• am
  • ru
  • en
Версия для печати
11.10.2024

ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան

   

Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ մի քանի ամիս անց՝ 2025 թվականի հունվարի 1-ին, ռուս սահմանապահները դադարելու են հայ-իրանական սահմանին ծառայություն իրականացնելուց, նրանք դուրս կգան, նրանց փոխարեն ծառայություն կիրականացնեն հայ սահմանապահները։

Այս մասին տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում։

2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։

«Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,- գրել էր Նազելի Բաղդասարյանը։

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամանակ աշխատանքներ է նախապատրաստում ՀՀ-ից 102 ռազմաբազան դուրս բերելու համար։ Հետևաբար, հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերումն այդ աշխատանքների բաղկացուցիչ մասն է։

«Ցանկացած նախաձեռնություն, որը սկսում է անել այս իշխանությունը՝ մեր երկրի համար հղի է տարբեր տիպի վտանգներով։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ համաձայն չէ որոշ քայլերի հետ, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով, փաստորեն սրանով հայ-իրանական սահմանը թուլանում է, որովհետև ռուսներն այդ առումով միշտ կարգապահ են եղել՝ պահել են այդ սահմանը։ Այն, ինչ հիմա կատարվում է, թուլացնում է մեր սահմանային ծառայության անվտանգությունը։ Իսկ ամենասարսափելին կլինի այն ժամանակ, երբ ռուս սահմանապահները դուրս գան հայ-թուրքական սահմանից։

Իշխանության քայլերի հաջորդականության տրամաբանությունը հուշում է, որ շուտով դուրս են բերելու նաև 102 ռուսական ռազմաբազան։ Սա այն է, ինչ ուզում է Թուրքիան. հաջորդիվ դրվելու է ռազմաբազան դուրս բերելու հարցը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ իշխանությունն այնպես է անում, որ չորս կողմից Հայաստանը վերածվի պարզապես գաղութի, որի կառավարումն այլ երկրի կողմից ավելի հեշտ լինի։ Քաղաքագետը չի կարող պնդել, որ ռուս սահմանապահներին հայ-իրանական սահմանից հանելու որոշումը Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել վերջերս Նյու Յորքում «Թուրքիայի տանը» Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, քանի որ դրանից առաջ էլ՝ այս տարվա օգոստոսի 1-ից, ռուս սահմանապահները դուրս բերվեցին «Զվարթնոց» օդանավակայանից։ Ուստի կարելի է ենթադրել, որ պայմանավորվածություններն Էրդողանի հետ ավելի վաղ են եղել։

«Այն ամենը, ինչ կատարում է Նիկոլ Փաշինյանը, որևէ տրամաբանության, սթափ դատողության հետ առնչություն չունի։ Կներեք բառիս համար, բայց այս անձը սովորական խաբեբա է, որը մոլորեցնում է սեփական ժողովրդին։ Նորություն չէ, որ թուրք-ադրբեջանական հավակնությունները Հայաստանի նկատմամբ մեծ են ու գնալով ավելի են խորանում։

Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը զուտ խոսք չէ, սա շատ հստակ աշխարհաքաղաքական նպատակ է հետապնդում, որը շատ շուտով կարող է իրագործվել, եթե Հայաստանի սահմանը դառնա անվերահսկելի, ու Հայաստանը կորցնի իր դաշնակիցներին։

Այս իշխանության կողմից որևէ բան այնպես հետևողականորեն չի կատարվում, որքան Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացրած պահանջները»,- հավելեց մեր զրուցակիցը։

Գագիկ Հարությունյանը նաև ընդգծեց, որ ՀՀ իշխանությունն իր քաղաքականությունը կառուցում է՝ հաշվի առնելով թշնամի երկրների շահը, այլ ոչ թե սեփական երկրի անվտանգությունը։

«Նիկոլ Փաշինյանի մտավոր ունակությունները նրան թույլ չեն տալիս մտածել որևէ բարդ կոմբինացիա, նա կարողանում է միայն հանձնարարություններ կատարել։ Հլու-հնազանդ հրամաններ կատարող է՝ նրան որպես գործակալ իշխանության են բերել հենց այդ հատկանիշների համար։ Այս մարդը հայ ժողովրդի թշնամին է»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

168.am


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր