
ԻՐԱՆԸ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Սեւակ ՍարուխանյանՀունիսի 10-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման վերաբերյալ 1929 բանաձեւը։ ԱԽ անդամ 15 պետություններից 12-ը կողմ քվեարկեցին բանաձեւին, Թուրքիան եւ Բրազիլիան` դեմ, իսկ Լիբանանը ձեռնպահ մնաց։ Չնայած այն տեղեկատվական ֆոնին, որը ստեղծվել էր ԱԽ-ում Իրանի հարցի քննարկման շուրջ, ընդունված բուն պատժամիջոցները կոշտ անվանել չի կարելի։
Պատժամիջոցները
1929 բանաձեւն իր հիմնական մասերով ընդհանուր առմամբ.
ա) սահմանափակում է միջազգային շուկայում մի շարք իրանական ձեռնարկությունների գործունեությունը, որոնց թվում են Իրանի միջուկային ծրագրի իրականացման աշխատանքներին ընդգրկված եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ անմիջական կապ ունեցող հաստատություններ,
բ) ՄԱԿ անդամ պետությունների տարածքներում գրանցված բանկերին կոչ է անում սահմանափակել գործառնությունն իրանական մի շարք ֆինանսական հաստատությունների հետ, որոնց թվում է «Առաջին Արեւելյան PLC բանկը», որը կասկածվում է մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլար իրանական միջուկային ծրագրի բաղադրիչների ձեռքբերմանն ուղղելու մեջ,
գ) ՄԱԿ-ը իրավունք է ստանում վերահսկել երեք իրանական նավագնաց ընկերությունների նավերը եւ իրականացնել դրանց ստուգումը ցանկացած պահի, երբ կասկած կա, որ դրանք կատարում են ապօրինի զինամթերքի կամ երկակի նշանակության տեխնիկայի տեղափոխում։
Ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են մտցվել իրանական 37 ձեռնարկության եւ ընկերության նկատմամբ։
Այստեղ ուշադրության է արժանի այն, որ այս ընկերություններից եւ բանկերից ոչ մեկն իրանական տնտեսության «գայլերից» չէ։ Նրանց գործունեությունը հիմնականում սահմանափակվում է ռազմական արդյունաբերության եւ միջուկային ծրագրի սպասարկմամբ։ Այսպիսով, դրանց դեմ պատժամիջոցների կիրառումը կարող է վնաս հասցնել Իրանի ռազմարդյունաբերությանը, սակայն լուրջ ազդեցություն երկրի մակրոտնտեսական եւ սոցիալական իրավիճակի վրա չի կարող ունենալ։
Միեւնույն ժամանակ, պատժամիջոցները, որոնք կիրառվել են սպեցիֆիկ գործառույթներ իրականացնող ընկերությունների նկատմամբ, ոչ մի կերպ չեն ազդում Իրանի արտաքին առեւտրական կապերի վրա. արտասահմանյան պետությունների հետ համագործակցության ողջ ծավալը Իրանը կպահպանի անգամ կոշտ անվանվող այս պատժամիջոցներից հետո։ Բանաձեւը ոչ մի կերպ չի անդրադառնում Թեհրանի հիմնական շահույթի աղբյուրի` նավթային ոլորտի վրա։ Այս պայմաններում ասել, թե պատժամիջոցներն Իրանի դեմ լուրջ են, չի կարելի, չնայած միջազգային քաղաքական եւ տեղեկատվական հանրությունը փորձեց դրանք այդպիսին ներկայացնել։
Իրանի պատասխանը
Հաշվի առնելով վերը նշվածը` Իրանի արձագանքը 1929 բանաձեւին ձեւով բավական կոշտ էր, բովանդակությամբ` հանգիստ։ Պատժամիջոցների ընդունումից կես ժամ հետո Իրանի ԱԳ նախարար Մ.Մոթաքին հայտարարեց, որ ընդունված որոշումը «Արեւմուտքի պարտությունն է եւ Իրանի ճշմարտացիության վկայումը»։ Նա նշեց նաեւ, որ «բանաձեւի ընդունումից հետո Իրանը չի սահմանափակելու որեւէ գործունեություն միջուկային էներգետիկայի ոլորտում. բոլոր աշխատանքները շարունակվելու են նոր թափով եւ եռանդով»։
Գրեթե նույն արտահայտություններով պատժամիջոցների վերաբերյալ մեկ օր հետո հանդես եկավ Իրանի նախագահը, որն ավելացրեց միայն, որ «որոշ պետություններ, պաշտպանելով այս բանաձեւը, ցույց տվեցին իրենց թուլությունը»։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի մասին է, որի հետ, այնուամենայնիվ, հունիսի երկրորդ կեսից Իրանը սկսեց վերականգնել խաթարված հարաբերությունները։ Հուլիսի 4-ին Իրանի նախագահը Բոնաբում հանքարդյունաբերական գործարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ քննադատությամբ հանդես եկավ Արեւմուտքի դեմ` ասելով, որ միայն Արեւմուտքն է մեղավոր բանաձեւի ընդունման մեջ, սակայն պատժամիջոցներ կիրառելով «նրանք փորձում են խուսափել իրենց մահացու վախճանից»։
Իրանական պատասխանի առումով` հետաքրքրական է նաեւ հունիսի 4-ին չինական «Սինհուա» լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը, ըստ որի` Իրանի Կենտրոնական բանկը սկսել է 45 մլրդ եվրո վաճառել իր պահուստներից եւ դրա փոխարեն ոսկի ու դոլար գնել։ Այս տեղեկությունը հերթական հարված կարող էր հասցնել եվրոյին, եթե իրանական կողմը չարձագանքեր, թե «տեղեկությունը տվյալ պահին չի համապատասխանում իրականությանը»։
«Տվյալ պահին» արտահայտությունը ցույց է տալիս, որ Թեհրանը պատրաստ է գնալ եվրոյին լուրջ հարված հասցնելուն, սակայն դեռեւս որոշում չունի այս հարցում։ Իսկ այդ որոշման չընդունման գինը, ամենայն հավանականությամբ, ԵՄ-ի կողմից ամերիկյան միակողմանի պատժամիջոցների պաշտպանությունից հրաժարվելն է։ Իրանը շահագրգռված չէ, որպեսզի եվրոպական երկրները պաշտպանեն 1929 բանաձեւից գրեթե անմիջապես հետո ԱՄՆ նախագահի հայտարարած եւ հուլիսին ԱՄՆ Կոնգրեսի հավանությանն արժանացած միակողմանի նոր պատժամիջոցներն Իրանի դեմ։ Իրանի ԱԳ նախարար Մ.Մոթաքին ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարներին ուղղված 10 էջանոց նամակում խնդրում եւ միաժամանակ զգուշացնում է. «Պետք չէ ընդունել ոչ ռացիոնալ որոշումներ, որոնք կարող են մահացու հարված հասցնել ԻԻՀ-ԵՄ հարաբերություններին»։ Նշենք, որ այս տարվա առաջին կեսին հիմնականում եվրոպական շուկաներում ակտիվ գործունեության շնորհիվ Իրանի ոչ նավթային արտահանումն ավելացել է 30 տոկոսով։ Իրանն ամեն կերպ փորձելու է ԵՄ-ը հետ պահել նոր պատժամիջոցների կիրառումից։
ԵՄ եւ ԱՄՆ ընդհանուր «իրանական քաղաքականության» տրոհումն այսօր Թեհրանի համար կարեւոր նշանակություն ունի։
Մյուս կողմից, բավական լուրջ մտորումների տեղիք է տալիս այն, որ Իրանի կողմից եվրոյի վաճառքի մասին տեղեկությունը տարածել է չինական խոշորագույն տեղեկատվական գործակալությունը, ինչը, հնարավոր է, խոսում է այս տեղեկատվական գործողության համատեղ` իրանա-չինական լինելու մասին։
Իրանի տարածաշրջանային ակտիվացումը
Չնայած Իրանի լրատվական դաշտում միջուկային ծրագիրը վերջին տարիներին ամենաշատ քննարկվող թեման է եղել, վերջին մեկ ամսվա ընթացքում այն տեղը զիջել է տարածաշրջանային լուրերին եւ տարածաշրջանային զարգացումներին նվիրված վերլուծություններին, որոնցից կենտրոնականները նվիրված են Իրաքին եւ Աֆղանստանին։ Այս երկու պետություններում ընթացող գործընթացները դարձել են նաեւ կարեւոր ներիրանական գործոններ, քանի որ Իրանի քաղաքական եւ հոգեւոր գործիչները գրեթե ամեն օր հայտարարություններ են անում Իրաքում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս երեւույթը բավական ուշագրավ է, քանի որ Իրանի միջուկային ծրագիրը հանգեցրել է Թեհրանի դեմ համեմատաբար լուրջ պատժամիջոցների կիրառմանը, ԱՄՆ եւ ԵՄ ղեկավարները գրեթե ամեն օր հայտարարություններ են անում իրանական հիմնախնդրի վերաբերյալ, իսկ իրանական քաղաքական գործընթացներում ամենաակտիվ քննարկվող հարցերը վերաբերում են ոչ թե միջուկային ծրագրին, այլ Իրաքին ու Աֆղանստանին։
Այս երկու պետություններում տիրող իրավիճակի վերաբերյալ իրանական հայտարարությունների վերլուծությունն առաջին իսկ հայացքից ցույց է տալիս, որ դրանք, ամենայն հավանականությամբ, մաս են կազմում մի ռազմավարության, որի նպատակն է Իրաքն ու Աֆղանստանն ավելի մեծ «գլխացավանք» դարձնել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համար։ Իրանը սկսել է ավելի հստակորեն ապակայունացնել իրավիճակն Իրաքում, ինչի դրսեւորումներից է այս երկրում շարունակվող խորհրդարանական ճգնաժամը, որն արդյունք է հիմնականում «թեհրանամետ» շիական խմբերի կողմից «մեծ կոալիցիայի» ստեղծման դեմ տարվող աշխատանքների։
Ամենայն հավանականությամբ, Թեհրանում եկել են որոշման, որ միջուկային ծրագրում «հետդարձ» էլ չի լինելու, ինչը բերելու է հերթական բանակցությունների տապալմանը եւ նոր պատժամիջոցների։ Արդյունքում` նաեւ ռազմական հարվածների, ինչի հակազդեցությամբ Իրանն ակտիվ զբաղվում է Իրաքում եւ Աֆղանստանում։ Ապակայունացնելով իրադրությունն այս երկու երկրներում` Իրանը ոչ միայն նոր լծակներ է ձեռք բերում տարածաշրջանային զարգացումներում, այլ նաեւ «կապում» է իր դեմ ռազմական հարվածի պոտենցիալ իրականացնող Միացյալ Նահանգների ձեռքերը։
Հարկ է ավելացնել, որ Թեհրանը սկսել է ավելի ակտիվ գործել նաեւ Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում։ Հայ-ադրբեջանական հակամարտության եւ ղրղզական ճգնաժամի վերաբերյալ իրանական կողմը բավական շատ է խոսում վերջին շրջանում, անում իրարամերժ հայտարարություններ եւ ցույց տալիս, որ այստեղ նույնպես Իրանն ունի իր շահը, որի պահպանմանը հետամուտ է լինելու ամեն կերպ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]