• am
  • ru
  • en
Версия для печати
05.10.2009

ՀՀ – ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

EnglishРуский

   

Գագիկ Տեր-Հարությունյան
Խաղաղությունը պատերազմ է՝ պատերազմների
միջև ընկած ժամանակահատվածում։
Գեներալ Էրիխ Լյուդենդորֆ

Gagik_Harutyunyan (medium)ՀՀ -Թուրքիա հարաբերությունների շուրջ ընթացող բանավեճերը, չնայած դրանցում առկա են նաև քաղաքական բնույթի շահարկումներ, ընդունել են համահայկական բնույթ։ Արդյունքում` այդ խնդրում, հատկապես «արձանագրությունների» վերլուծության առումով, դժվար է գտնել կողմ կամ դեմ նոր փաստարկներ և հիմնավորումներ։ Միևնույն ժամանակ, տպավորությունն այնպիսին է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը (կամ այդ գործընթացի առաջին փուլերից մեկը) հաճախ կամ բացարձակ «մռայլ», կամ էլ «վարդագույն» է ընկալվում։ Նման մոտեցումները բնավ չեն նպաստում իրողության օբյեկտիվ գնահատման և, առավել ևս, մեր հետագա գործողությունների մշակման գործին։ Խնդրի շուրջ ստեղծված տեղեկատվական իրադրությունը հուշում է, որ թերևս կարիք կա մեկ անգամ ևս փորձել մեկնաբանել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների ենթատեքստը և կողմերի դրդապատճառները։

«Լիցքաթափման» փուլ.Ցանկացած լուրջ քաղաքական խնդրի շուրջ քննարկումները ենթադրում են ելակետային աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ պատկերացումների հստակեցում։ Համառոտակի այդ իրավիճակը կարելի է գնահատել որպես ժամանակավոր «լիցքաթափման» փուլ ընթացող «բազմաբևեռ սառը պատերազմում»1։ Նախաձեռնությունն այս խնդրում, ելնելով բոլոր նախանշաններից, ամերիկյան է։ Միացյալ Նահանգների իսթեբլիշմենթը, իրատեսորեն գնահատելով սեփական ընդհանրական ռեսուրսների նվազումը, ըստ ամենայնի, «լիցքաթափումը» (ինչպես և, համաձայն որոշ վերլուծաբանական աղբյուրների, տնտեսական ճգնաժամը) ծրագրավորել էր նախապես։ Նման նախագծի իրականացման համար նախագահ ընտրվեց «խաղաղասեր» Բարաք Օբաման, որն, ի տարբերություն իր նախորդի, սկսեց իրագործել ոչ թե «կոշտ», այլ «փափուկ ուժի» ռազմավարությունը։ Այսօր «լիցքաթափման» միտումներն արտահայտվում են բազմաթիվ գործընթացներում, որոնցից առանձնացնենք մի քանիսը.

  • ԱՄՆ և նրա դաշնակիցների զինված ուժերը, մասամբ իրականացնելով «ղեկավարվող քաոսի ձևավորման» իրենց առաքելությունը Մերձավոր և Միջին Արևելքում, այսօր լքում են Իրաքը,
  • չնայած տարբեր ամբիոններից երբեմն հնչող ռազմատենչ հայտարարություններին, էապես բարելավվել են հարաբերությունները Միացյալ Նահանգների և Իրանի միջև. այսօր կարելի է ամրագրել, որ այդ երկրների միջև զինված ընդհարման հավանականությունը ոչ միայն էապես նվազել է, այլև ստեղծվել են երկուստեք համագործակցելու նախադրյալներ,
  • ԱՄՆ և ՆԱՏՕ անդամ երկրներում ակտիվացել են քննարկումները Աֆղանստանից զինված ուժերի դուրսբերման մասին2։ Վերջնական քաղաքական որոշումներ այդ խնդրի շուրջ դեռևս չեն ընդունվել, սակայն ներկայիս զարգացումները հիշեցնում են Իրաքից զորքերի դուրսբերմանը նախորդող գործընթացները,
  • ինչ-որ չափով կարգավորվում են Միացյալ Նահանգներ – Ռուսաստան հարաբերությունները։ Մասնավորապես ԱՄՆ նախագահի որոշումը, որով նա հրաժարվեց հակահրթիռային համակարգեր տեղադրել Լեհաստանում և Չեխիայում, հանգեցրեց Ռուսաստանի որոշմանը Կալինինգրադի մարզում «Իսկենդերներ» չտեղակայելու վերաբերյալ,
  • փաստորեն ՆԱՏՕ-ն ընդունեց 2008թ. վրաց-ռուսական պատերազմի ռազմական արդյունքները և այդպիսով հրաժարվեց Վրաստանն այդ կազմակերպություն ընդունելու ծրագրերից,
  • ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև ընթանում են բանակցություններ (երբեմն՝ փակ ձևաչափում) ռազմավարական խնդիրների (օրինակ՝ գլոբալ տաքացման և տնտեսական բնույթի) շուրջ համագործակցություն հաստատելու նպատակով,
  • Նկատելի է ԵՄ ձգտումը ԱՄՆ–ի և ՌԴ-ի հետ ավելի հաշվեկշռված հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ, տեղեկատվական դաշտում կարելի է հանդիպել ՆԱՏՕ–ՀԱՊԿ–ՇՀԿ-ի միջև համաձայնություններ ձեռք բերելու անհրաժեշտության մասին նյութերի։

Խիստ համառոտ ներկայացված վերոնշյալ գործոնների թիվը կարելի է ավելացնել, սակայն այդքանն էլ բավարար է` վկայելու, որ ներկայումս բազմաբևեռ աշխարհի բոլոր հիմնական դերակատարները որոշակիորեն փորձում են այս կամ այն չափով հաշվի առնել միմյանց հավակնությունները և ավելի զիջողական մոտեցումներ ցուցաբերել։ Նման տրամաբանության համատեքստում հայ–թուրքական և հայ-ադրբեջանական փաստացի հակամարտությունը (որն այլոց կողմից արդարացիորեն ընկալվում է որպես միասնական «փաթեթ») որոշակի խոչընդոտ է հանդիսանում ապագա աշխարհակարգի վերաբերյալ իրենց պատկերացումներն իրագործել փորձող մեծ տերությունների համար։ Այդ հանգամանքն է, որ այսօր ակտուալացրել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդիրը, որն արտահայտվում է գլոբալ դերակատարների կողմից այդ գործընթացը «խրախուսելու» (երբեմն դա մեկնաբանվում է նաև որպես արտաքին ճնշում) տեսքով։

Այս ամենի առիթով նկատենք, որ, անշուշտ, կան իրադրություններ, երբ անգամ ոչ շատ մեծ ռեսուրսների տիրապետող երկիրը, ելնելով իր գերագույն ազգային շահերից, պարտավոր է դեմ գնալ ցանկացած միջազգային միտման։ Սակայն կարծում ենք, որ հարաբերությունների վերահաստատման (և ոչ թե հաստատման, քանի որ Երրորդ հանրապետության առաջին տարիներին ՀՀ-Թուրքիա սահմանը բաց էր) գործընթացը չի կարելի դասել նման իրադրությունների շարքին։ Ակնհայտ մարտահրավերների և ազգային-բարոյական գործոնների շարքում առկա են այլ հանգամանքներ, որոնք միտված են ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Դրանց թվին պետք է դասել նաև (ինչու ոչ) ռազմավարական դաշանակից Ռուսաստանի և արևմտյան գործընկերների հետ մեր ունեցած կառուցողական հարաբերությունների պահպանման կարևորությունը և գլոբալ միտումներին ադեկվատ լինելու անհրաժեշտությունը։

Հավելենք նաև, որ վերոհիշյալ «լիցքաթափման» տրամաբանությունը գործում է նաև Թուրքիայի պարագայում։

Թուրքիայի հնարավոր դրդապատճառները. Այս երկիրը հայերի, ինչպես նաև հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանություն կատարելու և իր հանցանքները չընդունելու պատճառով միջազգային հանրությունում մասամբ «որոնման մեջ գտնվող հանցագործի» կարգավիճակ է ձեռք բերել։ Այդ իրողությունը մշտապես օգտագործվել է Թուրքիայի դեմ և, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ արձանագրություններում Ցեղասպանության վերաբերյալ խոսք չկա, ակնհայտ է, որ հարաբերությունների հաստատումը ՀՀ-ի հետ նպաստելու է Թուրքիայի «իմիջի» բարելավմանը։ Դա մասամբ կնպաստի նաև թուրքերի` ԵՄ-ին անդամագրվելու գործընթացին, չնայած այդ խնդրի լուծումը, հաշվի առնելով եվրոպական առաջատար երկրների ներկայիս տրամադրությունները, այսօր միտում ունի փոխադրվելու զուտ տեսական հարթություն։

Նկատենք նաև, որ Թուրքիան, ինչպես և նախկինում, շարունակում է մնալ «հիվանդ օրգանիզմ»։ Չունենալով բավարար քաղաքակրթական ռեսուրսներ` այդ երկիրը չի կարողանում ինտեգրել իր տարածքում բնակվող տարբեր էթնոսների (քրդերին, հայերին, հույներին, վրացիներին, արաբներին և այլոց)3 և այսօր, բնակչության ինքնության խնդրի հետ կապված, կանգնած է լուրջ հիմնախնդիրների առջև4։ Հարաբերություններ հաստատելով հայերի հետ` թուրքական ընտրանին կարծես թե երկխոսություն վարելու պատրաստակամություն է ցուցադրում և այդպիսով փորձում մասնակիորեն մեղմել խնդիրը։ Միևնույն ժամանակ, ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի ձգտումը պայմանավորված չէ սոսկ ներքին հիմնախնդիրներով։

Այսօր Թուրքիայի քաղաքական-վերլուծաբանական ընտրանու շրջանակներում տարածում է գտնում «նեոօսմանիզմի» դոկտրինը (այն երբեմն անվանում են «Գյուլի դեկլարացիա», քանի որ հեղինակը ներկայիս նախագահն է5)։ Դոկտրինի հենքում ընկած է այն խիստ կասկածելի թեզը, թե Օսմանյան կայսրության օրոք տարածաշրջանում իրավիճակն ավելի բարվոք էր, քան ներկայումս, և որ անհրաժեշտ է այդ իրավիճակը վերականգնել, սակայն ոչ նախկին բռնատիրության տեսքով։ Ըստ Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Սինան Օհանի, Թուրքիան այն միակ երկիրն է, որը կարող է հավակնել Մերձավոր և Միջին Արևելքն արդիականացնողի դերին և ունակ է այդ տարածաշրջանը «հաշտեցնել» Արևմուտքի հետ6։ Ելնելով նման դրույթներից` թուրքական նեոիմպերիալիստները ցանկանում են իրագործել այսպես կոչված «Երեք միջանցքների» աշխարհաքաղաքական և, ըստ ամենայնի՝ աշխարհագաղափարախոսական նախագիծը։ Ծրագրում ներկայացված երկրները՝ Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Եգիպտոսը (առաջին միջանցք), Իրաքը և Պարսից ծոցի երկրները (երկրորդ միջանցք), Իրանը և Պակիստանը (երրորդ միջանցք) Թուրքիայի գլխավորությամբ պետք է կազմեն մի ընդհանուր մեգաենթակառուցվածք, որը կներառի տրանսպորտային ճանապարհները, նավթամուղները և գազամուղները, էլեկտրացանցերը, կապը և ինտերնետը, բանկային համակարգը և այլն7։

Ակնհայտ է, որ նման նախագծերի առկայությունը, հատկապես ռազմավարական հեռանկարում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման պարագայում, թուրքական կողմի համար խիստ ակտուալացնում է հայ-թուրքական սահմանի բացումը։ Կարծում ենք, որ այս հանգամանքը պետք է հաշվի առնվի Թուրքիայի հետ դեռևս նոր սկսվող մեր հարաբերություններում։

Հնարավոր դրական գործոնները ՀՀ-ի համար. Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է ունենալ հետևյալ դրական հետևանքները.

Թուրքիա–Ադրբեջան հարաբերություններում այսօր հստակ նկատվում է վատթարացման միտում, և ՀՀ ու ԼՂՀ խնդրում նախկինում միասնական թուրք-ադրբեջանական ճակատում որոշակի ճեղքեր են գոյացել։ Դրա մասին են վկայում ոչ միայն Բաքվի պաշտոնապես հնչող դժգոհությունները ՀՀ-Թուրքիա դիվանագիտական գործընթացների առիթով. գործնական հարթությունում Ադրբեջանում թուրքական տնտեսական ընկերությունները ցուցադրաբար և խիստ ստուգումների են ենթարկվում, խստացել է Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ անձնագրային ռեժիմը և այլն։ Եթե անգամ ենթադրենք, թե նման գործողությունները հմուտ իմիտացիա են, իսկ իրականում գործում է սքողված պանթուրքական համերաշխությունը, ապա միևնույն է, ադրբեջանական ու թուրքական հանրությունների գիտակցությունում վերոնշյալ գործընթացները որոշակի բացասական հետք են թողնում։ Այս ամենը խիստ կարևոր է ԼՂՀ խնդրի քաղաքական կարգավորման տեսակետից. հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ պլանների իրագործման փորձը հնարավոր է բացառապես Ադրբեջան-Թուրքիա սերտ համագործակցման պարագայում։

Տրանսպորտային նոր ուղու բացման հնարավորությունները բավական շատ են քննարկվել մեր տեղեկատվական դաշտում, սակայն խնդրի հրատապությունը ՀՀ-ի համար չի նվազում. ճանապարհային այլընտրանքը թույլ կտա զգալիորեն թուլացնել մեր ապրանքաշրջանառության կախվածությունը վրացական գործոնից։

Ինչպես արդեն նշել ենք, դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Թուրքիայի հետ` ՀՀ-ն համահունչ կգործի գլոբալ լիցքաթափման գործընթացներին և միջազգային հանրությունում չի կորցնի վստահելի գործընկերոջ վարկը։

Միևնույն ժամանակ, շեշտենք, որ վերոնշյալ դրական հանգամանքները հնարավոր են միայն այն պարագայում, եթե ՀՀ-ն անհրաժեշտ որակներ ցուցաբերի դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և մշակութային մրցակցության պայմաններում։ Կարծում ենք նաև, որ որպես ամենավատ հետևանք կարելի է դիտարկել ՀՀ-Թուրքիա խնդրի պատճառով Սփյուռքում անհանդուրժողականության սերմանումը և իրարամերժ ճամբարների գոյացումը։

Հայության համատեքստը. ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հնարավոր վերահաստատման գործընթացը, բնականաբար, լայն և երբեմն մերժողական արձագանք է ստացել Հայության տարբեր հատվածներում և որոշ քաղաքական ուժերի (հատկապես՝ ՀՅԴ) շրջանակներում։ Նկատենք, որ մերժողական մոտեցումները Թուրքիայի նկատմամբ միանգամայն բնական երևույթ են Ցեղասպանություն ապրած ժողովրդի համար և առնվազն այդ պատճառով պետք է հարգանքով ու ըմբռնումով մոտենալ ցանկացած հայի նման դիրքորոշմանը։ Կարելի է ավելացնել նաև, որ խնդրի նկատմամբ բացասական դիրքորոշումները պետք է որ էլ ավելի ամրացնեն ՀՀ պաշտոնական դիրքերը թուրքերի հետ բանակցություններում։

Բոլոր պարագաներում ակնհայտ է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացը Հայությանն ուղղված մարտահրավեր է։ Այն պահանջում է ադեկվատ ըմբռնում և, գլխավորը, ադեկվատ գործողություններ։ Ստեղծված իրավիճակում Սփյուռքը պետք է ըմբռնումով մոտենա հայկական պետությունների անվտանգության հարցերին և, լինելով ավելի անկաշկանդ, ակտիվացնի իր պահանջատիրական ջանքերը8։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել Հայության գործունեությունը` շեշտը չդնելով միայն Ցեղասպանության և պահանջատիրության խնդիրների վրա։ Արդի աշխարհում մրցակցության գրավականն առաջին հերթին մտավոր-ինտելեկտուալ ռեսուրսներն են, սակայն այդ ոլորտում այսօր մենք լուրջ հիմնախնդիրներ ունենք։ Դա պետք է լինի մեր ազգային ընտրանու և ազգային կապիտալի առաջնահերթ նպատակը9։

«Արձանագրությունները». ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վերահաստատման ընդդիմախոսների հիմնավորումները գլխավորապես ուղղված են Ժնևյան արձանագրությունների ձևին ու բովանդակությանը։ Պետք է ընդունել, որ որոշ կետեր, իրոք, մտահոգիչ են իրենց բովանդակությամբ, իսկ որոշների շարադրանքի ձևը, թերևս, չի համապատասխանում արդի դիվանագիտության և միջազգային իրավունքի պահանջներին։ Վերջինի առիթով նկատենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հաճախ անփույթ է գործում, և, ըստ էության, այդ գերատեսչության «ապարատում», գլխավորապես նախկին նախարարների աշխատանքային ոճի շնորհիվ, չեն ձևավորվել նոր պայմաններին համապատասխան անհրաժեշտ ունակություններ։

Միևնույն ժամանակ, պետք է ընդունել, որ քաղաքականությունում ընդունվող փաստաթղթերը, անշուշտ, կարևոր են, բայց ամենևին՝ ոչ որոշիչ։ Ոչ վաղ անցյալում` 1939 թվականին, կնքվեց Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը, ինչը, սակայն, չխանգարեց Երրորդ ռեյխին երկու տարի հետո տոտալ պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանը։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան խորհրդակցության եզրափակիչ ակտը (1975թ. կնքված) նույնպես բավական արագ կորցրեց հրատապությունը, և այդ ժամանակահատվածի ամենանշանավոր քաղաքական միջոցառումներից մեկից հիշատակ մնացին միայն մարդու իրավունքները պաշտպանող Հելսինկյան խմբերը։ Ակնհայտ է, որ միջազգային համաձայնագրերն արհամարհելու տասնյակ, հարյուրավոր օրինակներ կարելի է բերել: Այդ առիթով նկատենք, որ եթե համաշխարհային պատմությունն ընթանար համաձայն կնքված պայմանագրերի, ապա վաղուց ի վեր մեր երկրագնդում հաստատված կլինեին հավերժ խաղաղությունն ու բարօրությունը։

Որոշ հետևություններ. Ակնհայտ է, որ ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը չեն հետևելու ոչ ակնթարթային տնտեսական աճը, ոչ էլ ՀՀ և ԼՂՀ կապիտուլյացիան։ Այս ամենը քաղաքական դինամիկ գործընթաց է, որից յուրաքանչյուր կողմը ցանկանում է քաղել առավել օգուտներ, իսկ օգուտների կամ վնասների երկկողմանի հաշվեկշիռն էապես կախված կլինի նրանից, թե ով ինչ արդյունավետությամբ կգործի։ Բոլոր պարագաներում տարածաշրջանային քաղաքականությունում ՀՀ արտաքին գերատեսչությունը պետք է շարունակի ամրապնդել ռազմավարական հարաբերություններն Իրանի հետ (որն, ի դեպ, Թուրքիայի սկզբունքային մրցակիցն է գրեթե բոլոր ոլորտներում), նոր որակ հաղորդել Հունաստանի հետ հարաբերություններին` այդպիսով սահմանափակելով Թուրքիայի ավելորդ հավակնությունները։ Այդ ամենին զուգահեռ պետք է փնտրել նաև ոչ ավանդական գործընկերներ, ինչպիսին է, օրինակ, Իսրայելը, որը վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ։ Համենայնդեպս, պետք է փաստել, որ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ լուրջ մարտահրավեր է հայկական պետությունների և Հայության համար, ինչն էլ պետք է թելադրի առավելագույն չափով մոբիլիզացնել մեր ռեսուրսները։

1Նման միտումը բնորոշ էր նաև ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ընթացող սառը պատերազմին. նախորդ դարի 70-ականներին սկսվեց այսպես կոչված «լիցքաթափման» («разрядка»-ի) փուլը, որի ընթացքում այդ տերությունները ժամանակավոր պայմանավորվածություններ ձեռք բերեցին խաղի նոր կանոնների և շահերի ոլորտների բաժանման շուրջ։ Այդ գործընթացը զուգորդվեց կողմերի միջև ռազմավարական նշանակության սպառազինության վերաբերյալ մի քանի պայմանագրերի կնքմամբ և Հելսինկյան պայմանագրի ընդունմամբ, որում ամրագրվեցին, մասնավորապես, Երկրորդ աշխարհամարտի արդյունքում Եվրոպայում ձևավորված սահմանները։

2Այսօր Աֆղանստանում տեղի է ունենում իրադրության այսպես կոչված «իրաքիզացիա», քանի որ նախկին դաշտային զինված ընդհարումներին զուգահեռ (ինչը բնորոշ էր նաև խորհրդային օկուպացիայի տարիների մարտավարությանը), մեծ տեղ է սկսել գրավել մահապարտների «շահիդական» ահաբեկչության մարտավարությունը։ Նկատենք, որ նման «ասիմետրիկ» մարտավարության դեմ պայքարելու համար առայժմ արդյունավետ մեթոդներ գոյություն չունեն, և արդյունքում` իրավիճակն այդ երկրում դուրս է գալիս վերահսկողությունից։

3Ըստ տարբեր աղբյուրների, ինքնության խնդիր ունի Թուրքիայի բնակչության գրեթե 30%-ը։

4Այս հանգամանքը միակը չէ, որ խնդիրներ է ստեղծում Թուրքիայում։ Ինչպես հայտնի է, այսօր ծայր աստիճան սրվել են հակասությունները հասարակության աշխարհիկ և կրոնական կողմնորոշում ունեցող հատվածների միջև։ Տեղին է նշել, որ աղմուկ հանած «Էրգենեքոն»-ը, համաձայն GlobalResearch կենտրոնի վերլուծաբանների, ամերիկյան նախագիծ է և ստեղծվել է դեռևս Առաջին սառը պատերազմի տարիներին, Թուրքիայի վրա ԽՍՀՄ հնարավոր հարձակման պարագայում գրավյալ տարածքներում պարրտիզանական բնույթի դիմադրություն կազմակերպելու նպատակով։ Կան բազմաթիվ վկայություններ նաև այն մասին, որ չափավոր իսլամիստների «Արդարություն և առաջադիմություն» կուսակցությունը նույնպես ամերիկյան մշակում է, և դրա հեղինակը հանրահայտ նեոկոն Փոլ Վուլֆովիցն է։ Համաձայն որոշ դիտորդների, չի կարելի բացառել այն վարկածը, որ ներկայիս հակասությունները «աշխարհիկների» և «իսլամիստների» միջև Թուրքիայում հրահրվում են ամերիկյան այն ուժի կենտրոնների կողմից, որոնք գտնում են, որ այդ երկրի հզորացումը հակասում է ԱՄՆ շահերին։

5С.В. Кизюков, Внешнеполитические концепции республиканской Турции (Экспансионизм или самооизоляция), Бишкек, 2006.

6Илья Герман, Турция идет на восток, Эксперт, #26, с.66, 2009.

7Թուրքիայի գերհզորացման սցենարներին կարելի է հանդիպել նաև «Սթրաթֆոր» վերլուծական կազմակերպության հիմնադիր Ջորջ Ֆրիդմանի աղմուկ բարձրացրած գրքում (տես՝ ХХI век: до и после Третьей мировой войны (Сценарий американского футуролога), Политический класс, #5(53), с. 26, 2009)։ Սակայն, այդ սցենարները, ըստ մեզ, մշակվել են ավելի շուտ որպես նախազգուշացում արևմտյան հանրությանը։

8Տե´ս, օրինակ, Գագիկ Հարությունյան, Հայության կազմակերպման տեղեկատվական խնդիրները, Գիտագործնական միջազգային գիտաժողով, Կիպրոս - Նիկոսիա, 18-19 ապրիլի 2008, Գիտական զեկուցումների ժողովածու, էջ 168:

9Նկատենք, որ համաձայն որոշ գնահատականների` Հայության ՀՆԱ-ն (այսինքն` հայկական կապիտալի շնորհիվ գոյացած համախառն արտադրանքը) միանգամայն համադրելի է Թուրքիայի Հանրապետության ՀՆԱ-ի հետ (մոտ $450 մլրդ)։ Այսինքն` մարտահրավերներին արձագանքելու տեսակետից կարծես թե մեր նյութական ռեսուրսները, անհրաժեշտ կազմակերպվածության պարագայում, պետք է որ բավարար լինեն այդ խնդիրները լուծելու համար։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր