• am
  • ru
  • en
Версия для печати
16.06.2011

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Սեւակ Սարուխանյան

Այն բանից հետո, երբ մայիսի 1-ին Իրանի նախագահը 10-օրյա դադարից հետո վերադարձավ աշխատանքի եւ հայտարարեց, որ պետական մարմինները պետք է հետեւեն հոգեւոր իշխանությունների հաստատած ուղենիշներին, տպավորություն ստեղծվեց, որ Իրանի նախագահը հարթել է տարաձայնություններն Իրանի հոգեւոր դասի հետ եւ քաղաքական ճգնաժամն Իրանում աստիճանաբար կարգավորվում է։ Այս կարծիքի հաստատմանը նպաստեց նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարությունը, թե կառավարությունը թեեւ թույլ է տվել սխալներ, սակայն բոլորը պետք է իրենց քննադատությամբ ու խորհուրդներով աջակցեն նրան` ի բարօրություն իսլամական հանրապետության։ Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, քաղաքական պայքարն Իրանում դադարի նշույլներ չի ցուցաբերում։

Ներքաղաքական պայքարի ընթացքը

Հոգեւոր առաջնորդի` Ահմադինեժադին «աջակցելու» կոչը չդադարեցրեց երկու կարեւոր հականախագահական գործընթացներ` նախագահի պաշտոնանկության քննարկումը մեջլիսում եւ Մ.Ահմադինեժադի յուրայինների ձերբակալությունները։

Ինչպես եւ պլանավորված էր, մեջլիսը մայիսի 27-ին լսումներ անցկացրեց կառավարության հակասահմանադրական գործունեության մասին, որոնք, ինչպես ենթադրվում էր մայիսի սկզբին, կարող էին բերել նախագահի լիազորությունների դադարեցման որոշմանը։ Չնայած նման որոշում չընդունվեց, բայց մեջլիսը դրանից չհրաժարվեց եւ որոշեց կիրառել, պայմանականորեն ասած, «երկարատեւ գործընթացի» մարտավարությունը. պատգամավորները որոշեցին դիմել դատարան, որպեսզի այն քննարկի նախագահ Մ.Ահմադինեժադի` նավթի նախարարի պաշտոնը ստանձնելու մասին վերջինիս ստորագրած հրամանը։ Այն, որ հրամանն անօրինական է, ակնհայտ է, քանի որ ինքն իրեն նավթի նախարար նշանակած նախագահն իր որոշումը չի քննարկել ոչ հոգեւոր առաջնորդի, ոչ Պահապանների խորհրդի եւ ոչ էլ խորհրդարանի հետ։

Չնայած հունիսի 3-ին նախագահը թողեց նավթի նախարարի պաշտոնը` դատարանի գալիք որոշումը կարող է նախագահի պաշտոնանկության հիմք հանդիսանալ։ Սպասելով դատարանի որոշմանը` Իրանի խորհրդարանը սպասում է նաեւ նրան, թե հետագա ինչ ընթացք կունենան նախագահ-հոգեւոր իշխանություններ հարաբերությունները եւ կկարողանա՞ արդյոք Մ.Ահմադինեժադը որեւէ դիմադրություն ցույց տալ իր իսկ շրջապատի դեմ կազմակերպված արշավին (ինչն, այսօրվա դրությամբ, առավել քան կասկածելի է թվում` հաշվի առնելով այն լայնածավալ ձերբակալությունները, որոնք իրականացնում են Իրանի անվտանգության ծառայությունները)։

Համաձայն իրանական կայքերի հաղորդագրությունների` վերջին ամսվա ընթացքում ձերբակալվել են Մ.Ահմադինեժադի մի քանի տասնյակ թիմակիցներ, որոնց մեծ մասը մեղադրվում է հակաիսլամական գաղափարների տարածման, ինչպես նաեւ հակապետական գործունեության մեջ։ Ձերբակալված անձանց մեջ ամենաազդեցիկը նախագահի աշխատակազմի խորհրդական Կազեմ Կիափաշան է, այսպես կոչված «գորշ կարդինալը», մարդ, որը նախագահի եւ նրա աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշայիի հետ մշակում էր նախագահի քաղաքականությունը, անմիջական մասնակցություն ուներ երկրի կառավարման գործընթացին։ Տարբեր իրանական աղբյուրներ Կիափաշային անվանում են նախագահի «մտերիմն ու ընկերը», իսկ վերջին ամիսներին անգամ քննարկվում էր, որ Մ.Ահմադինեժադը պատրաստվում է Կիափաշային «նախագահ դարձնել»` հաշվի առնելով այն, որ Ռ.Մաշայիի դիրքերը հոգեւոր շրջանակներում առավել քան թույլ են։ Կիափաշայի ձերբակալությունը, ինչն այսօր արդեն հաստատված է նաեւ իրանական իշխանությունների կողմից, խաղից, փաստորեն, հանեց 2013 թվականին նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկին, ով կարող էր ստանալ գործող նախագահի աջակցությունը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, որը տարածվել է նաեւ մի շարք արեւմտյան լրատվամիջոցների կողմից, Կիափաշայի հետ ձերբակալվել է նաեւ նախագահին կից գործող Մշակութային խորհրդի նախագահ Հոջաթոլէսլամ Ա.Ամիրիֆարը։ Նշենք, որ եթե ձերբակալությունն, իրոք, տեղի է ունեցել, ապա դրա թույլտվությունը տրվել է հենց Ա.Խամենեիի կողմից, քանզի առանց նրա համաձայնության Հոջաթոլէսլամի` հոգեւոր առաջնորդի փաստացի ներկայացուցչի ձերբակալություն չի կարող իրականացվել։

Ներկայումս բաց է մնում այն կարեւոր հարցերից մեկը, թե արդյոք ձերբակալված է Ռ.Մաշային։ Նրա ձերբակալության մասին արդեն 3 շաբաթ է խոսվում է, եւ այն, որ նախագահի աշխատակազմի ղեկավարն անհասանելի է տանը եւ ընդհանրապես չի ներկայանում աշխատանքի, խթանում է նրա ձերբակալության մասին լուրերի տարածումը։

Այն, որ նախագահի բազմաթիվ յուրայիններ են ձերբակալված, անուղղակիորեն հաստատվում է նաեւ նախագահի կողմից։ Հունիսի 7-ին նախագահը, պատասխանելով լրագրողի` իր օգնականների ձերբակալության եւ «կախարդների» հետ վերջիններիս կապի մասին հարցին, ասաց. «Այդ մարդկանց, որոնց մասին խոսում եք, կարծես թե ձերբակալել են, ուրեմն թողեք, որ կառավարությունն իր գործը շարունակի։ Այժմ պետք է մեզ թույլ տրվի շարունակել մեր աշխատանքը, ծառայել ժողովրդին եւ կատարել մեր հեղափոխական նպատակները»։ Նախագահի նման պատասխանը կարող է տպավորություն ստեղծել, թե նա ամբողջովին զիջել է դիրքերը, ընդունել պարտվողական կեցվածք, սակայն լրագրողների հետ նույն հանդիպման ժամանակ նա պահպանողական եւ հոգեւոր շրջանների հետ իր հարաբերությունները բնութագրեց որպես «մենք 180 աստիճանով հեռու ենք իրարից. մենք հակառակ կողմերում ենք»։ Հարկ է նշել, որ նախագահի թիմակիցների ձերբակալություններն, ամենայն հավանականությամբ, նրա` Երեւան կատարելիք այցի հետաձգման հիմնական պատճառներից է. ըստ Fararu կայքի` նախագահին ուղեկցող երկու անձանց իշխանությունները վերջին պահին արգելել են լքել Թեհրանը, ինչի արդյունքում Մ.Ահմադինեժադը ստիպված է եղել հրաժարվել մեկնել երկրից: Այցը հետաձգվել է ֆորսմաժորային պայմաններում, եւ դա է վկայում նաեւ այն, որ իրանական պետական IRNA գործակալությունն այցի վերաբերյալ վերջին պաշտոնական հաղորդագրությունը տարածել է հունիսի 5-ին, ժամը 18։00-ին մոտ, այցից մի քանի ժամ առաջ։ Ակնհայտ է, որ այցը հետաձգվել է վերջին պահին, բացառված չէ նաեւ, որ հենց օդանավակայանում, որտեղ եւ, հավանաբար, նախագահի աշխատակիցներին թույլ չեն տվել լքել պետության տարածքը։

Հունիսի 5-ին, Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին բավական կոշտ նամակ է հղել նախագահին` պահանջելով այսուհետ հետեւել մեջլիսի որոշումներին` կապված նավթի նոր նախարարի նշանակման հետ։ Պետք է ընդգծել նաեւ, որ նախագահի` հունիսի 7-ի մամուլի ասուլիսը, որում նա հայտարարեց իր եւ հոգեւոր իշխանությունների տարաձայնությունների մասին, նախատեսված չէր ընթացակարգով (քանի որ նախագահն այդ ժամանակ պետք է գտնվեր Հայաստանում) եւ հապճեպ էր կազմակերպվել։ Ամենայն հավանականությամբ, դա հետեւանքն էր նույն այն գործընթացների, որոնք խափանեցին Մ.Ահմադինեժադի այցը Երեւան։ Նշենք, որ նախագահին մեղադրանքներ ներկայացրած Ա.Լարիջանին վերջին շրջանում ակտիվացրել է նաեւ իր արտաքին քաղաքական գործունեությունը. հենց նա, այլ ոչ թե նախագահը, պաշտոնական առաջարկ ներկայացրեց Ծոցի երկրներին` ձեւավորել համատեղ հակահրթիռային պաշտպանության համակարգ, եւ հենց Լարիջանին ՕՊԵԿ նիստից առաջ հայտարարեց, որ Իրանը դեմ է նավթի արդյունահանման ծավալների քվոտաների փոփոխությանը։ Այն, որ այս հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ նախագահ Ահմադինեժադը զբաղեցնում էր նավթի նախարարի պաշտոնը, ինչ-որ չափով խորհրդանշական է։

Ուշագրավ է նաեւ այն, որ Իրանի նախագահը, ամենայն հավանականությամբ, կորցրել է աջակցությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Համենայնդեպս, այդ մասին է խոսում Իրանի Փորձագետների համագումարի անդամ, այաթոլա Ա.Նամազիի հայտարարությունը, թե Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեիի հետ հանդիպման ժամանակ Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Մ.Ջաֆարին խնդրել է իրեն թույլ տալ ձերբակալել Ռ.Մաշայիին, ինչի հավանությունը, սակայն, չի ստացել։ Իսկ Պահապանների կորպուսում Խամենեիի ներկայացուցիչը` Մ.Զոլնուրը, հունիսի 8-ին հայտարարեց, որ կորպուսը պատրաստ է հարվածել հակապետական ուժերին, որոնք ուզում են «ոչնչացնել համակարգը` հենց օգտագործելով համակարգի տված հնարավորությունները»։ Ակնհայտ է, որ խոսքը իշխանության ղեկին գտնվող մարդկանց մասին է, որոնք էլ հենց ունակ են քայքայել համակարգը ներսից։

Հետագա զարգացումների մասին

Ամենայն հավանականությամբ, Իրանի հոգեւոր իշխանություններն ամեն կերպ խուսափում են նախագահին պաշտոնաթող անելուց, քանի որ դա կհանգեցնի նոր ընտրությունների, որոնց անցկացումը, արաբական հեղափոխությունների ալիքի ազդեցության պարագայում, կարող է ապակայունացնել իրավիճակը երկրում։ Սակայն առաջիկա ամիսներին հոգեւոր իշխանությունները կանեն ամեն ինչ նախագահի ձեռքից ազդեցության լծակները խլելու նպատակով` հարվածելով, առաջին հերթին, նրա թիմին կամ «կլանին», որի նշանակալից մասն Ահմադինեժադի հետ աշխատում եւ համագործակցում է վերջին 15 տարիների ընթացքում։ Նրանց մեծ մասը բարձր քաղաքական կարիերան սկսել է Իրանական Ադրբեջանում եւ Քուրդիստանում, այդ պատճառով նախագահի թիմը հաճախ պայմանականորեն անվանում են «արդաբիլյան կլան»։ Նրանց թվում են.

1. նախագահի աշխատակազմի ղեկավար Մաշային, որը Հեղափոխության պահապանների կորպուսի Քուրդիստան նահանգի ներկայացուցչության հիմնադիրն է, հետագայում նաեւ բարձր պաշտոն է զգաղեցրել կորպուսի Արդաբիլի հրամանատարությունում,

2. Քուրդիստանի նախկին նահանգապետ, ներկայումս` փոխնախագահ Մ.Ռահիմին, որին մեջլիսը մեղադրում է «կոռուպցիոն խմբի» («Ֆաթեմի խումբ»` Ֆաթեմի փողոցի անունով, որտեղ եւ գտնվում է փոխնախագահի գրասենյակը) պարագլուխ լինելու մեջ։ Նա համարվում է նախագահի «գանձապահը» եւ, ինչպես շատերն են գտնում, ղեկավարում է ողջ աշխատակազմի ֆինանսական հոսքերը,

3. Ալի Նիկզադը, որը ժամանակին եղել է Արդաբիլի նահանգապետը, 2009-ից ղեկավարում է քաղաքաշինության նախարարությունը, իսկ 2011-ի փետրվարի 7-ից Ահմադինեժադը նրան համատեղությամբ նշանակել է նաեւ տրանսպորտի նախարար։ Հենց Նիկզադին է պատկանում պետական կառույցները Թեհրանից դուրս բերելու եւ նոր քաղաք կառուցելու նախագիծը, որում հոգեւոր իշխանությունները տեսան կառավարության` Ղոմից անկախացման պոտենցիալ վտանգ,

4. առողջապահության եւ սոցիալական հարցերի, նախկինում` ներքին գործերի նախարար եւ Արեւմտյան Ադրբեջան նահանգի փոխնահանգապետ Ս.Մահսուլին, որը համարվում է ժամանակակից Իրանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` նրա ունեցվածքն անցնում է մի քանի միլիարդ դոլարը,

5. Նահատակների հիմնադրամի ղեկավար եւ նախագահի ազգական Մ.Զարիբաֆանը, որն անմիջականորեն աշխատում էր իրանա-իրաքյան պատերազմի վետերանների հետ, լուծում նրանց հուզող հարցերը եւ նրանց պոտենցիալ աջակցությունն ապահովում նախագահի համար։

Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, Իրանում պետք է սպասել պայքարի հենց վերը նշված անձնավորությունների դեմ, որին կմասնակցեն թե՛ հոգեւոր իշխանությունները, թե՛ իրանական մեջլիսը։ Թեեւ կանխատեսումներ անելն Իրանի դեպքում բավական անշնորհակալ գործ է, սակայն ուժերի այսօրվա դասավորությունը ենթադրում է, որ նախագահի թիմը պարտություն կկրի, ինչի արդյունքում Մ.Ահմադինեժադի նախագահության մնացած 2 տարիներին նախագահի հնարավորություններն ու փաստացի ազդեցությունը կլինեն սահմանափակ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր