• am
  • ru
  • en
Версия для печати
09.06.2025

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԵՎՐՈՊԱՅԻՆ, ՈՒ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԴԵՊԻ ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ». Գագիկ Հարությունյան

   

Վերջին 3 ամիսներին Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչների կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։ Ադրբեջանական կողմի հռետորաբանությունն էլ աստիճանաբար ավելի է կոշտանում, ընդհուպ նրանց թիրախում է հայտնվել նաև Առաքելական եկեղեցին, քանի որ Կովկասի մուսուլմանների առաջնորդը հայտարարում է, որ «Առաքելական եկեղեցին սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի կողմից էսկալացիայի ռիսկերը միշտ էլ բարձր են եղել։

«Վերջին շրջանում Հայաստան են այցելել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կարծում եմ՝ այս համատեքստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը ևս պատահական չէ, գուցե սրանով հավաստիացրել է, որ Հայաստանի հետ է, դա ցույց տալով նաև ադրբեջանական կողմին։

Հայաստանի դեմ հիբիդային պատերազմ իրականացնում են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ այս այցերը հոգեբանական զենք են այդ հիբիդային պատերազմների դեմ։

ՀՀ ղեկավարը հավանաբար իր «ինստրուկցիաները» ստանում է Բաքվից, թե ինչ անի Առաքելական եկեղեցու հետ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Հարությունյանը։

Նա վստահ է, որ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան խնդիր է ստեղծելու նաև իր համար, այդ պատճառով նա իր վճռորոշ խոսքը պետք է ասի։

«Ես հույս ունեմ, որ Ռուսաստանն իր խոսքը կասի, քանի որ թուրք-ադրբեջանական հնարավոր էսկալացիան նրան էլ ձեռնտու չի լինելու։

Իսկ ՀՀ իշխանությունն էլ թող հիշի՝ Եվրոպայում Հայաստանին որևէ մեկը չի սպասում, այնքան երկրներ կան, որ տարիներով սպասում են, ու նրանց այդպես էլ չեն ընդունում Եվրոպայում։

Այն, որ Եվրոպայում Հայաստանին չեն սպասում՝ վկայում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ հայկական կողմը ԵՄ գնալու հայտ չի ներկայացրել։ Գուցե Լավրովի այցը սրա հետ էր կապված նաև, որպեսզի հասկանան՝ ի վերջո, ուր է ուզում գնալ Հայաստանը»,- շեշտեց քաղաքագետը։

Գագիկ Հարությունյանը նաև հիշեցրեց հայ-ռուսական տնտեսական ու առևտրային համագործակցության հսկայական ծավալները։

«Տնտեսապես Հայաստանը շատ է կապված Ռուսաստանին, ՀՀ իշխանությունը գիտակցո՞ւմ է սա, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել։ Բայց կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանությունները քծնում են՝ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ՝ Եվրոպային, ու չգիտեն, թե դեպի ուր են գնում»,- ընդգծեց քաղաքագետը։

168.am


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր