• am
  • ru
  • en
Версия для печати
23.01.2012

ԻՐԱՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Իրանն այսօր զգում է «արաբական գարնան» ամենացավալի հետևանքներից մեկը. Սիրիայում դեռևս գարնանը սկսված հակակառավարական շարժումն աստիճանաբար ավելի է նմանվում քաղաքացիական պատերազմի, իսկ նախագահ Բ.Ասադի դիրքերը թուլանում են։ Իշխանափոխությունը Սիրիայում և Բ.Ասադի տապալումը լուրջ հարված կարող են լինել Իրանի համար, քանի որ այսօր Սիրիան Իրանի միակ տարածաշրջանային դաշնակիցն է։

Սիրիայի կարևորությունն Իրանի համար

Որքան էլ տարօրինակ է, սուննի մահմեդական մեծամասնություն ունեցող Սիրիան, որի իշխանության ղեկին սոցիալիստական և աշխարհիկ «Բաաս» կուսակցությունն է, և որի իրաքյան եղբայր կուսակցությունը Ս.Հուսեյնի ղեկավարությամբ ժամանակին դարձել էր Իրանի հիմնական տարածաշրջանային թշնամին, այսօր Իրանի միակ տարածաշրջանային դաշնակից պետությունն է Մերձավոր Արևելքում։ Չնայած «Հիզբալլահը» վերջին տարիներին դարձել է Լիբանանի հիմնական և ամենաազդեցիկ քաղաքական ուժը, Լիբանանը՝ որպես պետություն, շարունակում է վարել մասամբ հակաիրանական քաղաքականություն՝ ժամանակ առ ժամանակ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում քվեարկելով հակաիրանական բանաձևերի օգտին։

Սիրիայի կարևորությունն Իրանի համար պայմանավորված է մի շարք կարևոր հանգամանքներով.

  1. Վերջին 25 տարիների ընթացքում Սիրիան ապահովել է Լիբանանում իրանամետ «Հիզբալլահի» դիրքերի ամրապնդումը, կամուրջ հանդիսացել Իրանի և «Հիզբալլահի» միջև։
  2. Սիրիան Իրանի հետ համատեղ ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում սաուդյան դիրքերի ամրապնդման կասեցման ուղղությամբ, սահմանափակում է Էր-Ռիադի ուժեղացումը։
  3. Սիրիան և Լիբանանն այն հիմնական պետություններն են, որոնց տարածքներն Իրանի կողմից կարող են ուղղակիորեն օգտագործվել Իսրայելին հարվածելու համար, եթե վերջինս որոշի ռազմական հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։
  4. Սիրիան, հաշվի առնելով իրադրությունն Իրաքում և Իրաքյան Քրդստանի գոյության փաստով Անկարայի համար առաջացած խնդիրները, Թուրքիայի հիմնական արաբական հարևանն է, որի նկատմամբ վերահսկողության հաստատումը կարող է Անկարայի և վերջինիս կողմից «արտահանվող» «սահմանափակ իսլամի» համար մուտք ապահովել դեպի ողջ արաբական Մերձավոր Արևելք՝ սահմանափակելով այստեղ իրանական ազդեցության աճը, ինչին Թեհրանը ձգտել է վերջին 30 տարիների ընթացքում։
  5. Սիրիան իրանական հատուկ ծառայությունների գլխավոր «գրասենյակն» է Մերձավոր Արևելքում, որի միջոցով Թեհրանը կազմակերպում է իր գործակցությունը «Համասի» հետ, զենքի ներմուծումը Պաղեստին, Լիբանան, մինչև եգիպտական հեղափոխությունը հենց Սիրիայում էր Իրանը կազմակերպում բանակցությունը հակամուբարաքյան ամենաակտիվ ուժի՝ «Մուսուլման եղբայրների» հետ։

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ Սիրիայի ներկայիս իշխանությունների տապալումը, ինչը, ինչպես ցույց են տալիս Եգիպտոսի և Լիբիայի դեպքերը, նաև նշանակում է պետության տապալում և քաոսի հաստատում երկրի տարածքում, Իրանի տարածաշրջանային քաղաքականության համար կարող են կործանարար նշանակություն ունենալ։ Այս իմաստով Սիրիայում սեփական դիրքերի և, հնարավորության դեպքում՝ Բ.Ասադի իշխանության պահպանումն Իրանի համար տարածաշրջանային առաջնահերթություն են հանդիսանում։

Պետք է ընդգծել, որ եթե Իրանին հաջողվի պահպանել Բ.Ասադի իշխանությունը, ապա Թեհրանի համար նոր հնարավորություններ կբացվեն։ Բանն այն է, որ ներկայիս գործընթացները Սիրիայում լարել են Դամասկոսի հարաբերություններն Իրանի տարածաշրջանային հակառակորդների հետ։ Խոսքն առաջին հերթին Սաուդյան Արաբիայի մասին է, բայց ոչ միայն։ Թեհրանի համար գուցե ամենակարևոր գործոնն այն է, որ Թուրքիան վերածվել է Սիրիայի հիմնական քննադատող պետության և սկսել է ակտիվորեն աշխատել ընդդեմ Դամասկոսի։ Այս իրողությունն, իր հերթին, խաչ է քաշում վերջին տարիներին թուրք-սիրիական հարաբերություններում արձանագրված դրական տեղաշարժերի վրա, փակում է թուրքական կապիտալի ներհոսքը Սիրիա և Անկարայի՝ Դամասկոսի հիմնական տարածաշրջանային գործընկերոջ վերածվելու հեռանկարները։ Եթե Բ.Ասադին հաջողվի պահպանել իշխանությունը, ապա Սիրիան, հաշվի առնելով արաբական աշխարհի մեծ մասի և Թուրքիայի կողմից քաղաքական, գուցե նաև տնտեսական շրջափակումը, ուզի, թե չուզի, հիմնական աջակցություն սկսելու է ստանալ Իրանից, փորձելու է վերականգնել վերջինիս հետ ժամանակին ձևավորված ռազմաքաղաքական դաշինքը, որը Ս.Հուսեյնի վարչակազմի տապալումից և ամերիկա-սիրիական հարաբերություններում 2003-ից հետո սկսված դրական փոփոխություններից հետո բավական թուլացել էր։

Իրանի համար, այսպիսով, ստեղծվում է լավ հնարավորություն՝ ամրապնդելու Իրան-Իրաք-Սիրիա հակասուննիական «կիսալուսինը», որը սեպ է խրում դեռևս հիմնականում ամերիկամետ արաբական աշխարհի մեջ և փակում Թուրքիայի ու վերջինիս «սահմանափակ իսլամի» մուտքը Մերձավոր Արևելք։

Այս համատեքստում Թեհրանն ակտիվացրել է քաղաքականությունը տարածաշրջանում։ Աշնանն Իրանը կարևոր նշանակում կատարեց իր արտաքին քաղաքական գերատեսչությունում. 2011-ի հոկտեմբերի 20-ին Սիրիայի նախագահին հավատարմագրերը հանձնեց Իրանի նոր դեսպան Մոհամադ Շեյբանին։

Պետք է նշել, որ Սիրիայում իր առաքելությունը ստանձնելուց առաջ Մ.Շեյբանին Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էր և Դամասկոս մեկնելու համար թողեց իր բարձր պաշտոնը։ Մինչ առաքելության ստանձնումը Դամասկոսում Մ.Շեյբանին հանդիպեց Իրանի հոգևոր առաջնորդ Ա.Խամենեիի և նախագահ Մ.Ահմադինեժադի հետ, որոնցից, ամենայն հավանականությամբ, ստացավ հիմնական ցուցումները Սիրիայում աշխատելու վերաբերյալ։ Մ.Շեյբանին հասարակ դիվանագետ չէ, նա բարձր պրոֆեսիոնալ է, որը ժամանակին ակտիվորեն համագործակցել է Իսլամական պահապանների կորպուսի հետ, իսկ Իրանի ԱԳՆ-ում ղեկավարել է Լիբանանի և «Հիզբալլահի» հետ հարաբերությունները։ Նրա նշանակումն այս պաշտոնին կարող է անուղղակիորեն վկայել այն մասին, որ Թեհրանն ուղղակիորեն որոշել է օգտագործել Պահապանների կորպուսի և «Հիզբալլահի» ուժերը Բ.Ասադի իշխանության պահպանման համար։ Թեհրանը, մյուս կողմից, ակտիվորեն փորձում է օգնել Սիրիային՝ խուսափել տարածաշրջանային շրջափակումից. արդեն իսկ ակնհայտ է, որ Արաբական պետությունների լիգայի պատժամիջոցները Սիրիայի դեմ չեն կիրառվելու ոչ Լիբանանի, ոչ էլ Իրաքի կողմից, որոնց սահմանները Սիրիայի հետ մնալու են բաց։ Այս մասին են վկայում 2 կարևոր հայտարարություններ.

  1. Նոյեմբերի 20-ին «Հիզբալլահի» առաջնորդ Հ.Նասրոլան հայտարարեց, որ Լիբանանը մնալու է Սիրիայի բարեկամը և չի մասնակցելու հարևան պետության շրջափակմանը։ Հաշվի առնելով «Հիզբալլահի» գերիշխող դիրքը Լիբանանի խորհրդարանում և կառավարական կոալիցիայում՝ Հ.Նասրոլայի հայտարարությունը պետք է համարել պետական դիրքորոշում։ Նշենք նաև, որ «Հիզբալլահի» առաջնորդը զգուշացրել է իր հայտարարությունում, որ ցանկացած ռազմական միջամտություն սիրիական գործերում «պայթեցնելու» է տարածաշրջանը՝ հաստատելով այն կանխատեսումները, թե «Հիզբալլահն» ու Իրանն ուղղակիորեն կարող են խառնվել հնարավոր ռազմական գործողություններին։
  2. Դեկտեմբերի 4-ին Իրաքի վարչապետ Ն. ալ-Մալիքին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ իր պետությունը չի պաշտպանում ոչ մի պատժամիջոց Սիրիայի դեմ և չի պատրաստվում միանալ հակասիրիական որևէ կոալիցիայի։ Միևնույն ժամանակ, Մալիքին նշեց, որ պատրաստ է բանակցությունների մեջ մտնել սիրիական ընդդիմության հետ, որպեսզի կամուրջ ստեղծի հասարակության մի մասի և իշխանությունների միջև՝ դրանով իսկ խրախուսելով «ազգային շահերին համապատասխանող» բարեփոխումների իրականացումը։

Պետք է նաև ընդգծել, որ սիրիական ընդդիմության հետ երկխոսելու քաղաքականությունը որդեգրվել է նաև Իրանի կողմից։ Սակայն, ի տարբերություն Իրաքի, Իրանն արդեն կոնկրետ քայլերի է գնացել այս ուղղությամբ։ Նոյեմբերի 14-ին Սիրիայում Իրանի նորանշանակ դեսպան Մ.Շեյբանին պաշտոնական բանակցություններ է անցկացրել սիրիական դեմոկրատական ընդդիմության առաջնորդ Խ.Մաննայի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ընդդիմության և իշխանությունների հետ ակտիվ երկխոսություն սկսելու հնարավորությունները։ Դեմոկրատական ընդդիմության տեսանկյունն էլ բանակցությունների և երկխոսության վերաբերյալ փոխվել է։ Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի առաջնորդ Բ.Գալյունն այսօր հանդես է գալիս ոչ թե Բ.Ասադի հեռացման, այլ «Սիրիայում նոր, ժողովրդավար և քաղաքացիական հասարակության ստեղծման» պահանջով։ Պետք է նշել, որ ժողովրդավարական ընդդիմությունը երկրում ծավալված հակակառավարական շարժման միանձնյա ղեկավարը չէ. շարժումն այսօր ձևափոխվում է իսլամիստականի՝ ուղղորդված դեպի Թուրքիա և Սաուդյան Արաբիա։

Սակայն հնարավոր երկխոսությունն իշխանության և չափավոր ժողովրդավարական ընդդիմության միջև այսօր շատ կարևոր է։ Եթե Բ.Ասադին հաջողվի ընդհանուր հակակառավարական շարժումից դուրս հանել չափավոր և ժողովրդավարական ընդդիմությանը, ապա քաղաքական պայքարը Սիրիայում կբյուրեղանա. մի կողմում կլինեն պետությունը և այն ուժերը, որոնք բարեփոխումներ են պահանջում, մյուս կողմում՝ Սիրիայում իսլամական պետության ստեղծման համար պայքարողները։ Նման երկընտրանքի առաջարկումը սիրիական հասարակությանը կարող է փոխել վերջինիս դիրքորոշումը երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ։

Սիրիական աշխարհիկ և ժողովրդավարության համար պայքարող ընդդիմության համար այսօր երկխոսությունն իշխանությունների հետ օդի նման անհրաժեշտ է։ Այս ընդդիմությունը կարծես թե լավ գիտակցում է, որ ներկայիս իշխանությունների տապալման դեպքում իշխանության գալու իր շանսերը նվազագույն են. իշխանության ղեկին, ամենայն հավանականությամբ և պարզ տրամաբանությամբ կհայտնվեն նրանք, ովքեր կրակում են բանակի վրա և պայթեցնում ոստիկանության շենքերը։ Նրանք չեն պատրաստվում տապալել իշխանությունը և նորի ձևավորումը հանձնել պառլամենտարիզմի և աշխարհիկ ժողովրդավարության գաղափարների մարտիկներին։ Եգիպտոսում և Թունիսում անցած ընտրություններն էլ ցույց տվեցին, թե ով է հաղթում հետհեղափոխական ժողովրդավարական ընտրություններում։ Ոչ թե դեմոկրատները, այլ չափավոր կամ ոչ այնքան իսլամիստները։

Այս բոլոր հանգամանքները գիտակցելով՝ Իրանը փորձում է խրախուսել երկխոսությունն իշխանությունների և դեմոկրատական ընդդիմության միջև, հասկանալով, որ վերջիններիս միջև կա համագործակցության մեծ պոտենցիալ։

Ինչևէ, պետք է նշել, որ Իրանի համար այսօր Սիրիայում չկա Բ.Ասադին որևէ այլընտրանք. Թեհրանը փորձում և փորձելու է ամեն կերպ պահել ներկայիս վարչակազմը Սիրիայի ղեկին, լինի ռազմական ուժի կիրառման, թե երկխոսության խրախուսման ճանապարհով։ Իսկ եթե Թեհրանին դա չհաջողվի, ապա Իրանը կհայտնվի շատ բարդ տարածաշրջանային իրադրությունում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր