ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՆՈՒՄ
Հունիսի 12-ին Իրանում կայացան հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում նախագահի պաշտոնում վերընտրվեց Մ.Ահմադինեժադը: Հոդվածում անդրադարձ է կատարվում նախընտրական եւ հետընտրական գործընթացներին, փորձ է արվում մատնանշել այն հիմնական զարգացումները, որոնք կարող են տեղ գտնել Իրանում:
Նախընտրական պայքարը
Հունիսի 12-ին նախորդած ընտրապայքարն Իրանում աչքի ընկավ որոշ առանձնահատկություններով: Դրանցից, գուցե, ամենակարեւորն այն էր, որ Իրանի ներքին քաղաքականություն «վերադարձան» բարեփոխիչները: Վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում էր պահպանողականների տարբեր թեւերի միջեւ, իսկ բարեփոխիչների հիմնական քաղաքական նպատակն էր դարձել պետական կառավարման համակարգում սեփական մասնակցությունը պահպանելը:
Բարեփոխիչների «վերադարձն» ակտիվ քաղաքականություն հիմնականում կարելի է պայմանավորել երկու հիմնական հանգամանքով.
1.Բուն պահպանողականները նախագահական ընտրություններ դուրս եկան մեկ հիմնական թեկնածուով` Մ.Ահմադինեժադով: Նրա հնարավոր քաղաքական հակառակորդները պահպանողականների դաշտից (խոսքն, առաջին հերթին, Իրանի մեջլիսի նախագահ Լարիջանիի եւ Թեհրանի քաղաքապետ Քալիբաֆի մասին է, որոնք կարող էին լուրջ մրցակցություն ստեղծել գործող նախագահին) չմասնակցեցին ընտրություններին: Այս պայմաններում նախագահական ընտրություններում Մ.Ահմադինեժադի հիմնական մրցակիցը պետք է դառնար բարեփոխիչների ճամբարի ներկայացուցիչը, ինչը եւ տեղի ունեցավ:
2.Բարեփոխիչներն իրենց հերթին կարողացան հանրությանը ներկայանալ նոր, սակայն բավական ճանաչված թեկնածուով: Իրանի նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին վերջին 20 տարիների ընթացքում հեռու էր քաղաքականությունից եւ անմիջապես կապված չէր Մ.Խաթամիի քաղաքական թիմի հետ, որը, ստանալով ընտրողների լայն աջակցությունը, չկարողացավ իրական քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ ապահովել երկրում:
Այս երկու հիմնական հանգամանքներն առաջնային դեր խաղացին բարեփոխիչների ուժերի վերակազմավորման գործում, լավ հիմք ստեղծեցին հանուն նախագահական աթոռի իրական պայքար ծավալելու համար:
Նախընտրական պայքարն Իրանում, պաշտոնական մեկնարկի առաջին իսկ օրվանից, թեժ բնույթ ստացավ: Մ.Հ. Մուսավին, իր շուրջը համախմբելով քաղաքաբնակ երիտասարդության հսկայական մի բանակ, ծավալեց Իրանի պատմության մեջ հավանաբար ամենաակտիվ եւ լայնածավալ նախընտրական պայքարը: Այն ներառում էր զանգվածային ցույցերի կազմակերպում, «տնից տուն» քարոզչություն, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով լայնածավալ քարոզչության իրականացում, տնտեսական եւ քաղաքական բնույթի վերլուծությունների պատրաստում եւ տարածում, արտերկրում բնակվող իրանցիների միջոցով տեղեկատվության տարածում, նրանց կողմից բարեկամների շրջանում քարոզչության իրականացում: Մ.Հ. Մուսավիին իր բոլոր հանդիպումներում ուղեկցում էր նրա կինը, ինչը «նորարարություն» էր Իրանում եւ բավական դրական արձագանքներ ստացավ հասարակության շրջանում:
Իր հերթին, գործող նախագահ Մ.Ահմադինեժադի քարոզչությունը նույնպես հսկայական հասարակական հնչեղություն ունեցավ: Մ.Ահմադինեժադը նախընտրական պայքարում ոչ միայն կրկնեց իր գրեթե բոլոր սկանդալային հայտարարություններն Իսրայելի հասցեին, այլ նաեւ հանդես եկավ Իրանի նախկին նախագահների վերաբերյալ կոշտ եւ վիրավորական հայտարարություններով: Մ.Հ. Մուսավիի հետ հեռուստատեսային բանավեճի ժամանակ նա վերջինիս եւ Իրանի նախկին նախագահներ Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանիին ու Մ.Խաթամիին մեղադրեց երկրի տնտեսական անկման եւ կաշառակերության ծաղկման մեջ: Այս մեղադրանքները դարձան վերջին նախընտրական շաբաթի հիմնական քննարկումների առարկան եւ ի ցույց դրեցին Իրանի ներքաղաքական կյանքում տեղ գտած հակասությունների մի մեծ փունջ: Մ.Խաթամին հայտարարեց, որ չի պատրաստվում պատասխանել երկիրը կործանման տանող մարդու հայտարարությանը, իսկ Հաշեմի-Ռաֆսանջանին հանդես եկավ բաց նամակով` ուղղված Իրանի հոգեւոր առաջնորդ Ա.Խամենեիին: Հաշեմի-Ռաֆսանջանիի նամակն ուշագրավ է ոչ միայն նրանով, որ Մ.Ահմադինեժադին անվանել է «ստախոս» եւ իսլամի արժեհամակարգին ընդդիմացող, այլ նաեւ Ա.Խամենեիին ուղղված մեղադրական տոնով: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Եթե համակարգը չի կարող կամ չի ուզում դեմ հանդես գալ այն ստին, վիրավորանքներին եւ մեղադրանքներին, որոնք հնչեցին հեռուստաբանավեճի ժամանակ, ապա ինչպե՞ս մենք կարող ենք մեզ համարել սուրբ իսլամական համակարգի հետեւորդներ... հանգցրեք այն կրակը, որն արդեն իսկ երեւում է, կասեցրեք կրակի տարածումը»:
Հաշեմի-Ռաֆսանջանիի նամակը մնաց անպատասխան եւ, ինչպես ինքն է հայտարարել, իրեն անգամ ժամանակ չի տրամադրվել հեռուստատեսությամբ «Ահմադինեժադի վիրավորանքներին պատասխանելու համար»: Նշենք, որ Հաշեմի-Ռաֆսանջանին այսօր ոչ միայն ղեկավարում է Որոշումների ընդունման նպատակահարմարության ազդեցիկ խորհուրդը, այլեւ 2006-ից հանդիսանում է 86 հոգուց կազմված Փորձագետների ասամբլեայի ղեկավարը, որի իրավասության տակ է գտնվում երկրի հոգեւոր առաջնորդի, այսինքն` իրական ղեկավարի ընտրությունը կամ գործողի պաշտոնաթողությունը:
Ընտրությունների ընթացքն ու արդյունքները
Արդեն հունիսի 12-ին, ժամը 11-ին, Իրանի ներքին գործերի նախարարությունը, որն իրավասու է ընտրությունների անցկացման համար, հանդես եկավ հայտարարությամբ, թե ընտրողների մեծ հոսքի վերլուծությունը վկայում է այն մասին, որ քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին կարող է հասնել 90 տոկոսի:
Իրանի գրեթե բոլոր նահանգներում արդեն առավոտյան նկատվում էր շատ բարձր մասնակցություն, որի արդյունքում ընտրությունների վերջնաժամը երկարացվեց 3 անգամ, ընդհանուր առմամբ 5 ժամով:
Քաղաքացիների մեծ հոսքը թե՛ միջազգային վերլուծաբանների ու լրագրողների, թե՛ իրանական ընդդիմության շրջանում կասկածներ եւ անգամ վստահություն առաջացրեց այն մասին, որ Մ.Հ. Մուսավիի հաղթելու շանսերը կտրուկ աճում են: Նման տեսակետի եւ միջազգային լրահոսում տարածվող եզրակացությունների հիմնական պատճառն այն էր, որ, որպես կանոն, հասարակությունը քաղաքական բարձր ակտիվություն ցուցաբերում է փոփոխությունների ակնկալիքներով` կապելով հույսը քաղաքական ընդդիմության հաղթանակի հետ: Արդեն ժամը 18:00-ին Մուսավիի նախընտրական շտաբը հայտարարեց, որ իրենց անցկացրած հարցումները վկայում են այն մասին, թե իրենց թեկնածուն հավաքելու է ձայների 60 տոկոսը: Սա, իր հերթին, էլ ավելի գրգռեց հասարակությանը, հիմնականում Մուսավիին աջակցող քաղաքաբնակ երիտասարդությանը, որն արդեն 12-13-ի լույս գիշերը դուրս էր եկել քաղաքների կենտրոնական փողոցներ եւ վանկարկում էր Մուսավիի նախընտրական ոչ պաշտոնական կարգախոսը դարձած «Ալլահ աքբարը»:
Սակայն ընտրությունների արդյունքների հրապարակումը ամբողջովին այլ պատկեր արձանագրեց: Համաձայն դրանց` Մուսավին ստացավ ձայների ընդամենը 34 տոկոսը, գործող նախագահը` 63:
Հետընտրական զարգացումները
Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Մ.Հ. Մուսավին հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են գործող նախագահի օգտին։ Հունիսի 13-ին Թեհրանում սկսվեց առաջին մեծ ցույցը, որն ընթանում էր «Մահ բռնակալին» կոչերով։ Արդեն երեկոյան սկսվեցին առաջին բախումները ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, որոնք ուղեկցվեցին ավտոմեքենաների եւ խանութների հրկիզումով։ Բախումների արդյունքում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մի քանի հարյուր մարդ վիրավորվեց։ Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունները սկսեցին ընդդիմության ներկայացուցիչների, Մ.Հ. Մուսավիին պաշտպանած քաղաքական կուսակցությունների եւ երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների ձերբակալությունները։ Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում ձերբակալվեց 300-500 հոգի, իսկ Մ.Հ. Մուսավին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, իր բնակարանից տեղափոխվեց մեկ այլ բնակարան եւ դրվեց տնային կալանքի տակ։
Հունիսի 14-ին Մուսավին նամակ ուղղեց բարձրագույն օրենսդրական գործառույթներով օժտված Պահապանների խորհրդին` պահանջելով չեղյալ հայտարարել ընտրությունները։ Նույն օրը երեկոյան Մուսավիին ընդունեց Իրանի հոգեւոր առաջնորդ Ա.Խամենեին, որն իր հերթին հայտնեց նրան, որ ընտրությունների արդյունքները չեղյալ չեն հայտարարվելու։ Հունիսի 14-15-ի լույս գիշերը Թեհրան, Սպահան եւ Մեշհեդ քաղաքներ մտան ոստիկանության զրահատանկային զորքերը։ Չնայած սրան` հունիսի 15-ի առավոտյան Թեհրանի փողոցներում սկսվեցին հերթական ցույցերը։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, հունիսի 14-ի գիշերը ձերբակալվել եւ տնային կալանքի տակ էր առնվել նաեւ Իրանի նախկին նախագահ Մ.Խաթամին։ Սակայն հունիսի 15-ին Խաթամին Մուսավիի հետ միացավ Թեհրանի կենտրոնում հավաքված ցուցարարներին:
Արդեն հունիսի 15-ի երեկոյան հայտնվեցին առաջին տեղեկություններն ընդհարումների ժամանակ զոհերի մասին, ինչը հետագայում հաստատվեց ոստիկանության կողմից:
Հնարավոր զարգացումներ
Ներկայումս դժվար է կանխատեսել, թե ինչ հունով կընթանան հետընտրական զարգացումները։ Սակայն սխալ կլինի ենթադրել, թե Մուսավին ժողովրդին տանում է դեպի «թավշյա հեղափոխություն»։ Այսպիսի հնարավորությունը բացառված է հիմնականում այն պատճառով, որ`
Իրանի պետական համակարգը բավական լավ է կազմակերպված եւ պատրաստ է կոշտ արձագանքել ցանկացած հեղաշրջման փորձի,
Մուսավին քաղաքական մարգինալ չէ եւ իր նախընտրական պայքարի ընթացքում պետական համակարգի տապալման նպատակ չի դրել։
Մուսավիի դիմումը Պահապանների խորհրդին, որում պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունները, եւ նրա հանդիպումը հոգեւոր առաջնորդի հետ ցույց են տալիս, որ նա գնում է սահմանադրական եւ օրենսդրական ճանապարհով խնդիրներ լուծելուն։ Ակնհայտ է, որ այս եղանակով Մուսավին դժվար թե կարողանա հասնել դրական արդյունքների, սակայն այն որոշակիորեն կմեղմի Իրանում քաղաքական լարված իրավիճակը։ Բողոքներն ու ընդհարումները ոստիկանության հետ, եթե դրանք չանցնեն թույլատրված սահմանը եւ չբերեն մեծաքանակ զոհերի, բավական ձեռնտու են Մուսավիին եւ նրան աջակցողներին, քանի որ դրանց արդյունքում կարող է ձեւավորվել խոշոր քաղաքական շարժում, որը հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին կարող է հանդես գալ ավելի լավ եւ կազմակերպված հիմքերով։
ԱՄՆ բավական չեզոք դիրքորոշումն ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ցույց են տալիս, որ Վաշինգտոնն արդեն համակերպվել է Մ.Ահմադինեժադի վերընտրման փաստի հետ եւ ըստ նախագահ Օբամայի` պատրաստ է շարունակել Թեհրանի հետ կապերի հաստատման եւ լավացման քաղաքականությունը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]