• am
  • ru
  • en
Версия для печати
06.12.2010

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

Ս.Սարուխանյան՝ «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու

Վերջին շրջանում ռուս-իրանական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները նոր միջազգային իրավիճակ են ստեղծում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ, որի հիմնական բնորոշիչներից կարող է դառնալ Թեհրանի վերջնական մեկուսացումը։ Միևնույն ժամանակ, Իրանում արձանագրվում են նոր փոփոխություններ սոցիալ-տնտեսական ոլորտում, որոնք կարող են խաթարել երկրի քաղաքական կայունությունը։

Ռուս-իրանական հարաբերություններ

Սեպտեմբերի 22-ին հրապարակվեց Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի հրամանը «ՄԱԿ ԱԽ հունիսի 9-ի թ. 1929 բանաձևի կատարման մասին», համաձայն որի` ռուսական ընկերություններին և կառույցներին արգելվում է Իրանին մատակարարել C-300 հակահրթիռային միջոցներ, ինչպես նաև հարձակողական և պաշտպանական այլ սպառազինություն։ Չնայած C-300 հակահրթիռային միջոցների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռևս 2007-ին, Մոսկվան այդ հարցում չէր շտապում` հաշվի առնելով իսլամական հանրապետության շուրջ ստեղծված միջազգային բարդ իրավիճակը։ ՌԴ նախագահի հրամանագրից հետո պարզ դարձավ, որ սպառազինության մատակարարում Իրանին այլևս չի կայանա։

Թեհրանի արձագանքը Ռուսաստանի նախագահի հրամանագրին կոշտ չի կարելի անվանել։ Մինչև օրս Մոսկվայի որոշումը չեն մեկնաբանել ոչ Իրանի նախագահը, ոչ ԱԳՆ ղեկավարը։ Միակ կոշտ մեկնաբանությունը տվել է Իրանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Ա.Բորոնջերդին, որը խոստացել է դատի տալ Ռուսաստանին, եթե վերջինս չկատարի պարտավորությունները սպառազինությունների մատակարարման գծով։

Մոսկվան իրանական արձագանքին պատասխանում է` հիմք ընդունելով ռուս-իրանական պայմանագրի «Ֆորս-մաժորների մասին» բաժնում ամրագրված դրույթները, որոնցում ընդգծվում է, որ կողմերից մեկն առանց տույժերի կարող է չկատարել պարտավորությունները` չնախատեսված և օբյեկտիվ բնույթի դժվարությունների դեպքում։ Հենց նման դժվարություն է ներկայացնում ՄԱԿ ԱԽ բանաձևը, որն, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս.Լավրովի, «ֆորսմաժորային իրավիճակ» է ստեղծում։

Կարելի է ենթադրել, որ Թեհրանի դեռևս «մեղմ» արձագանքը Ռուսաստանի որոշմանը նպատակ ունի ավելի չբարդացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Վերջինս ակնհայտորեն ցույց է տալիս, որ դեմ չէ «զոհել» հարաբերությունները Թեհրանի հետ, եթե այդ քայլը կհանգեցնի Վաշինգտոնի հետ այլ ռազմավարական հարցերում փոխըմբռնման հաստատման։ Մոսկվայի դիրքորոշումը նաև պայմանավորված է նրանով, որ Թեհրանի հետ համագործակցությունը և Իրանի շահերի պաշտպանությունը միջազգային ատյաններում չեն ուժեղացրել Ռուսաստանի դիրքերն իսլամական հանրապետությունում. «Գազպրոմի», «ԼուկՕյլի», «Ռոսնեֆտի», «Բիլայնի» և ռուսական այլ ընկերությունների` Իրանում ներդրումներ կատարելու ջանքերը հանդիպել են իրանական իշխանությունների հակադարձմանը։ Այն ոլորտները, որոնցում իրանցիները բարյացակամություն են դրսևորել ռուսական ընկերությունների նկատմամբ, ռազմական և միջուկային համագործակցության ոլորտներն են, ինչը բխել է Թեհրանի շահերից։ Եվ Մոսկվայի հրաժարումը ռազմական ոլորտում համագործակցությունից հարված է առաջին հերթին Իրանին։

Հնարավոր է, որ Ռուսաստանի դիրքորոշման կոշտացումն Իրանի նկատմամբ ուղղակիորեն կապված է նաև իրանական միջուկային ծրագրի հետ, որը վերջին ամիսներին նոր թափ է ստացել։ Պաշտոնական Թեհրանն արդեն հայտարարել է, որ Նաթանզում շահագործվել է ուրանի հարստացման համար անհրաժեշտ ցենտրիֆուգների երկրորդ շարքը, ինչը ռազմական նպատակներով օգտագործվելու նշանակություն կարող է ունենալ։ Այս ամենն արվել է նաև Ռուսաստանի ղեկավարության բացասական դիրքորոշման պայմաններում։ Բացի դրանից, ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ա.Նեստերենկոն, Իրանն ընդհանրապես չի տեղեկացնում Ռուսաստանին իր հետագա քայլերի մասին։

Այս պարագայում Մոսկվայի զայրույթն Իրանի (ում շահերը վերջին տարիներին ՌԴ-ն պաշտպանել է գրեթե բոլոր միջազգային ատյաններում) քաղաքականության վերաբերյալ առավել քան հասկանալի է։ Մոսկվայի դիրքորոշման մեջ, հավանաբար, դեր է խաղացել նաև ԱՄՆ ժամանակավոր հրաժարումն Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումից։ Այս մասին են վկայում տարբեր աղբյուրներ, որոնք, բացի այդ, նշում են, թե Վաշինգտոնն Իսրայելին կարողացել է համոզել` զերծ մնալ Իրանին հարվածելուց։ Ինչպես նշում է Վ.Կորյակինը, հղում կատարելով «Ալ-Հայաթ» պարբերականին, նման առաքելությամբ էր օգոստոսի 24-ին Երուսաղեմ ժամանել ԱՄՆ օգնական և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հիմնական բանագնաց Դ.Ռոսը։ Այս պայմաններում Մոսկվան կարող է համոզված լինել, որ իր հարավային սահմաններում նոր պատերազմ չի սկսվելու, և այդ պատճառով սկսել է ավելի հստակ ճնշում գործադրել Իրանի վրա` գիտակցելով, որ այն չի օգտագործվի երրորդ պետությունների կողմից իրենց ռազմավարական հարցերը լուծելու համար։

Ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին պետք է սպասել Իրանի նկատմամբ միջազգային ճնշման ուժեղացման, ինչին Թեհրանը պատրաստվում է` այդ թվում թեթևացնելով կառավարության սոցիալ-տնտեսական բեռը, ինչի առաջին ազդանշաններից էին Իրանում սեպտեմբերին արձանագրված գնաճն ու դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը։

Ներքին իրավիճակն Իրանում

Ինչպես ցույց տվեցին 2010-ի ամռանն անցկացված ընդդիմադիր միջոցառումները, Իրանի ներքաղաքական կյանքում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ. անցած տարի Մուսավիի կողմից ձևավորված ընդդիմադիր շարժման գլխավոր դերակատար է դարձել նախագահի նախկին թեկնածու Մ.Քյարուբին։ Ի տարբերություն Մուսավիի` Քյարուբին այս ամռանը չվարանեց միանալ ցուցարարներին և մի քանի կոշտ հայտարարություններով հանդես գալ գործող նախագահի հասցեին, այդ թվում` անվանելով նրան «անօրինական նախագահ»։ Ամենայն հավանականությամբ, Մուսավիի անցած տարվա կեցվածքը, որով լրջորեն փորձ էր արվում ընդդիմությանը զերծ պահել հեղափոխական տրամադրություններից, զգալիորեն խաթարել է նրա դիրքերն ընդդիմադիր զանգվածի շրջանում։ Առաջիկա մեկ-երկու տարում պարզ կդառնա, թե Քյարուբին որքանով կարող է զբաղեցնել իրական առաջնորդի դերը և 2 տարի հետո իր շուրջ համախմբել ընդդիմադիր ուժերը` խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու համար։

Իրավիճակն ավելի բարդ է իշխող շրջանակներում, ինչն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նախագահ Մ.Ահմադինեժադի և հոգևոր առաջնորդ Ա.Խամենեիի վատթարացած հարաբերություններով։ Դրա մասին կարող են վկայել վերջին ամիսներին Մ.Ահմադինեժադի դեմ իրանական պետական լրատվամիջոցներում հրապարակվող վերլուծությունները, որոնցում կոշտ քննադատության է ենթարկվում գործող կառավարության տնտեսական քաղաքականությունը։ Այն մասին, որ Իրանի նախագահը սկսել է ավելի ակնհայտ գործել որպես հոգևոր իշխանություններից ազատ ուժի կենտրոն, վկայում է Մ.Ահմադինեժադի կողմից իր ազգականին` Ռ.Մաշայիին իշխանություն վերադարձնելը։ Հիշեցնենք, որ Մաշային անցած տարի նշանակվել էր Իրանի փոխնախագահ, սակայն հոգևոր առաջնորդ Ա.Խամենեին ստիպել էր նախագահին Մաշայիին հեռացնել պաշտոնից, քանի որ նրա նկատմամբ ակնհայտ բացասական վերաբերմունք ունի հոգևոր ընտրանու մեծ մասը, բացի այդ, Իրանի նախագահի ազգականը լրջորեն կասկածվում է կոռումպացված լինելու մեջ։ Այս տարի, չնայած ընտրանու բացասական վերաբերմունքին, Ահմադինեժադը Մաշայիին նշանակեց իր աշխատակազմի ղեկավար` հատուկ հրամանով ավելացնելով նրա պարտականությունները մինչև փոխնախագահի աստիճանի։

Սակայն հոգևոր ընտրանու հիմնական քննադատության առարկան նախագահի վարչական բարեփոխումների ծրագիրն է։ Դրա համաձայն` 144 պետական մարմիններ և ընկերություններ պետք է դուրս բերվեն Թեհրանից և տեղափոխվեն այլ շրջաններ։ Ենթադրվում է, որ դրա արդյունքում կխթանվի շրջանների զարգացումը, իսկ Թեհրանի բնակչությունը կպակասի շուրջ կես միլիոնով։ Սակայն նախագահի քաղաքականության քննադատներն այս ծրագրում այլ նպատակ են տեսնում. նախագահը, որը նույնպես պատրաստվում է տեղափոխվել Թեհրանից դուրս, նպատակ ունի իր շուրջը կենտրոնացնել ողջ վարչական կառույցները և դրա միջոցով ավելի վերահսկելի դարձնել գործընթացները երկրում։ Խոսքը, փաստորեն, երկրորդ Ղումի ստեղծման մասին է, որտեղ կենտրոնանալու են Իրանի աշխարհիկ իշխանությունները, որոնց վերահսկելու է նախագահը, այլ ոչ թե հոգևոր առաջնորդը։ Ակնհայտ է, որ «հին ընտրանուն» այս ծրագիրը չի կարող դուր գալ, և նա իր կողմից դեռևս վերահսկվող լրատվամիջոցներով կոշտ քննադատության է ենթարկում նախագահի ծրագիրը։

Բազմաթիվ քննադատությունների առարկա է դարձել նաև Ահմադինեժադի տնտեսական քաղաքականությունը։ Մարտին նրա` խորհրդարան ներկայացրած տարեկան բյուջեն ենթադրում էր հրաժարում կայուն ձևով բնակչությանը հատկացվող սուբսիդիաներից։ Սուբսիդավորումն Իրանի կառավարության վրա տարեկան շուրջ 30 մլրդ ԱՄՆ դոլար է նստում. սուբսիդավորվում են բենզինի, գազի, ջրի և էլեկտրաէներգիայի գները։ Չնայած Իրանի խորհրդարանը դրականորեն էր արձագանքել նախագծին, սակայն ոչ ոք չէր սպասում, որ նախագահը սուբսիդավորումը կվերացնի միանգամից։ Սեպտեմբերի վերջին էլեկտրաէներգիայի և գազի գների վճարման համար հատկացված կտրոնները սոցիալական շոկ առաջացրին բնակչության շրջանում։ Պարզվեց, օրինակ, որ էլեկտրաէներգիայի գինն ավելացել է 8, գազինը` 3 անգամ։ Բնակչության բողոքը միանգամից տեղափոխվեց խորհրդարան, որտեղ նախագահի քաղաքականության նկատմամբ ընդվզման նոր ալիք բարձրացավ։ Ինչ վերաբերում է Մ.Ահմադինեժադին, ապա նա արձագանքեց հետևյալ կերպ. սա է արդիականացման համար անհրաժեշտ գումարների հայթայթման ճանապարհը, և մենք պետք է այն վճարենք։

Արդեն սեպտեմբերի վերջին նոր հարված հասցվեց Իրանի մակրոտնտեսական անվտանգությանը. Իրանի կենտրոնական բանկը հայտարարեց, որ դադարում է ֆինանսավորել իրանական ռիալի կայունությունը, ինչը բերեց դոլարի 20 տոկոսանոց արժևորման։ Չնայած նախագահը սրա համար ևս քննադատվեց, սակայն այս քայլը գուցե արդարացված է նրանով, որ Իրանը պատժամիջոցների պայմաններում ստիպված է խնայել իր արտարժութային պահուստները, որոնք կարող են անհրաժեշտ լինել իսլամական հանրապետության արտաքին առևտրի ծավալները պահպանելու համար։

Հաշվի առնելով վերը նշվածը` պետք է փաստել, որ քաղաքական կյանքն Իրանում հետագա ակտիվացման հնարավորություն ունի։ Դրա հիմնական գործող կողմերն են լինելու Իրանի նախագահի և «հին ընտրանու» շուրջ կենտրոնացած ուժերը. առաջինները փորձելու են ամրապնդել, վերջինները` պահպանել իրենց դիրքերը:

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 6

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր