• am
  • ru
  • en
Версия для печати
19.05.2017

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՈՒՄ

Руский

   

Դիանա Գալստյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Զանգվածային լրատվամիջոցների կողմից կոնֆլիկտների լուսաբանման թեման տարբեր ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում է։ Վերջին շրջանում կոնֆլիկտներին ուղեկցող տեղեկատվական գործողություններն ապացուցեցին, որ զանգվածային լրատվամիջոցները դարձել են հակամարտությունների կառավարման կարևոր գործիքներից մեկը, իսկ որոշ դեպքերում դրանք դիտարկվում են որպես կոնֆլիկտի երրորդ կողմ, որը կարող է ինչպես հրահրել կամ փոխել կոնֆլիկտի ընթացքը, այնպես էլ նպաստել դրա կարգավորման գործընթացին։

Հետազոտության նպատակն է բացահայտել կոնֆլիկտի լուսաբանման առանձնահատկություններն ադրբեջանական լրատվամիջոցներում 2016թ. ապրիլյան պատերազմի օրինակով։ Որակական դիտարկման են ենթարկվել haqqin.az, apa.az, contact.az, meydan.tv1 ադրբեջանական առցանց լրատվամիջոցները 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում (շուրջ 500 թեմատիկ նյութ):

Դիտարկված ժամանակահատվածում ադրբեջանական մեդիա-դաշտում զետեղվել են հետևյալ բնույթի նյութեր.

Տեղեկատվական բնույթի պաշտոնական նյութեր՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններ, նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներ։

Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների՝ երկու կողմերին ուղղված կրակը դադարեցնելու հայտարարություններ և կոչեր։ Իսկ առավել մանրամասն ներկայացված են Ադրբեջանին ադրբեջանական տեսակետները պաշտպանող պաշտոնյաների հայտարարությունները։

Տարբեր երկրների փորձագետների վերլուծական բնույթի նյութեր, որտեղ ներկայացվել են հակամարտության ակտիվ փուլի տևողության, հետագա ընթացքի հնարավոր հետևանքները, կողմերի կրած կորուստները, գերտերությունների հնարավոր մասնակցությանն առնչվող խնդիրներ և տեսակետներ։

Ապրիլյան պատերազմն ադրբեջանական մեդիայում տարբեր բնորոշումներ ստացավ՝ «քառօրյա պատերազմ», «սահմանային լարվածություն», «զինված ընդհարումներ», «թեժ մարտեր», «նոր պատերազմ», «ղարաբաղյան երկրորդ պատերազմ», «հայկական սադրանք», «զինված օպերացիա», «բռնություն Ղարաբաղում», «ազատագրական պատերազմ» և այլն։

Վերջին տարիներին ներքին քարոզչության, լրատվամիջոցների վերահսկողության ուժգնացումն Ադրբեջանում դրսևորվեց նաև ապրիլյան պատերազմի օրերին։ Հստակ էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները գործում էին ուղղորդված, գրեթե նույն սկզբունքով։ Ռազմական գործողությունների սկզբից լրատվամիջոցները ներկայացնում էին ադրբեջանական բանակի հզորության, գրանցած հաջողությունների, ուժի ցուցադրության մասին նյութեր։ Այս նյութերը հաճախ ներկայացվել են ինչպես ադրբեջանական, այնպես էլ Ադրբեջանի դիրքերից հանդես եկող «երրորդ կողմ» ներկայացնող աղբյուրների մատուցմամբ, ինչպես, օրինակ, Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկի տեսակետն այն մասին, որ «ադրբեջանական բանակը 1990-ական թվականների սկզբին չուներ անհրաժեշտ ռազմական տեխնիկա և կենտրոնական ղեկավարություն, իսկ այժմ, ելնելով տեղեկատվությունից, այն ամրացել է և հարվածներ է հասցնում հակառակորդին։ ...Այն, ինչ մենք տեսնում ենք ղարաբաղյան հակամարտության գոտում, ցույց է տալիս, որ զինադադարի տարիներն աշխատել են հօգուտ Ադրբեջանի»2։

Ադրբեջանական տեքստերում հայկական բանակը բնութագրվել է որպես «անմարտունակ, բարոյալքված, զենքի պակաս ունեցող բանակ, որը մեծ կորուստներ կրեց ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից»։ Դիտարկված օրերին ադրբեջանական լրատվամիջոցներում զետեղվել են նաև հայկական բանակի ռազմական ներուժի մասին հեգնական երանգավորմամբ նյութեր. «Երկրորդ ղարաբաղյան պատերազմի նախօրեին մեզ ահաբեկում էր պաշտոնաթող գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հարցազրույցում պատմելով Հայաստանում պատրաստված ինչ-որ կործանիչ զենքի մասին։ Շնորհակալություն գեներալին զենքի պատրաստման վայրը նշելու համար, դա հանգստացնում է»3: Նմանատիպ նյութերն ուղեկցվում են սեփական բանակի մարտունակության մասին հայկական կողմին ուղղված սպառնալից նյութերով։ Սա, մի կողմից, ուղղված է ներքին դաշտում սեփական բանակի նկատմամբ վստահություն ներշնչելուն, մյուս կողմից՝ հայկական ԶՈւ վարկաբեկմանը և պարտվողական տրամադրությունների տարածմանը ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Նույն նպատակին է ծառայել նաև հայկական կողմում տիրող խուճապի, վախի մթնոլորտի, սահմանամերձ շրջաններից հայ բնակչության փախուստի մասին նյութերի մատուցումը։

Հենց սկզբից ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում էին հայկական կողմի զոհերի, ոչնչացված զինվորական տեխնիկայի մասին ինֆորմացիա։ Մինչդեռ ադրբեջանական կողմի կորուստների, զոհերի թվի մասին սակավ տեղեկատվություն է մատուցվել։ Սա ևս Ադրբեջանի իշխանությունների որդեգրած վերահսկման մեխանիզմներից է։ Այս առումով տեղին է նշել, որ անկախ meydan.tv-ի դեմ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ կայքում զետեղվել է նյութ այն մասին, որ ադրբեջանական կողմի զոհերի թիվը հասնում է 93-ի, այն դեպքում, երբ պաշտոնական աղբյուրները նշում էին ընդամենը 31 զոհի մասին4։

Կոնֆլիկտի «մեղավոր» կողմն ըստ ադրբեջանական լրատվամիջոցների

Ուսումնասիրված նյութերում Ադրբեջանը հիմնականում ներկայացվում է «խաղաղասեր, միջազգային իրավունքը պահպանող պետության, իր հողերը, խաղաղ բնակչությանը պաշտպանողի, հայկական սադրանքին պատասխանողի» դիրքերից։ Հայաստանը ներկայացվել է որպես «սադրանքի դիմող, զինադադարի ռեժիմը, միջազգային իրավունքի նորմերը խախտող, ադրբեջանական հողերի նկատմամբ հավակնություններ ունեցող» պետություն։ Կոնֆլիկտի հենց առաջին օրերից նյութերում շրջանառվում էր այն տեսակետը, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դադարեցնել կրակը, սակայն հայկական կողմը շարունակում է զինված գործողությունները։ Ապրիլի 3-ին Ադրբեջանի ՊՆ՝ կրակը միակողմանի դադարեցնելու մասին պաշտոնական հայտարարությունը ևս քարոզչական նպատակով օգտագործվեց ադրբեջանական լրատվամիջոցների կողմից՝ հայկական կողմին իբրև «կոնֆլիկտի հրահրող, հարձակվող» ներկայացնելու նպատակով։

Դիտարկված օրերի ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում տարբեր ձևակերպումներով շրջանառվել է այն միտքը, որ «...հայկական կողմը մշտապես սադրանքի է դիմել մասնավորապես այն ժամանակ, երբ բանակցային գործընթացը գտնվել է ակտիվ փուլում։ Ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է Հայաստանի համար, քանի որ ստատուս քվոյի փոփոխման դեպքում հայկական կողմը ստիպված կլինի հեռանալ գրաված տարածքներից»5։

Այս առումով դիտարկված լրատվամիջոցների ցանկում բացառություն է միայն ընդդիմադիր, անկախ ինտերնետ հեռուստատեսություն meydan.tv-ն, որտեղ շրջանառվել է Ադրբեջանի նախահարձակ լինելու, առաջինը ռազմական գործողություններ սկսելու տեսակետը։ Որպես այս տեսակետի հիմնավորում ներկայացված է ադրբեջանական կողմի առաջխաղացումը մարտական գործողությունների առաջին իսկ օրը. «...հայկական կողմը առաջին օրը կորուստներ ունեցավ, ինչը նշանակում էր, որ այն պատրաստ չէր պատերազմի։ Ադրբեջանական բանակը մեկուկես օրվա ընթացքում բավական առաջընթաց գրանցեց՝ ազատագրելով մի քանի բնակավայր և բարձունք։ Եթե այս մարտական գործողությունների նախաձեռնողը հայկական կողմը լիներ, պատկերը բոլորովին այլ կլիներ»6։

Հետաքրքիր է, որ դիտարկված բոլոր լրատվամիջոցներում, այս կամ այն պատճառներից ելնելով, հակամարտության լարված փուլի «մեղավոր», «հրահրող» ներկայացվել է Ռուսաստանը, իսկ ապրիլյան պատերազմը ստացել է բավական սուր «խամաճիկների ռուսական թատրոն» ձևակերպումը7։ Ընդ որում՝ որոշ դեպքերում այն ներկայացվել է որպես Թուրքիային ուղղված հաղորդագրություն, որպես այդ շրջանում ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետևանք։ Մյուս դեպքում՝ ներկայացվել է որպես կողմերին պատժելու, ճնշում գործադրելու միջոց։

Կիրառված մանիպուլյացիոն հնարքները

Ռազմական գործողությունները ներկայացվում էին գաղափարախոսական-քարոզչական կոնստրուկտներով, առանձնակի հուզական երանգավորմամբ, մանիպուլյացիոն տարբեր հնարքների կիրառմամբ, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև։

Իրադարձությունների ականատեսներ։ Մանիպուլյացիոն հնարքի կիրառումը մատուցվող տեղեկատվությունն ավելի համոզիչ դարձնելու միտում ունի։ Հատկապես նման պայմաններում այն կարող է բավական ազդեցիկ լինել, երբ, օրինակ, սահմանամերձ գյուղերի բնակիչներն անձամբ պատմում են իրադարձությունների մասին, կամ, օրինակ, վիրավորների հարցազրույցները հիվանդանոցներում։ Այսպիսի նյութերն ուղեկցվում էին նաև ազդու նկարներով, կադրերով, հակառակորդի կողմից վնասված տների պատկերներով (շատ դեպքերում տվյալ դեպքերի հետ կապ չունեցող8), ինչն ապահովում է ցանկալի հուզականությունը և ազդեցիկությունը։

Հակադրության սկզբունք։ Դիտարկված օրերի ընթացքում ևս բազմիցս հանդիպել ենք հնարքի կիրառման օրինակների, ինչպես վերնագրերում («Ադրբեջանը հետ է ուղարկում կամավորներին, իսկ Հայաստանը զորակոչում է»), այնպես էլ բուն տեքստում։ Այս հնարքի կիրառման մի քանի օրինակ կներկայացնենք ստորև. «խաղաղասեր Ադրբեջան - ագրեսիվ, զավթողական քաղաքականություն որդեգրած Հայաստան», «միջազգային իրավունքի բոլոր նորմերը պահպանող, միջազգային հանրության կարծիքին հետևող Ադրբեջան - միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտող, միջազգային հանրության կարծիքի հետ հաշվի չնստող Հայաստան» և այլն։

Կրկնության հնարք։ Այս տեխնիկայի կիրառումը կոչված է կրկնության միջոցով ամրապնդել անհրաժեշտ տեղեկատվությունը, տեսակետը։ Այսպես, դիտարկված օրերի ընթացքում բոլոր կայքերում շրջանառվել են հետևյալ մի քանի մտքերը. «հայկական կողմը դիմել է հերթական սադրանքին», «Ադրբեջանն ունի հզոր բանակ ու կարող է ցանկացած պահի որոշիչ հարված հասցնել հակառակորդին», «Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն Հայաստանը խոչընդոտում է բանակցային գործընթացին» և այլն։ Այս մտքերը ներկայացվել են ինչպես ադրբեջանական պաշտոնական աղբյուրների կողմից, այնպես էլ լրագրողների, փորձագետների տեքստերում։ Այս ամենը միտված էր հակամարտության սրված փուլի համար հայկական կողմին «մեղավոր» ներկայացնելուն։

Վերնագրերի մանիպուլյացիա։ Դիտարկված օրերի ընթացքում այս հնարքի կիրառման տարբեր օրինակներ են հանդիպել, երբ վերնագիրը չի արտացոլել տեքստի բովանդակությունը՝ շփոթեցնելով ընթերցողին, ինչպես, օրինակ. «Грузинский депутат готов выставить батальон в защиту Азербайджана» վերնագրից տպավորություն է ստեղծվում, որ վրացի պատգամավորը պատրաստ է ռազմական աջակցություն ցույց տալ Ադրբեջանին, սակայն բուն տեքստից պարզ է դառնում, որ դա ասել է Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը։ Մեկ այլ օրինակում սկզբնաղբյուրից վերցված տեքստի վերնագիրը միտումնավոր իմաստափոխված է ներկայացվել։ Այսպես, հայ լրագրող Շահեն Նազարյանի հարցազրույցը սկզբնաղբյուրում («Комсомольская правда» թերթ) վերնագրված էր «В Степанакерте не паникуют и говорят о тысячах армян-добровольцев из России и Европы»9, ադրբեջանական haqqin.az լրատվամիջոցը նյութը ներկայացրել է Шаген Назарян: «Шуша пустует, люди покидают дома» իմաստափոխված վերնագրով։

Աղբյուրների բազմազանեցման պատրանքի ստեղծում։ Այս հնարքը ևս մշտապես կիրառվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, բացառություն չէին նաև քառօրյա պատերազմին վերաբերող նյութերը։ Այսպես, պետք է նշել, որ դիտարկված օրերի ընթացքում առանձնացվել են 3 խումբ հիմնական աղբյուրներ՝ ադրբեջանական աղբյուրներ (պաշտոնական աղբյուրներ, փորձագետներ, լրագրողներ, ականատեսներ), երրորդ կողմ ներկայացնող օտարերկրյա աղբյուրներ (միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, տարբեր երկրների պաշտոնյաներ, փորձագետներ) և հայկական կամ թվացյալ հայկական աղբյուրներ։

Օտարերկրյա աղբյուրների ընդգրկումը հետապնդում է մատուցված տեղեկատվությանն օբյեկտիվություն հաղորդելու նպատակ, օրինակ, երբ դրանց դերում հանդես են գալիս հեղինակավոր լրատվամիջոցները (ինչպես, օրինակ, Associated Press) կամ տարբեր պետությունների պաշտոնյաները՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, որ միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի տեսակետը։ Իսկ այն դեպքում, երբ օտարերկրյա աղբյուրներն արտահայտում են Ադրբեջանի համար ոչ ցանկալի տեսակետ, նրանց մեղադրանք է ներկայացվում կողմնակալության, հակամարտության միակողմանի լուսաբանման մեջ։ Այսպես, օրինակ, ռուսական լրատվամիջոցները մեղադրվեցին կողմնակալության, ոչ պրոֆեսիանալ աշխատելաոճի մեջ այն բանի համար, որ լրատվամիջոցը Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի հետ հարցազրույց էր ներկայացրել10։ Մեկ այլ օրինակ. Ադրբեջանից առանց հավատարմագրման գործելու պատրվակով հեռացվեցին ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներն այն բանից հետո, երբ լրագրողը պատրաստված ռեպորտաժում նշեց, որ սահամանամերձ Թարթառի բնակիչները լքում են իրենց տները11։

Հայկական աղբյուրների օգտագործումն այս դեպքում ուղղված էր ինչպես ներքին լսարանին մատուցվող նյութը համոզիչ դարձնելուն, հավաստիություն ապահովելուն, այնպես էլ հայկական լսարանի շրջանում խուճապի, վախի մթնոլորտ ամրապնդելուն։ Այսպիսի մի օրինակ է հայ լրագրող Շահեն Նազարյանի՝ «Комсомольская правда» թերթին տրված հարցազրույցից մի հատվածի հրապարակումը։ Ադրբեջանական լրատվամիջոցում զետեղվել էր տեքստի միայն մի հատված, որտեղ կոնտեքստից կտրված, իմաստափոխված ներկայացնելու հետևանքով տպավորություն էր ստեղծվում, որ հայկական կողմում խուճապ է տիրում, սահմանամերձ շրջաններից բնակչությունը փախուստի է դիմում, մինչդեռ սկզբնաղբյուրում նշվում է, «Շուշիում խուճապ չկա, դեռ ոչ մեկին չեն էվակուացրել, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում միայն հնարավոր է, որ բնակչության մի մասին տեղափոխեն»։ Հարցազրույցի մնացած հատվածները, որոնք չէին ներկայացնում ադրբեջանական տեսակետը, ուղղակի չէին հրապարակվել, ինչպես, օրինակ. «Ստեփանակերտում ամեն ինչ հանգիստ է, մարդիկ ապրում են բնականոն կյանքով»12։

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց տեսակետներն առաջ տանելու համար օգտագործել են հայկական լրատվական կայքերից վերցված, իմաստափոխված, կոնտեքստից կտրված13 տեքստեր, ստեղծել թվացյալ հայկական աղբյուրի նյութեր։ Այսպիսի մի օրինակ էր haqqin.az կայքում զետեզված ԼՂ պաշտպանության նախարարի՝ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված կեղծ նամակի լուսանկարը (տե՛ս Նկար 1)14։

Նկար 1

Նամակի հայատառ տեքստը, զինանշանի առկայությունն ադրբեջանական լսարանի համար կարող էին պաշտոնական աղբյուրի տպավորություն ստեղծել։

Նույն երևույթի երկակի մեկնաբանություն։ Ադրբեջանցի կամավորների պատրաստակամությունը՝ ներգրավվելու ռազմական գործողություններում, ներկայացվում է որպես հայրենասիրության, արիության դրսևորում, իսկ հայ կամավորների դեպքում այն մեկնաբանվում է որպես հայկական բանակում զինվորների անհրաժեշտ քանակի բացակայությամբ պայմանավորված քայլ։ Կամ մեկ այլ օրինակ. ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման մասին հայտարարությունը ներկայացված է որպես խաղաղասիրության, հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության դրսևորում, իսկ հայկական կողմի դեպքում մեկնաբանվել որպես թուլություն, ռազմական գործողությունները շարունակելու համար բավարար ներուժ չունենալու, հանձնվելու նշան։

Ամփոփում

2016թ. ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց ԶԼՄ կարևորությունը ռազմական գործողություններին ուղեկցող տեղեկատվական-հոգեբանական ազդեցության տեսանկյունից։ Ադրբեջանական կողմը կարևորել է լրատվամիջոցների դերը զինված ընդհարմանն ուղեկցող տեղեկատվական գործողություններում։ Դրա ապացույցն էին դիտարկված օրերի ընթացքում ադրբեջանական մեդիա-դաշտում զետեղված նյութերի քանակը և բնույթը, որոնք ներկայացնում էին ադրբեջանական տեսանկյունից իրադարձությունների ընթացքը, վերլուծում պատերազմի առաջին արդյունքները, կանխատեսումները՝ ապահովելով ռազմական գործողություններին ուղեկցող քարոզչական բաղադրիչը։ Նկատելի էր, որ ադրբեջանական մամուլն արձագանքում էր հայկական մեդիա-դաշտում տեղադրվող նյութերին՝ հերքելով անցանկալի տեղեկատվությունը կամ տարածելով ադրբեջանամետ նյութեր, այդպիսով փորձելով լռեցնել այլ աղբյուրներից մատուցվող անցանկալի տեղեկատվությունը։

Եթե ամփոփենք դիտարկված օրերի նյութերը, ապա կարող ենք ասել, որ ադրբեջանական և օտարերկրյա փորձագետների գնահատմամբ՝ ապրիլյան պատերազմն Ադրբեջանի համար մի քանի կարևոր խնդիր լուծեց՝ հայրենասիրական ոգու բարձրացում, ուժի, ռազմական ուժի ցուցադրություն, նախագահի հեղինակության բարձրացում։

Ըստ մեր դիտարկումների՝ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական մեդիա-դաշտը հագեցած էր քարոզչական բնույթի նյութերով, որոնք կոչված էին հասարակության մեջ ամրապնդելու և միավորելու մինչ այդ էլ հետևողականորեն ձևավորված «թշնամի հայի» կերպարը, ապահովելու վրեժխնդրության, հակառակորդի հետ հաշվեհարդար տեսնելու մթնոլորտը, ինչպես նաև Ադրբեջանի դերի նշանակության բարձրացմանը սեփական հասարակության շրջանում։

Մեկ տարի անց ևս ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ուղղորդված առաջ են տանում քարոզչական նույն գիծը, որ ապրիլյան պատերազմը «հայկական սադրանքի արդյունք էր» և ավարտվել է ադրբեջանական կողմի «հաղթանակով»։ Այս նպատակին են ծառայում նաև նման չափազանցված ձևակերպումները. «ազատագրվել են ինչպես ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր, այնպես էլ հազարավոր հեկտար հողեր՝ Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Աղդերի տարածքում15, որտեղ ընթանում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները»16։

Այսպիսով, 2016թ. ապրիլի պատերազմը դարձավ ևս մի կարևոր թեմա, որի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենան կառուցում է իր տեղեկատվական քաղաքականությունը՝ ուղղված թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարաններին։

1 2015թ. «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում առանձնացված կայքերի հիման վրա այս հետազոտության համար ընտրվել են haqqin.az-ը (ըստ լսարանի վրա ունեցած ազդեցության), apa.az-ը (2016թ. ապրիլից սկսեց գործել apa.az կայքի հայերեն բաժինը), meydan.tv (ընդգծված ընդդիմադիր ուղղվածու-թյամբ լրատվամիջոց), contact.az-ը (ընդդիմադիր համարվող լրատվամիջոց)։

2 https://haqqin.az/news/67296

3 https://www.meydan.tv/ru/site/politics/13233/

4 http://fmgnews.info/47645-protiv-meydan-tv-zaveli-ugolovnoe-delo-za-publikaciyu-informacii-o-poteryah-vs-azerbaydzhana.html

5 https://haqqin.az/news/6722

6 https://www.meydan.tv/ru/site/politics/13225/

7https://www.meydan.tv/ru/site/politics/13320/

8Տե՛ս http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14661&sphrase_id=60642#1_t

9 http://www.kp.ru/daily/26512.7/3381132/

10 http://ru.apa.az/nagornyj_karabakh/azaj-guliev-rossijskie-smi-predvzyato-osveshayut-sobytiya-v-nagornom-karabakhe-.html

11 https://haqqin.az/news/67354

12 http://www.kp.ru/daily/26512.7/3381132/

13 Տե՛ս, օրինակ, Это не моя война… АРМЯНЕ О КАРАБАХСКОЙ ВОЙНЕ (https://haqqin.az/news/67404) նյութը, որտեղ ներկայացված են սոցիալական ցանցերից հավաքված հայ օգտատերերի գրառումները։ Ադրբեջանական լրատվամիջոցը դրանք ներկայացրել է մասնակիորեն, ադրբեջանական կողմի համար ցանկալի շեշտադրումներով։ Նյութի սկզբնաղբյուրը տե՛ս http://epress.am/ru

14 https://haqqin.az/news/67332

15 http://news.day.az/politics/882805.html

16 https://haqqin.az/news/96756


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր