
ՄԵՐ ԱՊԱԳԱՆ` NIC ԱՉՔԵՐՈՎ

Նախաբան
Էմանուել Լևինաս, «Ուրիշի հումանիզմը», 1973թ.
Մարդիկ միշտ էլ ձգտել են կանխատեսել ապագան, իսկ հնարավորության դեպքում` կանխել գալիք աղետները կամ պատրաստվել դրանց: Այստեղ կարևոր է իմանալ, թե ինչպիսին է տեսնում ձեր ապագան «ուրիշը», հզոր «ուրիշը»` պոստմոդեռնիզմի դիսկուրսի այս եզրի ողջ իմաստով: Չէ՞ որ դա թույլ կտա բյուրեղացնել ձեր սպասումները ձեր իսկ ապագայից, հարմարվել կամ դիմակայել դրան: Ինչպես ասում են` praemonitus praemunitus1: Սա ճշմարիտ է «ես»-ի, անհատի համար: Բայց սա ճշմարիտ է նաև այն դեպքում, երբ խոսքն ազգի, ազգ-պետության, «մեր» մասին է: Վերջին դեպքում սա արդեն անհրաժեշտ է, մանավանդ եթե այդ «ուրիշն» արդի աշխարհի ամենահզոր տերության հետախուզական հանրության (ՀտՀ) ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկն է` ԱՄՆ Հետախուզության ազգային խորհուրդը (ՀԱԽ)2:
Հակիրճ կարելի է ասել, որ ՀԱԽ հիմնական գործը ԱՄՆ նախագահին և ԱՄՆ իշխանական համակարգի բարձրագույն օղակներին, առաջին հերթին` ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենին (ԱՀՏ, Director of National Intelligence, DNI), այսպես կոչված Ազգային հետախուզական գնահատականներ (ԱՀԳ, National Intelligence Estimates, NIEs) տրամադրելն է` այդ օղակներին հետաքրքրող տարբեր հարցերի շուրջ: ԱՀԳ-ները ոչ թե օպերատիվ զեկույցներ են` հիմնված ՀտՀ տարբեր կառույցներից ստացված ընթացիկ հետախուզական տեղեկատվության վրա, այլ տվյալ իրադրության սցենարային զարգացման հավանականության գնահատումներ են և պարունակում են դրանց զարգացման միտումների միջնաժամկետ և երկարաժամկետ նկարագիրն ու վերլուծությունը` հիմնված լայն տիրույթի տեղեկատվության վերլուծության վրա3:
Հոդվածում դիտարկվող ՀԱԽ 2010, 2015 և այլ նմանատիպ ծրագրերն ու դրանց վերջնական հաշվետվությունները` «Գլոբալ միտումները», ըստ էության, այս ԱՀԳ-ների ժառանգներն են` դրանց բնորոշ արժանիքներով և թերություններով:
Նյութի համարժեք ընկալման համար կարևոր է հիշել հետևյալը: Նախ, իրենց ընդհանրության մեջ ոչ ԱՀԳ-ները, ոչ էլ «Գլոբալ միտումները» ոչ մարգարեություններ են, ոչ էլ վերջնական ճշմարտություն, թեև երկուսի պատմության մեջ էլ կարելի է գտնել ճշգրիտ գնահատումների, նույնիսկ` իրական մարգարեությունների, բայց և աղաղակող սխալների ու բացթողումների օրինակներ4: Միևնույն ժամանակ, գլոբալ և տարածաշրջանային մասշտաբներով միջնաժամկետ ու երկարաժամկետ միտումների վերլուծության, զարգացման կանխատեսման տեսանկյունից դրանք, իրենց ամբողջության մեջ, միանգամայն համարժեք աղբյուր են հանդիսանում: Իսկ եթե հաշվի առնենք խնդրո առարկա նյութերի ծավալները, կանոնակարգված բնույթը, ներառված ինտելեկտուալ ու փորձագիտական ներուժը, անընդմեջ գործունեության տասնամյակների հարուստ փորձը, բուն ու հարակից նյութերի հասանելիության աստիճանը5, ապա դժվար է գերագնահատել դրանց դերը:
Սակայն հստակ պետք է գիտակցել նաև, որ ոչ ԱՀԳ-ները, ոչ էլ «Գլոբալ միտումները» վակուումի մեջ չեն ստեղծվում: Ճիշտ այնպես, ինչպես սառը պատերազմի իրողություններն իրենց անջնջելի դրոշմը դրեցին ԱՀԳ-ների բովանդակության, դրանց կազմման, մշակման և բերվող գնահատականների կիրառման վրա, այնպես էլ հետխորհրդային, գլոբալացման և «հրապարակայնության» մեր ժամանակներում ԱՄՆ իշխանական համակարգի քաղաքական կոնյունկտուրան, կորպորատիվ հակումները, լոբբիստական շահերն ու այլ տարատեսակ «արտաքին» ազդակներ անխուսափելիորեն ազդում են թե´ արդի որոշ ԱՀԳ-ների6, թե´ ՀԱԽ 2010, 2015 և այլ ծրագրային արդյունքների վրա:
Նշենք նաև, որ ՀԱԽ 2010, 2015 և այլ ծրագրային գործընթացները էականորեն ԱՄՆ ՀտՀ գործունեության արդյունք են: Այն, որ «Գլոբալ միտումներն» ի սկզբանե նախատեսված էին բաց հրապարակումների համար, ստիպում է ենթադրել, որ դրանք «այսբերգի» վերին` տեսանելի հատվածն են միայն: Ուստի, այստեղ միանգամայն կիրառելի է այն եզրակացությունը, որն արել էինք մեր վաղ հոդվածներից մեկում, ուր քննարկվում էր XX դարի 90-ականների կեսերին ներմուծված և ներկայումս լայնորեն կիրառվող «ուժեղ», «թույլ» կամ «ձախողված» պետություն որակավորումների վարկանիշային աղյուսակներ կազմող և ԱՄՆ ՀտՀ հետ սերտորեն կապված «Քաղաքական անկայունությունների հանձնախումբ» կառույցի գործունեությունը. «Բաց հրապարակումների փուլի ամենաակնառու առանձնահատկությունը, հենց ինքը` հրապարակայնությունը, դառնում է «ժողովրդավարության քարոզչության» ռազմավարության հատկանշական տարր` համահունչ «մոդելավորում – կանխատեսում – կանխարգելում» բանաձևին» [1, էջ 95]:
1. ԱՄՆ ՀԱԽ ձևավորումը
Ռեդյարդ Քիփլինգ, Կիմ. Գլ. XII. 1897-1900թթ.
Միացյալ Նահանգների ՀԱԽ պաշտոնական ծնունդը թվագրվում է 1979 թվականով, թեև նրա ձևավորման ակունքները հասնում են 1947թ., երբ ընդունվեց ԱՄՆ Ազգային անվտանգության օրենքը (National Security Act, 1947) և նախագահ Հ.Թրումենի կողմից հիմնվեց Կենտրոնական հետախուզության տնօրենի պաշտոնը (Director of Central Intelligence, DCI), պետական տարբեր գործակալությունների տրամադրության տակ եղած ազգային հետախուզական տեղեկատվության համադրման, տարածման և գնահատման լիազորություններով7: Այդ ժամանակ ազգային հետախուզական վերլուծական գնահատումները կազմվում էին ԿՀՎ ներքո` Հետազոտությունների և գնահատումների բաժնում (ՀԳԲ, Office of Research and Estimates, ORE) և կրում էին «ORE» (ՀԳԲ) դասիչը:
1950թ. ԿՀՎ նորանշանակ տնօրեն Ու.Սմիթը ամրապնդում է Կենտրոնական հետախուզության տնօրենի «ինտեգրալ օղակի» այս դերակատարումը` վերջինիս համար հիմնելով Ազգային գնահատումների խորհուրդ (ԱԳԽ, Board of National Estimates): Այն ձեռնամուխ եղավ պետական մասշտաբով արտաքին վտանգների և միջազգային զարգացման միտումների միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատականներով` ԿՀՎ ներքո գործող հատուկ ստեղծված Ազգային գնահատումների բաժնում (ԱԳԲ, Office of National Estimates, ONE): Մինչև իր կազմալուծումը` 1973թ. նոյեմբերին, ԱԳԲ-ն կազմել էր ավելի քան 1500 ԱՀԳ-ներ, այդ թվում նույն 1950թ. առաջին ԱՀԳ-ն` նվիրված Ֆիլիպիններում խորհրդային ռազմական գործողությունների հավանականությանը (NIE 1)8:
Ռ.Նիքսոնի նախագահության ժամանակ և հիմնականում այդ ժամանակվա Կենտրոնական հետախուզության տնօրեն Ու.Կոլբիի ջանքերով էականորեն վերափոխվեցին ԱՀԳ-ների կազմման փիլիսոփայությունը և գործընթացը: Ու.Կոլբին գտնում էր, որ ԱԳԽ-ն դարձել էր իրականությունից կտրված, մեկուսի և ավելի շատ ներքին քաղաքական կոնյունկտուրային հետևող «իմաստունների ժողով»: Նա ցանկանում էր էականորեն բարձրացնել ՀտՀ ներքո հետախուզական տեղեկատվության տարածման և վերլուծման մակարդակը, ավելի լայն ներգրավել ՀտՀ տարբեր օղակներին ԱՀԳ-ների կազմման գործում և շեշտակի բարձրացնել խորհրդի աշխատանքի արդյունավետությունն ու ԱՄՆ իշխանական օղակների հարցումների նկատմամբ պատասխանատվության մակարդակը: Ուստի, 1973թ. նոյեմբերին նա ցրում է «իմաստունների ժողովը» (և ընդհանրապես ԱԳԲ-ն)` փոխարինելով այն տարածաշրջանային ու ֆունկցիոնալ առումով տարանջատված մասնագետներով` Ազգային հետախուզական սպաներով (ԱՀՍ, National Intelligence Officers, NIOs): ԱՀԳ-ների նախնական տարբերակների կազմումը դառնում է ԱՀՍ անմիջական պարտականությունը: Վերջապես, 1979թ. ԱՀՍ-ները վերանվանվեցին Ազգային հետախուզական խորհուրդ, որն այդ ժամանակ անմիջականորեն հաշվետու էր Կենտրոնական հետախուզության տնօրենին:
Հետախուզական համակարգի ռեֆորմների և ահաբեկչության կանխարգելման ԱՄՆ 2004թ. օրենքը ձևավորեց ՀտՀ և մասնավորապես ՀԱԽ ներկայիս կարգավիճակը: Նախ, հաջորդ տարում ներմուծվեց ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի (ԱՀՏ, DNI) պաշտոնը: ԱՀՏ թեկնածությունը առաջարկվում է նախագահի կողմից և հաստատվում ԱՄՆ Սենատում: ԱՀՏ-ն չպետք է ղեկավարի ՀտՀ 16 գործակալություններից և ոչ մեկը, այլ պետք է ձևակերպի ողջ ՀտՀ առջև դրվող խնդիրներն ու դրանց առաջնայնությունները, ղեկավարի ազգային հետախուզական տեղեկատվության հավաքման, վերլուծման և տարածման գործունեությունը: Նույն օրենքով նախատեսված է ԱՀՏ գրասենյակի հիմնումը (ԱՀՏԳ, Office of the Director of National Intelligence, ODNI): Այսուհետ ԱՀՏ-ն ԱՄՆ նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի առջև ստանձնում է հետախուզական խնդիրներով հիմնական և պաշտոնական խորհրդատուի պարտականությունը` փոխարինելով այս դերում ԿՀՎ տնօրենին [2, Ch. 3, pp. 153-157]: Իր 2007թ. ծրագրային հոդվածում ԱՄՆ 2-րդ ԱՀՏ Մ.Մաքկոնըլը նշում էր, որ ԱՀՏԳ-ն իր գործունեությունում պետք է որդեգրի 80-ականների Գոլդուոթեր-Նիքոլսի ռազմական ռեֆորմի «միացյալ հրամանատարության գործելակերպի» (joint military command) փիլիսոփայությունը [3, p. 53-54]: ՀԱԽ-ը անմիջականորեն հաշվետու է ԱՀՏ-ի առջև ու ներկայացնում է ՀտՀ համակարգված և ընդհանրական տեսակետը այս կամ այն հարցի շուրջ: Սույն հոդվածի Հավելված Ա-ում բերում ենք ՀԱԽ առաքելության նկարագիրը` թարգմանված ՀԱԽ պաշտոնական կայքից9: Ինչպես տեսնում ենք բերվող ձևակերպումներից, ՀԱԽ-ի կողմից կազմվող ԱՀԳ-ները այսօր, ինչպես և անցյալում, Ազգային հետախուզության տնօրենի և ԱՄՆ իշխանական համակարգի բարձրագույն օղակների համար շարունակում են մնալ որպես ազգային անվտանգության հարցերի ամենահեղինակավոր գրավոր աղբյուր10:
Որպեսզի լավ պատկերացնենք, թե ինչպես է ՀԱԽ-ը տեսնում մեր ապագան, արժե, որ պատկերացնենք, թե ինչպես էր ՀԱԽ-ը տեսնում մեր անցյալը: Ուստի, ավելացնենք, որ ներկայումս (2009թ. հունվար) ՏԱՄՕ շրջանակներում ՀԱԽ կայքում հասանելի են 1946-91թթ. ժամանակաշրջանի ընդհանուր 13.4 հազար էջ ծավալով մասնակի կամ լրիվ գաղտնազերծված 544 ՀԳԲ-ներ և ԱՀԳ-ներ` նվիրված ԽՍՀՄ-ին և միջազգային կոմունիզմին: 544 հաշվետվություններից 26-ը այս կամ այն կերպ վերաբերում են Հայաստանին: Հավելված Բ-ում բերում ենք դրանց ամբողջական ցանկը` դասակարգված ըստ հետընթաց ժամանակագրության: Չափազանց ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանին վերաբերող վերլուծական նյութերի այս ցանկը սկսվում է Հաթայի երկրամասին (Ալեքսանդրեթի սանջակ) վերաբերող 1947թ. փաստաթղթով (The HATAY question. ORE 15): Ինչպես կարելի է տեսնել Հավելված Բ-ից, այս ցանկում են թե´ 1950թ. հայտնի 3-րդ ԱՀԳ-ն (Soviet Capabilities and Intentios. NIE 3), թե´ 2000թ. ՀԱԽ «Գլոբալ միտումներ 2015» ծրագրային հաշվետվությունը: Նման հարևանությունը, կարծում ենք, ինքնին խոսուն է11:
2. ՀԱԽ 2010, 2015, 2020 և 2025 ծրագրային աշխատությունները
խորամուխ լինել տեխնիկական մանրամասների մեջ: Բայց ես կարծում եմ`
չափազանց կարևոր է, որ մեր ժաղովուրդը հասնի իրական բարդությունների ընդհանրական ըմբռնմանը,
այլ ոչ թե գործի կրքերի, նախապաշարմունքների կամ պահի թելադրանքով:
Ջորջ Ք. Մարշալ, 5 հունիսի, 1947թ.
Ստորև, թարգմանաբար և առանց մեկնաբանությունների12, շարադրում ենք ՀԱԽ 2010, 2015, 2020 և 2025 ծրագրային աշխատությունների հիմնական հետևությունները: Թարգմանության ժամանակ խստագույնս հետևել ենք բնագրերին: Բոլոր օգտագործված նյութերը բաց են և մեջբերումների թույլատրման համար հարցման ենթակա չեն: Բերվում են նաև ՀԱԽ այս աշխատությունների պատրաստման գործընթացի և օգտագործված մեթոդաբանությունների մասին հակիրճ տեղեկություններ:
2.1. ՀԱԽ «Գլոբալ միտումներ 2010»
Գործընթաց և մեթոդաբանություն: 1996թ. աշնանը ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանում ՀԱԽ-ը` Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (INSS) հետ համատեղ, իրականացրեց համաժողովների ու առանձին սեմինարների մի շարք, որին իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ ՀտՀ փորձագետները և ակադեմիական շրջանակների որոշ մասնագետներ, բոլորը` ԱՄՆ քաղաքացիներ: Այս ամենի ընդհանրական արդյունքները հանդիսացան ՀԱԽ «Գլոբալ միտումներ 2010» հաշվետվության հիմքը, որը հրապարակվեց հաջորդ տարվա սկզբին և, համարյա մեկ տարի տևած լրամշակումներից ու քննարկումներից հետո, վերահրատարակվեց 1997թ. նոյեմբերին: Ներկայումս ՀԱԽ կայքում հասանելի է ՀԱԽ 2010 ուսումնասիրության միայն 15 էջ ծավալով հիմնական արդյունքների համառոտագիրը [4]:
Մեթոդաբանության տեսանկյունից [4]-ի հիմքում ընկած էր ապագայի այսպես կոչված «գծային» կանխատեսում/մոդելավորումը: Այլ խոսքերով` հիմնական շեշտը դրվում էր ոչ թե «անակնկալ» երևույթների կանխատեսման և ոչ այնքան զարգացման տարբեր սցենարների մշակման և դրանց հավանականությունների գնահատման վրա, այլ, հիմնվելով 1996-97թթ. գործող և ձևավորվող միտումներին` դիտարկվում էր ապագայի «էվոլյուցիոն» զարգացումը:
ՀԱԽ 2010 կենտրոնական եզրակացությունը գլոբալ տեսանկյունից կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. 2010թ. մենք ականատեսը կլինենք նոր աշխարհակարգի գալստին13 ու հաստատմանը: Այն վերջ կդնի Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված կարգին` խարսխված ազգ-պետությունների և դրանց միջև գործող միջպետական հարաբերությունների վրա: Համաշխարհային մասշտաբով գալիք 10-15 տարիներին, 1997թ. պնդում էին ՀԱԽ 2010 փորձագետները, ԱՄՆ ազգային անվտանգության քաղաքականության ձևավորման տեսանկյունից էական դերակատարում կունենան հետևյալ 6 հիմնական շարժիչները (drivers). 1. ժողովրդագրական դինամիկա, 2. տնտեսական զարգացում, 3. պարենային ապահովվածություն, 4. հեռահաղորդակցության զարգացում, 5. էներգետիկա, 6. ռազմական տեխնոլոգիա և դրա տարածում: Այս շարժիչները կձևավորեն գլոբալ մասշտաբով գործող միտումները, որոնք իրենց հերթին 1997-2010թթ. ժամանակահատվածում կհանգեցնեն որոշիչ հետևյալ երեք փոփոխություններին.
- Կոնֆլիկտները և հակամարտությունները հիմնականում արդեն իսկ ունեն, իսկ ապագայում առավել ևս կունենան ներպետական, այլ ոչ թե միջպետական բնույթ: Ազգ-պետությունները ստիպված կլինեն ավելի ու ավելի մեծ ջանքեր թափել այնպիսի ներքին խնդիրների և մարտահրավերների լուծման վրա, որոնք պայմանավորված կլինեն ժողովրդագրական ճնշումով, էներգետիկայի, սննդի և ջրամատակարարման խնդիրների հետ:
- Որոշ պետություններ կձախողվեն իրենց քաղաքացիներին այդ պետության մեջ համախմբող հիմնական գործառույթների իրականացման գործում: Ձախողման առավել ծանր պարագաներում փախստականների գոյացումը կզուգորդվի էթնիկ զտումներով և/կամ քաղաքացիական հակամարտություններով` ընդհուպ մինչև տվյալ պետության փլուզում` հետագա արտաքին ներխուժման հնարավորությամբ:
- Նույնիսկ այն պետությունները, որոնք իմուն կլինեն տնտեսական և քաղաքական անկայունությունների նկատմամբ, միևնույն է, կգիտակցեն, որ կորցնում են ազգային ծրագրերի (national agendas) վրա իրենց վերահսկման զգալի մասը` տնտեսական էքսպանսիայի, գլոբալացման և տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխական զարգացման հետևանքով: Այս առումով, պնդում են ՀԱԽ 2010 փորձագետները, «Ազգային տնտեսական քաղաքականություն հասկացությունը կդառնա անհեթեթ»: Տարատեսակ ոչ պետական կազմակերպությունները` միջպետական բիզնես ընկերություններից մինչև օգնության (relief) վերազգային գործակալությունները, ոչ միայն չեն ամրացնի պետությունների ուժը, այլև կթուլացնեն դրանց: Կթուլանա նաև պետությունների ունակությունը` վերահսկել տեղեկատվության, ապրանքների և ծառայությունների հոսքը: Այս իրադրությունից կօգտվեն միջազգային կազմակերպված հանցավոր խմբերը` էլ ավելի թուլացնելով ազգ-պետությունների ուժը:
Միևնույն ժամանակ, այս նոր միտումները կգոյատևեն հին աշխարհակարգի հետ: Որոշ երկրներ կպնդեն իրենց ինքնիշխանության վրա, օրինակ` Ռուսաստանը և Չինաստանը, այլ երկրներ, ինչպիսիք են Հ. Կորեան և Կուբան, կպնդեն, որ փոփոխությունների այս նոր ալիքը ամենևին չի վերաբերում իրենց ազգային նպատակներին (national agendas) կամ իրենց տարածաշրջանային նկրտումներին, օրինակ` Իրաքի և Իրանի պարագայում: Բոլոր դեպքերում, ոչ մի պետություն չի խուսափի մի կողմից` զարգացման, մյուս կողմից` այս զարգացումը ղեկավարելու տվյալ պետության ունակության միջև հակասությունների մարտահրավերից: Այս իրավիճակում, գլոբալ առումով չի գոյանա ոչ մի տերություն, ոչ մի գաղափարախոսություն և ոչ մի շարժում, որն ունակ լինի վտանգել ԱՄՆ շահերը կամ ստեղծել կայուն հակաարևմտյան կոալիցիա: 2010թ. ԱՄՆ ազգային անվտանգության համակարգին առնչվող հիմնական հարցն է լինելու «ո՞ր դեպքերում, ե՞րբ և ինչպե՞ս օգտագործել ԱՄՆ ռազմուժը»: Այս հարցը երկու խումբ մարտահրավերներ կառաջացնի. նախ` տարածաշրջանային մարտահրավերները` նետված այն պետությունների կողմից, որոնց նպատակները (agendas) հակասում են ԱՄՆ նպատակներին. այս պարագայում պետք է սպասել ասիմետրիկ զարգացումների: Օրինակ, սովորական սպառազինության առումով ԱՄՆ էական գերակշռումը Իրանը կփորձի հավասարակշռել զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) մշակումով և ԱՄՆ բարեկամներին և դաշնակիցներին ահաբեկումով14: Երկրորդ խումբ մարտահրավերները կգոյանան այն երկրներից, որոնք կձախողվեն վերը նշված փոփոխություններին համակերպվելու հարցում, և որոնց հասարակական համակարգերը կենթարկվեն էրոզիայի: Այս առումով, պնդում են [4]-ի փորձագետները, «համաշխարհային պատմությունը կձևավորվի ԱՄՆ մեկուսացվածության կամ ներգրավման համամասնության աստիճանով»15: Ներգրավման դեպքում հիմնական սահմանափակումները կհանդիսանան ԱՄՆ տնտեսական կենսունակությունը, ռազմական ուժն ու դրա կիրառման վերաբերյալ ներքին համաձայնության (կոնսենսուսի) հնարավորությունները: Այստեղ առաջնային է ԱՄՆ համագործակցությունը ոչ պետական կազմակերպությունների և գործակալությունների հետ:
Ընդհանուր տնտեսական զարգացման տեսանկյունից ՀԱԽ 2010 փորձագետները 1996-97թթ. պնդում էին, որ գալիք տասնամյակի ընքացքում գլոբալ էկոնոմիկան կշարունակի կայուն զարգանալ, բերվում էր նույնիսկ այդ աճի հետևյալ գնահատումը. մինչև 2010թ. աշխարհի բնակչության մեկ շնչին ընկնող իրական եկամուտը տարեկան կաճի 2%-ով: Ընդ որում` բարեկեցության այս աճը կհանգեցնի աննախադեպ բարգավաճման` հատկապես Արևմուտքում և Հեռավոր Ասիայում16: Աֆրիկան և Միջին Արևելքը էապես հետ կմնան վերջիններիս ցուցանիշներից:
Տարածաշրջանային մակարդակով [4]-ի փորձագետները նշում են, որ 1997-2010թթ. ժամանակահատվածում Եվրոպան հիմնականում զբաղված կլինի իրենով, իսկ համաշխարհային մասշտաբով կունենա նվազ դերակատարում: Որպես ներքին կարևորագույն մարտահրավերներ Եվրոպայի համար առանձնացվում են հետևյալ երեքը. պետություն-ժողովուրդ «սոցիալական կոնտրակտի» վերաձևակերպում, Եվրոպական գործադիր իշխանական համակարգի ամրապնդում, տարածաշրջանում ԱՄՆ` որպես անվտանգության երաշխավորի և ՆԱՏՕ նոր դերակատարությունների որոնում: Եվրոպան զգալիորեն կախյալ կլինի Մագրիբի և Միջին Արևելքի տարածաշրջաններում ընթացող գործընթացներից (գաղթականներ, էներգակիրներ և այլն)17, իսկ ԱՄՆ-Եվրոպա ռազմավարական ընդհանրությունը կբախվի մի շարք հակասական խնդիրների, այդ թվում` Իրանի նկատմամբ վարվող քաղաքականության, Միջին Արևելքում խաղաղության հաստատման գնի և Թուրքիայի անդամակցության հարցերին:
Ռուսաստանում կշարունակվի կենտրոնական իշխանության էրոզիան, որին դիմակայելը կդառնա նախագահ Ելցինի իրավահաջորդի առաջնահերթ խնդիրը: Այս առումով, ՀԱԽ փորձագետների գնահատումներով, հավանական հեղինակավոր (authoritative) իշխանությունն անպայմանորեն դեռ չի նշանակում իքնակալ (authoritarian) իշխանություն: Ուժեղ ղեկավարը կարող է և ամրապնդել դեռևս սաղմնային վիճակում գտնվող ժողովրդավարության ծիլերը, և լավագույնս արձագանքել ժողովրդի ապատիային: Մինչև 2010թ. և այդուհետ Ռուսաստանը կմնա տնտեսապես, հետևաբար նաև աշխարհաքաղաքական առումով, թույլ: Եթե անգամ նոր իշխանավորները փորձեն վերահաստատել Ռուսաստանի վաղեմի կարգավիճակը կամ վտանգել Արևմուտքի շահերը, ապա դրա համար տարիներ կպահանջվեն: Երկրի առջև կանգնած հիմնական մարտահրավերներից է ժողովրդագրական բացասական ճնշումը: Ռուսական ռազմուժը` ներկայումս (1997թ.) վատ զինված և վատ կազմակերպված, կանգնած է բարեփոխումների անհրաժեշտության առջև: Արդյունքում` Ռուսաստանը կմնա բավական թույլ, որպեսզի կիրառի իր ռազմուժը անմիջական հարևաններից անդին:
Միևնույն ժամանակ, կշարունակվեն հավակնոտ ռազմական բնույթի հետազոտությունները, սակայն էականորեն առաջավոր զենքի համակարգերը կհայտնվեն 2010-ից հետո: Մինչև 2005թ. Ռուսաստանը հիմնականում ստիպված կլինի միայն նորացնել եղած զինանոցը և երկարացնել զենքի համակարգերի շահագործման ժամկետները: Արտաքին քաղաքականության առումով Ռուսաստանը ամենայն հավանականությամբ կուժեղացնի իր ազդեցությունը անմիջական հարևանների վրա` հատկապես Կասպիական էներգետիկ ավազանում: Այն կձգտի օգտագործել կասպիական էներգետիկ պաշարները թե՛ տնտեսական շահի, թե՛ քաղաքական լծակների ձեռքբերման համար: Համաշխարհային բեմահարթակում Ռուսաստանը կշարունակի պնդել իրեն լուրջ վերաբերվելու վրա և հաճախ կգրավի ԱՄՆ-ից տարբեր դիրքորոշում: Այն կշարունակի Իրանի հետ ռազմական համագործակցությունը: Ռուսական լծակները Միջին Արևելքում խաղաղության հաստատման գործընթացում սահմանափակված կլինեն անկանոն, պահի թելադրանքով ենթադրված դիվանագիտական արշավներով18: Ռուսաստանի հարևանները կշարունակեն ամրապնդել իրենց կապերը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և OSCE-ի հետ` աշխատելով, սակայն, չշարժել Ռուսաստանի դժգոհությունը:
Միջին Արևելքի տարածաշրջանի համար ՀԱԽ փորձագետներն առանձնացնում են ժողովրդագրական գործոնը: 2010թ. պատանյաց բողջը19 Ս.Արաբիայում կկազմի 50% (մինչև 15 տարեկան), Իրանում` 65% (մինչև 25 տարեկան բնակչություն): Տարածաշրջանում «Իսլամի պաշտպանությունը» կմնա որպես քաղաքական գաղափարախոսական գործոն: Տարածաշրջանը կհանդիսանա ԶՈԶ տեխնոլոգիաների տարածման գոտի: Քննարկվող ժամանակահատվածում ԶՈԶ ունակությունների ձեռքբերումն այս տարածաշրջանում կդառնա նորմ: Բացի այդ, համաձայն [4]-ի, կբարձրանա այս տարածաշրջանի և ընդհանրապես ՆԱԵԿ (OPEC) ռազմավարական դերակատարումը նավթի արտադրման տեսանկյունից: 2010թ. Իրանում իշխանությունը կգտնվի ղեկավարների 2-րդ սերնդի ձեռքերում: Նրանց դեմ կհառնեն իրանական քաղաքականությունում կղերականների ներգրավման հետևանքով առաջացած հասարակական ցինիզմի և տնտեսական սխալ ղեկավարման հիմնախնդիրները: Իրանի հասարակության համար Շահի «հանցագործությունները» կդառնան հեռավոր հուշ, իսկ իսլամական խանդավառությունը կխամրի տնտեսական լճացման, կոռուպցիայի և առաջընթացի համար նվազ հեռանկարների պարագաներում: Իրանը կշարունակի շահագործել Միջին Արևելքի երկրներում առկա դժգոհությունները, օգտագործել ահաբեկչությունը, որպեսզի քայքայի ԱՄՆ դաշնակիցների հավատը ԱՄՆ ռազմական ներկայության հանդեպ, և կշարունակի մշակել ԶՈԶ: Իսրայելի և Պաղեստինի միջև առաջընթացը հարթ չի լինի և պարբերաբար կընդմիջվի բռնություններով: ՀԱԽ փորձագետներն ակնկալում են Պաղեստինի պետության de facto, եթե ոչ` de jure գոյությունը 2010թ., թեև այս հանգամանքը չի դադարեցնի ահաբեկչությունները: Ջրօգտագործման շուրջ վեճերը կսրեն լարումը Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի միջև` Եփրատի շուրջ, և Եգիպտոսի, Սուդանի և Եթովպիայի միջև` Նեղոսի շուրջ: Ավելացնենք, որ [4]-ում Հայաստանը (ինչպես նաև Վրաստանն ու Ադրբեջանը) անմիջականորեն չեն հիշատակվում: Ընդսմին, [4]-ը բացակայում է հոդվածիս Հավելված Բ ցանկում և ՀԱԽ կայքի որոնողական ծառայության Հայաստանին վերաբերող ԱՀԳ-ների մասին հարցումների արդյունքներում:
2.2. ՀԱԽ «Գլոբալ միտումներ 2015»
Գործընթաց և մեթոդաբանություն: ՀԱԽ 2015 ծրագրի սկիզբը թվագրվում է 1999թ. նոյեմբերով: Այն ժամանակ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջ.Թենետի ուղերձում նշվում էր, որ «Գլոբալ միտումներ 2015»-ը «փորձ է արտացոլել հետախուզական հանրությունից դուրս գտնվող փորձագետների հետ ՀտՀ ամբողջական ընգրկվածությունը ապագայի մասին կառուցողական երկխոսություն ծավալելու գործում: Ի սկզբանե մենք պատկերացնում էինք այն իբրև ոչ գաղտնի մի գնահատական, որը լայնորեն կմատուցվի հասարակությանը»: Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվեցին 13 առանձին գիտաժողովներ (տե´ս Հավելված Գ): Դրանք կրում էին այսպես ասած Ատլանտյան բնույթ. 12-ը` ԱՄՆ-ում և մեկը` ՄԹ-ում: Մասնակիցները հիմնականում ԱՄՆ ՀտՀ փորձագետներ էին, ԱՄՆ և ՄԹ ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, բոլորը` ԱՄՆ ներկայիս կամ նախկին քաղաքացիներ: Այս կոնֆերանսների որոշ նյութեր բաց են և ներկայումս հասանելի:
Մեթոդաբանության տեսանկյունից օգտագործվում էր, այսպես ասած` խառը մոտեցում: Ժողովրդագրության, բնական պաշարների և բնապահպանության հետ կապված հարցերում օգտագործվում էր առկա (1998-99թթ.) միտումների գծային ինտերպոլյացիան: Ի հավելումն, գիտության ու տեխնոլոգիայի, տնտեսական զարգացման և հատկապես հակամարտությունների կանխատեսման գնահատումները պարունակում էին «ոչգծայնության» տարրեր, օրինակ` անակնկալների, այսպես կոչված «վայրի քարտերի»20 առանձին դիտարկում զարգացումների 4 հիմնական սցենարային մոդելավորումների ժամանակ: Դրանք են. 1) լավատեսական «Ընդգրկուն գլոբալացում», 2) «Աղետալի գլոբալացում», երբ աշխարհի ազգաբնակչության մեծամասնությունը մնում է անմասն գլոբալացման բարիքներից, իսկ տեխնոլոգիական զարգացումը ոչ միայն չի լուծում զարգացող երկրների խնդիրները, այլև ապակայունացնում է ԶՈԶ տարածման վրա հսկողությունը, 3) «Տարածաշրջանային մրցակցությունը», երբ դանդաղում է գլոբալացման տեմպը և աճում է տարածաշրջանային մեկուսացվածությունը, 4) «Հետբևեռային աշխարհը», երբ դանդաղում է ԱՄՆ զարգացումը և այնտեղ գերակշռում են մեկուսացվածության գաղափարները, իսկ արևմտյան կիսագնդի խնդիրները (վտանգավոր անկայունություն Հարավային և Կենտրոնական Ամերիկայում) դուրս են բերում ԱՄՆ-ը Եվրոպայից:
Ծրագրի կարևոր հատկանշական գիծը, որն անհրաժեշտ է դիտարկել որպես դրա մեթոդաբանական առանձնահատկություն, ՀԱԽ ծրագրերի իրականացման սինքրոնացումն է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ: Սկսած ՀԱԽ 2015-ից, որի հիմնական արդյունքը տպագրվեց 2000թ. դեկտեմբերին, ՀԱԽ «Գլոբալ միտումները» այսուհետ կոչված են դառնալու ԱՄՆ նորընտիր նախագահների համար յուրօրինակ պատգամ և հուշատետր [5]:
ՀԱԽ 2015 [5] փորձագետներն առանձնացնում են 2015թ. աշխարհի ապագան ձևավորող հետևյալ 7 հիմնական շարժիչները 1. ժողովրդագրություն, 2. բնական պաշարներ և բնապահպանություն, 3. գիտություն և տեխնոլոգիա, 4. համաշխարհային տնտեսություն և գլոբալացում, 5. ազգային և միջազգային ղեկավարում (governance), 6. ապագա հակամարտություններ, 7. ԱՄՆ համաշխարհային դերակատարում: Ընդ որում, հիմնական դերակատարում կունենան ոչ այնքան այս շարժիչներից մեկը կամ մյուսը, որքան նրանց փոխազդումը կամ զուգամիտումը, դրանց այսպես ասած սիներգետիկ ազդեցությունը: Ընդհանուր առմամբ հաստատելով ՀԱԽ 2010 գլոբալ մասշտաբով հիմնական եզրահանգումը` [3]-ում ուժեղացվում է գլոբալացման գործոնի գնահատումը` մանավանդ տեղեկատվական ու միջ- և վերազգային տնտեսական համագործակցության առումներով: Ընդգծվում է ոչ պետական կառույցների հետ ազգ-պետությունների ղեկավարման (governance) ունակության կարևորությունը թե՛ դրական, թե՛ բացասական առումներով: Տեխնոլոգիաների առումով հատուկ առանձնացվում են կենսատեխնոլոգիան ու տեղեկատվական տեխնոլոգիան և հատկապես դրանց միջև զուգամիտման կարևորությունը: Ընդգծվում է ԱՄՆ համաշխարհային հեգեմոնիայի կարևորությունը` որպես գլոբալ ձևագոյացնող գործոն:
Վերահաստատելով նախորդ ծրագրի հետևությունը՝ [5]-ի փորձագետները գտնում են, որ 1999-2015թթ. ժամանակահատվածում հակամարտությունները կշարունակեն կրել հիմնականում ներպետական բնույթ: Հնարավոր միջպետական հակամարտություններում առանձնացվում են այն միտումները, որոնք կգոյանան ռազմարդյունաբերական հզորության աճից` Հնդկաստանի ու Չինաստանի պարագայում, և նվազումից` ՌԴ ու, հավանաբար, Ճապոնիայի պարագայում: Եվրոպայի համաշխարհային դերակատարումը կսահմանափակվի հիմնականում տնտեսական դաշտով: Թուրքիայի անդամակցության հարցը Եվրոպայի ներքին ու գլոբալ խնդիրների, ինչպես նաև ԱՄՆ-Արևմուտք հարաբերությունների համար կունենա էական նշանակություն: Ներքին դաշտում Թուրքիայում կգերիշխեն ազգային ինքնության, կրոնի դերակատարման, ինչպես նաև էթնիկ լարվածության հարցերը: Տարածաշրջանային առումով Թուրքիայի ազգային անվտանգության քաղաքականությունը խարսխված չի լինի որևէ մեկ հարցի վրա21, այլ կզբաղվի էներգետիկ ու տնտեսական համագործակցության, ԶՈԶ տարածման, տրանսպորտի և ջրամատակարարման խնդիրներով: Իսկ թուրքական քաղաքականության ամենակարևոր հարցը կլինի այն, թե ինչ դիրք գրավի ներքին և տարածաշրջանային միջպետական հակամարտությունների ժամանակ22:
2015թ. Ռուսաստանը կշարունակի լինել ԵՄ-ից դուրս, և ենթակա ժողովրդագրական բացասական ճնշման (130 մլն բնակիչ 2015թ.` 2000թ. 146 մլն բնակչի դիմաց): Գլոբալ առումով ավելի ակտիվ դերակատարման ցանկությունը կբախվի ՌԴ նվազող տնտեսական հնարավորություններին: 2015թ. «Եվրասիա» հասկացությունը կլինի ընդամենը աշխարհագրական տերմին, զուրկ համախմբող քաղաքական, տնտեսական և մշակութային իրողություններից: Սակայն հետխորհրդային տարածքում Ռուսաստանը կշարունակի մնալ որպես ամենակարևոր դերակատար: [5]-ի համաձայն, «հաշվի առնելով աշխարհագրական մերձավորությունը և մշակութային կապերը, Կովկասը քաղաքականորեն ավելի մոտ կլինի հարավային և արևմտյան հարևաններին, քան Ռուսաստանին: Այնուամենայնիվ, կպահպանվի կարևոր անկախություն` հատկապես էներգետիկայի ոլորտում»23:
ՄԱ-ն կշարունակի լինել անկայուն, թեև այստեղ կլինի Պաղեստինի պետությունը: Էական գործոն կհանդիսանա ժողովրդագրական ճնշումը` 2015թ. ՄԱ բնակչությունը կաճի 32%-ով: Անկայունության հետևում կանգնած կլինեն Իրաքը (33 մլն բնակչությամբ` 2015թ., աճ` 47%), Իրանը (79 մլն բնակչությամբ, աճ` 21%) և Ս.Արաբիան (25 մլն բնակչությամբ, աճ` 56%): Հավանական է ՄԱ–Հնդկաստան-Չինաստան համագործակցությունը էներգետիկ, ՄԱ-ԵՄ առևտրատնտեսական և ՄԱ– Իսրայել–Թուրքիա-Հնդկաստան ռազմատեխնիկական և անվտանգության (Թուրքիա) ոլորտներում: Կշարունակվի ԶՈԶ տարածաշրջանային մրցավազքը:
Վերջապես, 2015թ. Հարավային Կովկասը կմնա անկայուն` չլուծված հակամարտությունների և Ռուսաստանի խառնակչության (meddling) պատճառով24: Վրաստանը հավանական է հասնի որոշակի քաղաքական և տնտեսական կայունության` մասնակիորեն էներգակիրների տրանզիտի շնորհիվ: Սակայն տարածաշրջանում այն կմնա Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Հայաստանը, հավանաբար կմնա հիմնականում մեկուսացված և կշարունկի լինել Ռուսաստանի կամ, հավանական է՝ Իրանի հաճախորդը: Այն կհանդիսանա տարածաշրջանային «վայրի քարտ»: Քիչ հավանական է, որ Ադրբեջանի հաջողություններն էներգետիկ ոլորտի զարգացման գործում հանգեցնեն այս երկրի համատարած բարգավաճմանը: Ադրբեջանը կհանդիսանա միակողմ տնտեսությամբ երկիր, հասարակության բոլոր մակարդակներում համատարած կոռուպցիայի մակարդակով: Համաձայն գնահատումների` 2015թ. Վրաստանի բնակչությունը կկրճատվի մոտ 300 հազարով, մոտ 1 մլն-ով կավելանա Ադրբեջանի բնակչությունը (8.67 մլն 2015թ., աճ` 9%-ով), իսկ Հայաստանի բնակչությունը կմնա մոտավորապես նույնը` մոտ 3.4 մլն [5, էջ 67]:
2.3. ՀԱԽ «Գլոբալ միտումներ 2020»
Գործընթաց և մեթոդաբանություն: Քննարկվող շարքում ՀԱԽ 2020-ը թերևս առաջին իրոք միջազգային բնույթի ծրագիրն էր: Բացի ԱՄՆ և ՄԹ ՀտՀ ներկայացուցիչներից, դրան լայնորեն ներգրավված էին մի շարք երկրների ակադեմիական շրջանակների տարբեր ազգության փորձագետներ: Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվեցին առնվազն 26 կոնֆերանսներ և առանձին գիտաժողովներ, այդ թվում` Հունգարիայում, Սինգապուրում, Չիլիում և այլն (տե´ս Հավելված Գ): Այս կոնֆերանսների նյութերից շատերը բաց են և ներկայումս հասանելի են: Խախտելով ավանդույթը` ծրագրի վերջնական հաշվետվությունը կոչվում էր «Քարտեզագրել ապագան: ՀԱԽ 2020», այն հրատարակվեց 2004թ. դեկտեմբերին [6]:
Մեթոդաբանության առումով ՀԱԽ 2020 ծրագիրը նախորդներից առաջին հերթին տարբերվում էր լայնորեն օգտագործված սցենարային խաղերի իրականացմամբ` տարատեսակ «վայրի քարտերի» դիտարկումով: Հատկանշական է նաև ապագայի այս կամ այն տարբերակների գեղարվեստական նկարագիրը, օրինակ` անձնական օրագրում գրառումների, հուշերի կամ նորությունների երևակայական լրահոսի տեսքով: Ընդ որում, սցենարային խաղերի և համապատասխան վերլուծությունների արդյունքների քանակը այնպիսին էր, որ դարձել էր համարյա անըմբռնելի մեկ ընդհանրական հայացքի համար25: Թերևս նաև այս հանգամանքով է բացատրվում ՀԱԽ 2020 վերջնական հաշվետվության անսովոր անունը, որի մասին ասացինք վերը: Ավելի հստակ դա կարելի է տեսնել [6] աշխատության կառուցվածքի օրինակով: Բանն այն է, որ «Գլոբալ միտումների» նախորդ հաշվետվությունների նման [6] կառուցվածքը ըստ գլուխների այլևս չի հիմնվում փորձագետների կողմից որոշված ու ձևակերպված ապագան կերտող հիմնական շարժիչների քննարկման վրա: Դրանք, փաստորեն, առանձնացված այլևս չեն էլ քննարկվում: Փոխարենը, [6]-ում նյութը խմբված է չորս խոսուն վերնագրեր ունեցող բաժիններում. «Գլոբալացման հակասությունները», «Հառնող պետություններ` աշխարհաքաղաքական բնապատկերի փոփոխություն», «Ղեկավարման նոր մարտահրավերներ», «Տարածվող անԱվտանգությունը»26: Բաժինների հիմքում ընկած են ապագայի 4 երևակայական սցենարներ (Fictional Scenarios). Դավոսը` Չինաստանում, Pax Americana, Նոր Խալիֆայությունը և Վախի շրջանը:
ՀԱԽ 2020: Կրկնելով նոր աշխարհակարգի գալստի մասին ՀԱԽ 2010 աշխատության կենտրոնական եզրակացությունը` [6]-ում այն ձեռք է բերում ավելի տագնապալի երանգ: «1949-ից հետո, երբ ձևավորվեց Արևմուտքի դաշինքը, դեռ երբևէ միջազգային աշխարհակարգն այսքան անկայուն և դյուրափոփոխ չէր եղել», ասվում է [6] հենց առաջին տողում: Ապագան ձևավորող ամենազորեղ գործոնի` գլոբալացման առումով ՀԱԽ փորձագետները գտնում են, որ այն` տակավին անշրջելի է, սակայն կորցնում է արևմտյան դիմագծերը: Հաջորդ զորեղ գործոնը`ԱՄՆ հեգեմոնիան, տարատեսակ փորձությունների կենթարկվի` ասիական երկու հսկաների (Չինաստան, Հնդկաստան) գոյացմամբ, ընդլայնվող հակաամերիկանիզմով, տեխնոլոգիաների և ԶՈԶ տարածումով, տարբեր խնդիրների շուրջ (ուժի կիրառում, կլիմայի փոփոխություն, ողնուղեղային բջիջների օգտագործում, կլոնացում) տարածաշրջանային և քաղաքակրթական էթիկ տարաձայնություններով և այլն: 2004-2020թթ. ժամանակահատվածում զգալի կլինի զարգացած երկրներում (բացի ԱՄՆ-ից) բնակչության ծերացման, ոչ պետական կառույցների ինչպես նաև քաղաքական իսլամի գործոնների ազդեցության զորեղացման, Աֆրիկայից Ասիա ձգվող «անկայունության աղեղի» գործոնները: Հետաքրքրական է, որ ՀԱԽ 2020 փորձագետների կարծիքով` նշված ժամանակաշրջանում առկա էներգետիկ հնարավորությունները (պաշարներ և արտադրություն) բավարար կլինեն գլոբալ պահանջարկի համար:
[6]-ում տարածաշրջանների և առանձին երկրների համար անմիջական գնահատումներ չեն բերվում: Սակայն, ՀԱԽ 2020 հարակից նյութերից մեկում կարելի է գտնել հետևյալ ձևակերպումները27: Հարավային Կովկասը (Ադրբեջան և Վրաստան) կցանկանա Ռուսաստանից իրեն ավելի հեռու պահել, թեև որպես պետություն` Վրաստանի կենսունակությունը կմնա տակավին փխրուն: Հայաստանը կշարունակի լինել Ռուսաստանի մոտ և կայուն հարևանը` պահպանելով, սակայն, սեփական ինքնությունը: Եվրասիայում Ռուսաստանը կմնա որպես հիմնական ուժային կենտրոն` ԱՊՀ տարածքում պահպանելով իր էական շահերը: Կապերը սլավոնական հանրապետությունների հետ (Ուկրաինա և Բելառուս) կլինեն ավելի սերտ և հավանաբար կինստիտուցիոնալացվեն: Մոդելավորումների ժամանակ Ռուսաստանը չի դիտարկվել իբրև Եվրոպա տարածաշրջանի մաս:
ՄԱ տարածաշրջանի համար բոլոր վաղ ծրագրերում ձևակերպված շարժիչների կրկնությունից զատ, ՀԱԽ 2020 փորձագետներն ավելացնում են նաև իշխողների և իշխվողների միջև «սոցիալական կոնտրակտի» վերանայման խնդիրն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրանը և Ս.Արաբիան: Իրաքի համար ԱՄՆ տեսանկյունից ամենանպաստավոր զարգացումը համարվում է «Շվեյցարիան` Տիգրիսի ափին» սցենարը28: Մինչ 2020թ. չի բացառվում Իսրայելա-սիրիական լայնածավալ ռազմական կոնֆլիկտի գոյացումը: Երկչոտ հույսեր են կապվում դիտարկվող ժամանակահատվածում Յ.Արաֆաթի խիստ հավանական մահվան և պաղեստինյան ավելի մեղմ իշխանությունների ի հայտ գալու հետ29:
2.4. ՀԱԽ «Գլոբալ միտումներ 2025»
Գործընթաց և մեթոդաբանություն: 2007թ. մեկնարկած ՀԱԽ 2025-ը շարունակում և խորացնում է նախորդ ծրագրի միջազգային բնույթը: Աշխատանքներին լայնորեն ներգրավված էին ինչպես ՀտՀ, այնպես էլ մի շարք երկրների տարբեր ազգության փորձագետներ և ակադեմիական շրջանակների մասնագետներ: Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ կոնֆերանսներ և առանձին գիտաժողովներ, սակայն Ծրագրային վերջնական փաստաթղթում` հրապարակված 2008թ. դեկտեմբերին, բացակայում է դրանց ցանկը [7]: Ներկայումս հասանելի են ՀԱԽ 2025-ի որոշ հարակից նյութեր (տե´ս Հավելված Գ): Մեթոդաբանության առումով [7]-ում լայնորեն օգտագործված են համակարգչային մոդելավորումներ, «վայրի քարտերի» դիտարկմամբ տարատեսակ մոդելային խաղեր և «Նոր աշխարհի» երևակայական գեղարվեստական սցենարային մշակումներ30:
ՀԱԽ 2025 [7]-ի կենտրոնական եզրակացությունը պետք է համարել այն, որ 2025թ. աշխարհը կլինի բազմաբևեռ, իսկ ԱՄՆ-ը, թեև կհանդիսանա ամենահզոր միանձնյա երկիրը, սակայն գլոբալ առումով` ոչ հեգեմոն: Նշենք, որ [7]-ի այս դրույթը դրամատիկորեն տարբերվում է նախորդ ծրագրերի հետևություններից: Բացի այդ, ըստ [7]-ի, բարիքների և հարստության շարժը Արևմուտքից Արևելք, այժմ արդեն շոշափելի, 2025թ. կհասնի աննախադեպ աստիճանի: Կմերձենան զարգացած և զարգացող երկրների ազգային հզորությունները31, կշարունակեն հզորանալ ոչ պետական կազմավորումները և կառույցները: Չինաստանի և Հնդկաստանի հետագա ուժեղացման հետ մեկտեղ այս ամենը կհանգեցնի աշխարհի բազմաբևեռ կառուցվածքի` դրան բնորոշ ուժերի հավասարակշռման համակարգի գոյացմամբ, միջպետական լարումների և նույնիսկ կոնֆլիկտների հավանականությամբ, ինչը խիստ հատկանշական էր անցած դարերի համար: Այս իրավիճակը [7] հենց առաջին գլխում պատկերավոր անվանվում է «հետ` դեպի ապագա»: Մյուս գլոբալ գործոնի` ժողովրդագրության կապակցությամբ [7]-ում նշվում է, որ պատանյաց բողջի ալիքը կպարպվի «անկայունության աղեղի» գրեթե բոլոր երկրներում, թեև «արձագանք» ալիքները կարող են շոշափելի դերակատարում ունենալ Աֆղանստանում, Պակիստանում, Նիգերիայում, Եմենում, Գազայի հատվածում և հատկապես Իրանում, որը տարածաշրջանում կունենա զարգացման իր չափազանց ուրույն «ուղեգիծը»:
Հակառակ նախորդ ՀԱԽ ծրագրերի, [7]-ի փորձագետները գտնում են, որ ապագա հակամարտությունները հավանականորեն կկրեն միջպետական բնույթ և ուղղված կլինեն ռեսուրսների վրա գերիշխման հաստատմանը: Տնտեսական զարգացումը, հատկապես` Հնդկաչինում, զուգորդված 2025թ. ակնկալվող աշխարհի բնակչության մոտ 1.2 մլրդ ավելացմամբ, շատ տարածաշրջաններում էական լարվածություն կառաջացնի բնական պաշարների (էներգակիրներ, մաքուր ջուր, պարեն) վրա վերահսկման առումով: Ընդհանրապես, էներգակիրների շուրջ լարումները և հակամարտությունները էականորեն կազդեն ընդհանուր քաղաքական կայունության վրա և [7]-ի փորձագետների պնդմամբ` «էներգետիկան կդառնա աշխարհաքաղաքականություն»: ՀԱԽ ծրագրերի պատմության մեջ առաջին անգամ [7]-ում վերականգնվող էներգետիկան և էներգախնայողությունը դիտարկվում են որպես ռազմավարական նշանակության գործոններ: Ի մի բերելով այս ընդհանուր միտումները` ՀԱԽ փորձագետները նշում են, որ պատմականորեն բազմաբևեռ աշխարհն ավելի անկայուն է, քան երկբևեռ կամ միաբևեռ աշխարհը, ու «թեև քիչ հավանական է, որ ներկայիս միջազգային համակարգը հիմնահատակ փուլ գա, ինչպես դա պատահեց 1914-18թթ., երբ կանգնեց ընդհանուր գլոբալացման գործընթացը, սակայն զարգացման առաջիկա 20 տարիները լի են վտանգներով… Մենք չենք կարող բացառել սպառազինության մրցավազքի, տարածքային էքսպանսիայի, ռազմական հակամարտությունների և հեղաշրջումների XIX դարի սցենարը»: Ընդհանուր առմամբ, գլոբալ մասշտաբի եզրակացություններում [7]-ը թերևս ՀԱԽ բոլոր ծրագրերի մեջ ամենադրամատիկն է32:
3. Մտորումներ ՀԱԽ ծրագրային որոշ եզրակացությունների շուրջ
Ինչպես և միշտ, մեզ համար ելակետը պետք է լինի մեր հստակ և ուժեղ նվիրումը33 Իսրայելի անվտանգության խնդրին – տարածաշրջանում մեր այս ամենաուժեղ դաշնակցին և միակ կայացած ժողովրդավարությամբ երկրին: Նվիրում, որն առավել կարևոր է, քանի դեռ մենք պայքարում ենք տարածաշրջանի աճող վտանգների հետ. Իրանի հզորացում, քաոտիկ Իրաք, ալ-Քաիդայի վերածնունդ, Համասի և Հեզբոլլահի վերակտիվացում… Ես ցույց կտամ աշխարհին, որ Ամերիկան հավատարիմ է իր հիմնարար արժեքներին:
Բ.Հ.Օբամա, հուլիս-օգոստոս, 2007թ.
Հանգամանքների բերումով սույն հոդվածը գրվում էր ԱՄՆ 44-րդ նախագահի ընտրությունների տարվա դեկտեմբերից մինչև հաջորդ տարվա հունվար ընկած «անցողիկ գործընթացների» ժամանակահատվածում, որը ԱՄՆ-ում հայտնի է որպես «իշխանության անցում»: Մեր կարծիքով` այն պետք է դիտարկել որպես Ֆարլեյի «օրենքով» նկարագրվող ժամանակահատվածի34 կարևոր հավելում, յուրօրինակ մի վերջնամաս, երբ առավել հստակորեն գործում է այս օրենքի աշխարհաքաղաքական հետևանքների տրամաբանությունը: Ուզում ենք ասել, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների տարվա ամռանից սկսած մինչև հաջորդ տարվա սկիզբ, առավել վառ, հաճախ` ողբերգական հետևանքներով, ի հայտ են գալիս արդիականության ամենացավոտ խնդիրները, սրվում են հակասությունները, բացահայտվում ու մերկանում են մինչ այդ մշուշոտ գործընթացները և միտումները: Ընթերցողին, որը չի զլանա անցած դարի կեսերից սկսած համադրել այս հատկանշական ժամանակահատվածում աշխարհում (և հատկապես Միջին Արևելքում) տեղի ունեցածը, սպասում են բազում «լուսավորիչ» պահեր:
Իհարկե, հակառակ բնագիտական օրենքների, քաղաքական «օրենքներին» պետք չէ շատ լուրջ վերաբերվել: Բայց փաստը մնում է փաստ` ԱՄՆ նորընտիր նախագահ Բ.Օբամայի հաղթարշավի և վեհաշուք երդմնակալության միջոցառումների ֆոնին «Ֆարլեյի ընդլայնված օրենքը» գործեց ողջ ուժով: Խոսքս, իհարկե, 2008թ. ամռանը ռուս-վրացական հարաբերությունների սրման, օգոստոսյան վրաց-օսական պատերազմի ու դրա աշխարհաքաղաքական հետևանքների և ԱՄՆ-ում «իշխանության անցման» ժամանակ ծավալված Գազայի հատված Իսրայելի ներխուժման ու Ռուսաստան-Ուկրաինա-Եվրոպա գազային հակամարտության մասին է35: Ուստի, զարմանալի չէ, որ մտորելով ՀԱԽ «Գլոբալ միտումների» հիմնական հետևությունների մասին, մենք ակամայից դրանք դիտարկում էինք ներկայումս տեղի ունեցածի լույսի ներքո: Առավել ևս, որ բոլոր այս երևույթներն անմիջականորեն վերաբերում են մեր տարածաշրջանին և մեզ:
Նախ փորձենք առանձնացնել այն «չոր մնացորդը», որը, կարծում ենք, բնութագրական է ՀԱԽ քննարկված չորս ծրագրերի համար` առավել ևս, որ 1996-ին մեկնարկած առաջին ՀԱԽ 2010-ից արդեն անցել է ավելի քան 10 տարի, ինչը մեզ դնում է հարմարավետ կացության մեջ` անմիջականորեն համեմատելու կատարված կանխատեսումները դեպքերի իրական զարգացումների հետ: Մենք ամբողջացրել ենք ՀԱԽ հիմնական արդյունքները մեկ ընդհանրական աղյուսակում` նշելով ծրագրի անվանումը և ՀԱԽ տվյալ ծրագրի վերջնական արդյունքի հրատարակման տարեթիվը36: Նայելով այս աղյուսակին և մտաբերելով ստացված արդյունքները` առաջինը, ինչ ակներև կարելի է տեսնել ու զգալ, այն է, որ աշխարհը դառնում է ավելի բարդ ու խրթին37: Ներքին փոխկապակցվածության հետևանքով բարդանում են ընթացող գործընթացների զարգացման միտումները, ապագան դառնում է անորոշ, դժվար կանխատեսվող, ենթակա անակնկալ փոփոխությունների տարատեսակ «վայրի քարտերի» շնորհիվ` տեխնոլոգիաների զուգամետ զարգացումից մինչև այս կամ այն երկրի վարքի փոփոխություն: ՀԱԽ 2010-ից մինչև 2025 ակներև է իրապես գլոբալ գործոնների գնահատականների ավելի տագնապալի ու մտահոգիչ բնույթը. դանդաղում է գլոբալացման ընթացքը, փոխակերպվում դրա դիմագիծը` դառնալով ավելի «արևելյան»: Աշխարհը միաբևեռությունից անցնում է ավելի բազմազան ուժային կենտրոններով կարգավիճակի, փոխվում է հավանական հակամարտությունների բնույթը` ներպետականից դառնալով միջպետական: Սաստկանում է պայքարը բնական ռեսուրսների համար` էներգակիրներ, ջուր, պարեն, իսկ բնապահպանական խնդիրները, կլիմայի գլոբալ փոփոխումը, ԶՈԶ մրցավազքը, ոչ պետական կազմավորումների և կառույցների աճող զորեղությունը քայքայում է կարծես բնականոն դարձած ազգ-պետությունների գոյատևումը: Այսպիսին են զգացումները, որոշակի առումով այսպիսին է նաև իրողությունը: Բայց մի կողմ դնենք զգացմունքները:
Փաստենք սպեցիֆիկ խնդիրներով (ժողովրդագրություն, պատանյաց բողջ, ռեսուրսների բաշխում, տեխնոլոգիական առաջընթաց և այլն) ՀԱԽ կողմից կուտակված փաստացի նյութերի հարստությունը, անալիտիկ վերլուծությունների և գնահատումների համարժեքությունը, ձևակերպված արդյունքների կարևորությունը: Երկարատև փնտրտուքներից հետո կարծես թե բյուրեղացել է տվյալ երկրի «Ազգային հզորության» գնահատման տիրույթը. այն ներառում է միայն ՀՆԱ, ռազմական ծախսերի, ազգաբնակչության դինամիկայի և տեխնոլոգիական առաջընթացի որոշակի ցուցիչներ38: Հայաստանի համար առանձնացնենք ժողովրդագրական և տեխնոլոգիական զարգացման կարևորագույն մարտահրավերները:
ՀԱԽ տարածաշրջանային գնահատումներն ընդհանուր առմամբ ճշգրիտ են ու հավասարակշիռ: Այս առումով ընդգծենք, որ ռազմավարական հեռանկարում Հայաստան-ԵՄ համագործակցությունն աշխարհաքաղաքական և ուժային տեսանկյունից մեզ համար պետք է ունենա, հավանաբար, ավելի նվազ դերակատարում, քան համագործակցությունը տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային դաշտում և արժեհամակարգային խնդիրներում:
Միևնույն ժամանակ, առանձին երկրների ՀԱԽ գնահատումներն ունեն մի փոքր պակաս ճշգրտություն, թեև նոր ուժային կենտրոնների գոյացումն ուրվագծված է միանգամայն հստակ: Այս առումով ընդգծենք, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանի համար առաջին պլան պետք է գան երկկողմ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը առաջին հերթին Իրանի և Չինաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հնդկաստանի և ՌԴ-ի հետ:
Դատելով ՀԱԽ պաշտոնական արդյունքներից` կարելի է եզրակացնել, որ օգտագործված մեթոդաբանությունների շրջանակում գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամերը վատ կամ բոլորովին չեն կանխատեսվում: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը հնարավորինս իմուն պետք է լինի այս անխուսափելի և դժվար կանխատեսվող ցնցումների հանդեպ:
Սակայն, ՀԱԽ երկու կարևորագույն պնդում հետագա պարզաբանումների կարիք ունի: Դրանք առաջին հերթին «Նոր աշխարհակարգի» գալստյան մասին բոլոր «Գլոբալ միտումների» և ՀԱԽ 2025-ում ակնարկված ԱՄՆ հեգեմոնիայի վտանգման մասին պնդումներն են, ինչպես նաև նույն ՀԱԽ 2025-ի «էներգետիկան կդառնա աշխարհաքաղաքականություն» պնդումն է: Ինչպես կտեսնենք ստորև, այս պնդումներն` առաջին հայացքից միմյանցից անկախ, իրականում սնվում են միևնույն ակունքից:
Դեռ 1997թ. «ՀԱԽ 2010»-ից սկսած` «նոր աշխարհակարգի» գալստյան ու ազգ-պետությունների անխուսափելի թուլացման մասին կենտրոնական թեզը, իսկ մյուս կողմից` «ԱՄՆ հեգեմոնիայի»` որպես հիմնական «ձևագոյացնող շարժիչի», կարևոր պնդումը կարմիր թելով անցնում է ՀԱԽ 2015 ու ՀԱԽ 2020 նյութերի միջով` մի փոքր թուլանալով միայն ՀԱԽ 2025-ում: Մենք այս թեզերը համադրել ենք իրար, քանի որ կարծում ենք. ՀԱԽ 2010, 2015 ու 2020 հաշվետվություններում դրանց կրկներգ հիշեցնող միաժամանակյա պնդումները հակասում են հետխորհրդային աշխարհի իրողություններին: Եվ ինչպես ամեն հակասություն, այն մատնացույց է անում թաքնված որոշակի գործոնի առկայությունը: Այդ զորեղ գործոնը, մեր կարծիքով, նոր դարասկզբին ազգայնականության, ազգերի ինքնորոշման, ագային մտածելակերպի և, ինչու չասել` ազգ-պետությունների ամրապնդման գործոնն է` հակառակ ՀԱԽ և շատ այլ աղբյուրների գնահատումների: Այս գործոնի հետևողական արհամարհումը կամ քողարկումը ՀԱԽ հիշյալ աշխատություններում (և այլուր), մեր կարծիքով, այնքան արտառոց է ու անտրամաբանական, որ արժանի է մի փոքր մանրամասնման:
Պարզենք այս «կրկներգի» ակունքները, առավել ևս, որ դա դժվար չէ անել: Դրանք ամենևին էլ «Գլոբալ միտումներ 2010»-ի հայտնագործությունը չեն: Հիշենք միայն պարոնայք Ֆ.Ֆուկույամայի, Է.Թոֆլերի և այլոց 80-ականների վերջի տխրահռչակ աշխատությունները39: Շատ ավելի խոր ու հավասարակշիռ այս թեզերը շարադրված են Հ.Քիսինջերի` 1994թ. հրատարակած հիմնարար աշխատության առաջին իսկ գլխում, որը հենց այդպես էլ կոչվում էր` «Նոր աշխարհակարգը» [8]: Քիսինջերը պնդում է. մեկուսացման և մեսիականության բևեռների միջև ձևավորված ԱՄՆ քաղաքական և ինտելեկտուալ միտքը սովետական կոմունիստական համակարգի փլուզումով հաղթանակ տոնեց: Սակայն, ճակատագրի հեգնանքով, այս հաղթանակը ԱՄՆ-ին կանգնեցրեց մի այնպիսի աշխարհի դեմ հանդիման, որից ԱՄՆ-ը փորձում էր խուսափել գոյության ողջ ընթացքում: Ընդ որում, ԱՄՆ-ը այլևս չի կարող ոչ մեկուսանալ դրանից, ոչ իշխել այն: Այս նոր աշխարհում ազգայնականությունը և ազգ-պետությունները նոր ավյուն ու եռանդ ձեռք բերեցին: Այս պարագայում միջազգային հարաբերություններն անխուսափելիորեն կկրեն ուժերի հավասարակշռության համակարգի բնույթ` ճիշտ ինչպես եվրոպական պետությունների պարագայում` XVIII-XIX դարերում: Մի բան, որը, ըստ պրն Քիսինջերի, «չափազանց խորթ է ԱՄՆ-ին և անհարմար»40: Կարծում ենք, որ այս մի քանի տողում խտացված են ՀԱԽ դիտարկված բոլոր ծրագրային ուսումնասիրությունների ողջ բովանդակությունը` քննարկվող տեսանկյունից41:
Զարմանալի է, բայց փաստ, որ Սպիտակ տան և Պետդեպարտամենտի վետերան Հ.Քիսինջերի [8] այս մտորումներն իրենց հերթին ընդամենը երկխոսության ուշացած փորձ, յուրօրինակ անդրադարձ էին XX դարի իրական մարգարեներից մեկի և ԱՄՆ դիվանագիտական ու աշխարհաքաղաքական մեյնսթրիմի «սպիտակ ագռավ», մեծն Ջ.Քենանի 1950-70թթ. մտորումներին: Անդրադրաձ` միայն մեկ կարևոր ճշգրտումով. ի տարբերություն պրն Քիսինջերի, Ջ.Քենանը երբեք չի կարծել, թե ԱՄՆ-ը չի կարող վարել սեփական ազգային շահերի վրա հիմնված և ուժերի հավասարակշռության ձևավորվող համակարգին ներդաշնակ ազգային քաղաքականություն: Քենանը երբեք չի կարծել, թե այսպիսի քաղաքականությունը «խորթ է ԱՄՆ-ին և անհարմար»: Հակառակը, նա կարծում էր, որ այդ քաղաքականությունն է, որ կազատի ԱՄՆ-ին և աշխարհը շատ ու շատ աղետներից: Միգուցե նաև այդ պատճառով` ի տարբերություն պրն Քիսինջերի, Ջ.Քենանը այդպես էլ չղեկավարեց ԱՄՆ Պետդեպարտամենտը և չդարձավ ԱՄՆ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական նախագահների անվտանգության գծով խորհրդականը:
Ինչո՞վ բացատրել ՀԱԽ ծրագրերի այս կուրությունը նշյալ, կարծես թե` ակներև գործոնի հանդեպ: Բանն ի՞նչ է: Կարծում ենք` իսրայելա-արաբական հակամարտությունում ԱՄՆ միակողմ և ընդգրկուն ներքաշվածությունը: Դեռևս 1956թ. սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դ.Էյզենհաուերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Է.Իդենին ուղղած նամակում, բացատրելով Միջին Արևելքում, մոտալուտ իսրայելա-արաբական պատերազմում, ԱՄՆ չեզոք դիրքի անհրաժեշտությունը, մասնավորապես նշում էր. «Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, իսկ որոշ իմաստով՝ նաև ողջ Ասիայի ու Աֆրիկայի ժողովուրդները համախմբվում են ընդդեմ Արևմուտքի այն աստիճան, որ կարծես թե դա չի հաղթահարվելու ոչ ներկա սերնդի կյանքի ընթացքում, ոչ էլ նույնիսկ այս ողջ դարաշրջանում, մանավանդ եթե չմոռանանք ռուսների խառնակչություն սարքելու ունակությունները» [9, p. 667]: Ավաղ, մարգարեական այս բառերն ըստ արժանվույն չգիտակցվեցին, և XX դարի 2-րդ կեսի ողջ պատմությունը զարգացավ իսրայելա-արաբական հակամարտությունում Իսրայելի օգտին ԱՄՆ խիստ միակողմանի ներգրավվածության ներքո: Հանգամանք, որը, ՀԱԽ փորձագետների տերմինաբանությամբ, «ձևագոյացնող գործոն» դարձավ XX դարի 2-րդ կեսի համար: Թե՛ այս միակողմանի ներգրավվածությունը, թե՛ «ողջ Ասիայի ու Աֆրիկայի ժողովուրդների» հակաամերիկյան ընդվզումը ամենևին էլ «չհաղթահարվեցին» ոչ դարավերջին, ոչ էլ նոր դարասկզբին, երբ արդեն չկար ԽՍՀՄ-ը, իսկ Միջին Արևելքում «ռուսների խառնակչությունը» մոտ երկու տասնամյակ այլևս համակարգված ու ծավալուն բնույթ չէր կրում: Ավելին, հենց այս ժամանակ է սկսվում «ընդվզման» նոր և դրամատիկ փուլը` իր ծայրահեղ ու անմարդկային դրսևորումներով հանդերձ:
Ուշադրություն դարձնենք նաև ՀԱԽ ծրագրերի ժամանակագրությանը: Դրանց սկիզբը` 1996-97 ականները, հատկանշական տարիներ էին ԱՄՆ-ի համար: ԽՍՀՄ փլուզումը, ԱՄՆ նախագահ Ռ.Ռեյգանի հաղթական քաղաքական ժառանգությունը, 90-ականների աջակողմյան, կոնսերվատիվ ու ազգային մտածելակերպի զարթոնքը, նույնիսկ արդեն հիշատակված «Վենոնայի» նյութերի հրապարակումը և շատ ու շատ այլ գործոններ էականորեն խաթարեցին ամերիկա-հրեական «լիբերալ-դեմոկրատական» իսթեբլիշմենթի ընդհանրական իմիջը ԱՄՆ ժողովրդի աչքերում: Սկսվեց այդ վերնախավի առավել շարժուն և ճկուն հատվածի «փախուստը» դեպի ԱՄՆ Հանրապետական կուսակցություն ու կոնսերվատիվ քաղաքական դաշտ42: Իրաքի ներխուժումը Քուվեյթ, 2001թ. սեպտեմբերյան ողբերգությունն էլ ավելի ամրապնդեցին այս շարժը: Սկսվեց այն, ինչ 1996թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Փ.Բյուքենենը, մի փոքր ավելի ուշ (2004թ.) որակեց որպես «ամերիկա-հրեական նեոկոնսերվատորների կողմից ԱՄՆ իշխանության զավթում» [10, Ch. 2]: Այս ողջ ընթացքում «ԱՄՆ որոշիչ հեգեմոնիայի» գործոնը` այդքան սիրված և հաճախակի քննարկվող ՀԱԽ առաջին երեք ծրագրերում, պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից նշանակում էր ոչ այլ ինչ, եթե ոչ ներխուժում Իրաք, սաստկացող ճնշում Իրանի և Սիրիայի վրա, և ընդհանրապես` Իսրայելի ազգային նպատակներին և աշխարհաքաղաքական ծրագրերին ԱՄՆ գրեթե անվերապահ43 պաշտպանություն: Ընդ որում, այս նվիրումը հասավ այնպիսի անհավասարակշիռ վիճակի, որ ԱՄՆ կոնսերվատիվ քաղաքական մտքի նվիրյալ Ռ.Քիրկի 1988թ. դիպուկ արտահայտությունը` «պարոնայք նեոկոնսերվատորները հաճախ պարզապես շփոթում են ԱՄՆ մայրաքաղաքը Թել Ավիվի հետ», սկսեց լայնորեն մեջբերվել բազմաթիվ ամսագրերում և հասարակական ելույթներում [11]44:
Նախագահ Բուշ-կրտսերի օրոք հրեական պետության ազգային քաղաքականությունը ԱՄՆ-ում դարձել էր այնքան «ընտանեկան, ներքին խնդիր», որ 2004թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Նաթանյահուն հայտնվում էր ամերիկյան հեռուստաէկրաններին նույնքան հաճախ, որքան որ CNN, CBS, NBC կամ FOX հեռուստաալիքների քաղաքական մեկնաբանները: Բանը հասավ նրան, որ ԱՄՆ համազգային նշանակության թերթերում պարոնայք Փերլը, Վուլֆենսոնը և այլք բացեիբաց անվանվում էին ամերիկյան «լիքուդցիներ»: Այս իրավիճակը սկսել էր ծաղրվել նույնիսկ հայտնի հեռուստատեսային քաղաքական շոուներում` մի բան, որ ԱՄՆ պատմության վերջին 60 տարիների ընթացքում երևակայելն անգամ անհնար էր:
Այսպիսով, ՀԱԽ 2025 ինտոնացիոն փոփոխությունը ԱՄՆ հասարակությունում նեոկոնսերվատորների «ամերիկա-հրեական զավթման» հետևանքների դեմ ընդվզման, իսկ ավելի լայն` «ձախերից» դեպի «աջ» քաղաքական «տեկտոնական» շարժի և ԱՄՆ-ում ազգային մտածելակերպի զարթոնքի ընդամենը թույլ արտացոլանքն է:
Եթե մի կողմ դնենք ՀԱԽ հռետորականությունը, ապա սա է «նոր աշխարհակարգի գալստյան», «ազգ-պետությունների թուլացման» և ԱՄՆ վտանգված հեգեմոնիայի մասին ՀԱԽ «եղերերգության» մեխը: Իրականում, արդիականության «ձևագոյացնող գործոնը» ոչ թե ԱՄՆ հեգեմոնիան է կամ այդ հեգեմոնիայի թուլացումը, այլ ԱՄՆ ցավագին, երկար ու ոլորապտույտ ճանապարհը դեպի ազգ-պետություն և ազգային քաղաքականության մշակում ու իրականացում: Սա է այս սքանչելի երկրի և նրա նորընտիր նախագահի առջև կանգնած իրական խնդիրն ու ամենակարևոր մարտահրավերը: Շատ ավելի կարևոր ու կենսական, քան ֆինանսական ճգնաժամի հաղթահարումը կամ, նույնիսկ, ԶՈԶ մրցավազքը: Կհաջողվի՞ արդյոք նախագահ Օբամային իրապես հաղթահարել այս ճգնաժամը` առանձին հարց է45: Բայց կասկածից վեր է, որ դա նոր վարչախմբի և ԱՄՆ-ի համար՝ որպես պետություն, թիվ մեկ հարցն է: Օգտվելով ՀԱԽ 2020 փորձագետների Վրաստանին տրված գնահատականից՝ շրջենք այն և նշենք. գալիք տարիներին ԱՄՆ-ը հավանաբար կփորձի իրեն ավելի հեռու պահել Իսրայելից և կյանքի կոչել պաղեստինա-հրեական «երկու պետություն» կառուցվածքը, թեև որպես ազգ-պետություն ու հանրապետություն` ԱՄՆ կենսունակությունը կմնա տակավին փխրուն:
Ավելացնենք միայն, որ նորագույն պատմության մեջ Օբաման հզոր տերության առաջին ղեկավարը չէ, որ կանգնած է «ազգային խնդիր» կոչվող մարտահրավերի առաջ: Հնարավոր զարգացումների ամբողջ տիրույթն ընդգծելու համար հստակ զուգահեռ տանենք, օրինակ` ԽՍՀՄ պատմության հետ: Հիշենք միայն Վ.Ուլյանովին, Ի.Ջուղաշվիլուն և կամ Մ.Գորբաչովին ու Բ.Ելցինին այս մարտահրավերին նրանց առաջարկած լուծումներն ու դրանց հետևանքները: Դե ինչ, պատմությունը դեռ նոր է սկսվում. վերջին անգամ հիշենք և ընդմիշտ մոռանանք Ֆուկույամային:
Մեզ համար այստեղ կարևորն այն է, որ ինչպիսին էլ լինի ԱՄՆ ընտրությունը, դրա անմիջական աշխարհաքաղաքական հետևանքները գալիք տարիներին ուղղակիորեն կարտահայտվեն մեր տարածաշրջանում` Իսրայել-Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան և ԱՄՆ-Իրան-Ռուսաստան-Ադրբեջան առանցքներով ու անմիջականորեն մեզ մոտ` Հայաստանի Հանրապետությունում, հավանական է` Հայաստան-սփյուռք առանցքով և տարատեսակ գործակալությունների և ոչ պետական կազմակերպությունների գծով:
Հաջորդ կարևոր հարցը ՀԱԽ 2025 կենտրոնական պնդումներից մեկն է. «Էներգետիկան կդառնա աշխարհաքաղաքականություն»: Առավել ևս արտառոց, եթե այն համեմատելու լինենք ՀԱԽ 2020 կենտրոնական պնդման հետ. «առկա էներգետիկ հնարավորությունները բավարար կլինեն գլոբալ պահանջարկի համար»: Այն, որ աշխարհաքաղաքականության մեջ էներգետիկ բաղադրիչը կարևորագույններից մեկն է, ոչ նորություն է, ոչ էլ ՀԱԽ հայտնագործությունը: Նորություն չէ նաև այն, որ էներգետիկան, ողջ կարևորությամբ հանդերձ, դեռ աշխարհաքաղաքականություն չէ: Մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալ այս հարցին [13]: Նորությունը ՀԱԽ 2025 այս պնդման ժամանակագրությունն է` 2008թ. դեկտեմբեր, և տեղը` ԱՄՆ նորընտիր նախագահին ՀտՀ կողմից յուրօրինակ պատգամ հանդիսացող «Գլոբալ միտումներ 2025» հաշվետվությունը:
Երևույթը, մեր կարծիքով, բացատրվում է, նրանով, որ էապես ձախողվեց Իրաք ներխուժման, Ս.Արաբիայում ԱՄՆ ռազմական ներկայության և Իրանի վրա ուժային ճնշման նեոկոնսերվատորների ու ԱՄՆ նախկին նախագահ Բուշ-կրտսերի վարած քաղաքականությունը (և աշխարհաքաղաքականությունը): Ձախողվեց առաջին հերթին հենց ԱՄՆ հասարակության աչքերում: Դա էր Բ.Օբամայի նախագահական ընտրություններում հաղթանակի հիմնական աշխարհաքաղաքական պատճառը:
Ուստի, ԱՄՆ նշված շրջանակների նվիրումը Իսրայելի ազգային քաղաքականությանը, որը, իհարկե, ամենևին էլ չանհայտացավ ԱՄՆ նոր նախագահի ընտրությամբ, կարիք ունի նոր հիմնավորման: Առավել ևս, որ 2002-2008թթ. վարվող «ժողովրդավարության քարոզչության» ԱՄՆ ռազմավարության շրջանակներում Իսրայելի` տարածաշրջանում «միակ կայացած դեմոկրատական երկրի» փաստարկն արդեն սարդոնիկ ծիծաղ ու զայրույթ է առաջացնում նույնիսկ եվրոպական շատ երկրներում և ԱՄՆ-ում: 2009թ. դեկտեմբերին Գազայի հատված ներխուժման և քաղաքացիական բնակչության զոհերի շոշափելի ծավալների պարագայում, կարծում ենք, այս զայրույթն էլ ավելի կուժեղանա46: Եվ այստեղ է, որ նավթային գործոնը նորից գալիս է առաջին պլան՝ նորացնելու և վերստին ամրապնդելու ԱՄՆ այս նվիրումը:
Ինչպես հայտնի է, նորը մոռացված հինն է, և ճիշտ ինչպես անցյալում` XX դարի 70-80-ականներին, այնպես էլ այժմ նավթային գործոնի շեշտադրումը ԱՄՆ-ում թույլ կտա Իսրայելին ապահովել Միջին Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ակտիվ ներկայությունը` ի շահ իր ազգային ռազմավարական խնդիրների լուծման: Առավել ևս, որ այսպիսի վերաշեշտադրումը հնարավորություն է ընձեռում օգտագործել ԱՄՆ և միջազգային նավթային հզոր լոբբիի հնարավորությունները: Նավթային գործոնի և ավելի լայն` առաջնային էներգակիրներից ԱՄՆ ներկրումային կախվածության իրոք բարդ խնդրի արծարծումը ԱՄՆ որոշ շրջանակների կողմից նոր թափ ստացավ 2005-ից սկսած` Բուշ-կրտսերի վերընտրությունից անմիջապես հետո47: Նշենք վերջինիս կողմից ԱՄՆ «էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրի» ընդունումը, որը XX դարի 70-ականներից սկսած՝ նման առաջին ծրագիրն էր ԱՄՆ-ում: Ընդգծենք նաև «էներգետիկ անկախության» խնդրի պատկառելի դերը 2008թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուների համար: Սակայն, մեզ հետաքրքրող տեսանկյունից, այստեղ առաջին հերթին նշենք «Oil Shockwave» կոչվող մոդելավորումների ու սցենարային խաղերը 2005թ. ամռանը կազմակերպելու փաստը և հետագա զարգացումները48: Կարծում ենք, որ առիթ կունենանք այս հարցերին ավելի հանգամանալի անդրադառնալու: Ուստի, ընթացող միտումների ուղղվածությունն ընդգծելու համար, բավարարվենք միայն «Oil Shockwave» արդյունքների հիման վրա ձևակերպված և աշխարհաքաղաքական լրջագույն հետևանքներ ունեցող հետևյալ հիմնական դրույթի մեջբերմամբ. նավթը գլոբալ ապրանք է: Ուստի գոյություն չունի այնպիսի բան, ինչպիսին է «օտարերկրյա նավթը»:
Սա է, մեր կարծիքով, ՀԱԽ 2025 քննարկվող պնդման ակունքը: Հենց այս համատեքստում է պետք դիտարկել 2008թ. 2-րդ կեսից հում նավթի գնի անկման անբեկանելի ու «անբացատրելի» միտումը, ինչպես նաև ողջ 2008թ. ընթացքում «Գազային ՆԱԵԿ» ստեղծմանը միտված գործընթացները, 2009թ. հունվարից ծավալված ՌԴ-Ուկրաինա-Եվրոպա գազային հակամարտությունը կամ գրեթե բոլոր հայերին հայտնի Մ.Բրայզայի վերջին հայտարարությունները (2009թ. հունվար) Nabucco ծրագրի կապակցությամբ:
Մեզ համար այստեղ կարևորն այն է, որ այսպես ասած «ածխաջրածնային իմպերիալիզմի» և «էներգետիկ շանտաժի» նոր դրսևորումները գալիք տասնամյակում ողջ թափով կարտահայտվեն մեզ մոտ և Հարավային Կովկասում՝ թե՛ ԱՄՆ/Իսրայելի, թե՛ ԵՄ/Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Իրանի կողմից:
Վերջաբան
Փատրիկ Բյուքենեն, Where the Rights Went Wrong. 200449
Մենք գտնվում ենք բարդ, հակասություններով լի տարածաշրջանում, որը գտնվում է համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոնների ուշադրության կիզակետում: Մեզ սպասում է փոթորկալից ապագա՝ լի համաշխարհային, տարածաշրջանային ու ներքին մարտահրավերներով: Գլոբալ մասշտաբով գործող ոչ մի շարժիչ, որոնց մասին խոսվում էր վերը, չի շրջանցի մեզ: Ավելին, դրանցից շատերը (ժողովրդագրական ճնշում, ԶՈԶ և ատոմային մրցավազք, էներգակիրներ, ջրային ռեսուրսներ, պարենային ապահովություն) առավել սուր կարտահայտվեն հենց մեր տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությամբ և ուղղակի մեզ մոտ:
Մեր հանրապետության տնտեսական համակարգը` մեկուսացված նավահանգիստներից և Արևելք-Արևմուտք առանցքով տարածաշրջանային ենթակառուցվածքների ներկա զարգացումներից, արդեն մոտ երկու տասնամյակ շնչահեղձ է լինում շրջափակման մեջ: Սոցիալ-տնտեսական զարգացումը սանձվում է ցածր տեմպերի ժողովրդագրական դինամիկայով, բնակչության առավել աշխատունակ հատվածին բնորոշ շոշափելի արտագաղթով, քաղաքական էլիտայի գոյացման մեխանիզմների աղճատմամբ, օրենքի ուժի անհավասար և թույլ կիրառմամբ, դատական համակարգի թուլությամբ, կոռուպցիայով, հասարակական ու քաղաքական ինստիտուտների թերզարգացածությամբ:
Սա է իրողությունը: Բայց սա ողջ իրողությունը չէ:
Մեզ սահմանված է գտնվել այս խրթին և հակասություններով լի տարածաշրջանում ի վերուստ: Եվ արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք զարգացման առաջատարի մեր հեղինակությունը, դիմակայել մարտահրավերներին ու փոթորիկներին: Հարավային Կովկասում մեր տնտեսական համակարգն ամենաառողջն է ու կայունը, բանակը` ամենամարտունակը, տնտեսական դաշտն ամենաազատականն է ու զարգացածը, հասարակական կյանքը և սոցիալական իրավիճակը՝ ամենակայունն ու անվտանգը: Հիմնականում մոնոէթնիկ Հայաստանը ենթակա չէ պառակտման նույն դյուրինությամբ, ինչ մեր հարևանները, իսկ ազգային ինքնության և ազգը համախմբող գերխնդիրների ներուժը գերազանցում է աշխարհի և տարածաշրջանի շատ ժողովուրդների այս ցուցանիշը: Եվ սա Հայաստանի 3-րդ հանրապետության մեր գնահատականները չեն բնավ, դրանք նույնիսկ մեր բարեկամների գնահատականները չեն50:
Բացի այդ, Արևելք-Արևմուտք առանցքով տարածաշրջանային մեկուսացմանը Հայաստանն ի վիճակի է և արդեն իսկ պատասխանում է Հյուսիս-Հարավ առանցքով ենթակառուցվածքների զարգացմամբ: Հանրապետության ապաշրջափակման գործընթացը` տակավին դանդաղ ու դժվարին, սկսված է` լինի դա ռազմական թե էներգետիկ համագործակցություն, գիտություն, սպորտ թե մշակույթ:
Եվ ամենակարևորը, Հայաստանը` տարածաշրջանի այս «վայրի քարտը» (օգտվենք ՀԱԽ 2015 ձևակերպումից), պե´տք է և կարո´ղ է շրջել հանգամանքների ու միտումների նժարն իր օգտին: Հայաստանը և Ղարաբաղը տարածաշրջանում ամուր երկրներն են, իսկ հայ ժողովուրդը պահանջատեր ժողովուրդ է՝ լի պատմական առաքելության զգացումով, զարգացման եռանդով, օժտված ցանցային կենսունակությամբ և ազդեցությամբ:
Ի թիվս այլոց, դա են վկայում սույն հոդվածում հիշատակված և/կամ քննարկվող ԱՀԳ-ների ու «Գլոբալ միտումների» նյութերը` սկսած դեռ անցած դարի կեսերից:
Ուրեմն` պատրաստվենք ապագայի վերադարձին:
Աղբյուրներ և գրականություն
- Մարջանյան Ա., Ուժե՞ղ պետություն է արդյոք Հայաստանի երրորդ Հանրապետությունը, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ., էջ 74-98:
- Alan G. Whittaker, Frederick C. Smith, Elizabeth McKune, The National Security Policy Proces: The National Security Council and Interagency System. In “Affairs of State: The Interagency and National Security”. Ed. By Gabriel Marcella. Strategic Studies Institute (SSI), US Army War College, December 2008.
- Mike McConnell, Overhauling Inelligence. Foreign Affairs, vol 86, # 4. July/August 2007.
- Global Trends 2010. Revised Edition. NIC, November 1997.
- Global Trends 2015: A Dialogue About the Future With Nongovernment Experts. NIC, December 2000.
- Mapping the Future: Report of the National Intelligence Council’s 2020 Project. Based on consultations with nongovernmental experts around the world. NIC, December 2004.
- Global Trends 2025: A Transformed Worled. NIC, November 2008.
- Kissinger H., Diplomacy. Simon & Shuster, N.Y. 1994.
- Eisenhower D., Waging Peace: The White House Years 1956-61. Garden City, N.-Y.: Doubleday, 1965.
- Patrick Buchanan. Where the Right Went Wrong. Thomas Dunne Books. N.Y. 2004.
- Russell Kirk, The Neoconservatives: An endangered species. The Heritage Foundation. 4th Heritage Lecture, October 6, 1988.
- Obama B., Renewing American Leadership. Foreign Affairs, vol 86, # 4. July/August 2007.
- Մարջանյան Ա., Էներգետիկա և աշխարհաքաղաքականություն, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (1), 2003թ., էջ 13-55:
- Մարջանյան Ա.Հ., «Բալիստիկ hրթիռային զենքը մեր տարածաշրջանում. Արդի վիճակը և տարածման դինամիկան»: «Դրօշակ», Աթենք, # 11, հունիս 1998թ.: «Բալիստիկ hրթիռային զենքը մեր տարածաշրջանում: Մաս Բ., Երևույթի ակունքները և զարգացման միտումները»: 3E-Կլոր սեղանի նյութեր, Երևան, դեկտեմբեր, 2000:
Հավելված Ա
ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդի առաքելության և գործառույթների ներկայիս պաշտոնական նկարագիրը
Հետախուզության ազգային խորհուրդը (ՀԱԽ) հանդիսանում է ԱՄՆ ՀտՀ միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական մտածողության կենտրոնը:
ՀԱԽ առաջնային գործառույթներն են.
- Օժանդակել Հետախուզության ազգային տնօրենին` ՀտՀ ղեկավարի իր դերում
- Հանդիսանալ ԱՄՆ քաղաքականություն կերտողների (policymakers) հարցերին ՀտՀ պատասխանների կազմման կիզակետ
- ՀտՀ տեսակետների ընդլայնման նպատակով համագործակցել ակադեմիական շրջանակների ոչ պետական փորձագետների և մասնավոր հատվածի հետ
- Օժանդակել ՀտՀ ռեսուրսների և ներուժի վերաբաշխմանը՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքականություն կերտողների փոփոխվող պահանջների
- Ղեկավարել ՀտՀ ջանքերը Ազգային հետախուզության գնահատականների (ԱՀԳ-ների) և ՀԱԽ այլ արդյունքների պատրաստման գործում:
ԱՀԳ-ները Ազգային հետախուզության տնօրենի համար ազգային անվտանգության հարցերի շուրջ ամենահեղինակավոր գրավոր աղբյուրներն են: Դրանք արտացոլում են ՀտՀ ընդհանրական և համադրված գնահատականները հավանական ապագա զարգացումների մասին:
ՀԱԽ խնդիրն է ԱՄՆ քաղաքականություն կերտողներին տրամադրել հնարավորինս լավագույն, չաղավաղված և ճշգրիտ տեղեկատվություն` անկախ այն բանից թե անալիտիկ հետևությունները կարող են հակասել ԱՄՆ [վարվող] քաղաքականությանը:
Հավելված Բ
ՏԱՄՕ շրջանակներում 2009թ. հունվարի դրությամբ հասանելի՝ Հայաստանին վերաբերող ՀԳԲ-ների և ԱՀԳ-ների ցանկը` հետընթաց ժամանակագրությամբ51
- GLOBAL TRENDS 2015: A DIALOGUE ABOUT THE FUTURE WITH NONGOVERNMENT EXPERTS. Created: 12/1/2000.
- GLOBAL HUMANITARIAN EMERGENCIES, 1995 VOLUME II: COUNTRY ESTIMATES. Created: 12/28/1994.
- GLOBAL HUMANITARIAN EMERGENCIES, 1993-94. Created: 10/1/1993.
- THE KURDS: RISING EXPECTATIONS, OLD FRUSTRATIONS. Created: 9/1/1992.
- THE REPUBLICS OF THE FORMER USSR: THE OUTLOOK FOR THE NEXT YEAR (SNIE 11-18.2-9). Created: 9/1/1991.
- IMPLICATIONS OF ALTERNATIVE SOVIET FUTURES (NIE 11-18-91). Created: 6/1/1991.
- THE DEEPENING CRISIS IN THE USSR: PROSPECTS FOR THE NEXT YEAR. Created: 11/1/1990.
- THE READINESS OF SOVIET GENERAL PURPOSE FORCES THROUGH THE 1990s. Created: 6/1/1990.
- UNREST IN THE SOVIET UNION: MEASURING SOCIAL INSTABILITY (SOV 90-10004). Created: 2/1/1990.
- THE SOVIET SYSTEM IN CRISIS: PROSPECTS FOR THE NEXT TWO YEARS. Created: 11/1/1989.
- WHITHER GORBACHEV: SOVIET POLICY AND POLITICS IN THE 1990S (NIE 11-18-87). Created: 11/1/1987.
- SOVIET WARTIME MANAGEMENT: THE ROLE OF CIVIL DEFENSE FOR LEADERSHIP CONTINUITY … Created: 12/1/1983. NARA #: NN3-263-98-002; 11-13-1997.
- DIMENSIONS OF CIVIL UNREST IN THE SOVIET UNION (NIC M-83-10006). Created: 4/1/1983. NARA #: NN3-263-94-008; 04/04/1994.
- SOVIET CIVIL DEFENSE: OBJECTIVES, PACE, AND EFFECTIVENESS (NI IIM 81-10001D). Created: 7/1/1981. NARA #: NN3-263-98-002; 11-13-1997.
- SOVIET SUPPORT FOR INTERNATIONAL TERRORISM AND REVOLUTIONARY VIOLENCE (SNIE 11). Created: 5/27/1981. NARA # : NN3-263-94-008; 4-APR-94.
- SOVIET CIVIL DEFENSE: OBJECTIVES, PACE, AND EFFECTIVENESS (IIM 77-029). Created: 12/1/1977. NARA #: NN3-263-98-002; 11/13/1997.
- SOVIET CIVIL DEFENSE (NIO IIM 76-041). Created: 11/1/1976. NARA #: NN3-263-98-002; DATE: 13 NOV 1997.
- THE SOVIET ATOMIC ENERGY PROGRAM. Created: 6/23/1966.
- ANTI-COMMUNIST RESISTANCE POTENTIAL IN THE USSR AND EASTERN EUROPE (NIE 11-6). Created: 1/27/1966. NARA #NN3-263-00-002, 11/19/99.
- THE SOVIET ATOMIC ENERGY PROGRAM. Created: 7/2/1963.
- SOVIET CAPABILITIES AND INTENTIONS (NIE 3). Created: 11/15/1950. NARA #: NN3-263-93-007; 09/22/93
- THE TUDEH PARTY: VEHICLE OF COMMUNISM IN IRAN (ORE 23-49). Created: 7/18/1949 NARA # NN3-263-92-005; 24-AUG-92.
- THE KURDISH MINORITY PROBLEM (ORE 71-48). Created: 12/8/1948. NARA # NN3-263-92-005; 24-AUG-92.
- THE CONSEQUENCES OF THE PARTITION OF PALESTINE (ORE 55). Created: 11/28/1947. NARA # NN3-263-92-005, 24-AUG-92.
- DEVELOPMENTS IN THE AZERBAIJAN SITUATION (ORE 19). Created: 6/4/1947. NARA # NN3-263-92-005; 24 AUG 92.
- THE HATAY QUESTION (ORE 15). Created: 2/28/1947. NARA #NN3-263-92-005, 24-AUG-92.
Հավելված Գ
ՀԱԽ 2015 ծրագրի շրջանակներում իրականացված գիտաժողովները և սեմինարները
Արտերկրի ռեակցիան` ռազմական գործերում հեղափոխության վրա: Ջորջթաունի համալսարան, ԱՄՆ
Ազգ-պետությունների գնահատում: Մերիլենդի նահանգային համալսարան, ԱՄՆ
Ժողովրդավարացման միտումները: ԿՀՎ, ԱՄՆ
Ամերիկայի տնտեսական հզորությունը: Ամերիկյան տնտեսության և առևտրային ռազմավարության կենտրոն, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Պաշտպանության տնտեսության ձևափոխումը: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ, Լոնդոն, ՄԹ
Պատերազմի և հակամարտությունների այլընտրանքային ապագան: Նյուփորտ և ԿՀՎ, ԱՄՆ
Արկղից դուրս` դեպի ապագան. Երկխոսություն գիտնականների և մարտիկների միջև` հեռու ապագայի պատերազմների մասին: Պոտոմակ Ինստիտուտ, Արլինգթոն, ԱՄՆ
Ապագայի վտանգավոր տեխնոլոգիաները: MITRE կորպորացիա, ՄակԼին, ԱՄՆ
Տեղեկատվական հեղափոխության գլոբալ ուղին. տեխնոլոգիական միտումներ: RAND կորպորացիա, Սանտա Մոնիկա, ԱՄՆ
Տեղեկատվական հեղափոխության գլոբալ ուղին. քաղաքական, տնտեսական և սոցիալական հետևանքները: RAND կորպորացիա, Սանտա Մոնիկա, ԱՄՆ
Միջին Արևելք. ԶԼՄ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինտերնետ: Ազգային պաշտպանության համալսարան, Ֆորտ ՄակՆիր, ԱՄՆ
Միգրացիայի գլոբալ միտումները և հետևանքները ԱՄՆ-ի համար: Միջազգային խաղաղության համար Քարնեգի հաստատություն, Վաշինգտոն, ԱՄՆ
Այլընտրանքային համաշխարհային ապագաներ` 2000-2015: ՊԴ ՀՀԲ/ԿՀՎ, ԱՄՆ
ՀԱԽ 2020 ծրագրի շրջանակներում իրականացված գիտաժողովները և սեմինարները
Ծրագրի միացյալ հայեցակարգի ներկայացում: ՄԹ Պաշտպանության նախարարություն/ ԱՄՆ ԿՀՎ կայանատեղի, ՄԹ, ԱՄՆ, 2003թ. սեպտեմբեր
Հակաամերիկանիզմ: Ուայ պլանացիաներ, ԱՄՆ, 2003թ. հոկտեմբեր
ՀԱԽ 2020 ծրագրի մեկնարկային կոնֆերանս: Վաշինգտոն, ԱՄՆ, 2003թ. նոյեմբեր
Միջազգային հարաբերություններ. պրոֆ. Իկենբերիի կլոր սեղանների շարք: Ջորջթաունի համալսարան, ԱՄՆ, 2003-04թթ. նոյեմբեր
ԱՄՆ և ՄԹ Ազգությունների համագործակցության հետախուզական պաշտոնյաների միացյալ կոնֆերանս: Վաշինգտոն, ԱՄՆ, 2003թ. դեկտեմբեր
Աֆրիկյան փորձագետների կլոր սեղան: Վաշինգտոն, ԱՄՆ, 2004թ. հունվար
ՀԱԽ 2020 Միջին Արևելքի սեմինար: Վաշինգտոն, ԱՄՆ, 2004թ. հունվար
ՀԱԽ 2020. Աֆրիկա: Յոհանեսբուրգ, ՀԱՀ, 2004թ. մարտ
Երկկերպ օգտագործման կենսատեխնոլոգիաների գլոբալ զարգացումը: Վաշինգտոն, ԱՄՆ, 2004թ. մարտ
Ռուսաստան և Եվրասիա. ՀԱԽ 2020 սեմինար: Բուդապեշտ, Հունգարիա, 2004թ. ապրիլ
Եվրոպա. ՀԱԽ 2020 սեմինար: Բուդապեշտ, Հունգարիա, 2004թ. ապրիլ
Գլոբալ ինքնություն. կլոր սեղան: ԱՄՆ ԿՀՎ կայանատեղի, 2004թ. մայիս
Ասիա. ՀԱԽ 2020 սեմինար: Սինգապուր, 2004թ. մայիս
Պատերազմի փոփոխվող բնույթը: Ծովային ռազմուժի վերլուծական կենտրոն, ԱՄՆ 2004թ. մայիս
Լատինական Ամերիկա. ՀԱԽ 2020 սեմինար: Սանտյագո, Չիլի, 2004թ. հունիս
Առաջատար տեխնոլոգիաներ, գլոբալ ուժ, բարիք և հակամարտություններ: Ռազմավարական և Միջազգային հետազոտությունների կենտրոն, ԱՄՆ, 2004թ. հունիս
Կլիմայի փոփոխություն: Մերիլենդի համալսարան, ԱՄՆ, 2004թ. հունիս
Եվրոպայի մահմեդականները. ՀԱԽ 2020 կոնֆերանս: Օքսֆորդ, ՄԹ 2004թ. հուլիս
Կանայք 2020թ.: Վաշինգտոն, ԱՄՆ, 2004թ. օգոստոս
Գործարար լիդերների կլոր սեղան: ԿՀՎ կայանատեղի, ԱՄՆ, 2004թ. սեպտեմբեր
Հնդկաստանը և աշխարհաքաղաքականությունը 2020թ.: ԱՄՆ, 2004թ. սեպտեմբեր
Սցենարային վերլուծություններ. կլոր սեղանների շարք: Սթիմսոնի կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ, 2004թ. գարուն-ամառ
Տեղեկատվություն և հեռահաղորդակցություն. տեխնոլոգիական ու հասարակական բախում և ազգ-պետությունները: Վաշինգտոն, ԱՄՆ, 2004թ. սեպտեմբեր
ՀԱԽ 2020 ծրագրի եզրափակիչ կոնֆերանս։ Վիրջինիա, ԱՄՆ, 2004թ. հոկտեմբեր
ՀԱԽ 2020 եզրափակիչ հաշվետվության նախնական տարբերակի քննարկում ՄԹ և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետների հետ: Լոնդոն, ՄԹ, 2004թ. հոկտեմբեր
2009թ. հունվարի դրությամբ հասանելի ՀԱԽ 2025 ծրագրի հարակից նյութեր
Գլոբալ միտումներ 2025. «Անվտանգության համակարգը 2025-ին»: Սեմինար, հունիսի 9-ը, 2008թ.
Մտահոգիչ քաղաքացիական տեխնոլոգիաներ. մինչ 2025թ. ԱՄՆ շահերի վրա ներազդող 6 տեխնոլոգիաներ: RAND կորպորացիա, Սանտա Մոնիկա, ԱՄՆ:
Գլոբալ միտումներ 2025. Սցենարներ :
1 Նախազգուշացված ես, ուրեմն` զինված։
2 National Intelligence Council (NIC) - ԱՄՆ հետախուզական հանրությունը ներկայումս (2009թ. հունվար) ներառում է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ, CIA), Պաշտպանության հետախուզական գործակալության (DIA), Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ, NCA), Ազգային աշխարհագրահեռազննական հետախուզական գործակալության (NGIA), Ազգային տեղադիտական վարչության (NRO), Պետական դեպարտամենտի հետախուզական և հետազոտությունների բյուրոյի (ՊԴ ՀՀԲ, SD BIR), օդուժի (Air Force), ցամաքային ռազմուժի (Army), ծովային ռազմուժի (Navy), ծովային հետևակի (Marine Corps), ափեզրի պաշտպանության (Coast Guard) հետախուզական համապատասխան ծառայությունների, Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀՖԲ, FBI), Սպիտակ տան Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի (DHS) և Թմրադեղերի վերահսկման ադմինիստրացիայի (DEA), Էներգետիկայի նախարարության (DoE) և Դաշնային գանձապետարանի համապատասխան ներկայացուցիչներին ու փորձագետներին: ՀտՀ-ն համադրվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի (ԱՀՏ, DNI) կողմից: ՀԱԽ-ը անմիջականորեն հաշվետու է ԱՀՏ-ին:
3 Օրինակ, ԱՄՆ ՀտՀ կողմից 1960-70-ականներին աշխարհի յուրաքանչյուր երկրում իրականացվող քաղաքական անկայունությունների և ճգնաժամերի մոդելավորման համար դիտարկվում էին ավելի քան 600 տարբեր պարամետրեր: Տես [1]:
4 Ճշգրիտ գնահատումների արդի օրինակներ կարելի է գտնել ստորև: Ավելի վաղ անցյալից հիշատակենք, օրինակ, 1950թ. նոյեմբերի 15-ի ԽՍՀՄ գործելակերպին ու քաղաքականությանը նվիրված ԱՀԳ-ն (NIE 3), նույն թվականի դեկտեմբերի 5-ի ԽՍՀՄ մտադրություններին նվիրված ԱՀԳ-ն (NIE 11), 1967թ. հունիսի 1-ի զեկույցը ԽՍՀՄ-Իրան նավթագազային համագործակցության մասին (RR IM 67-29) կամ Աֆղանստան խորհրդային զորքերի ներխուժման հետևանքների գնահատումները (NI IIM 79-10022J): Բացթողումներից հիշենք, օրինակ, Վարշավյան պակտի երկրների ռազմուժի Հունգարիա ներխուժման հնարավորության գնահատականները` վաղ անցյալում և Իրաքի ԶՈԶ ծրագրերի մասին ԱՀԳ-ները` արդեն նոր դարի պատմությունից: Դեպքերի (բայց ոչ միտումների) հավանականության աղաղակող սխալ գնահատումներից հիշենք, օրինակ, հեղափոխությունը Իրանում, ԽՍՀՄ փլուզումը (NIE 11-18-90) կամ 1997-98թթ. Ասիական ֆինանսական ճգնաժամը (ՀԱԽ 2010, տես ստորև):
5 Հիմնականում ԱՄՆ Տեղեկատվության ազատության մասին օրենքի (ՏԱՄՕ, FOIA) արդյունքում:
6 Հիշենք միայն իրաքյան ենթադրյալ ԶՈԶ ծրագրերի մասին ԱՀԳ-ների հետ կապված պատմությունները, որոնք ավարտվեցին ԱՄՆ ներխուժումով Իրաք:
7 Որպես այս ամենի շարժառիթ NIC պաշտոնական կայքը (http://www.dni.gov/nic/NIC_history.html) նշում է Փերլ Հարբորի վրա ճապոնական անակնկալ հարձակման մասին ցավագին հիշողությունները: Սակայն կասկածից վեր է, որ DCI պաշտոնի ներմուծումը և 1947թ. ԱՄՆ Ազգային անվտանգության օրենքի ընդունումը առնվազն նույնքանով պայմանավորված էր ԱՄՆ, և ընդհանրապես Արևմուտքի (Կանադա, ՄԹ, Ֆրանսիա, Ավստրալիա և այլն) իշխանական կառույցներում կոմունիստական գործակալների անհավատալի չափերի հասնող ներթափանցման նույնքան ցավագին գիտակցմամբ: Գիտակցում, որը սկսվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո, Կանադայում` ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) գաղտնագրող Ի.Գուզենկոյի փախուստով, ԱՄՆ-ում` Է.Բենթլիի և Ու.Չամբերսի ապշեցուցիչ խոստովանություններով, և ավարտվեց 1995-97թթ. ԱՄՆ ԱԱԳ «Վենոնա» ծրագրի 1943-55թթ. վերաբերող մոտ 3000 հույժ գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծմամբ ու հրապարակումով` արդեն հիշատակված ՏԱՄՕ շրջանակներում (տես http://www.nsa.gov/venona/index.cfm):
8 Իր գործունեության ընթացքում ԱԳԽ-ում աշխատում էին 5-12 ավագ փորձագետներ, որոնց օժանդակում էին 25-30 տարածաշրջանային և ֆունկցիոնալ (տիրույթային) մասնագետները և օժանդակ կազմը: ԱՀԳ-ների պատրաստումը տևում էր 6-8 շաբաթ: Դրանք կարող էին պատվիրվել ԱՄՆ նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ, NSC) որոշ անդամների, ԱՄՆ Հետախուզական խորհրդի (USIB) յուրաքանչյուր անդամի և հենց ԱԳԲ ղեկավարության կողմից: ԱՀԳ-ների վերջնական տարբերակները տարածվում էին ԱԳԲ-ի կողմից մոտ 100-300 հասցեներով` կախված կոնկրետ ԱՀԳ բովանդակության, ուղղվածության և գաղտնիության աստիճանից: Տարածումից հետո լրամշակման գործընթացը սովորաբար շարունակվում էր դեռ մի որոշ ժամանակ:
10 Հոդվածի պատրաստման պահին հայտնի դարձան ԱՄՆ նորընտիր նախագահ Բ.Օբամայի կողմից առաջարկված ԱՀՏ (DNI) և ԿՀՎ (CIA) տնօրենի թեկնածուները` ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի նախկին գլխավոր հրամանատար (1999-2002թթ.), 68-ամյա պաշտոնաթող ծովակալ Դ.Բլեյերը և նախագահ Բ.Քլինթոնի աշխատակազմի նախկին ղեկավար (1994-1997թթ.), 70-ամյա Լ.Պանետան համապատասխանաբար:
11 2009թ. հունվարի դրությամբ ՏԱՄՕ շրջանակներում ԿՀՎ հետախուզական ընդհանուր բնույթի տեղեկատվության էլեկտրոնային գրադարանում որոնողական ծառայությունը բերում էր Հայաստանին վերաբերող 1944-2004թթ. համար 231 փաստաթուղթ (Ադրբեջանի համար` 165, Վրաստանի համար` 240): Այս ցանկը հատկանշականորեն բացվում է 1944թ. «Դաշնակները շրջվում են դեպի Սովետները» նյութով (The TASHNAGs turn to soviet Russia): Դրանց թվում են նաև հիշատակված 26 ԱՀԳ-ները: Բացի վերջիններից, այստեղ կարելի է գտնել Հայաստանի էներգետիկ, քիմիական արդյունաբերության, ատոմային էներգետիկայի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտների զարգացման գնահատականներ, Երկրորդ աշխարհամարտում գերմանական կողմում կռվող հայկական ուժերի մասին նյութեր, հակակոմունիստական գործունեության ներուժի և սոցիալական բնույթի գնահատականներ, նույնիսկ «Հայկական ռադիոյի» անեկդոտների որոշ նմուշներ և այլն (տես http://www.foia.cia.gov):
12 Որոշ մեկնաբանություններ կատարվում են միայն տողատակում:
13 Այստեղ և ստորև` ընդգծումները մերն են – Ա.Մ.:
14 Խոսքը, հասկանալի է, առաջին հերթին ատոմային զենքի և Իսրայելի մասին է: Բերված պարբերության այլասերված տրամաբանությունը աչքի է զարնում: Իրականում Իրանը միանգամայն սիմետրիկորեն պատասխանում է տարածաշրջանում Իսրայելի ատոմային ԶՈԶ և բալիստիկ հրթիռային ու Ս.Արաբիայի բալիստիկ հրթիռային ներուժի հավասարակշռմանը: Իսկ այս ներուժի գոյացմանը առաջին հերթին նպաստել էր հենց ԱՄՆ-ը, ինչպես նաև Ֆրանսիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Չինաստանը (մանրամասն տես [14]):
15 Ըստ էության, [4]-ի փորձագետների կարծիքով` ԱՄՆ բացարձակ գերակայությունը գլոբալ առումով հանդիսանում է որպես 7-րդ և, թերևս ամենահիմնական «շարժիչ»: Դա են վկայում նաև ՀԱԽ հաջորդ ծրագրերի նյութերը. տես ստորև:
16 ՀԱԽ այս կանխատեսում/գնահատումը, թերևս, ամենաշատն է քննադատվել հետագա վերլուծություններում ու հրապարակումներում: Հիշեցնենք, որ ՀԱԽ 2010 նյութերի հրապարակումից համարյա անմիջապես հետո սկսվեց Ասիական ֆինանսական ճգնաժամը, որն արագորեն գլոբալ մասշտաբի երևույթ դարձավ: Նույնը, մի փոքր ավելի մեղմ (նկատի ունենք կանխատեսումը, այլ ոչ ներկայումս ծավալվող ֆինանսատնտեսական ճգնաժամը), կրկնվեց ՀԱԽ 2025 հրապարակումից հետո:
17 Հետաքրքրական է, որ այս ցանկում Ռուսաստանը չի հիշատակվում: 2009թ. հունվարի սկզբներին ծավալվող գազային «պատերազմը» մի փոքր այլ իրողությունների վկայությունն է:
18 Կարդալով այս տողերը` դժվար է թոթափել այն զգացումը, որ 1996-97թթ. ՀԱԽ փորձագետները համարժեք պատկերացնում էին թե Ելցինի իրավահաջորդի ով լինելը, թե գալիք պուտինյան ժամանակաշրջանի բնութագրիչ գրեթե բոլոր տարրերը. տարիներ պահանջող ՌԴ հզորացումը (հնարավոր դարձած ՌԴ – Ս.Արաբիա հում նավթի գների մասին 2003թ. սեպտեմբերյան ռազմավարական համաձայնության շնորհիվ [13]), աշխարհում և տարածաշրջանում ՌԴ ավելի ինքնուրույն քաղաքականության վարում, իշխանական համակարգում դերժավնիկների գաղափարախոսական հաղթանակը և ընդհուպ մինչև «Բուլավա» տիպի ծովային բալիստիկ հրթիռի դժվարին փորձարկումները, 2008թ. ռուս-վրացական հակամարտությունը, օգոստոսյան վրաց-օսական պատերազմն ու դրա հետևանքները և Գազայի հատված 2008-09թթ. Իսրայելի ներխուժման հետ կապված ռուսական դիվանագիտական անարդյունավետ այցերը:
19 Youth bulge. Մեր ավելի վաղ հոդվածում [1] այս եզրն արդեն թարգմանել էինք որպես «պատանյաց բողջ»` բերելով համապատասխան հիմնավորումներ: Սակայն, մեզանից անկախ պատճառներով, հոդվածի վերջնական տարբերակում այն չէր օգտագործվել: Այստեղ մենք պնդում ենք այս եզրի թարգմանության մեր առաջարկը:
20 Փոքեր թղթախաղի հայտնի եզր: Ի սկզբանե գոյացման փոքր հավանականություն ունեցող երևույթներ կամ «դեպքեր», որոնք, սակայն, հայտնվելու դեպքում, էականորեն փոխում են մոդելավորման արդյունքները կամ որակապես փոխում են ապագա զարգացումների կատարվող գնահատումները:
21 Օրինակ` պանթուրքիզմի գաղափարախոսության վրա:
22 Իրաքյան պատերազմ, իսկ ռետրոսպեկտիվորեն` վրաց-օսական պատերազմ ու ռուս-վրացական առճակատում:
23 Այդպես է բնագրում, տես [5, p. 68]: Սա ՀԱԽ 2015-ի թերևս ամենազավեշտալի պնդումներից է:
24 2007թ. ապրիլին գաղտնազերծված և այժմ հասանելի ԱՄՆ ԿՀՎ մի շարք նյութեր, այդ թվում` OTI 99-10031 դասիչը կրող հաշվետվությունը վկայում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար սցենարային մոդելավորումները ԿՀՎ-ում սկսվել էին ավելի վաղ, քան ՀԱԽ 2015 ծրագրի մեկնարկը` առնվազն 1998թ. նոյեմբեր-դեկտեմբերից: Մինչև 2015թ. Կովկաս-կասպյան տարածաշրջանի համար դիտարկվել էին զարգացումների 8 տարբեր սցենարներ, համարյա բոլորը` հոռետեսական հետևություններով տարածաշրջանի համար:
25 Ըմբռնելիության եզրին գտնվող ապագայի մոդելավորման այսպիսի բազմազանությունը, եզրակացությունների հստակության կորուստը, մեր կարծիքով, չափազանց բնութագրական է նոր դարասկզբին: Իրոք, մանիպուլյացիաների ենթակա Իրականության բացահայտման և Բազմատարբերակ ապագաների լեյթմոտիվները դարասկզբին դարձել էին կրկնվող և, եթե կուզեք` հիվանդագին: Այս երևույթը կարելի է հստակորեն տեսնել փիլիսոփայությունից (Multivers versus Univers) ու ֆիզիկայից (կրկին ուշադրություն Հ.Էվերթ 3-րդի «Բազմաթիվ աշխարհների» հայեցակարգի նկատմամբ) մինչև կինեմատոգրաֆ (eXistenZ 1997թ., The TRUMAN Show 1998թ., Matrix 1999թ., Dark City 2000թ.), ազգ-պետություններում անկայունությունների մոդելավորումից (նույն ՀԱԽ կամ PITF կազմակերպությունների աշխատանքները) մինչև համաշխարհային տնտեսության վրա հում նավթի գների տատանման ազդեցության մոդելավորում (Oil Shockwave սցենարային խաղեր, տես ստորև) և այլն: Երևույթի ակունքները կարելի է տանել մինչև Ս.Լեմի «Ֆուտուրոլոգիական կոնգրես» (1983թ.), Ա.Ազիմովի «Հավերժության վերջը» (1956թ.) վիպակները, Օրուելի, Զամյատինի կամ Հաքսլի ուտոպիաները կամ XX դարի 30-ականների քվանտային հեղափոխությունն ու ավելի հեռուն: Սակայն, այս ամենի աշխարհաքաղաքական կիրառումն է, որ անհրաժեշտ է դիտարկել որպես նոր, զուտ դարասկզբի երևույթ:
26 Pervasive Insecurity. Իհարկե, [6] տվյալ բաժնի վերնագիրը, ուր խոսքը ահաբեկչության տարածման և ներքին կոնֆլիկտների սաստկացման մասին է, միանգամայն համարժեքորեն կարելի էր թարգմանել «Տարածվող վտանգ»: Այստեղ մենք պարզապես ցանկանում ենք ընդգծել, որ արդի և խոսակցական անգլերեն secure ուղիղ ձևին արդի և խոսակցական հայերենում համապատասխանում է անվտանգ հասկացությունը` վտանգ ուղիղ ձևի ժխտական մասնիկով: Հայերեն լեզվի, մեր մտածելակերպի և պատմության համար վտանգը եղել է միշտ, անմիջական և ուղիղ: Դժվար է գտնել ատլանտյան աշխարհընկալման և մայրցամաքային խաչմերուկում ձևավորված մտածելակերպի միջև տարբերության ավելի խոսուն օրինակ` բառիս բուն իմաստով:
27 NIC 2020 Project: Commonwelth Conference: Scenarios. December 2003. Նշենք, որ սրա հետևանքով ՀԱԽ 2020-ը բացակայում է Հավելված Բ ցանկում և ՀԱԽ կայքի որոնողական ծառայության Հայաստանին վերաբերող ԱՀԳ-ների մասին հարցումների արդյունքներում:
28 Իրաքի համար դիտարկված բոլոր այլ 4 սցենարները («Ռադիկալ մահմեդականացում», «Ուժեղ աշխարհիկ ղեկավար», «Քաղաքացիական պատերազմ» և «Իրաքի մասնատում») համարվում են տարածաշրջանում ԱՄՆ նպատակների պարտություն:
29 Մ.Աբաս և Ֆաթահ կուսակցություն:
30 Դրանք են. 1. «Աշխարհն առանց Արևմուտքի», նկարագրված 2025թ. Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարի նամակում, ուր պատկերված է մի աշխարհ, որտեղ ԱՄՆ-ը հետ է քաշվել թե Եվրոպայից, թե Միջին Արևելքից ու Աֆղանստանից, իսկ հիմնական ուժային կենտրոններ են Չինաստանը և ՌԴ-ն, որոնց շուրջ համախմբված են Իրանն ու Հնդկաստանը, 2. «BRIC զարթոնքը», որում նկարագրված է Չինաստանի և Հնդկաստանի միջև ծագած հակամարությունը` էներգակիրների շուրջ, 3. «Աշնանային անակնկալը»` պատկերված ԱՄՆ ապագա նախագահի օրագրում, որը նկարագրում է կլիմայի փոփոխության հետ կապված աղետալի իրավիճակը և 4. «Ոչ լոկալ քաղաքականությունը», հոդված Ֆայնենշըլ Թայմս ամսագրի 2025թ. համարներից մեկում, ուր նկարագրվում է, թե ինչպես տարատեսակ ոչ պետական կազմակերպությունները, կրոնական խմբերը և բիզնեսի ներկայացուցիչները համախմբված ջանքերով ապահովվում են ՄԱԿ նոր նախագահի` իրենց թեկնածուի ընտրությունը: Վերջինս, թվային հեռահաղորդակցության, զարգացած և բարեկեցիկ միջին դասի ու վերազգային տնտեսական համակարգերի այս ապագա աշխարհում հաղթականորեն ձեռնամուխ է լինում բնակլիմայական մարտահրավերների լուծմանը (ինչպես չհիշես Ա.Գորին և “The Day After Tomorrow” 2004թ. ֆիլմը և «կլիմայական աղետների» թեմաներով վերջին տարիների հոլիվուդյան ու այլ ստուդիաների բլոքբաստրները):
31 National Power. ՀԱԽ 2025 ծրագրի շրջանակներում տվյալ երկրի «ազգային հզորությունը» հաշվարկվում է International Futures (http://www.ifs.du.edu/) համակարգչային մոդելի օգնությամբ, որի 5-րդ սերնդի տարբերակը օգտագործվել էր դեռ ՀԱԽ 2020 ծրագրի ընթացքում: «Ազգային հզորությունը» տվյալ երկրի ՀՆԱ, ռազմական ծախսերի, ազգաբնակչության և տեխնոլոգիական առաջընթացի որոշակի ցուցիչների միջին կշռված գործակիցն է:
32 Հոլիվուդը` ԱՄՆ հասարակության իրական հայելին, նորից հստակ կանխազգաց հոռետեսական ու էսխատոլոգիական այս տրամադրությունները` շատ ավելի շուտ, քան դա արեցին ՀԱԽ 2025 փորձագետները: Բավական է հիշել միայն այնպիսի էպիկական ժապավենների անակնկալ ավարտները, ինչպիսիք էին “Terminator 3: Rise of the Machines” (2003թ.) և “Star Wars Episode III: Revenge of the Sith” (2005թ.): Առաջին դեպքում կանխատեսված և, կարծես թե, կանխարգելված ապագա գլոբալ աղետը, այնուամենայնիվ, վրա է հասնում ճիշտ դասական հունական ողբերգությանը բնորոշ անխուսափելիությամբ: Իսկ երկրորդում հանրապետության պահապան ասպետը վերափոխվում է չարիքի կայսրության մութ տիրակալի: Զուգահեռները ԱՄՆ 2002-08թթ. իրողությունների հետ այստեղ միանգամայն թափանցիկ են: Հատկանշական է, որ երկու ժապավեններն էլ, պատմելով ի վերջո ապագայի կանխատեսման մասին, իրենք հենց ժամանակի մեջ յուրօրինակ ճանապարհորդություն են` հանդիսատեսին վերադարձնելով ակունք և փակելով այս ժապավենների ստեղծման ավելի քան երկու տասնամյակ տևած պատմական ցիկլը:
33 «Commit – հանձնարարել, ձերբակալել, կրակի մատնել, հողին հանձնել, կատարել ոճիր, վարկաբեկել»: (Մեջբերում «Անգլերեն-հայերեն բառարան»-ից, Հայաստան, Ե. 1984թ., էջ 174): Մենք commitment բառը թարգմանել ենք որպես նվիրում: Չի բացառվում, որ բառարանն ավելի իրավացի է:
34 Նախագահ Ֆ.Դ. Ռուզվելտի կուսակից, իսկ հետո` հակառակորդ, ընտրարշավների փորձառու կազմակերպիչ Ջ.Ֆարլեյի «դասական» օրենքը պնդում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները հիմնականում ճշգրտորեն կարելի է կանխատեսել սեպտեմբերի վերջին – հոկտեմբերի սկզբին:
35 Մի պարսիկ և մի հույն լրագրողների դիպուկ ձևակերպմամբ, ԱՄՆ հեռացող վարչախմբի վերջին երկու նվերները Իսրայելին և Ռուսաստանին համապատասխանաբար («Եվրոպական սպառողներին ռուսական գազի երաշխավորված մատակարարման» մոսկովյան միջազգային կոնֆերանս: ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի ասուլիսը Կրեմլում, 17 հունվարի, 2009թ.): Ամենևին չցանկանալով ընկնել կոնսպիրոլոգիայի գիրկը, այնուամենայնիվ, վստահ ենք, որ այս համատեքստում պետք է դիտարկել նաև հում նավթի գնային արտառոց դինամիկան 2008թ. 2-րդ կեսի ողջ ընթացքում և 2008թ. վերջից ծավալվող գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը:
36 Նկատենք, որ նյութն ի ցույց է դնում անցած տասնամյակում անգլերեն, ռուսերեն և հայերեն վերլուծությունների և հոդվածների մի ստվար զանգվածի աղբյուրը: Բնականաբար, դրանց շարքում առավել գնահատելի են այն սակավաթիվ վերլուծությունները, որոնք ժամանակագրորեն կամ կանխում էին ՀԱԽ համապատասխան համարժեք հետևությունները, կամ կատարվում էին դրանց զուգահեռ ու դրանցից անկախ: Ուրախալի է, որ դրանց շարքում կարելի է նշել և «Նորավանք» ԳԿՀ որոշ հրապարակումներ:
37 «Տունը այն տեղն է, որտեղից ճանապարհ ես ընկնում: Մենք ծերանում ենք / և աշխարհը դառնում է ավելի անճանաչելի, բարդանում են ռիթմերը / կյանքի ու մահի…»,- կասեր Թ. Ս. Էլիոթը (Four Quartets, East Couker, 1943):
38 Չափազանց ուշագրավ է դրանց ցանկում տվյալ պետության «ժողովրդավարության» կամ «լեգիտիմության» հետ կապված տարատեսակ ցուցիչների բացակայությունը` այդքան սիրված ոչ վաղ անցյալում (տես, օրինակ, [1]):
39 Դրանք, ի դեպ, բոլորովին չէին կանխատեսում ոչ ԽՍՀՄ փլուզումը, ոչ տարբեր ազգերի ինքնորոշման կամքի նոր դրսևորումները, ոչ շատ պետություններում, և առաջին հերթին` հենց ԱՄՆ-ում, ազգային մտածելակերպի զարթոնքը:
40 Ընդգծումները մերն են – Ա.Մ.:
41 2007թ. Ֆորին Աֆեյրս-ի հուլիս/օգոստոսյան համարում, այն ժամանակ նախագահական ընտրությունների դեմոկրատական կուսակցության թեկնածու, Իլինոյս նահանգի կրտսեր սենատոր Բ.Օբաման, իր արտաքին քաղաքականությանը նվիրված ծրագրային հոդվածում գրում էր. «Ամերիկան այլևս չի կարող միայնակ դիմակայել նոր դարի մարտահրավերներին, բայց և աշխարհը չի կարող դիմակայել դրանց` առանց Ամերիկայի: Մենք ոչ կարող ենք փախչել աշխարհից, ոչ էլ կարող ենք ծնկի բերել այն» [12, p. 4]:
42 Երևույթը հայկական նորագույն քաղաքական պատմության համար նույնպես խորթ չէ: Եվ ընդհանրապես, դարաբաժանին ու անցած տասնամյակին բնորոշ այս շարժը դեպի ազգային և հանրապետական քաղաքական դաշտ խորքային կապեր ունի տարբեր երկրների պարագայում` Ֆրանսիա, թե Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, թե Բալթյան երկրներ, Վրաստան թե Հայաստան: Պատահական չէ նաև, որ Զ.Բժեզինսկու հայտնի «շախմատային» գիրքը հրատարակվեց հենց 1997թ.:
43 Որքան հիշում եմ, միակ բացառությունը, թերևս, ԱՄՆ մերժումն էր Իսրայելին սպառազինության որոշ տեսակների «յուրային-ախոյան» կոդերի տրամադրման և ԱՄՆ հետախուզական արբանյակների տեղեկատվական հոսքից on-line ռեժիմում օգտվելու հարցում:
44 1988թ. Հերիթըջ Ֆաունդեյշնում կարդացած 4-րդ դասախոսությունում Ռ.Քիրկը, բացի վերը բերված բառերից, նշում էր, որ «նեոկոնները» հաճախ խելոք են, բայց իմաստուն` հազվագյուտ [11, p. 5]: Լինելով XX դարի մեծագույն բանաստեղծներից մեկի` Թ.Ս. Էլիոթի վաղեմի ընկերն ու նրա պոեզիայի մեծ գիտակը՝ Քիրկը վերջիններիս է ուղղում Էլիոթի հայտնի հարցը. «Ո՞ւր է իմաստնությունը, որը կորցրինք գիտելիքի մեջ/Ո՞ւր է գիտելիքը, որը կորցրինք ինֆորմացիայի մեջ»: Հարց, որը կարելի է ուղղել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը (իմա` գլոբալացումը) աստվածացնող ՀԱԽ ծրագրերի որոշ փորձագետներին: Այն կարելի է ուղղել նաև մեր որոշ պետական այրերին, որոնք, չգիտես ինչու, նույնացնում են «բարձր տեխնոլոգիաները» համակարգչային հմտությունների, իսկ աշխատանքի արդյունավետության աճը` ինտերնետի արագության հետ:
45 Դժվար է այստեղ լավատես լինել. տե՛ս սույն բաժնի բնաբանը: Եվ Իսրայելի նկատմամբ ԱՄՆ նվիրման մասին այս մեջբերումը 2007թ. ՖԱ էջերում հաջորդաբար ծրագրային հոդվածներով հանդես եկող ԱՄՆ նախագահական բոլոր թեկնածուների համանման արտահայտություններից ամենամեղմն է: Հնարավոր լավատեսության ծիլերը թերևս գտնվում են այլ դաշտում: Դրանք կայանում են, օրինակ, նրանում, որ այս զարմանալի երկրում`ԱՄՆ-ում, կարող էր նկարահանվել և ցուցադրվել «Վերջին ընթրիք» (The Last Super, 1995թ.) զվարճալի ու ահասարսուռ ֆիլմը` ԱՄՆ հասարակության խմորումների այս հայելին, ուր հստակ կանխատեսված էր լիբերալ-դեմոկրատական իսթեբլիշմենթի այլասերումը: Ֆիլմում այս վերնախավի հավաքական ներկայացուցիչների կողմից կատարվող սպանությունների մոտիվացիոն հաջորդականությունը համարյա ամբողջովին համընկնում է ֆիլմից 18 տարի հետո հրատարակված ՀԱԽ «Գլոբալ միտումներ 2025» հաշվետվության հատուկ բաժինների ցանկին: Զարմանալի չէ, որ նաև այս ֆիլմի խորքում նորից ընկած են ապագայի կանխատեսման և «ժամանակի մեքենայի» մոտիվները:
46 Սույն տողերը գրվում էին մինչև 2009թ. Դավոսի հունվարյան ֆորումը և Պերես-Էրդողան հրապարակային ընդհարումը:
47 Հասկանալի է, որ Բուշ-կրտսերը Ֆ.Դ. Ռուզվելտը չէ, և 3-րդ նախագահության մասին խոսք գնալ չէր կարող:
48 Դրանց, ի թիվս այլոց, մասնակցում էին ԱՄՆ իշխանության բարձրագույն օղակների նախկին պաշտոնյաներ. ԱՄՆ ԿՀՎ նախկին երկու տնօրեն, ԱՄՆ Սպիտակ տան նախկին խոսնակ, ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի նախկին հրամանատար ու պաշտոնաթող ծովակալ և այլք (http://www.oilshockwave.org): Նավթային գործոնի հետ կապված ԱՄՆ/NATO մոդելավորում/կանխատեսումները վերջին 10-15 տարիներին միշտ էլ ակտիվ վիճակում էին` մանավանդ Կասպյան ավազանի և Կենտրոնական Ասիայի համար: Հիշենք միայն «Ռազմավարական հեռանկարներ» վերլուծական ուսումնասիրությունների շարքը, որը կազմակերպված էր ԱՄՆ Հետախուզության տնօրենի կողմից (DI’s Strategic Perspectives Series) հավանաբար 1997-98թթ. և, հավանական է, կրում էր «Tier» դասիչը, կամ 1999թ. «Ժնևյան խաղերը» (Geneva Game’ 99), որոնք հանդիսանում էին ԱՄՆ Ծովային ռազմուժի քոլեջի «Ռազմական միջազգային խաղեր» ծրագրի (US Naval War College International Game Series) բաղկացուցիչ մաս և իրականացվում էին NATO/Partnership for Peace ծրագրի 25 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սակայն նշված և այլ նմանատիպ ուսումնասիրությունները կրում էին գաղտնի բնույթ` դրանց որոշ արդյունքները մասնակիորեն գաղտնազերծվեցին միայն 2007թ. ապրիլին (տես վերը` ՀԱԽ 2015): Հակառակ դրան, «Oil Shockwave» խաղերը ի սկզբանե կրում էին բաց բնույթ և լայնորեն լուսաբանվում, եթե ոչ` քարոզվում էին զանգվածային լրատվամիջոցների կողմից: Այս հանգամանքն է, որ ստիպում է մեզ դիտարկել «Oil Shockwave» խաղերը և 1998-2000թթ. գաղտնի մոդելավորումների արդյունքների մասնակի գաղտնազերծումը 2007թ., որպես ԱՄՆ և միջազգային հասարակության առջև վերը նշված «նոր հիմնավորման» հիմնավորում: Այս առումով կարելի է պնդել, որ ԱՄՆ 2008թ. նախագահական ընտրարշավն իրականում մեկնարկեց 2007թ. ապրիլին: Ճիշտ այնպես, ինչպես «Վենոնայի» նյութերի գաղտնազերծումը և հրապարակումը 1998թ. նշանավորեցին դեմոկրատական կուսակցության ութամյա նախագահական գերիշխման մոտալուտ ավարտը:
49 «Ինչպես նեոկոնսերվատորները խեղաթյուրեցին Ռեյգանի հեղափոխությունը և փախցրին Բուշի նախագահությունը» խորագրով Բյուքենենի այս գրքի անվանման բառախաղը, ցավոք, անհնար է համարժեք թարգմանել հայերեն: Ռուսերենը տալիս է այս հնարավորությունը` «Где Правые оказались Неправы»: Բայց, չգիտես ինչու, գիրքը ռուսերեն հրատարակմամբ (М. АСТ, 2006) կոչվել էր «Правые и Неправые»:
50 Տես, օրինակ, «Նորավանք» ԳԿՀ «Հայաստան-Տարածաշրջան-Աշխարհ. թվեր և փաստեր» խորագրի հրատարակումները:
51 Հապավումներ: ORE - ԿՀՎ Հետազոտությունների և գնահատումների բաժին (ՀԳԲ, CIA Office of Research and Estimates); NARA – ԱՄՆ Ազգային արխիվի դասիչ` դասիչի վերջում նշվում է գաղտնազերծման տարեթիվը; NIE – Ազգային հետախուզական գնահատական, ԱՀԳ (National Intelligence Estimates); NIO IIM – ՀԱԽ Ազգային հետախուզության սպաների կողմից կազմված ԱՀԳ հարակից նյութեր (National Intelligence Officers', NIOs); NIC - ՀԱԽ; SNIE – Հատուկ ԱՀԳ (Special National Intelligence Estimates):
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ». ՓՈՐՁԱԳԵՏ[17.12.2018]
- ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ[05.11.2018]
- ՇՓՄԱՆ ԳԻԾ–ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ (05.10.18)[09.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[07.08.2018]
- ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[19.07.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[09.07.2018]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)[16.05.2018]
- ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[08.05.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ[09.04.2018]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԲԱՆԱԼԻՆ» ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Է. Ա.ՄԱՐՋԱՆՅԱՆ[26.02.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԵԳՄԵՆՏԸ[19.02.2018]