• am
  • ru
  • en
Версия для печати
12.11.2009

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՐՈՇ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

EnglishРуский

   

Դիանա Գալստյան, Արաքս Փաշայան

1 (medium)Ադրբեջանական հետազոտական կամ այսպես կոչված «ուղեղային կենտրոնները» (ՈւԿ) գործում են հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ակադեմիական հաստատությունների ձևաչափով։ Կենտրոնները կատարում են վերլուծություններ երկու հիմնական ուղղություններով` սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական: Հատկապես կարևորվում են Ադրբեջանի զարգացմանը միտված ուսումնասիրությունները, ինչպես նաև վերլուծությունները տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ: Մեծ ուշադրություն է հատկացվում ՀՀ-ին և ԼՂՀ-ին առնչվող խնդիրներին: ՈւԿ-ները պարբերաբար, հաճախ՝ միջազգային հայտնի կազմակերպությունների հետ համատեղ, կազմակերպում են ամենատարբեր թեմաներով կոնֆերանսներ, սեմինարներ:

Տիպաբանական առումով Ադրբեջանում գործող ՈւԿ-ները կարելի է ներառել երկու հիմնական խմբի մեջ.

  • ՈւԿ-ներ, որոնք ստեղծվել և հովանավորվում են պետության կողմից։
  • ՈւԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են միջազգային կառույցների և հիմնադրամների կողմից։

Ադրբեջանի վերլուծական կենտրոնները համագործակցում են բազմաթիվ օտարերկրյա կազմակերպությունների հետ (ՄԱԿ, Եվրախորհուրդ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, Համաշխարհային բանկ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ, Համաշխարհային առևտրային կազմակերպություն, UNESCO, Եվրասիա հիմնադրամ, Քարնեգիի հիմնադրամ (Նյու Յորք), Մարշալի հիմնադրամ (Գերմանիա), Ջորջ Սորոսի հիմնադրամ, UNDP, USAID, Oxfam և այլն։

Արևմտյան կառույցների ու հիմնադրամների կողմից ֆինանսավորվող կենտրոնների հիմնական նպատակն է աջակցել.

  • Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ստեղծմանը։
  • Ժողովրդավարացման գործընթացներին։
  • Սոցիալ-քաղաքական ազատական բարեփոխումների իրականացմանը։
  • Մարդու իրավունքների և գենդերային հավասարության պաշտպանությանը:

Պետության կողմից հովանավորվող կառույցները կարելի է դասակարգել երկու խմբի` ակադեմիական և ոչ ակադեմիական։ Վերջինիս տիպիկ օրինակ է ԱՀ նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որը մեծ ֆինանսական ներդրումներ է ստանում պետության կողմից։

Հատկանշական է, որ Ադրբեջանում կան կովկասյան տարածաշրջանում գործող ցանցային կառույցներ, որոնք գրասենյակներ ունեն նաև Հայաստանում և Վրաստանում, ինչպես, օրինակ, Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնը (CRRC)։ Նշենք, որ Արևմուտքի կողմից հովանավորվող հայաստանյան և ադրբեջանական վերլուծական կենտրոնների տրամաբանությունը, ֆինանսավորումը և թիրախային նպատակներն ընդհանուր առմամբ համընկնում են։ Ադրբեջանում գործում են գրեթե նույն դրամաշնորհային ծրագրերը, ինչ Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում։

Ստորև ներկայացնում ենք տեղեկատվություն ադրբեջանական մի քանի առաջատար վերլուծական կենտրոնների մասին։

ԱՀ նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոն

Կենտրոնը թեև ընդամենը 2 տարվա պատմություն ունի (հիմնադրվել է 2007թ. նոյեմբերին, Իլհամ Ալիևի հրամանով), սակայն արդեն աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ: Հիմնադիր փաստաթղթում նշվում է, որ կենտրոնի ստեղծումը պայմանավորված է Ադրբեջանի կառավարչական համակարգի կատարելագործմանը միտված վերլուծությունների, հասարակական-քաղաքական վերլուծությունների պատրաստման անհրաժեշտությամբ: Ըստ վերոնշյալ փաստաթղթի` կենտրոնի աշխատակիցների թիվը հասնում է 30-ի։ Ղեկավարն է Էլհան Նուրիևը1, որը երկար տարիներ աշխատել է Եվրոպայի և ԱՄՆ հետազոտական-վերլուծական կենտրոններում։ Նուրիևը տիրապետում է դինամիկ հետազոտությունների իրագործման և այդ հետազոտությունների արդյունքները գործնականում ներդնելու մեթոդաբանությանը: Կենտրոնն աշխատում է մի քանի հիմնական ուղղություններով: Դրանցից է, օրինակ, տեղական, տարածաշրջանային և միջազգային քաղաքական գործընթացների ուսումնասիրությունը: Այդ հետազոտությունների արդյունքում կազմվում են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող քաղաքական ծրագրեր: Կենտրոնի գործառույթների մեջ է մտնում նաև իշխանության մարմինների և այլ հետազոտական ինստիտուտների գործունեության համակարգումը:

Կենտրոնի գործունեության կարևոր մասն է կազմում միջազգային հանրությանը ԼՂՀ-ի վերաբերյալ «ճշմարիտ» տեղեկատվություն տրամադրելը: Այս համատեքստում կարևորվում է հայագիտության կենտրոնի ստեղծումը: Ինչպես հարցազրույցներից մեկում հայտարարել է Նուրիևը, կենտրոնում աշխատում են հայերենին տիրապետող, հայերի պատմությանը, հոգեբանությանը, մտածելակերպի նրբություններին քաջատեղյակ մասնագետներ։ Կենտրոնն իրագործում է հայկական գրքերի, ԶԼՄ-ի, Հայաստանի և Սփյուռքի հասարակական-քաղաքական գործիչների ելույթների մոնիթորինգ։ Նախատեսվում է նաև «Հայկական հարցի» տարբեր ասպեկտների վերաբերյալ մենագրությունների հրատարակում, ինչպես նաև «Հայկական հարցի», այդ թվում նաև «Ղարաբաղյան հակամարտության լուծման հայեցակարգի» մշակում։

Կարճատև գոյության ընթացքում կենտրոնը հասցրել է կազմակերպել մի քանի միջազգային կոնֆերանս Մոսկվայում, Բաքվում, Լոնդոնում, Բեռլինում և այլուր։

Կենտրոնի կարգախոսն է. «Մեր խնդիրը Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովումն է»:

«Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը» (Center for Economic & Social Development (CESD)

Հիմնադրվել է 2005թ. հունվարի 1-ին: Կենտրոնի ղեկավարն է Վուգար Բայրամովը2: Կենտրոնը ստեղծվել է ժամանակակից Ադրբեջանի տնտեսական, սոցիալական, էներգետիկ, հաղորդակցային, ֆինանսական ոլորտները հետազոտելու նպատակով, աջակցում է սոցիալ-տնտեսական ոլորտներում գործնական նախագծերի իրականացմանը։ CESD-ն մշակել է Ադրբեջանում աղքատության վերացման, սոցիալ-տնտեսական ռեֆորմների, նավթային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և նշված ոլորտներում այլ խնդիրների վերաբերող ծրագրեր ու առաջարկներ։ Այն խորհրդատվական տեղեկատվություն է տրամադրում Ադրբեջանի կառավարությանը։

Երկրի առաջատար ՈւԿ-ներից մեկը համարվող կենտրոնը համագործակցում է Ջերման Մարշալի հիմնադրամի, Եվրասիա հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Համաշխարհային առևտրային կազմակերպության, Տնտեսական զարգացման միջազգային ասոցիացիայի և այլ միջազգային կառույցների հետ: CESD-ն ընդգրկված է NIRA3-ի (National Institute for Reserach Advancement - Հետազոտությունների առաջխաղացման ազգային ինստիտուտ) ցուցակում և մեկ այլ կենտրոնի՝ Տնտեսական հետազոտությունների կենտրոնի (2006-ից` Գիտական հետազոտությունների և տնտեսական ռեֆորմների ինստիտուտ) հետ միասին ընդգրկված է PASOS4-ի (The Policy Association for an Open Society - Բաց հասարակության պաշտպանության հասարակական ասոցիացիա) կազմի մեջ:

2009թ. առաջին կիսամյակում CESD-ն կազմակերպել է 12 սեմինար Ադրբեջանի տարբեր շրջաններում և 2 միջազգային կոնֆերանս («Ասիայի և Եվրոպայի երկընտրանքի մեջ. Կենտրոնական Ասիայի հնարավորությունները», Համաշխարհային առևտրի կազմակերպության (WTO) հետ համատեղ կոնֆերանս՝ Հոնկոնգում), հրատարակում է զեկույցներ և գրքեր։

«Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը» ադրբեջանական վերլուծական այլ կենտրոններից տարբերվում է հետևյալով.

  • Հրատարակում է ռազմավարական զեկույցներ կառավարության քաղաքականության վրա ներազդելու նպատակով։
  • Ունի ամենամեծ և բազմազան ցանցը տեղական (ներառված են Ադրբեջանի գրեթե բոլոր վերլուծական կենտրոնները և համալսարանները) և միջազգային մակարդակներում:

Կենտրոնը հավակնում է դառնալ դպրոց այն երիտասարդ մասնագետների համար, որոնք կարող են կարևոր դերակատարում ունենալ քաղաքական համակարգի զարգացման գործում։

Այն նաև ակտիվ աշխատում է կամավորների հետ։ Այժմ 8 կամավորներ ընդգրկված են կենտրոնի ընթացիկ աշխատանքներում, և նրանց թիվն աճելու միտում ունի։

Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտ (Institute of Peace and Democracy - IPD )

Այս ՈւԿ-ի ստեղծման նախաձեռնողը Լեյլա Յունուսովան5 է։ IPD-ն հիմնադրվել է 1995թ.՝ որպես Ադրբեջանի կանանց միության՝ Հանուն Անդրկովկասում խաղաղության և դեմոկրատիայի հումանիտար նախագիծ։ Այդ միությունը գործում է 1994-ից՝ որպես Անդրկովկասի կանանց երկխոսության Ադրբեջանի մասնաճյուղ։

Ինստիտուտի գործունեությունն ընդգրկում է հարցերի բավական լայն շրջանակ։ Այն զբաղվում է Ադրբեջանի զարգացման ուղիների, տարածաշրջանում խաղաղության պահպանման մեխանիզմների որոնմամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ, շուկայական տնտեսության բարելավման խնդիրներով, ինչպես նաև իրականացնում է կրթական գործունեություն։

IPD-ն ունի հետևյալ բաժինները.

  • Մարդու իրավունքների պաշտպանություն
  • Պետություն և հասարակություն
  • Կոնֆլիկտոլոգիա և միգրացիա
  • Կանանց հիմնախնդիրներ
  • Երիտասարդների հիմնախնդիրներ

Ինստիտուտը կազմակերպում է կոնֆերանսներ («Կանայք առանց պատերազմի կյանքի կողմնակից», «Երիտասարդությունը և հակամարտությունների խաղաղ կարգավորումը», «Իսլամը ժամանակակից Ադրբեջանում», «Եվրախորհուրդը և էթնիկ փոքրամասնությունների իրավունքները»), դասընթացներ («Կին քաղաքական գործիչները և հասարակական-քաղաքական կյանքը», «Ղարաբաղյան հակամարտությունը և դրա ազդեցությունն Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների կենսապայմանների վրա»):

Վերոնշյալ և այլ ՈւԿ-ների վերաբերյալ համառոտ տեղեկատվությունը ներկայացված է Աղյուսակ 1քաշել .pdf -ում։

Ադրբեջանի ակադեմիական հաստատությունները

Այս հաստատությունները հիմնականում զբաղվում են հետազոտական հետևյալ ուղղություններով՝ քաղաքագիտություն, պատմություն, արևելագիտություն, սոցիոլոգիա, փիլիսոփայություն, ազգագրություն, հնագիտություն, իրավունք, կրոնագիտություն և տնտեսագիտություն։

Պետք է նշել, որ ակադեմիական ինստիտուտներն անհամեմատ ավելի պակաս հնարավորություններ ունեն, քան ոչ ակադեմիական կազմակերպությունները։ Առկա պետական միջոցները բավարար չեն բարձր աշխատավարձերի, կոնֆերանսների և գիտական գործուղումների կազմակերպման, ինտերնետային կայքէջերի գործառման, գրքերի հրատարակման և գիտական մենեջմենթին առնչվող այլ հարցերի իրականացման համար։ Այդ տեսանկյունից ակադեմիական գիտությունը ներկայացնող Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան բարեփոխումների լուրջ խնդիր ունեցող հաստատություն է6։ Հատկանշական է, որ Ադրբեջանում ակադեմիական գիտության զարգացմանն օժանդակում են արևմտյան կառույցները։ Որպես կանոն, Ադրբեջանի ակադեմիական կառույցները համագործակցում են ՆԱՏՕ-ի, CORDIS-ի (Community Research and Development Information Service), IAEA-ի (International Atomic Energy Agency), NASA-ի (National Aeronautics and Space Administration), UNESCO-ի (United Nations Educational, Scientific and Cultural Organization), INTAS-ի (International Association for the promotion of cooperation with scientists from the New Independent States of the former Soviet Union), ANSF-ի (Azerbaijan National Science Foundation), ISTC –ի (International Science and Technology Center), CRDF-ի (Civilian Research & Development Foundation) հետ7։

Աղյուսակ 2քաշել .pdf -ը ներկայացնում է համառոտ տեղեկություններ ադրբեջանական ակադեմիական հաստատությունների մասին:

1Էլհան Նուրիև - քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ավարտել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի (այժմ, Լեզուների պետական համալսարան) անգլերեն և ֆրանսերեն լեզուների ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է Պակիստանի Արտաքին գործերի դիվանագիտական ակադեմիայում և Գերմանիայի Գյոթեի անվան համալսարանում։ Աշխատել է Ադրբեջանի ԱԳՆ-ում, ԱՄՆ Ջ.Վաշինգտոնի անվան համալսարանում, Գերմանիայի Խաղաղության և հակամարտությունների ինստիտուտում։ 2001-2004թթ. եղել է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման «Համագործակցություն հանուն խաղաղության» կոնսորցիումին կից գործող փորձագիտական խմբի համանախագահ։

2Վուգար Բայրամով - տնտեսական գիտությունների թեկնածու, ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը, ուսումը շարունակել ԱՄՆ-ում։ Աշխատել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնում, Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում, “Azadliq” թերթում։

3NIRA-ն ճապոնական անկախ հետազոտական ինստիտուտ՝ «ուղեղային կենտրոն» է։ Հիմնադրվել է 1974թ. Տոկիոյում։ Նպատակն է համակարգել անկախ հետազոտությունները` նպաստելով տարբեր հիմնախնդիրների լուծմանը: Այդ հիմնախնդիրները ներառում են հարցերի բավական լայն շրջանակ` սկսած ներքին և արտաքին քաղաքականությունից, տնտեսությունից, մինչև հասարակությանը և կառավարման համակարգին առնչվող զանազան խնդիրներ:

4PASOS-ի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 2004թ. հունիսի 18-ին Մոլդովայում։ Այս կառույցը պետք է նպաստի բաց հասարակության այնպիսի արժեքների պահպանմանը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այն նախատեսում է տնտեսական և հասարակական աջակցություն այնպիսի օբյեկտներին, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համատեղ կնպաստեն հասարակական քաղաքականության մեջ հասարակության ներգրավվածությանը։

5Լեյլա Յունուսովա - պատմական գիտությունների դոկտոր, Խորհրդային Ադրբեջանում (1988թ.) մարդու իրավունքները պաշտպանող առաջին հասարակական կազմակերպության հիմնադիր, Անկախ դեմոկրատական կուսակցության ղեկավար (1991-1996թթ.)։

6Հատկանշական է, որ գիտության ոլորտն Ադրբեջանում հռչակված է որպես երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն։ 2008թ. ապրիլին նախագահ Ի.Ալիևի հրամանագրով ստեղծվել է պետական հանձնաժողով գիտության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով, ինչն առաջին հերթին ենթադրում է գիտության ոլորտի սերնդափոխություն։ Իսկ 2007թ. ապրիլին նախագահի մեկ այլ հրամանագրով ստեղծվել է ադրբեջանցի երիտասարդների՝ 2007-2015թթ. արտասահմանյան երկրներում կրթություն ստանալու պետական ծրագիր։

7Միայն 2007-ին ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը Ադրբեջանի Գիտության ազգային հիմնադրամին տրամադրել է 2,5 միլիոն դոլար երկրում գիտության զարգացման համար, որի շրջանակներում իրականացվել է շուրջ 57 դրամաշնորհային ծրագիր, որոնցում ներգրավվել է մոտ 214 գիտնական։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր