնի էին պահվել անձամբ Ստալինի ցուցումով)11 ՝ Ադր. ԽՍՀ-ում ապրում էր 99.2 հազ. թալիշ։ Երկու տարի անց, համաձայն ԽՍՀՄ 1939թ. մարդահամարի տվյալների, թալիշների թիվն Ադր.ԽՍՀ-ում նվազում է մինչև 87.5 հազար12։

1959թ. Ադր.ԽՍՀ-ում ապրում էր ընդամենը 85 թալիշ13։ ԽՍՀՄ բնակչության 1970 և 1979թթ. մարդահամարների արդյունքներում թալիշները՝ որպես Ադր.ԽՍՀ ազգային կազմի բաղկացուցիչ, ընդհանրապես չեն նշվում14։ Նրանք կրկին, «անսպասելիորեն» ի հայտ են գալիս միայն խորհրդային դարաշրջանի վերջին՝ գորբաչովյան «գլասնոստի» ժամանակ Ադր.ԽՍՀ 1989թ. մարդահամարի տվյալներում (21.2 հազ.)15։ Դե, իսկ 2009թ., ինչպես նշեցինք վերը, Ադրբեջանական Հանրապետությունում ապրող թալիշների պաշտոնական թիվը կազմել է 112 հազ. մարդ, այսինքն՝ մի փոքր ավելի, քան 1937թ.։

Համաձայն ԽՍՀՄ 1926թ. մարդահամարի տվյալների՝ Ադր.ԽՍՀ-ում ապրում էր 28 հազ. թաթ։ 13 տարի անց Ադր.ԽՍՀ-ում ապրող թաթերի պաշտոնական թիվը հավասար է զրոյի16։ Թաթերը կրկին հայտնվում են 1959թ. մարդահամարի պաշտոնական տվյալներում (5.8 հազ.)։ 1989-1999թթ. նրանց թիվը գրեթե չի փոխվում և կազմում է մոտ 10 հազ. մարդ։ Եվ միայն համաձայն 2009թ. մարդահամարի՝ նրանց թիվը հասնում է 25.2 հազարի։ Նույնն է նաև Շահդաղի ժողովուրդների (ջեկեր, բուդուղներ, խապուտիներ, խինալուգներ, կրիզներ) ճակատագիրը։ Ինչպես արդարացիորեն նշում է Աշխարհի ժողովուրդների հանրագիտարանը, «Շահդաղի խմբի ժողովուրդների թվաքանակը կարելի է նշել միայն գնահատաբար, քանի որ Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները նրանց դիտարկում և համարում են որպես «ադրբեջանցիներ»17:

* * *

Այսպիսով, հարկ է փաստել, որ բնակչության 2009թ. ապրիլյան մարդահամարը չհանգեցրեց Ադրբեջանական Հանրապետության բնակչության մասին վիճակագրական տվյալների հետ կապված իրավիճակի առողջացման։ Ինչպես որ դա եղավ 2001-03թթ. Հայաստանի Հանրապետությունում։ Ադրբեջանական Հանրապետության պաշտոնական աղբյուրները շարունակում են չտարբերակել երկրի de facto և de jure բնակչությունը և շարունակաբար մոտ 0.8-1.5 մլն մարդով ավելացնում են նրա թիվը։ Նրանք հետևողականորեն խեղաթյուրում են միգրացիոն հոսքերի պատկերը, մահացությունների և ծնելիության վիճակագրությունը։ Սկսած 1996-97թթ.՝ պաշտոնական վիճակագրությունը խեղաթյուրում է Ադրբեջանի բնակչության աճի տարեկան տեմպի մասին տվյալները՝ շարունակաբար ավելացնելով այն։ Վերջապես, շարունակելով ստալինյան և խորհրդային վիճակագրության «փառահեղ» ավանդույթները՝ պաշտոնական Բաքուն տասնամյակներ շարունակ և ընդհուպ մինչև ներկա պահը հետևողականորեն խեղաթյուրում է բնակչության ազգային կազմի մասին տվյալները։

Կարծում ենք՝ կան բոլոր հիմքերը պնդելու, որ նման վարքագիծը «Ալիևի դոկտրինի» արտացոլումն է երկրի ժողովրդագրական վիճակագրության մեջ, ինչը կոչված է «ապացուցելու» այդ դոկտրինի բարերար ազդեցությունը երկրի կյանքի և զարգացման վրա։

15 դեկտեմբերի, 2011թ.

1 Մարջանյան, Ա, Ադրբեջանական Հանրապետության բնակչության 2009թ. ապրիլի մարդահամարի արդյունքների մասին: «ԳԼՈԲՈՒՍ Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 6 (18), 2011թ., էջ 12-35:

2 US CIA. World FactBooks. 2000 - 2010.

3 ԱՄՆ ԿՀՎ գնահատականը Ադրբեջանում ծնելիության մասին 2000-06թթ. համար, որը գերազանցում է Բաքվի պաշտոնական գնահատականները, բացատրվում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի գնահատականների սկզբնական տարբերությամբ և ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի օգտագործած մոդելների առանձնահատկություններով։ Հիշեցնենք, որ Ադրբեջանից ստացվող տվյալների արժանահավատության նկատմամբ վստահության կորուստը ստիպեց ԿՀՎ փորձագետներին հրաժարվել ժողովրդագրական գնահատականներ տալ այդ երկրի համար 2008թ. (ավելի մանրամասն տե՛ս մեր վերը հիշատակված առաջին հոդվածում)։

4 Aliyev Alovsat, Migration to and from Azerbaijan. Migration Perspectives, 2006, p. 27. Насирли, Акиф, Доходы от нефти – не экономическое развитие. Бизим йол (Մեր ուղին), 2010, Июль 17. Fakhraddin Aboszoda, Results of the census of Azerbaijan suggestive…

5 Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական ցուցանիշների մասին տե՛ս Սերոբ Սուջյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակը, «21-րդ ԴԱՐ», N 3, 2009:

6 Grimes, Barbara. The Ethnologies. 14-th edition. Dallas: SIL, 2002.

7 Fakhraddin Aboszoda, Results of the census of Azerbaijan suggestive … http://www.bakutoday.net/fakhraddin-aboszoda-results-of-the-census-of-azerbaijan-suggestive.html

8 Андреев Е.М., Дарский Л.Е., Харькова Т.Л., Население Советского Союза: 1922—1991. М., Наука, 1993. Гл. 2.

9 Всесоюзная перепись населения 1926 года, М., Издание ЦСУ Союза ССР, 1928-29. Том 14, с. 11-13. «Ադրբեջանցի» անվանումը 1926թ. մարդահամարի նյութերում, բնականաբար, չի կիրառվում։ Փակագծերում նշենք, որ 1926թ. մարդահամարն առանձնացնում էր «վրացիներին» «աջարներից», «մենգրելներից», «լազերից», «սվաններից» և, բնականաբար, «աբխազներից» (ազգությունների համարները ցանկով՝ 105-110)։ Իսկ «հեմշինները» նշվում են որպես «հայեր» և հաջորդում են միմյանց (147-148 համարները)։

10 Всесоюзная перепись населения 1926 года, М., Издание ЦСУ Союза ССР, 1928-29. Том 14, с. 11-13.

11 Жиромская В.Б., Киселев И.Н., Поляков Ю.А., Полвека под грифом "Секретно". Всесоюзная перепись населения 1937 года. М., Наука, 1996.

12 Всесоюзная перепись населения Союза ССР, 1939г. РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), фонд 1562, опись 336, ед.хр. 966-1001 (Разработочная таблица ф. 15А. Национальный состав населения по СССР, республикам, областям, районам).

13 Всесоюзная перепись населения Союза ССР, 1959г. РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), фонд 1562, опись 336, ед. хр. 1566а -1566д (Таблица 3,4 Распределение населения по национальности и родному языку).

14 Всесоюзная перепись населения Союза ССР, 1970г. РГАЭ РФ , фонд 1562, опись 336, ед. хр.3998-4185 (Таблица 7с. Распределение населения по национальности, родному и второму языку). Всесоюзная перепись населения Союза ССР, 1979г. РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), фонд 1562, опись 336, ед. хр. 6174-6238 (Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку).

15 Всесоюзная перепись населения Союза ССР, 1989г. Рабочий архив Госкостата России.Таблица 9с. Распределение населения по национальности и родному языку.

16 Всесоюзная перепись населения Союза ССР, 1939г. РГАЭ РФ (быв. ЦГАНХ СССР), фонд 1562, опись 336, ед.хр. 966-1001 (Разработочная таблица ф. 15А. Национальный состав населения по СССР, республикам, областям, районам).

17 Народы мира. Энциклопедия. М.: ОЛМА, 2007.

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 1, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր