
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Սևակ ՍարուխանյանՎերջին շրջանում ակտիվացել են գործընթացները տարածաշրջանային էներգետիկ նախագծերի իրականացման ոլորտում՝ հատկապես Տրանսկասպյան գազատարի կառուցման վերաբերյալ բանակցությունների և ռուս-թուրքական էներգետիկ հարցերում առաջացած խոր տարաձայնությունների ուղղությամբ։
ԵՄ-ն ընդդեմ «Գազպրոմի» և Տրանսկասպյան գազատարը
Սեպտեմբերի վերջին օրերին Եվրոպայում բնական գազի մատակարարման մի քանի խոշոր ընկերությունների գրասենյակներում անսպասելիորեն ստուգումներ սկսվեցին, որոնք, համաձայն Եվրամիության բարձրագույն կառավարման մարմնի տարածած հաղորդագրության, իրականացվել են Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ։ Ստուգումներին մասնակցել են մի քանի եվրոպական երկրների անվտանգության մարմինների ներկայացուցիչներ, որոնց նպատակն է եղել պարզել ստուգվող ընկերությունների կողմից մենաշնորհային դիրքի օգտագործման և հնարավոր կոռուպցիոն գործերի բացահայտումը։ Չնայած նախնական տվյալներով ստուգումներն անցկացվել են եվրոպական 8 ընկերություններում, դրանց փաստը հաստատել են այդ ընկերություններից ընդամենը մի քանիս. Գերմանական RWE կոնցեռնի չեխական մասնաճյուղը, գերմանական հսկա E.On Ruhrgas-ը և լեհական PGNiG ընկերությունը։ Այս ստուգումները կարելի էր համարել զուտ եվրոպական գործ, եթե ստուգվող ընկերությունները չլինեին ռուսական «Գազպրոմի» հիմնական եվրոպական գործընկերները, որոնք զբաղվում են ռուսական գազը ԵՄ անդամ երկրներում վաճառելով։
Հատկանշական է, որ եվրոպական ընկերությունների ստուգումներից հետո եվրոպական իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այցելեցին Բեռլինում տեղակայված «Gazprom Germania» ընկերության գրասենյակ և փորձեցին բացահայտել բնական գազի առքուվաճառքի մասին ընկերության կնքած պայմանագրերի թափանցիկությունն ու համապատասխանությունը եվրոպական օրենսդրությանը։ Կատարված խուզարկումներից հետո եվրոպական մի շարք վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, որ ստուգումների հիմնական նպատակը ռուսական «Գազպրոմի» վրա ճնշում գործադրելն է։ Ընկերությունը տարեվերջին նոր պայմանագրեր է կնքելու եվրոպական ընկերությունների հետ գազի մատակարարման և դրա գնի վերաբերյալ, և պաշտոնական Բրյուսելը փորձում է ստիպել ռուսական ընկերությանը՝ իջեցնել բնական գազի գինը։
Ստուգումների մեկ այլ նպատակ կարելի է համարել այն, որ ԵՄ-ը փորձում է խափանել Մոսկվայի՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի գազային ընկերությունների կլանման ծրագրերը, ինչի արդյունքում ռուսական «Գազպրոմը» կարող է դառնալ ոչ միայն դեպի Եվրոպա բնական գազի մատակարարը, այլ նաև այդ գազի բաշխումն ապահովողը տարածաշրջանում։ Նման հեռանկարը մեծ վտանգ է ներկայացնում ԵՄ-ի համար, քանի որ ռուսական ընկերության կողմից եվրոպական ընկերությունների կլանման արդյունքում Մոսկվան կարող է վերահսկողության տակ առնել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ ընկերությունները և անմիջականորեն ազդել ԵՄ ներքին և արտաքին էներգետիկ քաղաքականության վրա։ Իսկ ազդեցությունը հիմնականում ուղղված կլինի Կենտրոնական Ասիայից Ռուսաստանի տարածքը շրջանցող և դեպի Եվրոպա գազի ներկրումն ապահովող Տրանսկասպյան և «Նաբուկկո» գազատարների կառուցման եվրոպական փորձերը խափանելուն։
Սա կարևոր խնդիր է ԵՄ-ի համար, քանի որ Բրյուսելն ակտիվացրել է Տրանսկասպյան գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնության ձեռքբերման փորձերը։ Դեռևս 2011-ի մարտին թուրքմենական կառավարությունը հաստատել էր իր մասնակցությունը գազատարի կառուցման նախագծին, ինչի մասին Deutsche Welle-ին հայտարարել էր «Նաբուկկո» կոնսորցիումի գործադիր նախագահ Ռ.Միտչեկը։ Նույն հայտարարության մեջ նա նշել էր, որ նախագծին Թուրքմենստանի միանալու համար հարևան երկրների համաձայնությունն ստանալու անհրաժեշտություն չկա. «Տրանսկասպյան գազատարի կառուցման համար անհրաժեշտ է ձեռք բերել համաձայնություն միայն Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև. մնացածը, մեր կարծիքով, ընդամենը շահարկումներ են»։ Թուրքմենստանից հետո ԵՄ-ն ակտիվացրեց բանակցությունները նաև Ղազախստանի հետ Տրանսկասպյան գազատարի կառուցման հարցի վերաբերյալ։ Հոկտեմբերի 3-ին, ռուսական «Գազպրոմի» եվրոպական գործընկերների և ընկերության ներկայացուցչության գրասենյակներում կատարված ստուգումների ֆոնին, Աստանայում անցկացվող KAZENERGY համաժողովի ժամանակ ԵՄ էներգետիկ հարցերով կոմիսար Գ.Օտինգերը պաշտոնապես հրավիրեց Ղազախստանին միանալ Տրանսկասպյան գազատարի կառուցման նախագծին, որի շնորհիվ Ղազախստանը կարող է բնական գազ արտահանել Եվրոպա՝ շրջանցելով ռուսական տարածքը և «Գազպրոմի» միջնորդությունը։ Գ. Օտինգերը, մասնավորապես, նշեց. «Շատ քիչ մարդ գիտի, թե ինչքան կարևոր է այս նախագիծը ԵՄ-ի համար, և որ սա առաջին դեպքն է, երբ Միությունն առաջարկում է կնքել լիարժեք միջազգային պայմանագիր ենթակառուցվածքային նախագծի իրականացման համար»։ Նշենք, որ չնայած պաշտոնական Աստանան միանշանակ դրական պատասխան չտվեց ԵՄ հանձնակատարի առաջարկին, սակայն պետական և խոշորագույն «Ղազմունայգազ» ընկերության փոխնախագահը հայտարարեց, որ ընկերությունը դեմ չէ Ղազախստանի միացմանը գազատարին։
ԵՄ ակտիվացումը լուրջ վտանգ է ներկայացնում Մոսկվայի համար, սա են վկայում ռուսական պաշտոնատար անձանց բազմաթիվ հայտարարությունները Տրանսկասպյան գազատարի կառուցման վերաբերյալ։ ԵՄ-ում էներգետիկ ընկերությունների ստուգումն ու Ղազախստանի՝ Տրանսկասպյան գազատարի նախագծին միանալուն ուղղված առաջարկություններն անմիջապես արժանացան ՌԴ ԱԳՆ բացասական գնահատականներին։ Սակայն անսպասելիորեն Տրանսկասպյան գազատարը դարձավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ.Մեդվեդևի՝ հոկտեմբերի 14-ին ՌԴ Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի հիմնական թեման։ Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, նշեց. «Գազատարի կառուցումը շատ լուրջ խնդիր է, որն անմիջականորեն կապված է Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ և պահանջում է մերձծովյան բոլոր երկրների համաձայնությունը»։ Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունը մատնանշում է Կասպիցի հարցով Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման կտրուկ փոփոխություն. եթե նախկինում Մոսկվան քննադատում էր Թեհրանին, որ վերջինս խառնվում է Կասպիցին հարակից պետությունների երկկողմանի նախագծերին, և որ եթե երկու պետություն չունեն սահմանային հարց, ապա կարող են ինքնուրույն և անկախ քննարկել երկկողմանի հարաբերությունները, ապա Դ.Մեդվեդևի հայտարարությունից հետո Մոսկվան, փաստորեն, սկսում է կիսել հենց Թեհրանի մոտեցումը։ Այն է՝ չի կարող լինել նախագիծ, որը չհամաձայնեցվի Կասպիցին հարակից բոլոր երկրների հետ։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Ռուսաստանի կառչելը Կասպիցի իրավական կարգավիճակից կարող է խոսել այն մասին, որ Մոսկվան մասամբ կորցրել է Աստանային և Աշգաբադին Տրանսկասպյան գազատարի կառուցումից հետ պահելու լծակները։ Սա բավական հետաքրքիր իրողություն է ՌԴ վարչապետ Վ.Պուտինի՝ Ղազախստանի մասնակցությամբ նոր Եվրասիական միություն ստեղծելու մասին հոդվածից հետո։
Ինչևէ, արդեն իսկ պարզ է, որ ԵՄ ներքաշվածությունը Կենտրոնական Ասիայի էներգետիկ գործերում Մոսկվան դիտում է որպես սպառնալիք սեփական շահերին, իսկ Տրանսկասպյան գազատարի կառուցումը, որը թուրքմենական և/կամ ղազախական գազի հանքավայրերը կմիացնի Բաքվին և ապագա «Նաբուկկո» գազատարին, որպես իրականացման մեծ շանսեր ունեցող նախագիծ։ Սա անմիջականորեն ազդելու է Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության վրա և կարող է նաև բացասաբար անդրադառնալ ռուս-ադրբեջանական հարաբերություններին, քանի որ հենց Ադրբեջանն է փորձում դառնալ Կենտրոնական Ասիայից բնական գազը ԵՄ արտահանելու ռուսական ճանապարհի այլընտրանք։ Հնարավոր ռուս-ադրբեջանական էներգետիկ հակասություններն անմիջականորեն կապված են նաև ռուս-թուրքական հարաբերությունների հետ, որոնք էներգետիկ ոլորտում լուրջ հետընթաց են ապրում։
Ռուս-թուրքական էներգետիկ հակասությունները
Հավանաբար Մոսկվայի համար անսպասելիորեն ԵՄ-ում ռուսական գազի դեմ սկված արշավին միացավ նաև Թուրքիան։ Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թ.Յըլդըզը «Բուգյուն» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ եկող տարվանից թուրքական պետական խոշորագույն «Բոթաշ» ընկերությունը ռուսական գազ չի գնի, եթե «Գազպրոմը» «զգալիորեն չիջեցնի Թուրքիային վաճառվող բնական գազի գինը»։ Ընդ որում՝ թուրք նախարարի հայտարարության տոնը խիստ սուր էր և կոշտ։ Նա նշեց, որ եթե անգամ ռուսները գինն իջեցնեն, դրանից միանգամից չի բխելու, թե թուրքերը գազը կգնեն։ Անկարային, ինչպես նշեց նախարարը, հետաքրքրում են ռուսական նոր առաջարկները, որոնք կարող են քննարկվել, ընդունվել կամ մերժվել։ Ինչպես նշեցին մի քանի ռուս վերլուծաբաններ, թուրք նախարարի հայտարարությունը «նման է բլեֆի», որի նպատակն է ստիպել Մոսկվային իջեցնել Թուրքիային մատակարարվող գազի գինը։ Սակայն հոկտեմբերի 1-ին թուրք նախարարը հայտարարեց որպես պաշտոնական դիրքորոշում. 2012-ից Թուրքիան այլևս չի գնի Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով («արևմտյան միջանցք») 1986-ից ներկրվող ռուսական գազը, և եթե Մոսկվան ուզում է շարունակել այն վաճառել, ապա պարտավոր է փնտրել նոր մասնավոր գործընկերներ Թուրքիայում, քանի որ պետական «Բոթաշն» այլևս ռուսական «Գազպրոմի» հետ այս գազի գնման մասին պայմանագիր չի ստորագրի։ Որ թուրքական դիրքորոշումը պարզապես բլեֆ չէ, ապացուցվեց այն բանից հետո, երբ գազի գնման հարցերի քննարկման նպատակով հեռախոսազրույց տեղի ունեցավ Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետեր Ռ.Էրդողանի և Վ.Պուտինի միջև։
ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Դ.Պեսկովը հեռախոսազրույցում հաստատել է, որ թուրքական «Բոթաշը» հրաժարվել է գնել ռուսական գազը. «քննարկել են... Թուրքիային ռուսական գազի մատակարարման շարունակման հեռանկարները՝ հաշվի առնելով, որ թուրքական ընկերություններից մեկը հրաժարվել է երկարաձգել այդ մասին պայմանագրի ժամկետը»։ Թե ինչ թուրքական մասնավոր ընկերություն կփոխարինի «Բոթաշին» և կփոխարինի արդյոք (թուրքական գազատարները պատկանում են «Բոթաշին», և մասնավոր ընկերությունների համար բարդ է դրանցից օգտվելը)՝ դեռև բաց հարց է։ Սակայն ակնհայտ է, որ Թուրքիան ուղղակիորեն գնում է ռուսական գազի ներկրման ծավալների կրճատման ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, սպասելով ադրբեջանական գազի ներկրման ծավալների կտրուկ ավելացմանը։ Խոսքն, իհարկե, ռուսական գազից ընդհանրապես հրաժարվելու մասին չէ. տարեկան 18 մլրդ մ3 ռուսական բնական գազից ընդամենը 6 միլիարդն է Թուրքիա ներկրվում «արևմտյան միջանցքով», մնացածի ներկրումն իրականացվում է «Երկնագույն հոսքով»։ Սակայն թուրքական միտումը՝ փոխարինել ռուսական գազն ադրբեջանականով, արդեն իսկ ակնհայտ է։
Տնտեսական տերմիններով թուրքական հրաժարվումը ռուսական գազից դժվար է բացատրել, քանի որ «Գազպրոմը» Հայաստանից հետո ամենաէժան գնով գազը վաճառում է Թուրքիային՝ 1000 մ3-ի դիմաց ստանալով $250, որն անհամեմատ ավելի էժան է Եվրոպային վաճառվող ռուսական գազի գնից։ Անգամ ավելի էժան է Թուրքիային վաճառվող ադրբեջանական գազից, որի պայմանագրային արժեքը 2011-ի համար կազմում է $280 1000 մ3-ի համար։ Սակայն, եթե Անկարայի դիրքորոշման քննարկումն իրականացվի Եվրոպայում ռուսական գազի ներկրման դեմ սկսված արշավի և Տրանսկասպյան գազատարի կառուցման գործում նկատելի առաջընթացի հետ փոխկապակցված, ապա թուրքական դիրքորոշումն ավելի հասկանալի կարող է դառնալ։ Անկարան գիտակցում է, որ «Նաբուկկոյի» և Տրանսկասպյան գազատարի կառուցման արդյունքում ինքը կդառնա տարածաշրջանային էներգակիրների տարանցման խոշոր կենտրոն, կամրապնդի սեփական դիրքերն Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի էներգետիկ ոլորտներում։ Բոլոր այս տեղերում Անկարայի հիմնական մրցակիցը հենց Ռուսաստանն է։ Վերջին տարիների ռուս-թուրքական հարաբերությունների բարձր որակն այդ թվում պայմանավորված էր նաև նրանով, որ Կասպիական էներգակիրների՝ Ռուսաստանը շրջանցող և Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարերի նախագծերը սառեցված էին, ինչի արդյունքում նախկին ռուս-թուրքական էներգետիկ հակասությունները մղվել էին երկրորդ պլան։ Այսօր, երբ այդ նախագծերը վերակենդանանում են, Անկարայի և Մոսկվայի տարաձայնությունները նորից ջրի երես են ելնում։
Հետաքրքիր է, որ Մոսկվան Անկարայի հետ իր հարաբերություններում գրեթե նույն վիճակին է, ինչ Իրանը. վերջին տարիներին հարաբերությունների բարելավումից հետո գալիս է նոր հակասությունների և սառեցման շրջանը։ Եվ եթե Իրանի համար թուրքական խնդիրը պայմանավորված է Սիրիայի և ԱՄՆ ռազմուժի ներկայությամբ՝ կապված Անկարայի դիրքորոշման, ապա Ռուսաստանինը կապված է էներգետիկ ոլորտում դիրքորոշումների տարբերության հետ։
Ամփոփելով նշենք, որ էներգետիկ ոլորտում ակտիվացած տարածաշրջանային զարգացումները պայմանավորելու են նոր հակասություններ տարածաշրջանի պետությունների միջև, խորացնելու են մրցակցությունն էներգակիրների վերահսկողության համար և դրանով իսկ անմիջականորեն կարող են ազդել նավթի և գազի տարանցման առաջատար տարածաշրջաններից մեկի՝ Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]