• am
  • ru
  • en
Версия для печати
18.03.2010

ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան

Զարգացումներն Իրանի շուրջ անմիջականորեն կապված են իսլամական հանրապետության հարևանությամբ կատարվող գործընթացների հետ, որոնցից Թեհրանի համար կարևոր նշանակություն ունեն զարգացումներն Իրաքում և Աֆղանստանում։ Հոդվածում անդրադարձ է կատարվում Իրանի տարածաշրջանային քաղաքականության որոշ հիմնախնդիրներին։

Իրանը վերջին տարիներին տարածաշրջանում ունեցած դիրքերը բավական հաջող օգտագործել է գլոբալ հարթությունում սեփական դիրքերը պաշտպանելու համար։ Իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանը Մերձավոր և Միջին Արևելքում ստեղծել է իրեն ենթակա կրոնական և քաղաքական մի շարք կազմակերպություններ, որոնց գործունեության հիմնական նպատակներից է իրանական շահերի պաշտպանությունը։ Դրանցից ամենաուժեղն ու ազդեցիկը լիբանանյան «Հիզբալլահ» ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը ստեղծվել է իրանական իշխանությունների ակտիվ մասնակցությամբ։

Վերջին տարիների հիմնական հաջողություններից կարելի է համարել Իրանի դիրքերի ամրապնդումն այնպիսի կազմակերպություններում, որոնք նախկինում հիմնականում ղեկավարվել և ֆինանսապես սնվել են արաբական աշխարհի պետությունների կողմից։ Պաղեստինյան «Համաս» կազմակերպությունը, որը նախկինում հիմնականում կապված էր սիրիական և սաուդյան իշխանությունների հետ, այսօր հիմնական աջակցությունն ստանում է Իրանից, որի ազդեցությունը «Համասի» վրա, ըստ որոշ իսրայելական վերլուծաբանների, դարձել է որոշիչ։

Իրանի ակտիվացումը տարածաշրջանում անմիջականորեն կապված է երկու հնարավոր սցենարների հետ, որոնք կարող են տեղ գտնել Միջին Արևելքում.

  1. Իրանի միջուկային ծրագիրը կարող է հանգեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունների Իսրայելի և/կամ Միացյալ Նահանգների կողմից։ Ուժեղացնելով դիրքերը Վաշինգտոնի և Թել Ավիվի դեմ պայքարող ուժերի շրջանակներում՝ Իրանը փորձում է հնարավոր հակառակորդներին ստիպել հրաժարվել հնարավոր բախումից, քանի որ այն բախման կհանգեցնի գրեթե ողջ տարածաշրջանում գործող Իրանի դաշնակիցների հետ նույնպես։ Իսկ եթե բախումը տեղի ունենա, Իրանն իր դաշնակիցների օգնությամբ հակամարտությունը կտարածի ողջ տարածաշրջանում։
  2. Եթե Իրանը խուսափի ռազմական բախումից և հաջողությամբ ավարտին հասցնի միջուկային ծրագիրը, կդառնա տարածաշրջանային ամենաազդեցիկ տերությունը, որը ձգտելու է նաև գերիշխանության։ Այս պայմաններում արաբական աշխարհում, որտեղ Իրանն ընդամենը մեկ դաշնակից պետություն ունի` Սիրիան, Թեհրանը սկսելու է պայքարել գերիշխանություն հաստատելու ուղղությամբ։ Այս պայքարում օգտագործվելու են հենց այն կազմակերպությունները, որոնք այսօր ֆինանսական և ռազմական օժանդակություն են ստանում Իրանի կողմից։

Վերը նշված սցենարները հիմնականում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների համար են։ Իսկ այսօր տարածաշրջանային զարգացումներից Իրանի համար ամենակարևորներն են իրավիճակն ու գործընթացներն Աֆղանստանում և Իրաքում. այս երկու պետություններում առկա են թե՛ քաղաքացիական պատերազմներ, թե՛ արտասահմանյան ռազմական ներկայություն և թե՛ հնարավոր ապակայունացնող վտանգ Իրանի համար։ Այս տեսանկյունից հարաբերություններն Իրաքի և Աֆղանստանի հետ Թեհրանի համար առաջնային նշանակություն ունեն։

Իրանա-իրաքյան նոր «պատերազմ»

ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո պարզ դարձավ, որ ամերիկյան զորքերը հեռանալու են Իրաքից։ Այդ պահից, գուցե, Իրանի համար առաջացավ Իրաքի հետ կապված խնդիրը. ինչպե՞ս է Թեհրանն աշխատելու համեմատաբար անկախացած իրաքյան իշխանությունների հետ։ Հարցի կարևորությունը պայմանավորված է նաև նրանով, որ Թեհրանը վերջին տարիներին կարողացել է նպաստել Իրաքի ապակայունացմանը, քանզի այն համարել է անմիջական հարված ամերիկյան դիրքերին, սակայն մյուս կողմից նպաստել է Իրաքի միասնականության պահպանմանը։ Այս գործում Թեհրանն ակտիվորեն աշխատել է Անկարայի հետ, քանի որ թե՛ Թուրքիային, թե՛ Իրանին ձեռնտու չէ անկախ քրդական պետության կազմավորումն իրենց անմիջական սահմաններին։

Այսօր Իրանն ստիպված է մշակել նոր «իրաքյան» քաղաքականություն, որում ամերիկյան գործոնի դերն այնքան նշանակալի չի լինելու, ինչպես նախկինում։ Փոխվել է նաև քաղաքական իրադրությունը բուն Բաղդադում, որտեղ տեղի իշխանությունները սկսել են իրենց ավելի վստահ զգալ։ 2009-ի վերջին ամսվա ընթացքում Իրանի քայլերն իրաքյան ուղղությամբ ցույց տվեցին, որ Թեհրանը հետևողականորեն պաշտպանելու է սեփական դիրքերը և շահերն Իրաքում՝ օգտագործելով նաև ռազմական միջամտության հնարավորությունները։

2009թ. դեկտեմբերի 18-ին իրանական South Oil Co. ընկերությունը բանակային զորամիավորման ուղեկցությամբ ներխուժեց Իրաքի տարածք և զավթեց իրաքյան Էլ-Ֆաքքա նավթավայրի 4-րդ հատվածը՝ հայտարարելով այն Իրանի սեփականություն։ Հատկանշական է Իրաքի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այս առնչությամբ, որում նա փաստացի ընդունեց, որ հարաբերություններն Իրանի հետ բավական լարված են. «Մենք շատ խնդիրներ ունենք իրանցիների հետ, դրանց մի մասն առաջացել է դեռ 2003-ին։ Մենք խնդիրներ ունենք սահմանների, ջրային ռեսուրսների հետ կապված։ «Իրանական գործը» ամենածավալունն է մեր նախարարությունում»։ Չնայած իրանցիները տարեսկզբին լքեցին իրաքյան հանքավայրը, բայց իրենց քայլը բնութագրեցին որպես «բարի կամքի դրսևորում»։ Նշենք, որ վերը նշված հանքավայրի հանդեպ Թեհրանը երբևէ մինչ այդ հավակնություններ չի ունեցել։

Իրանի քաղաքականությունն Իրաքում նաև պայմանավորված է նրանով, որ Իրաքի իշխանությունները, գիտակցելով ամերիկացիների հեռանալուց հետո ստեղծվելիք տնտեսական ազատության գինը, որը գոյանալու է նավթի արտահանման հսկայական ծավալներից, ցանկանում են ազատվել Իրանի «բարեկամությունից»։ Այս քաղաքականության շրջանակներում իրանական ընկերություններն սկսել են դուրս մղվել Իրաքից, ինչի դրսևորումներից է 2009-ի նոյեմբերին իրանական երկու ընկերությունների հետ կնքված մոտ 5 մլրդ ԱՄՆ դոլար արժողության պայմանագրերի վերանայումն Իրաքի իշխանությունների կողմից` հօգուտ սաուդյան և քուվեյթյան ընկերությունների։ Բացի այդ, Բաղդադն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է հաջորդ տարվանից հրաժարվել էլեկտրաէներգիա ներկրել Իրանից՝ փոխարինելով այն սաուդյան էլեկտրաէներգիայով։

Իրաքյան քաղաքականությունն Իրանի նկատմամբ երկարաժամկետ կտրվածքով ավելի է կոշտանալու։ Սա բերելու է Թեհրանի հակազդեցությանը, այդ թվում նաև իր դաշնակից կազմակերպությունների և խմբերի կողմից քաղաքական ապակայունացման տարածման միջոցով։ Այստեղ հարկ է նշել նաև, որ Թեհրանն ակտիվացրել է կապերը Իրաքի քրդերի հետ։ 2009-ի դեկտեմբերին Իրանի նախագահի հրավերով Թեհրան է ժամանել Հյուսիսային Իրաքի քրդական կառավարության վարչապետ Բարհամ Սալեհը, որը բանակցություններ է վարել նախագահ Ահմադինեժադի, ԱԳՆ ղեկավար Մ.Մոթաքիի և նախկին նախագահ Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանիի հետ։ Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, իսկ Իրանը պարտավորվել է աջակցել քրդական իշխանություններին Հյուսիսային Իրաքի զարգացման գործում։

Իրան-Աֆղանստան

Աֆղանստանյան զարգացումներն Իրանի համար նույնպես բավական կարևոր նշանակություն ունեն։ 2009-ի երկրորդ կեսին Վաշինգտոնն ի ցույց դրեց աֆղանական հիմնախնդրի կարգավորման հարցում առաջին հերթին Պակիստանի հետ համագործակցելու մտադրությունը։ ԱՄՆ պաշտպանության նախարարի նոյեմբերյան հայտարարության մեջ ասվում էր, որ Պակիստանն ԱՄՆ հիմնական դաշնակիցն է աֆղանական հարցի կարգավորման գործում, իսկ «Վաշինգտոնը, չնայած շրջանառվող լուրերին, հարգում է Պակիստանի անկախությունը և նպատակ չունի վերահսկում հաստատել նրա միջուկային արսենալի վրա»։

Ամերիկա-պակիստանյան կապերի խորացումն անհանգստացրել է Իրանին, քանի որ Իսլամաբադի քաղաքականությունն Աֆղանստանում մշտապես ուղղված է եղել իրանական դիրքերի թուլացմանը, իսկ բուն Պակիստանում վերջին տարիներին տարվում է տեղի շիա համայնքի ակտիվ ճնշման և երկրից դուրսմղման քաղաքականություն։ Կտրուկ ավելացել են ահաբեկչության դեպքերը տեղի շիաների նկատմամբ, որոնց թվաքանակը երկրում, ըստ որոշ տվյալների, վերջին 10 տարիներին 18 տոկոսից նվազել է 12-ի։

ԱՄՆ ներկայիս վարչակազմի ակտիվ համագործակցությունը Պակիստանի հետ անհանգստացնում է ոչ միայն Իրանին, այլև ամերիկյան պահպանողականներին։ 2010-ին սենատոր և նախագահական վերջին ընտրությունների մասնակից Ջ.Մաքքեյնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պարտավոր է «ավելի կոշտ քայլեր իրականացնել Պակիստանում տեղակայված թալիբների նկատմամբ, քանի որ պաշտոնական Իսլամաբադը նման քայլեր կամ չի կարող, կամ էլ չի ուզում կատարել»։ Նշենք նաև, որ աֆղանական զարգացումներում Իրանի կարևոր դերի և Թեհրանի հետ համագործակցության օգտին են հանդես գալիս նաև ամերիկյան գեներալները, այդ թվում՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Դ.Փեթրեուսը, որը դեռ 2009-ի սկզբին ասում էր, որ աֆղանական հարցի լուծման գործում Իրանի հետ համագործակցության նշանակությունն ամենակարևորն է, և «գուցե անհրաժեշտ է մի կողմ թողնել այլ խնդիրներում ունեցած տարաձայնությունները»։ Այս կարծիքին են նաև Աֆղանստանում ռազմական ներկայություն ունեցող Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները, որոնք Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ա.Շոկենհոֆի ղեկավարությամբ պատրաստած զեկույցում նշում են, որ «աֆղանական հարցի լուծման համար կարևորագույնը Վաշինգտոնի և Թեհրանի համագործակցությունն է»։

Սակայն բուն Աֆղանստանի փուշտուն բնակչությունը և քաղաքական ուժերը դեմ են Իրանի մասնակցությանը երկրում ընթացող գործընթացներին, քանի որ դրանում տաջիկական և շիական ուժերի դիրքերի ամրապնդման հնարավորություն են տեսնում։ Ինչպես նշում է հայտնի լրագրող և հետազոտող Բ.Ռուբինը, ով երկար ժամանակ աշխատել է Աֆղանստանում, տեղի հիմնական բնակչությունը տեսնում է, որ Իրանն Աֆղանստանում անկողմնակալ չէ։ Դրա վառ օրինակն այն է, որ այսօր ամենաունևոր և ապահովված աֆղանները շիաներն են, «որոնք 2001-ից սկսած` հսկայական ֆինանսական աջակցություն են ստանում Իրանից»։ Աֆղանստանում դիրքերի ամրապնդման նպատակով Իրանը Քաբուլին առաջարկել է ֆինանսավորել երկու երկրներն իրար կապող Հերաք-Խաթ երկաթգծի շինարարությունը, որի արժեքն է 500 մլն ԱՄՆ դոլար։ Չնայած ծրագրի հեռանկարայնությանը, աֆղանական կենտրոնական իշխանությունները հրաժարվում են հաստատել շինարարության նախագիծը։

Վերջին շրջանում Իրանն սկսել է ակտիվորեն քննադատել ԱՄՆ աֆղանական քաղաքականությունը, ինչը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ աֆղանական հարցում իրանա-ամերիկյան համագործակցության` դեռևս 2001-ից գործող ձևաչափը սկսել է լուրջ ճեղքեր տալ։

Ամփոփելով կարելի է ասել, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը, որի հիմնական ուղղություններն են աֆղանականն ու իրաքյանը, սկսել է վերափոխվել։ Իրանը պատրաստվում է հնարավոր բախման ԱՄՆ-ի հետ, ուժեղացնում է դիրքերը տարածաշրջանում, ինչը, բախումից խուսափելու դեպքում, կարող է օգտագործվել Իրանի՝ տարածաշրջանային գերտերության վերածվելու գործում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր