• am
  • ru
  • en
Версия для печати
18.07.2011

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

EnglishРуский

   

Սեւակ Սարուխանյան

Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական եւ հասարակական կյանքում վերջին տարիներին տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Մ.Ահմադինեժադի նախագահ ընտրվելուց հետո Իրանի քաղաքական եւ կառավարչական էլիտան լուրջ ձեւափոխությունների է ենթարկվել։

Մ.Ահմադինեժադի` 2005-ին ձեւավորած առաջին կառավարությունն ամենաաշխարհիկն էր Իրանի հետհեղափոխական պատմության մեջ։ Չնայած կառավարության անդամներն իսլամական գաղափարական եզրերով առաջնորդվող գործիչներ էին, նրանց մեծամասնությունը, մինչ կառավարությունում հայտնվելը, միայն կառավարչական կարիերա էր ունեցել, եւ միայն եզակիներն էին ներկայացնում զուտ կրոնական շրջանակները։

2008թ. խորհրդարանական ընտրությունները փոխեցին նաեւ իրանական մեջլիսի տեսքը` այն ավելի աշխարհիկ դարձնելով։ Ինչպես Ահմադինեժադի առաջին եւ երկրորդ կառավարության, այնպես էլ խորհրդարանի դեպքում այս կարեւոր քաղաքական մարմնի բոլոր անդամներն իրենց քաղաքական գործունեության հիմքում սկզբունքորեն իսլամն ու իսլամական հանրապետության գաղափարն են դնում, սակայն կենսագրական առումով խորհրդարանի պատգամավորների մեծ մասը որեւէ առնչություն չունի կրոնական գործունեության եւ կրոնական կառույցների հետ։

Սա կարեւոր իրողություն է` պայմանավորված այն նշանակալի դերով եւ կառուցվածքային առանձնահատկություններով, որոնց տիրապետում է Իրանի կառավարման համակարգը։

Այս համակարգի հիմքում ընկած է ոչ այնքան երկրի` հոգեւոր առաջնորդի կողմից ղեկավարվելու սկզբունքը, որքան կրոնական եւ պետական մարմինների միահյուսումը մեկ ընդհանուր կաղապարի մեջ, որտեղ փոխլրացման եւ քննարկումների միջոցով ձեւավորվում է պետական քաղաքականությունը։ Բավական երկար ժամանակ, երբ իրանական կառավարությունում եւ խորհրդարանում առաջատար դիրքերը զբաղեցված էին կրոնական գործիչների կողմից, այս կաղապարը գրեթե իդեալապես ապահովում էր պետական քաղաքականության առավելագույն համաձայնեցվածությունը քաղաքական/կրոնական շրջանակների բոլոր թեւերի հետ։ Մինչահմադինեժադյան եւ կառավարման համակարգի աշխարհիկացման շրջանի յուրահատկությունն այն էր, որ կրոնական գործիչները վերահսկում էին պետական կառավարման ամբողջ համակարգը, եւ որոշումների կայացման գործընթացում ծագած բոլոր տարաձայնությունները հարթվում էին կրոնական շրջանակներում` բանակցությունների եւ զիջումների միջոցով։ Բանակցությունները, գաղափարական իմաստով, հիմնականում ընթանում էին հավասարների միջեւ. խորհրդարանի պատգամավորը, նախարարն ու Նպատակահարմարության խորհրդի ներկայացուցիչը կարող էին ունենալ նույն կրոնական աստիճանը եւ հասարակական կարգավիճակը։

Բավական հետաքրքիր եւ մասամբ ժողովրդավարական կառավարման այս մոդելն իսլամական հանրապետությանը թույլ էր տալիս խուսափել ներքաղաքական ճգնաժամերից եւ ներէլիտային հակասություններից։ Փոխլրացման եւ հակասությունների հարթման այս համակարգը հեղափոխական փոփոխություններ կրեց Մ.Ահմադինեժադի նախագահ ընտրվելուց հետո, ինչի հետեւանքը հենց կառավարության եւ խորհրդարանի աշխարհիկացումն էր, որն ինչ-որ տեղ անդունդ ստեղծեց կրոնական շրջանակների եւ կառավարության միջեւ։ Այս անդունդը հիմնված է երկու հիմնարար եզրերի վրա.

1. Գաղափարախոսական. չնայած գործող աշխարհիկ կառավարությունը երբեք չի քննարկել երկրի կառավարման համակարգի արդարության եւ արդյունավետության հարցը եւ հանդես է գալիս իսլամական հեղափոխության արժեհամակարգով, գաղափարական տեսանկյունից այն չի կարող լինել նույնը, ինչ բարձրագույն իշխանական լծակներով օժտված կրոնական շրջանակները։ Կառավարության եւ հոգեւոր շրջանակների միջեւ հակասությունները ծագել են հենց 2005-ին, սակայն քանի դեռ Մ.Ահմադինեժադը վայելում էր Ալի Խամենեիի բացարձակ վստահությունն ու աջակցությունը, դրանք ջրի երես են դուրս եկել եզակի դեպքերում։ Իսկ Խամենեիի կողմից նախագահի առաջին իսկ քննադատությունից հետո այս հակասությունները հրաբխի պես ժայթքեցին եւ լցրին իրանական հանրային քաղաքականության ողջ օրակարգը։

Վերջին 3-4 ամիսների ընթացքում Իրանի հոգեւոր շրջանակները բուն գաղափարական հենքի վրա քննադատեցին նախագահի եւ կառավարության ողջ քաղաքականությունը. Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձը, Բահրեյնի շիաներին աջակցություն չցուցաբերելը, պետական սեփականության մասնավորեցումը, սուբսիդավորման վերացումը, բյուջետային պլանավորումը եւն։ Սխալ է կարծել, թե այս քննադատությունը զուտ կոնյունկտուրային է. այն իրապես հիմնված է գաղափարախոսական հենքի վրա։

2. Կարգավիճակային. աշխարհիկ կառավարության ձեւավորումն Իրանում լուրջ կարգավիճակային խնդիրներ առաջ բերեց իսլամական հանրապետության կառավարման համակարգում։ Ինչպես նշեցինք, կրոնական գործիչները` անկախ կառավարման համակարգում զբաղեցրած պաշտոններից, կարգավիճակային տեսանկյունից շատ հաճախ հավասար էին իրար, եւ ընթացիկ քաղաքական ու տնտեսական որոշումների ընդունման գործընթացում բանակցություններն ու վեճերը նրանց միջեւ, որպես կանոն, բերում էին փոխզիջումային որոշումների ընդունմանը։ Աշխարհիկ կառավարության ձեւավորումից հետո այս իրավիճակը փոխվեց. անկախ զբաղեցրած պաշտոնից եւ դիրքից, Իրանի աշխարհիկ գործիչներն իսլամական հանրապետությունում իրենց կարգավիճակով ավելի ցածր են կրոնական գործիչներից, եւ վերջիններիս հետ բանակցությունները կառավարության, այդ թվում նաեւ նախագահի համար, եղել են բանակցություններ վերադասի եւ ստորադասի, բայց ոչ երբեք հավասարների միջեւ։ Իրանում ներկայումս գործող կառավարությունը, մանավանդ Ալի Խամենեիի` կառավարությանն աջակցելու քաղաքականությունից հրաժարվելուց հետո, ինչ-որ չափով իր բնույթով նման է ժամանակավոր պայմանագրային հիմունքներով գործող աշխատանքային խմբի, որը պարտավոր է գործել համաձայն այն պահանջների, որոնք նրան է ներկայացնում իրական ղեկավարությունը` ի դեմս հոգեւոր իշխանությունների։

Մի կողմ դնելով գաղափարախոսական գործոնը` պետք է նշենք, որ Մ.Ահմադինեժադի վերջին տարիներին որդեգրած քաղաքականությունն ուղղված է եղել կառավարության կարգավիճակի փոփոխությանը, ինչի համար երկրում իրականացվել են բավական լուրջ վարչարարական բարեփոխումներ։ Դրանց հիմնական ուղղվածությունն է եղել նախարարությունների ֆինանսական եւ պլանավորման գործառույթների փոխանցումը նախագահի աշխատակազմին, ինչի արդյունքում բավական ամրապնդվել էին նախագահի եւ աշխատակազմում աշխատող նրա թիմի դիրքերը, ավելացել էր նրանց ձեռքերում գտնվող ֆինանսատնտեսական եւ վարչարարական լծակների թիվը։ Գործընթացներն Իրանում ուղղված էին այն բանին, որ երկրում ձեւավորվի, պայմանականորեն ասած, թուրքականին մոտ «խորքային պետության» մոդել, երբ, չնայած գործող իրավական ձեւաչափերին, երկրում լինի կառույց եւ խումբ, որը վերսահմանադրական լծակների տիրապետի եւ փորձի կարեւոր որոշումներ ընդունելիս խուսափել սահմանադրությամբ հաստատված բարձրագույն պետական մարմինների (Իրանի դեպքում` կրոնական իշխանությունների) հետ այդ որոշումները համաձայնեցնելու անհրաժեշտությունից։ Ինչ-որ տեղ Մ.Ահմադինեժադի քաղաքական գիծն ուղղված էր նաեւ ներկայիս թուրքական «աշխարհիկ իսլամի» մոդելի ձեւավորմանն Իրանում, որում իսլամը պահպանվում է որպես պետական քաղաքականության հիմնաքար, սակայն պետության կառավարումն իրականացվում է աշխարհիկ ուժերի կողմից։

Սակայն ի տարբերություն Թուրքիայի, որտեղ, հաշվի առնելով սուննի մահմեդականության առանձնահատկությունները, չկա իսլամական հոգեւորական հիերարխիա, իսկ կրոնը` որպես այդպիսին, ինստիտուցիոնալացված չէ, շիա մահմեդական հոգեւորականությունն Իրանում` իր կրոնական ինստիտուտներով, գերամուր է, 1979-ից հետո` նաեւ պետականաստեղծ, եւ Մ.Ահմադինեժադի քաղաքականությունն այս տեսանկյունից ի սկզբանե դատապարտված էր ձախողման: Իրանում կրոնական իսլամական իշխանությունները երբեք չեն կարող փոխարինվել աշխարհիկ իսլամական իշխանություններով, իսկ պետական համակարգի փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն դասական հեղափոխական ճանապարհով։

Չնայած ներկայիս քաղաքական ճգնաժամն Իրանում ցույց տվեց, թե ինչ ամուր եւ կազմակերպված են կրոնական իշխանություններն Իրանում, կրոնական եւ աշխարհիկ իշխանություն հակասությունների հեռանկարը, անգամ Մ.Ահմադինեժադի հեռանալուց հետո, պահպանվելու է։ Ներքին փոփոխություններն Իրանում ակնհայտ են. հասարակությունը դարձել է ավելի ակտիվ, եւ բարեփոխումների պահանջներն ավելի են սրվել։ Ի տարբերություն 1997-ի, երբ Իրանի նախագահ ընտրվեց բարեփոխումների կողմնակից (սակայն դրանք չիրականացրած) Մ.Խաթամին, այսօր իրանական հասարակությունը կրոնական գործիչների մեջ չի տեսնում այնպիսի մարդկանց, որոնք կարող են փոփոխություններ կատարել Իրանում։

Փոփոխություններ ասելով նկատի չունենք միայն ազատականացումը. փոփոխությունների կարիք եւ պահանջ է զգում նաեւ Իրանի հասարակության պահպանողական հատվածը, որի մեծ մասը 2005-ին ձայնը տվեց պահպանողական, բայց աշխարհիկ Մ.Ահմադինեժադին։ Ներկայումս կարելի է փաստել, որ իրանական կրոնական գործիչների մեջ չկան այնպիսիք, որոնք բարեփոխական կամ էլ պահպանողական կարգախոսներով կարողանան հաջողության հասնել 2013-ին նախատեսված նախագահական ընտրություններում։ Բարեփոխիչներն, ըստ ամենայնի, ընտրությունների գնալու են աշխարհիկ Մ.Մուսավիի ղեկավարությամբ, իսկ պահպանողականներն, ամենայն հավանականությամբ, ինչպես եւ 2005-ին, հանդես են գալու աշխարհիկ թեկնածուով։ Կլինի՞ դա ծայրահեղ պահպանողական, մեջլիսի խոսնակ Լարիջանին, թե՞ սահմանափակ պահպանողական, Թեհրանի քաղաքապետ, սեփական մոտոցիկլով աշխատանքի գնացող Ղալիբաֆը` արդեն երկրորդական հարց է։

Այնպես որ, ապագա նախագահի հետ կապված` աշխարհիկ - հոգեւոր իշխանություններ հակասությունները մեծ շանսեր ունեն կրկնվելու նաեւ 2013-ից հետո, ինչը կտրուկ մեծացնում է քաղաքական նոր ճգնաժամերի առաջացման եւ դասական հակահամակարգային հեղափոխության իրականացման հնարավորություններն Իրանում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր